ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների միջեւ Ուաշինկթընում հանդիպում չկայացաւ, ինչը նշանակում է, որ կողմերը խօսելու բան չունեն, որ` բանակցային գործընթացը խորը փակուղում է: Դա նշանակում է, որ, ցաւօք, սահմանում եւ սահմանամերձ գիւղերում շարունակելու են զոհուել երիտասարդ տղաներ, անմեղ քաղաքացիներ: Մենք որոշեցինք վերյիշել եւ յիշեցնել արցախեան կարգաւորման բանակցային գործընթացը:
1994-ի մայիսեան զինադադարից ի վեր հակամարտութեան կողմերին ներկայացուել են հինգ առաջարկութիւններ կամ նախագծեր, որոնցում առանցքային են եղել չորս հիմնական տարրեր. Արցախի կարգավիճակ, հայկական ուժերի կողմից ազատագրուած/վերահսկելի տարածքների վերադարձ, փախստականների վերադարձ եւ անվտանգութեան երաշխիքներ:
1997-ի ամրանը եւ ապա աշնանը ԵԱՀԿ-ի համանախագահները Պաքուին, Ստեփանակերտին եւ Երեւանին ներկայացրին նախ փաթեթային, ապա փուլային տարբերակները: Փաթեթային առաջարկը Պաքուն ընդունեց, իսկ Ստեփանակերտը կտրականապէս մերժեց: Հայաստանի համար եւս առաջարկը մերժելի էր, սակայն Երեւանը այն վերապահումներով ընդունելի համարեց` վստահ լինելով, որ Ստեփանակերտը մերժելու է:
Փուլային առաջարկը եւս Պաքուն ընդունելի որակեց: Նոյնն արեց Երեւանը, բայց` մի շարք վերապահումներով, մինչդեռ Ստեփանակերտը կրկին մերժեց: Ե՛ւ փաթեթային, ե՛ւ փուլային առաջարկները նախատեսում էին հետեւեալ գործողութիւնները. հայկական ուժերի դուրս բերում Արցախին յարակից բոլոր շրջաններից, բացի Բերձոր/Լաչինը (ոչ թէ միջանցքը, այլ ողջ Բերձորի շրջանը), միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում Արցախի եւ Ազրպէյճանի միջեւ, տեղահանուածների վերադարձ մշտական բնակութեան վայրեր:
Փաթեթայինի եւ փուլայինի միջեւ հիմնական տարբերութիւնը Արցախի կարգավիճակին էր վերաբերում: Փաթեթայինով Արցախին տրւում էր ամենաբարձր ինքնավարութիւն Ազրպէյճանի կազմում, ինչն անընդունելի էր Երեւանի եւ Ստեփանակերտի համար, մինչդեռ փուլային տարբերակը չէր անդրադառնում կարգավիճակի խնդրին ընդհանրապէս` ամենավիճելի այս հարցը թողնելով ապագային:
Ստեփանակերտի իշխանութիւնները յայտարարեցին, որ փաթեթային եւ փուլային տարբերակների միջեւ էական տարբերութիւն չկայ, քանի որ երկու դէպքում էլ կարգավիճակի հարցը լուծւում էր յօգուտ Ազրպէյճանի:
Փաթեթայինի դէպքում վեց շրջաններ վերադարձնելու դիմաց Արցախը ստանում էր ընդամէնը բարձր ինքնավարութիւն Ազրպէյճանի կազմում, փուլայինի դէպքում` վեց շրջաններ վերադարձնելու դիմաց կարգավիճակի հարցը բաց էր թողնւում` եւ ակնյայտ էր, որ ստանալով վեց շրջաններ` Պաքուն ապագայում չէր համաձայնուի Արցախին տալ անկախութիւն, ինչին ձգտում է Ստեփանակերտը:
Լեւոն Տէր Պետրոսեանը իր յայտնի ասուլիսով (սեպտեմբեր, 1997թ.) եւ ընդարձակ յօդուածով («Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն», նոյեմբեր, 1997թ.) փորձեց հայ հանրութեանը համոզել, որ փուլային տարբերակը այն առաւելագոյնն է, որ կարող է ստանալ Արցախը: Սակայն նա հանդիպեց ոչ միայն հանրութեան, այլ իր իսկ կողմնակիցների կոշտ դիմադրութեանը:
