Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Որ Դրական Ներուժը Չկորի

$
0
0

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Եթէ ոեւէ հայ սպայ կացինով սպաննէր քնած ազրպէյճանցու, որն իր հետ սովորում էր արտասահմանում, այդ սպան հայրենիքում կ՛արժանանար առնուազն արհամարհական վերաբերմունքի: Եթէ ոեւէ մեր զինծառայող պարծենար, որ սպաննել է 92 տարեկան տատիկի եւ կտրել է նրա ականջները, նա Հայաստանում նողկանքից բացի` ոչ մի այլ զգացմունք չէր առաջացնի: Հայ զինուորը բոլորովին այլ վարքագիծ ունի. նա, վիրաւոր լինելով, ուղարկում է իր ընկերներին ապահով տեղ, յետոյ սպասում է, որ հակառակորդի զինուորները մօտենան եւ նռնակով պայթեցնում է թէ՛ իրեն եւ թէ՛ հակառակորդներին: Հայ ազատամարտիկը կարող է խաղաղ վիճակում ժամերով բողոքել իր ընկերային վիճակից եւ իրեն շրջապատող անարդարութիւններից, խոստանալ` «հիմա սպաննես էլ, կռուի չեմ գնա», բայց ապրիլի 2-ին առաւօտուանից հերթ կանգնի` ռազմաճակատ գնալու համար:

Այդպիսին է մեր ժողովրդի բնաւորութիւնը, որին ո՛չ մի հրասայլ, ո՛չ մի «Սմերչ» եւ ո՛չ մի «Սոլնցեպեոկ» չի դիմանայ: Քաղաքակրթական տարբերութիւններն ակնյայտ են: Եւ դրանք, ի վերջոյ, բախման ժամանակ մեզ առաւելութիւն են տալիս, որովհետեւ ատելութիւնը, այլատեացութիւնը, գազանութիւնների արդարացումը թուլացնում են մարդուն: Իլհամ Ալիեւը, կարծում եմ, վաղ թէ ուշ կանգնելու է հէնց իր ժողովրդի դատարանի առաջ ոչ միայն անիմաստ զոհերի, այլեւ մօտ 15 տարի իր հասարակութեան մէջ ատելութեան կործանարար թոյնը ներարկելու համար: Իսկ ինչո՞ւ չենք կարողանում մեր ժողովրդի այդ հսկայական ներուժը օգտագործել նաեւ ներքին կեանքում: Խնդիրներից մէկը, հաւանաբար, այն է, որ ոտնձգութիւններ կատարող հակառակորդի դէմ կռուելը մենք համարում ենք մեզ բոլորիս միաւորող համաժողովրդական գործ:

Ուժեղ պետութիւն կառուցելը այդպիսի գործ չենք համարում, այս հարցում մենք ապաւինում ենք ինչ-որ հրաշքի` իբր երկնքից իջնելու է մի փրկիչ, բոլոր քարերը տեղն է դնելու, եւ այդպիսով «կ՛առաջանայ» մեր ուզած պետութիւնը: Այն ներուժը, որը պատերազմի ժամանակ դարձնում է մեզ ուժեղ, խաղաղ ժամանակ ծախսւում է այդ անիմաստ սպասելիքների եւ նոյնքան անիմաստ բողոքների վրայ: Երբ ասում ես` զինուորը մենք ենք, բոլորը դրա հետ համաձայն են, բայց եթէ ասես` պետութիւնը մենք ենք, շատերը կը սկսեն վիճել` չէ, մենք չենք, եւ ցուցամատը տնկել դէպի առաստաղ:

Բայց այս խնդիրը, հաւանաբար, կը լուծուի սերնդափոխութեանը զուգահեռ եւ, ի հարկէ, նաեւ քարոզչութեամբ. մենք կարիք ունենք ոչ այնքան հայրենասիրական դաստիարակութեան (այստեղ խնդիրներ չունենք), որքան` պետական եւ քաղաքացիական կրթութեան: Ի վերջոյ, ուժեղ պետութիւնը նաեւ անվտանգութեան գլխաւոր երաշխիքն է:

«Առաւօտ»


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>