Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17235

Ձեր Եփած Ճաշերը Դաշնակցութիւնից Հեռու Կերէք

$
0
0

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

«Մենք չենք պատրաստւում քոալիսիոն կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ մեր ձայնը վճռորոշ չի լինի: Մենք այլեւս այդպիսի քոալիսիոնների մէջ չենք լինի, որտեղ առանց Դաշնակցութեան կարող են որոշումներ ընդունուել, սա մեր անցած ճանապարհի գլխաւոր գնահատականն է, որը տալիս ենք մեր ամբողջ ճանապարհը վերլուծելով: Մենք մնացել ենք այն պատասխանատուութեան տակ, որի համար ՀՅԴ-ն պատասխանատու չէ, քանի որ չի եղել ամբողջական իշխանութիւն, բայց ընկալուել է որպէս այդպիսին», ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանի այս խօսքերը ոմանց մօտ թիւր կարծիք են առաջացրել, թէ այսկերպ ՀՅԴ-ն փորձում է տարանջատուել վերջին տասնամեակների իր պատմութիւնից եւ խուսափել պատասխանատուութիւնից: Այդ մարդկանց խորհուրդ կը տայի եւս մի քանի անգամ կարդալ Արմէն Ռուստամեանի յայտարարութիւնը, որպէսզի կարողանան վերջապէս ինքնաքննադատութիւն ասուածը տարբերել ժողովրդին «քցել-թռնելուց», ինչի անգերազանցելի վարպետներն են իրենք:

«Այս երեք ուժերը (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Էդ. ԱՅ.) պէտք է յիշեն հետեւեալը. նրանք լիարժէք ու հաւասար պատասխանատուութիւն են կրում պետական յանցագործութեան` սահմանադրական կարգի ոչնչացման եւ իշխանութեան իւրացման համար: Նման յանցագործութիւնը չունի վաղեմութեան ժամկէտ: Պատասխանատուութիւնը արժանապատիւ ստանձնելու փոխարէն` չքմեղանալու այդ ողորմելի փորձերը կարող են հետագայում օգտագործուել իրենց իսկ դէմ», Արմէն Ռուստամեանի յայտարարութեան կապակցութեամբ գրել է Lragir.am կայքը` չբացայայտելով հրապարակման հեղինակին: Բայց, չնայած այդ դաւադրութեան, ողջ աշխարհի ծաղրի առարկայ դարձած «սահմանադրական կարգի ոչնչացման եւ իշխանութեան իւրացման համար» ձեւակերպումն ինքնին խօսուն է եւ յստակ մատնացոյց է անում այն «որջը», որտեղ թխուել է խնդրոյ առարկայ յօդուածը: Հասկանալի է, մարդիկ խայտառակուել են «սահմանադրական կարգը տապալելու եւ իշխանութիւնը իւրացնելու» մէջ ակնյայտօրէն քաղաքական մեղադրանքի համար, մարտի 1-ի գործը լղոզելով, անորոշութեան մատնելով, եւ այդքանից յետոյ ստիպուած են ինչ-որ կերպ արդարանալ ու «պետական յանցագործներ» գտնել բոլորովին այլ տեղերում, միայն թէ` ոչ իրենց մէջ:

Չէինք անդրադառնայ այս տափակ հրապարակմանը, եթէ սա չհամարէինք առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին Դաշնակցութեան դէմ հակաքարոզչութիւն ծաւալելու էժանագին փորձ: Բարեկամաբար խորհուրդ կը տայի չգնալ այդ ճանապարհով: Քննադատէք Դաշնակցութեանն` ինչքան կարող էք, բայց մի՛ փորձէք 128-ամեայ կուսակցութեանը վերագրել բաներ, որոնք ուղղակի չեն կարող կապուել նրա հետ: Յիշողութիւնը ջուր չի դառնում: Մարտի 1-ից 10 տարի է անցել, բայց այսօր էլ բոլորը յիշում են, թէ այդ օրերին ի՛նչ էր ասում Դաշնակցութիւնը, եւ ինչպէ՛ս էր հակամարտող ուժերի գրասենեակների մօտ պահանջում չգնալ առճակատման եւ զերծ մնալ բախումներից: Ո՞վ էր յանուն խաղաղ հանգուցալուծման, այդ գրասենեակների առաջ, աղաւնիներ թռցնում երկինք։ 2008թ. նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի օրերին ՀՅԴ թեկնածուն իր ելոյթներում նախազգուշացնում էր` ամէն ինչ չբաժանել սեւի եւ սպիտակի, խուսափել հնարաւոր արիւնահեղութիւնից:

Ո՞վ լսեց…

Սեփական պատասխանատուութիւնը չտեսնել ցանկացողի համար հեշտ է այլ պատասխանատուների մատնանշելը: Բայց, ինչպէս միշտ, նման դէպքերում խօսում են փաստերը` ձայնագրութիւններ, տեսագրութիւններ, հեռախօսային խօսակցութիւնների գաղտնալսումներ: Եւ յանկարծ պարզւում է, որ հրեշտակի թեւերով ներկայացողներն են եղել խժդժութիւնների մղելու եւ բախումների հրահրման հիմնական դերակատարները: Եւ այդ ժամանակ, պատկերացրէք, հարց է առաջանում` իսկ ո՞վ պէտք է պատասխան տայ 10 զոհի պատճառ դառնալուց յետոյ իշխանութիւնների հետ երկխօսութիւն սկսած «հրեշտակների» յանցագործութիւնների համար:

Կախուածի տանը պարանից խօսելը ճիշդ չէ: Այսօր էլ գնում ենք ընտրութիւնների, որոնք կարող են վճռորոշ լինել երկրի համար, առաջին հերթին` հէնց «թաւշեայ յեղափոխութեան» արդիւնքում տապալուած պետական կարգի վերականգնման իմաստով: Զգուշաւորութիւնն այս դէպքում չէր խանգարի մեզ: Հետեւաբար կարիք չկայ իշխանութեան եկած քաղաքական ուժի (ուժերի) գաղափարական սնանկութիւնը քողարկելու նպատակով բոլոր ԶԼՄ-ներն ուղղել դասական առումով միակ քաղաքական ուժի «սեւացմանն» ու ժամանակավրէպ հացկատակների ստեղծած խմբաւորումների հետ այդ ուժի նոյնացմանը: Կարճ ասած` ձեր եփած հին ու նոր ճաշերը Դաշնակցութիւնից հեռու կերէք, եթէ կարելի է, եւ հաստատ իմացէք, որ սեփական պատասխանատուութեան գիտակցման հարցերում էլ Դաշնակցութեանը չէք հասնի:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17235

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>