Արդիւնքում` Հայաստանի պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանը, ով երկու տարի անց զոհ գնաց Հայաստանի խորհրդարանում իրականացուած ահաբեկչութեանը, ինչպէս նաեւ իշխանութեան ղարաբաղեան թեւը` գլխաւորութեամբ վարչապետ Ռոպերթ Քոչարեանի, փաստացի պարտադրեցին Տէր Պետրոսեանի հրաժարականը:
Մէկ տարի անց` 1998-ի վերջերին, ԵԱՀԿ Մինսքի խմբի եռանախագահութիւնը ներկայացրեց կարգաւորման նոր առաջարկ, որը ստացաւ «Ընդհանուր պետութիւն» անուանումը: Այս փաստաթղթի հեղինակը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Եւկենի Փրիմաքովն էր: Երեւանը վերապահումներով, Ստեփանակերտը` լուրջ վերապահումներով ընդունեցին առաջարկը, մինչդեռ Պաքուն կտրականապէս մերժեց:
«Ընդհանուր պետութիւն» առաջարկութիւնը հակամարտութեան հետեւանքների վերացման հարցում չէր տարբերւում նախորդ երկու փաստաթղթերից: Հիմնական տարբերութիւնը վերաբերում էր Արցախի կարգավիճակին: Ներկայացուած առաջարկութեան հէնց սկզբում ասւում էր, որ «Լեռնային Ղարաբաղը հանրապետութեան ձեւի պետական եւ տարածքային կազմաւորում է եւ Ազրպէյճանի հետ կազմաւորում է ընդհանուր պետութիւն` նրա միջազգայնօրէն ճանաչուած սահմաններում»:
«Ընդհանուր պետութեան» սկզբունքը ենթադրում էր, որ Արցախն ունենալու է հիմն, զինանշան ու դրօշ, ազգային պահակագունդ եւ ոստիկանութիւն, պետական լեզուն լինելու է հայերէնը: Արցախի բնակիչները ունենալու էին Ազրպէյճանի անձնագիր` յատուկ նշումով: Նրանք կարող էին ընտրել իրենց ներկայացուցիչներին Ազրպէյճանի խորհրդարանում, մասնակցել նախագահական ընտրութիւններին: Արցախը չէր կարող ունենալ իր դեսպանութիւնները, բայց կարող էր տարբեր երկրներում Ազրպէյճանի դեսպանութիւններում ունենալ իր ներկայացուցիչներին:
Հայտար Ալիեւը յայտարարեց, որ այդ առաջարկը անընդունելի է Ազրպէյճանի համար, քանի որ, փաստացի, Ազրպէյճանի կազմում ստեղծւում են երկու անկախ պետութիւններ, եւ Պաքուն վերահսկողութիւն չի ունենում Ստեփանակերտի վրայ: Պաքուից լսուեցին նաեւ տարօրինակ մեկնաբանութիւններ: Այսպէս, Ալիեւի խորհրդական Վաֆա Կիւլուզատէն մտահոգութիւն յայտնեց, որ եթէ Ազրպէյճանը ընդունի այդ առաջարկը, ապա ղարաբաղցի հայը կարող է դառնալ Ազրպէյճանի նախագահ:
1999-ի գարնանը Ուաշինկթընում սկիզբ դրուեց Քոչարեան-Ալիեւ երկկողմ բանակցութիւններին, որոնց արդիւնքում 2001-ի գարնանը ծնուեց ոչ պաշտօնական մի փաստաթուղթ, որը կրում էր քիուեսթեան անունը:
Այդ փաստաթուղթը, որ կրկին մերժեց Ազրպէյճանը, ի տարբերութիւն նախորդ երեքի` չի հրապարակուել: Յայտնի է, որ այն մասամբ հիմնուած էր տարածքների փոխանակման փիլիսոփայութեան վրայ: Արցախը Լաչինի միջանցքով միացւում էր Հայաստանին, իսկ Ազրպէյճանը, որպէս փոխհատուցում, ստանում էր Նախիջեւանի հետ ցամաքային կապի հնարաւորութիւն` «Գերիշխան անցում» Մեղրիի շրջանով Հայաստանի ծայր հարաւում:
Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ տարածքով` 4,4 հազար քառակուսի քիլոմեթրով, միացւում էր Հայաստանին, իսկ հայկական ուժերի վերահսկողութեան տակ գտնուող աւելի քան 7 հազար քառակուսի քմ տարածքը վերադարձւում էր Ազրպէյճանին:
