ԹԱԳՈՒՀԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Հրասայլորդ ընկերոջ զոհուելու լուրը զինուորին չեն յայտնել` խնայում են, սպասում են` դիրքերից իջնի` նոր:
Զինուորին շշուկներ են հասել, թէ թէժ մարտերից յետոյ ընկերը կորել է… Մի տեղ էլ լսել է, թէ իբր գնդում ընկերոջը տեսնող է եղել: Զինուորը հաւատում է երկրորդ լսածին, հաւատում է, որովհետեւ դիրքում դեռ իրեն հակառակը չեն համոզել:
Զինուորն իմ հարցերին պատասխանում է կարճ, բայց` յստակ, մի ականջով լսում է ինձ, միւսով էլ` հեռուից ձայն տուող հրամանատարին: Զինուորը 20 տարեկան դեռ չկայ, բայց այսօր արդէն ծխախոտի 20 գլանակ է վառել… Զինուորը 5 օր է` չէր ծխել, ժամանակ չկար: Զինուորը ցեխոտ համազգեստից չի ամաչում, ծառայութեան մէկ տարին ցեխերի ու փոշու մէջ է անցել: Արդէն 10 օր է` դիրքերից չի իջնում, վերջին օրերին «Կրատ»-ի արկերին նոյն` ցեխոտ համազգեստով է «դիմաւորել»:
Զինուորն ինձնից իմացաւ կրակի դադարեցման մասին: Լուրը լսելիս դէմքի արտայայտութիւնը չփոխուեց. զինուորը 5 օր է` չի ժպտում, 5 օր է` հրասայլորդ ընկերոջից լուր չունի: Նայում եմ զինուորի աչքերին ու լալկւում` ախր հրասայլորդի զոհուելու մասին լուրը ես եմ գրել: Զինուորն անթարթ նայում է առաջին գծին, յետոյ` հորիզոնին:
Զինուորը չի ուզում` իրեն լուսանկարեմ` «հիմա էդ պահը չէ»: Զինուորը չի ուզում իր մասին ինչ-որ բան գրեմ` «հիմա դրա ժամանակը չէ»: Զինուորը մռայլ է, բայց` բարեհամբոյր, զինուորը տխուր է, բայց` սիրալիր, զինուորը սառն է, բայց` տաք, իսկ թշնամու հետ մարտում` տաքարիւն…
«Միայն մեր գնդից 8 զոհ ենք տուել, նրանց մէջ սպաներ կային, կարգին տղերք», ասում է զինուորը, նայում աչքերիս ու լռում:
Ես նորից լալկւում եմ:
Զինուորին եղբօրս մասին պատմեցի, դէմքը մտաբերեց` իրար հետ նոյն զօրամասում են ծառայում: Եղբօրս վերջին մարտերի ժամանակ դիրքեր չեն հանել` երեք ամսուայ ծառայող է, իսկ «մալատոյներին» դիրքեր չեն հանում:
Մենք դիրքերից իջանք փոշոտ ու կեղտոտ ճանապարհով, բայց զինուորն ուրիշ ճանապարհով է իջնելու դիրքերից` աւելի ցեխոտ ու աւերուած, կարճ, բայց` վտանգաւոր:
Դիրքերից շուտ իջանք, որ ժամանակին տեղ հասնենք, եղբօրս չհասցրի տեսնել` զօրամաս չմտանք: Ոչինչ, դեռ կը տեսնեմ` մէկ ուրիշ անգամ, գուցէ մի լաւ առիթով: Զինուորն էլ դիրքերից կ՛իջնի, բայց զօրամասում ընկերոջն էլ չի տեսնի… Երբեք…