ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ
Ով ինչ ուզում է ասի, մեր ժողովուրդը միշտ լաւն է ու այդպէս էլ պիտի լինի: Սա այսպէս է, որովհետեւ մեր ժողովուրդը մեր ուժի, մտքի, աշխատանքի եւ ստեղծագործութեան միակ աղբիւրն է: Սա այսպէս է, որովհետեւ ժողովուրդը մեր անցեալի, ներկայի ու ապագայի թէ՛ ներշնչարանն է եւ թէ՛ ապաւէնը: Եւ լինենք անկեղծ ու խոստովանենք, որ այս համոզումն ու հաւատքը հետեւողականապէս ունեցել է եւ ունի միայն Հայ յեղափոխական դաշնակցութիւնը:
Ցաւն այն է, որ պոլշեւիկեան օրերից մինչեւ ՀՀՇ-ականները, եւ մինչեւ ՀՀԿ-ականները, ղեկավարները մեղադրել են մեր ժողովրդին: Նրանք բոլորն էլ ասել են, թէ ղեկավարները լաւն են, լաւն են անում ու գործում, բայց ժողովուրդն է որ չի օգնում, որպէսզի լաւ գործ լինի:
Հիմա ժողովրդին մեղադրելու յանկերգին սկսել են միանալ հայրենիքի «յեղափոխական» ղեկավարները: Վեց ամիսներէ ի վեր կառավարութեան կողմից ոչ մի տեղաշարժ չի արձանագրուել տնտեսական թէ ընկերային բնագաւառներում: Վիճակը մինչեւ իսկ նախկինից աւելի է վատթարացել: Կառավարութիւնը որդեգրել է որոշումներ եւ Ազգային ժողովում ընդունել տուել է օրինագծեր, որոնք դոյզն իսկ չափով չեն նպաստի ժողովրդի բարօրութեանը: Մինչեւ իսկ որոշում են կայացրել աշխատաւորի աշխատավարձը չաւելացնել:
Այս բոլորի հետ, վարչապետի պաշտօնակատարը Ասթանայում հանդիպում է Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ խօսում հայրենի ժողովրդի վիճակի մասին:
Հանդիպման ընթացքում նա ասել է, որ գործ կայ երկրում, բայց ժողովուրդը չի գալիս աշխատելու, աւելացնելով. «Ինչի՞ չեն գալիս աշխատելու, որովհետեւ աղքատութեան նպաստ են ստանում, որովհետեւ մտածում են` երբ որ աշխատեն, էդ աղքատութեան նպաստից կը զրկուեն: Մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատութեան նպաստ ստանան: Հեռուստացոյց չեն առնում, որ աղքատութեան նպաստ ստանան»:
Ապա նա բողոքել է` ասելով. «Արդէն բաւական է, հասկանում էք, պետութիւնը ի վիճակի չէ բոլորի ընկերային խնդիրները լուծել: Մարդ եթէ ուզում է լաւ ապրել, պէտք է աշխատի: Եթէ առաւօտից երեկոյ նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու եւ իրեն թուալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են, ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում»:
Պարզ ասած` մեր ընկերային-տնտեսական հարցերի, դժուարութիւնների աղբիւրը, ըստ վարչապետի պաշտօնակատարին, մեր ժողովուրդն է: Աւելի պարզ ասած, ըստ իրեն, մեր ժողովուրդը չի ուզում աշխատել, որովհետեւ ծոյլ է: Է՛լ աւելի պարզ ասած, ըստ իրեն, մեր ժողովուրդը նախընտրում է նպաստ ստանալ, ուրեմն մակաբոյծ է:
Ժողովրդին թիրախաւորելով` վարչապետի պաշտօնակատարը մոռանում է իր գլխաւորած կառավարութեան մեծ թէ միջակ պաշտօնակատարներին, որոնք մինչեւ հիմա սեփական պաշտօնները առանց գործելու զբաղեցնելուց բացի` ուրիշ բան չեն արել: Իմացե՞լ ենք, թէ ի՛նչ են անում մեր նախարարներն ու փոխ նախարարները: Այո՛, տեսել ենք նրանց նկարները մամուլի մէջ եւ սելֆիները` համացանցի վրայ: Նկարներէն անդին` ո՞ւր են նրանց կատարած գործերը: Չկա՛ն: Վաւերացուած ծոյլերին, անատակներին ու մակաբոյծներին պէտք է փնտռել նրանց շարքերում, ոչ թէ` ժողովրդի մէջ:
Վատ ղեկավարութիւն է, երբ ղեկավարը սեփական ձախողութեան համար այպանում է ժողովրդին: Վատ առաջնորդ է նա, ով պատասխանատուութիւնը բարդում է սեփական ժողովրդի ուսերին:
Այսօր ներկայի իշխանաւորների կողմից մեր ժողովուրդը արժանանում է նոյն մեղադրանքին, ինչը կատարւում էր անցեալում:
Այսօր ներկայի իշխանաւորները` միանում են անցեալի իշխանաւորներին` ապահովելու համար իրանց տիրութեան գոյատեւումը:
Իսկ այս բոլորի մէջ նրանք մեղաւոր են փնտռում ժողովրդի շարքերում:
Մեր ժողովրդի մէջ լաւն ու բարին վեր հանելու փոխարէն` նրանք վար են իջեցնում մեր ժողովրդին: Մեր ժողովրդի ազնուութիւնը եւ զոհաբերութեան ոգին տոգորելու փոխարէն` նրանք ճգնում են սատանայութիւններ որոնել մեր ժողովրդի մէջ:
Պարզ ասած` նրանք արհամարհում են մեր ժողովրդի ո՛չ միայն արժանապատուութիւնը, այլեւ` նրա համբերութիւնը:
Պէտք է հաւատալ, որ մեր ժողովուրդը անդրադառնում է իշխանաւորների այս խաղերին: Պէտք է յուսալ, որ նա իր արդար վճիռը կ՛արձակի Ազգային ժողովի յառաջիկայ արտահերթ ընտրութիւններում:
Ամիսներ առաջ փողոցներում կատարուած յեղափոխութիւնը մեր ժողովուրդը իր աւարտին պէտք է հասցնի դեկտեմբերի արտահերթ ընտրութիւններում` իշխանութիւնից դուրս շպրտելով բոլոր նրանց, ովքեր տասնամեակներ ի վեր փորձում են տիրող նոմենկլատուրան իշխանութեան վրայ պահել` պոլշեւիկեան, ՀՀՇ-ական, ՀՀԿ-ական կամ «յեղափոխական» պիտակներով:
Այս բոլորի դէմ կա՛յ այլընտրանք: Այդ այլընտրանքը Հայ յեղափոխական դաշնակցութիւնն է` իր վաւերական գործով, բարեկարգումների ծրագրով եւ ատակ անձնակազմերով:
Ի տարբերութիւն միւսների` միայն ՀՅ Դաշնակցութիւնն է, որ ժողովրդից է, ժողովրդի հետ է եւ ժողովրդի համար է:
Լոս Անճելըս