Նախքան Քի Ուեսթ մեկնելը, Պաքուի օդակայանում Հայտար Ալիեւը յայտարարեց, որ յանուն ղարաբաղեան կարգաւորման` պատրաստ է անգամ Անթարքթիքա մեկնել: Սակայն վերադառնալով տուն, Ալիեւը հրաժարուեց նախնական այն պայմանաւորուածութիւններից, որ ձեռք էր բերուել Քի Ուեսթում: Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում Ռոպերթ Քոչարեանը ենթարկուեց սաստիկ քննադատութեան Ազրպէյճանին հողեր զիջելու եւ Մեղրիից հրաժարուելու մտադրութեան մէջ:
2004-ից սկսուեց բանակցութիւնների նոր փուլ, որն ընդունուած է անուանել Փրակեան գործընթաց: Թուում էր, թէ կողմերը 2006-ին Փարիզի մերձակայ Ռամպույէ ամրոցում մօտ են ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնութեան հասնելուն, սակայն բանակցութիւնները փակուղի մտան Քարվաճառը վերադարձնելու եւ Արցախում հանրաքուէ անցկացնելու ժամկէտների չհամաձայնեցնելու անհնարինութեան պատճառով:
Փրակեան գործընթացի հիմնական նորամուծութիւնը յետաձգուած հանրաքուէի գաղափարն էր, որը ենթադրում էր հետեւեալը. արցախեան ուժերը դուրս են գալիս հինգ շրջաններից, Քարվաճառի վերադարձը կապւում էր Արցախում սպասուելիք հանրաքուէի ժամկէտների հետ: Վիճելի էր նաեւ Լաչինի միջանցքի կարգավիճակի հարցը:
2007-ի նոյեմբերին Մատրիտում Մինսքի խմբի եռանախագահութիւնը Երեւանին ու Պաքուին փոխանցեց 14 կէտանոց փաստաթուղթ, որը եւս հիմնուած էր յետաձգուած հանրաքուէի փիլիսոփայութեան վրայ: Փաստաթուղթը աշխատանքային էր եւ ենթակայ փոփոխութիւնների: Բանակցութիւնների տարբեր փուլերում այն մերժում էր մէկ Հայաստանը, մէկ` Ազրպէյճանը, կախուած նրանից, թէ ի՛նչ մանրամասնութիւն էր փոխւում:
Մատրիտեան փաստաթղթի հիմնական կէտերն էին` Արցախի վերջնական կարգավիճակի որոշւում հանրաքուէի միջոցով, հայկական ուժերի դուրսբերում նախկին ԼՂԻՄ յարակից տարածքներից, համաձայնեցուած լայնութեան միջանցքով կապ Հայաստանի եւ Արցախի միջեւ, փախստականների վերադարձի իրաւունք, միջազգային խաղաղապահ գործողութեան իրականացում:
1994-ի մայիսեան հրադադարից ի վեր կողմերի դիրքորոշումները չեն մօտեցել: Աւելի՛ն. դրանք աւելի են կարծրացել` համեմուելով պատերազմական հռետորաբանութեամբ ու թշնամական քարոզչութեամբ: Վերջին երկու տարիներին հրադադարը ռեժիմը այնքան յաճախ է խախտւում, այնքան յաճախակի են դարձել միմեանց տարածքները գնդակոծելը եւ խափանարական գործողութիւնները, որ, փաստացի, հրադադարը, ըստ էութեան, չի գործում:
Կարելի է նշել բազմաթիւ պատճառներ եւ մատնանշել մեղաւորներ, թէ ինչո՛ւ չի լուծւում ղարաբաղեան հակամարտութիւնը: Բայց հիմնական պատճառն այն է, որ հակամարտութեան կողմերը, ձգտելով խաղաղութեան, չեն ուզում այդ խաղաղութեան համար գին վճարել: Ու քանի դեռ նրանք պատրաստ չեն գին վճարել, խաղաղութիւնը երբեք չի գալու:
Այսօրուայ «ո՛չ խաղաղութիւն, ո՛չ պատերազմ» կամ «Ե՛ւ խաղաղութիւն, ե՛ւ պատերազմ» իրավիճակը շարունակուելու է եւս տասնամեակներ` խլելով նորանոր կեանքեր Հայաստան-ազրպէյճան սահմանում եւ Արցախ-ազրպէյճան զօրքերի շփման գծում: