Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17235

«Հրաշալի Կը Լինէր, Եթէ Քաղաքացին Կիրառէր Թեկնածուին Քննելու Գործիքը»

$
0
0

ՍԵՒԱԿ ՎԱՐԴՈՒՄԵԱՆ

ՀՅԴ Գերագոյն մարմինի անդամ, տնտեսագէտ Արմէն Գրիգորեանը, որն Արարատի մարզում վարկանշային կարգով առաջադրուել է պատգամաւորութեան թեկնածու, «Իրատես»-ի հետ զրոյցում հաւաստիացրեց դաշնակցականներն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցում են իշխանութիւն ունենալու համար: Ըստ նրա, նախընտրական շրջանը հեշտ չէ, քանի որ մասնակցում է 11 ուժ, բայց ընտրապայքարին պէտք է դուրս գալ առաջինը լինելու ձգտումով:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Մեզ մրցակից ենք համարում հաւասարապէս բոլորին եւ փորձելու ենք այս կարճ ժամանակահատուածում հնարաւորինս ամբողջացնել մեր քարոզարշաւը: Քաղաքացիներին յայտնելու ենք բոլոր այն մօտեցումները, որոնք այս փուլում կարեւոր ենք համարում, առաջին հերթին, երկրի զարգացման յղացքային, երկարաժամկէտ ռազմավարական ծրագրերը:

ՀԱՐՑՈՒՄ.- Ի տարբերութիւն Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնների` խորհրդարանական ընտրութիւններին պայքարը, ըստ ձեզ, գաղափարական դաշտ կը տեղափոխուի՞:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Աւագանու ընտրութիւնների քարոզարշաւին Դաշնակցութիւնը մասնակցել է կայացած ուժին յարիր ձեւով եւ բովանդակութեամբ, բայց ցաւալիօրէն աղմուկ էր, եւ այդ աղմուկի մէջ լսելի չդարձաւ բանական խօսքը: Հետաքրքիրն այն էր, որ յայտարարուած «սեւ» ուժերը չէին էլ մասնակցում ընտրութիւններին ու քաղաքական գործօն չէին: Բայց եղաւ այն, ինչ եղաւ: ԱԺ ընտրութիւնները պէտք է անցկացնել գաղափարական դաշտում ու ծրագրային պայքարի ծիրի ներքոյ: Չկայ աւելի կարեւոր քաղաքական գործընթաց, քան խորհրդարանական ընտրութիւնը` խորհրդարանական կառավարման համակարգ հռչակած երկրում: Չի կարելի այս ընտրութիւնների ընթացքը ձեւախեղել, ինչն առաջին հերթին կը խանգարի ընտրութեան առջեւ կանգնած մեր քաղաքացիներին: Հանրութեանը չի կարելի զրկել իր ու երկրի հոգսերի, խնդիրների եւ առաջարկուող լուծումների մասին լսելու հնարաւորութիւնից: Պէտք է գնալ բացառապէս ծրագրային ուղով, այստեղ Դաշնակցութեան ասելիքներն ու բերուող հիմնաւորումները ծանրակշիռ են` սկսած անվտանգութեան ու պաշտպանութեան, աւարտած ընկերային-տնտեսական, զարգացման ու կայացման տեսլականներից:

Հ.- Սեղմ ժամկէտներում ինչպէ՞ս էք հասցնելու շփուել ընտրողների հետ, ստանալ նրանց վստահութեան քուէն:

Պ.- Ժամանակն իսկապէս սահմանափակ է, ու ես այդ առումով բաւականին բարդութիւնների առաջ եմ կանգնել: Առաջադրուել եմ Արարատի մարզում, որն ունի 90-ից աւելի գիւղական եւ 4 քաղաքային համայնք, իսկ ակնկալուող արդիւնքն ապահովելու համար հարկ է այցելել բոլոր բնակավայրերն ու ժողովրդին ներկայացնել ծրագրերը, որոնք ցանկալի է դառնան հանրութեան սեփականութիւնը, ինչն էլ ծանր ու թեթեւ անելով` վստահութեան իրենց քուէն ինձ տան: Ուղղակի հրաշալի կը լինէր, եթէ քաղաքացին կիրառէր թեկնածուին քննելու գործիքը` յիշելով, թէ ի՛նչ են իրեն խոստացել քարոզարշաւի ժամանակ եւ ի՛նչ են արել ընտրութիւններից յետոյ, եւ ըստ այդմ որոշել` նորի՞ց ընտրել նոյն թեկնածուին, թէ՞ այս անգամ պատժել նրան: Ես քարոզարշաւին մասնակցելու եմ աւելի հրապարակային ճանապարհով, կարճ ժամանակը խտացնող մեթոտով: Քարոզարշաւի ընթացքում փորձելու եմ ամբողջական եւ մրցակցային լինել, առաւել ընդգրկուն ներկայացնել համապետական խնդիրների ու դրանց լուծումների մասին իմ պատկերացումները: Կիրառելու եմ շատ պարզ գործիքներ, հանրութեան հետ խօսելու եմ յստակ եւ ուղիղ, ասելու եմ` ի՛նչն է վատ, ինչի՛ն եմ դէմ, եւ ինչպէ՛ս պէտք է շտկել:

Հ.- Բայց ինչպէ՞ս էք համոզելու հասարակութեանը, եթէ նախընտրուածը այժմ մէկ ուժ է:

Պ.- Եթէ դիտարկենք ծրագրերը, ապա կը տեսնենք, թէ իրականում ում ծրագիրն է նախընտրելի: Դիմում եմ քաղաքական բոլոր ուժերին` բերէք ձեր պատկերացումները երկրի զարգացման մասին, թէ ի՛նչ տեսակի երկիր էք ուզում ունենալ, մենք էլ մերը բերենք, խումբ ստեղծենք, քննարկենք, հանրութիւնն էլ որոշի լաւագոյնին:

Հ.- Առաջադրուելով վարկանշային կարգով` կը ցանկանայի՞ք, որ այդ ընտրակարգը չգործէր:

Պ.- Ի սկզբանէ ասեմ` Դաշնակցութիւնը դէմ է գործող ընտրական օրէնսգրքին, որն իր մէջ անարդարութեան տարրեր ունի: Մի ընտրատարածքում առաջադրուած վարկանշային թեկնածուն կարող է շատ քուէ ստանալ եւ չընտրուել, իսկ քիչ ստացողը` գնալ խորհրդարան: Ընտրական օրէնսգրքի բարեփոխումների փաթեթը, որն այդպէս էլ չընդունուեց խորհրդարանի կողմից, իր թերութիւններն ունէր, եւ, օրինակ, ամբողջապէս փակ ցուցակները քաղաքացուն կարող էին զրկել իր իսկ ցանկութեամբ ու անմիջական մասնակցութեամբ խորհրդարանի ձեւաւորումից: Տապալուած օրինագիծն ունէր նաեւ լաւ կարգաւորումներ, բայց խաղի կանոններն արդէն գծուած են, եւ բոլորը ստիպուած են մասնակցել այդ կանոններով:

Հ.- Դուք ՀՅԴ-ի համեմատաբար երիտասարդ ու «թարմ» դէմքերից էք, ի՞նչ նորարարութիւն էք բերելու ձեր խմբակ ու առհասարակ քաղաքական դաշտ:

Պ.- Ներկուսակցական շրջանակների համար այնքան էլ նոր դէմք չեմ մի պարզ պատճառով` ՀՅԴ Գերագոյն մարմինի անդամ եմ, ինչը նշանակում է` կուսակցական որոշակի տարիք, քաղաքական գործառոյթների եւ մասնագիտական յանձնախմբերի աշխատանքային փորձ: Ես մասնագիտութեամբ տնտեսագէտ եմ եւ դաշնակցական տնտեսագէտների հետ բազմաթիւ ուսումնասիրութիւններ եմ արել, օրինակ` հիւսիս-հարաւ տարանցիկ ճանապարհի ներդրումային ծրագրի խնդիրների, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրների, պենզինի եւ տիզելային վառելիքի շուկաների խնդիրների, մանրածախ առեւտրում տեղի ունեցող խնդիրների եւ բազում այլ ոլորտների մասին: Եւ այժմ ժամանակն է, որ փորձս ու գիտելիքներս ծառայեցնեմ ի նպաստ երկրի զարգացման ու բարօրութեան:

Հ.- Տպաւորութիւն է, որ կուսակցութիւններն առաւել ընդդիմադիր երեւալու տիտղոսը ստանալու պայքար են տանում: Սա, ի վերջոյ, քաղաքակա՞ն պայքար է, թէ՞ ընդդիմութիւն դառնալու:

Պ.- Կայ պարզ քաղաքագիտական հասկացութիւն` եթէ իշխանութիւն չես, ապա ընդդիմութիւն ես: Եթէ կուսակցութիւնը չի ձգտում իշխանութեան, ապա պէտք է վերաձեւակերպուի, օրինակ, հասարակական կազմակերպութեան եւ փոխի իր կազմակերպաիրաւական ձեւը: Ինչ խօսք, երկրին անհրաժեշտ են փոխզսպող եւ հակակշռող ուժեր ու մեքանիզմներ, որոնք կեդրոնանում են ընդդիմութեան ձեռքում, բայց Դաշնակցութիւնն առաջին ընդդիմութիւն լինելու պայքարի մասնակիցը չէ: Մենք համակարգի կայացման կողմնակից ենք, ինչի համար էլ գնում ենք յաղթելու:

Հ.- ՀՅԴ-ն ներառուած էր համաձայնութեան կառավարութիւնում, ունէր որոշակի աթոռներ, հնարաւո՞ր է նախկինում ունեցած լծակներն ինչ-որ ձեւով ծառայեն ընտրութիւններին, ու, այսպէս ասած, «ձայն բերեն»:

Պ.- Դաշնակցութիւնը, այո՛, մաս էր կազմում ազգային համաձայնութեան կառավարութեան, իսկ կուսակցական իմ ընկերները, թէկուզ` կարճ ժամանակում, բայց իրենց նուիրումով, պատասխանատուութեան բարձր գիտակցումով հասցրին լաւագոյնս դրսեւորուել: Մեր թէ՛ նախարարները, թէ՛ մարզպետներն առաջնորդուել են երկրի շահերով, կատարած աշխատանքով կուտակել են վարկանիշ, առաւել լայն շրջանակների մօտ ձեւաւորել են յարգանք եւ այժմ այդ ամէնը կիրառելու են քուէներ ստանալու համար: Իսկ պաշտօններով ձայներ բերելու էջը մեր երկրում փակուած է, մանաւանդ որ ո՛չ դրա կողմնակիցն ենք, ո՛չ էլ այժմ պաշտօն ունենք:

 


Viewing all articles
Browse latest Browse all 17235

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>