ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Փետրուարի 25-ին եւ 26-ին Ռուսաստանի եւ Ազրպէյճանի նախագահները երկու հեռախօսազրոյց են ունեցել: Քրեմլինը չի մանրամասնել, թէ որոնք են եղել հեռախօսազրոյցների մանրամասները: Հաշուի առնելով այն իրողութիւնը, որ նախօրէին Պաքուն բողոքի գիր էր յղել Մոսկուային` Ռուսաստանից Հայաստանին 200 միլիոն տոլարի պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի կապակցութեամբ, ակնյայտ է, որ Վլատիմիր Փութինի եւ Իլհամ Ալիեւի հեռախօսազրոյցների առանցքում եղել է հայ-ռուսական ռազմական համագործակցութիւնը:
Աւելի վաղ` փետրուարի 18-ին, հրապարակուել էր Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ 200 միլիոն տոլարի պետական արտահանման վարկի տրամադրման մասին համաձայնագիրը, որով Հայաստանը ռուսական զէնք է գնելու: Ըստ համաձայնագրի, Հայաստանը Ռուսաստանից գնելու է «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգի կայաններ` դրանց համար նախատեսուած զինամթերքով, «Իկլա-Ս» համակարգի զենիթային հրթիռներ, «Աւտոպազա-Մ» կատարողական ռատիոթեքնիք հետախուզութեան ցամաքային համալիրներ, ՏOU-1Ա ծանր հրանետ համակարգեր` փոխադրական լիցքաւորման մեքենաներով, 9մ113մ կառավարուող հրթիռներ, ՌՊԳ-26 հակահրասայլային նռնականետ, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զարհամեքենաներ, ճարտարագիտական եւ կապի միջոցներ:
Թէեւ մանրամասնօրէն հրապարակուել է Հայաստանի կողմից ձեռք բերուելիք ռուսական սպառազինութիւնների ցանկը, Պաքուն Մոսկուային յղած բողոքի գիրում ընդգծել է, որ Երեւանը «խախտում է ստանձնած միջազգային պարտաւորութիւններն ու թափանցիկութեան սկզբունքը»: Բացի այդ, Հայաստանին ռուսական սպառազինութիւնների եւ ռազմական սարքերի մատակարարումը «չի նպաստում հակամարտութեան կարգաւորմանը»:
«Հայաստանին նման յարձակողական բնոյթի սպառազինութիւնների եւ սարքերի վաճառքին ազրպէյճանական հանրութիւնը բացասաբար է արձագանգում»,- ասել է Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակը` յաւելելով, որ,- Պաքուն Մոսկուայից երաշխիքներ է ակնկալում, որ այդ զէնքն ու ռազմական սարքերը Հայաստանը չի տեղակայի գրաւեալ տարածքներում եւ հայ-ազրպէյճանական սահմանի երկայնքով»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան արձագանգը ուշացնել չտուեց. Սերկէյ Լաւրովի մամուլի խօսնակը յայտարարեց, որ Մոսկուայի ռազմական համագործակցութիւնը Երեւանի հետ թափանցիկ է` միջազգային բոլոր պարտաւորութիւնների պահպանմամբ, զէնքի մատակարարման հարցերում Ռուսաստանը անվերապահօրէն պահպանում է ստանձնած պարտաւորութիւններն ու գործում արտահանման վերահսկողութեան ազգային համակարգի շրջանակում:
«Մենք ազրպէյճանական կողմին դիւանագիտական խողովակներով արդէն հասցրել ենք համապատասխան տեղեկատուութիւնը: Ռուսաստանը Հայաստանի հետ կապուած է դաշնակցային յարաբերութիւններով, նրա հետ զարգացնում է այդ թւում ռազմական համագործակցութիւն: Դա հանրայայտ փաստ է: Բացի այդ, մենք այդ համագործակցութիւնը վարում ենք թափանցիկ` այն չթաքցնելով: Ընդ որում, ցանկացած սպառազինութեան մատակարարում ինչպէս Հայաստանին, այնպէս էլ բարեկամ Ազրպէյճանին մեր կողմից իրականացւում է մանրակրկիտ կերպով հաշուի առնելով տարածաշրջանում ուժերի հաւասարակշռութեան անհրաժեշտութիւնը», ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խօսնակը:
Չնայած այն իրողութեանը, որ վերջին տարիներին Ազրպէյճանը հէնց Ռուսաստանից է գնել մի քանի միլիառ տոլար արժողութեամբ զէնք-զինամթերք, այդ թւում` յարձակողական զինատեսակներ, Պաքուն բողոքում է ընդամէնը 200 միլիոն տոլարի ռուսական մատակարարումների դէմ: Այս քայլով, անկասկած, Ազրպէյճանը փորձում է զիջումներ կորզել Ռուսաստանից:
Հայաստանը դէպի Ազրպէյճան ռուսական զէնքի մատակարարումների հարցով երբեք բողոքի գիր չի յղել Մոսկուային: Ժամանակ առ ժամանակ հայ ռազմական պաշտօնեաները, այդ թւում` պաշտպանութեան նախարարն ու զինուած ուժերի գլխաւոր սպայակոյտի պետը, հրապարակային մտահոգութիւն են յայտնել, որ Մոսկուան համարժէք պատասխան չի տալիս, երբ Ազրպէյճանը գնդակոծում է Հայաստանի սահմանամերձ շրջանները` սպաննելով խաղաղ բնակչութեանը: Աւելի՛ն. բոլորովին վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարարը, բոլորի համար զարմանալի կերպով, ռուս-ազրպէյճանական ռազմական համագործակցութիւնը եւ ռուսական զէնքի մատակարարումները Ազրպէյճանին բացատրեց Մոսկուա-Պաքու երկկողմ առեւտրային շահերով:
Փետրուարի 22-ին սպառազինութիւնների առքուվաճառքի եւ տեղաշարժերի հարցով աշխարհի ամենահեղինակաւոր կառոյցը` Սթոքհոլմի Խաղաղութեան խնդիրների ուսումնասիրութեան հիմնարկը (SIPRI) հրապարակեց իր տարեկան զեկոյցը, ըստ որի, 2011-2015 թուականներին Ռուսաստանի զէնքի արտահանումների շուրջ 5 տոկոսը բաժին է հասել Ազրպէյճանին: Վերջին հինգ տարիներին, համեմատած նախորդ հնգամեակի` 2006-2010-ի հետ, Ազրպէյճանը աւելի քան կրկնակի աւելացրել է ծանր սպառազինութեան ներկրումը, հիմնականում` Ռուսաստանից:
Բացի այդ, SIPRI-ի տուեալներով, Ազրպէյճանը գլխաւորում է Եւրոպայում 2011-15 թուականներին ամենաշատ զէնք ներմուծած երկրների ցանկը, ընդ որում, իր զինանոցի 80 տոկոսը Պաքուն հէնց Ռուսաստանից է ձեռք բերում:
Հասկանալի պատճառներով պաշտօնական Երեւանը չի կարող բողոքի գիր յղել Մոսկուային կամ օգտագործելով միջազգային ամբիոնները` չի կարող յաւելեալ ուշադրութիւն հրաւիրել ռուս-ազրպէյճանական ռազմական համագործակցութեանը, մասնաւորապէս` Ռուսաստանի կողմից Ազրպէյճանին ծանր սպառազինութիւն մատակարարելու իրողութեանը: Նման բողոքներով եւ յայտարարութիւններով Հայաստանը ոչ միայն չի կարող կանխել ռուսական հետագայ մատակարարումները Ազրպէյճանին, այլեւ յաւելեալ լարուածութիւն կը ստեղծի հայ-ռուսական յարաբերութիւններում, որից օգտուողը լինելու է հէնց Ազրպէյճանը:
Փոխարէնը` Հայաստանը պէտք է ունենայ մարտունակ եւ ժամանակակից մարտահրաւէրներին համապատասխանող բանակ, որը ամէն պահի պատրաստ կը լինի ցաւալի եւ զսպիչ հարուածներ հասցնել Ազրպէյճանին ամէն անգամ, երբ վերջինս կը փորձի աշխուժութիւն դրսեւորել Հայաստան-Ազրպէյճան սահմանում կամ Արցախ-Ազրպէյճան զօրքերի շփման գծում:
Պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ Դաւիթ Տօնոյեանը փետրուարի կէսերին Վիեննայում «Ռազմական հայեցակարգային» մօտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարի իր ելոյթում յայտարարեց. «Հայաստանի անվտանգութեան ապահովման նպատակներին հասնելու համար եւ ԵԱՀԿ Մինսքի խմբի հովանու ներքոյ իրականացուող բանակցային գործընթացի համար նպաստաւոր պայմաններ ձեւաւորելու նպատակադրմամբ, նախատեսում ենք գործադրել մի շարք միջոցներ: Դրանցից է «Սանձահարման/զսպման համակարգը» (Deterrence system), որը Հայաստանը գործի է դնում առկայ զինուած դիմակայութիւնը նուազեցնելու նպատակով: «Սանձահարում/զսպումը» մեր հայեցակարգային մօտեցումներում հետզհետէ դուրս է մղում «Սթաթիք պաշտպանութեան» հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկուել որպէս անբաւարար հզօրութեան վկայական: Իրականում, 25 տարուայ պաշտպանողական կեցուածքը մեզ տուեց ոչ աւելին, քան` գնալով քաջալերուող սադրիչ գործողութիւններ: Հայաստանը իրականացնելու է որակական լուծումներ` քանակական անհաւասարակշռութիւնները չէզոքացնելու համար` միաժամանակ խստօրէն պահպանելով սպառազինութիւնների վերահասկման ոլորտում առկայ սահմանափակումները: «Սանձահարման/զսպման համակարգը» կ՛իրականացուի ինչպէս արձագանգող, այնպէս էլ կանխարգելող եղանակով»:
Հայկական ուսումնասիրութիւնների
ԱՆԻ կենտրոն