Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17235

Դուք Էք Որոշում

$
0
0

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

Գնում ենք ԱԺ արտահերթ ընտրութիւնների: Այս ընտրութիւններով է ձեւաւորուելու ՀՀ առաջիկայ 5 տարիների իշխանութիւնը, որ պատասխանատուութիւն է կրելու երկրի արտաքին քաղաքականութեան, տնտեսական առաջընթացի, մարդկանց ընկերային խնդիրների լուծման, սերունդների համերաշխութեան ամրապնդման, ժողովրդավարութեան խորացման, օրէնքների գերակայութեան եւ, ի հարկէ, պետութեան եւ ժողովրդի անվտանգութեան համար:

Ո՞րն է այսօր ձեր պատկերացմամբ այն ուժը, որ կը կարողանայ միայնակ լուծել բոլոր հարցերը: Հայաստանում կա՞յ այդպիսի ուժ: Կարծում եմ` չկայ:

Նայենք քաղաքական դաշտի քարտէսին: Այսօր ընտրութիւնների գնացող գրեթէ բոլոր խմբերը ազատական ուժեր են: Նրանց համար առաջնայինը շուկայական յարաբերութիւններն են, իսկ մարդկանց ընկերային խնդիրները վերջին տեղում են (հմմտ. չեն սիրում աշխատել, դրա համար էլ խիյարը թարս է աճում, գնացէք` ոչխար պահէք, պետութիւնը չի կարող ձեզ պահել, նստած էք փոքրամասնութեան վզին եւ այլն): Սերունդների համերաշխութիւն ասուածը ազատականների համար օդեղէն մի բան է (անցում` կուտակային կենսաթոշակային համակարգի, աւագ սերնդի զանգուածային դուրսմղում գիտական, տնտեսական մշակութային կեանքից):

Դրամատունը ազատականների աստուածն է, փողն է, ըստ ազատականների, որոշում ամէն ինչ: Ազատականները նաեւ շատ գեղեցիկ ճառեր են ասում արդիւնքի արդար բաշխման մասին, բայց խիստ վիճելի պատկերացումներ ունեն արդարութեան մասին: Հայաստանում ազատական ուժերի այս առատութիւնը ցոյց է տալիս մեզանում համաշխարհային ֆինանսական կենտրոնների եւ զանազան այլ շրջանակների ազդեցութեան աստիճանը: Որքան աղքատ է երկիրը, այնքան շատ են ազատական ուժերը: Նշուած կենտրոնները, Հայաստանից զատ, ունեն շատ այլ ազդեցութեան գօտիներ, եւ, բնական է, աշխատում են, որ իրենց ֆինանսական ծրագրերը չվտանգուեն ազդեցութեան գօտիների միջեւ եղած հակասութիւնների պատճառով: Պատահական չէ, որ մեր արեւմտեան բարեկամները ցանկանում են արագ կարգաւորել Արցախի հարցը, թէկուզ` կողմերից մէկի հաշուին: Ինչո՞ւ են Հայաստանին աւելի շատ ճնշում: Պատասխանը յստակ է` Ազրպէյճանում աւելի մեծ ներդրումներ կան, որոնք պէտք չէ վտանգուեն: Հայաստանեան ազատական ուժերի համար այդ մեծ խաղի այլ կանոններ պարզապէս չկան:

Հայաստանում ազատականներին հակակշռող միակ ուժն այսօր ընկերվարական Դաշնակցութիւնն է: Դաշնակցութիւնն էլ ասում է արդար բաշխում: Բայց արդարութիւն չի կարող լինել մի տեղ, որտեղ առնուազն չի երաշխաւորւում նուազագոյն կենսապահովման զամբիւղը: Արդար չէ, երբ պետութիւնը աշխատատեղ չի ստեղծում, բայց մարդուց պահանջում է աշխատել: Արդար չէ, երբ պետութիւնը մասնաւոր պիզնեսի առաջ աշխատատեղ ստեղծելու նուազագոյն պահանջներ չի դնում: Արդար չէ, երբ պետութիւն կառավարող ազատական ուժն այդ երկրի քաղաքացիների համար աշխատաշուկայ հանդիսացող երկրների հետ յարաբերութիւնները ենթարկում է փորձութեան` յանուն ֆինանսական կենտրոնների հետ իր վտանգաւոր խաղի: Վերջապէս, արդար չէ, երբ որեւէ երկրում հարստանում են միայն դրամատները եւ մի խումբ մարդիկ, որոնք հասցրել են որոշակի դրամագլուխ կուտակել:

Ազգային հարցերում ազատականները հետեւողական չեն, թէեւ Հայաստանում չկայ մի ազատական ուժ, որ ասի` ես ազգային չեմ: Բայց ազատական «ազգայինն» աւարտւում է այնտեղ, որտեղ սկսւում է ֆինանսական շուկան` տնտեսութիւնը դեֆոլտից փրկելու ազատականների վերջին յոյսը: Ոչինչ, որ ազգի կէսը աղանդաւոր դառնայ, միայն թէ վարկ տան, ոչինչ, որ ԼԳԲՏ համայնքի գոյութիւնը քարոզուի եւ պաշտպանուի օրէնքով, միայն թէ դրամաշնորհային ծրագրեր իրականացուեն, ոչինչ որ ժողովրդավարութեան անուան տակ երկրում հազարաւոր կասկածելի ՀԿ-ներ գործեն, միայն թէ դրանցում ընդգրկուած զանգուածները ընտրութիւններում ձայն ապահովեն իրենց համար: Հեշտ է ասել` ես ազգային եմ եւ ջերմ ընդունելութեան արժանանալ սփիւռքահայ գաղթօճախներում: Իսկ ո՞ւր է այդ նոյն գաղթօճախի համար արածդ գործը: Ի՞նչ ազգային լինելու մասին է խօսքը, երբ պատրաստ ես հրաժարուել ազգային տարածքներից` յանուն խաղաղութիւն եւ Ազրպէյճանի ժողովրդի իրաւունքների:

Շուկայական յարաբերութիւնները, եթէ դրանք որեւէ կերպ չեն վերահսկւում պետութեան կողմից, կարող են պատճառ դառնալ կենտրոնի եւ ծայրամասերի, ինչպէս նաեւ տարբեր մարզերի անհամաչափ զարգացման: Հայաստանում մարած հարիւրաւոր գիւղերը, ծաղկուն արդիւնաբերական քաղաքների (Գիւմրի, Վանաձոր, Հրազդան, Չարենցաւան, Կապան) թուլացումը շուկայական տնտեսութեան մէջ պետութեան դերի անտեսման հետեւանք են:

Գնում ենք ԱԺ արտահերթ ընտրութիւնների ինչ-որ յեղափոխութեան ազդեցութեան տակ, որի արդիւնքում մի ազատական ուժը միւսից խլել է իշխանութիւնը եւ յայտարարում է, որ Հայաստանում բան է փոխուել: Նման բան չի կարող լինել, ֆինանսական շուկան պարզապէս թոյլ չի տայ: Այս իմաստով Հայաստանում տեղի ունեցածը գեղագիտական վիրահատութիւն է ընդամէնը, որի յաջող ելքի մասին դեռ վաղ է խօսելը:

Յստակ է, որ երկրում խախտուած է հաւասարակշռութիւնը: Բանավէճը, որ պէտք է տեղի ունենար ազատական եւ ընկերվարական գաղափարախօսութիւնների միջեւ, արհեստականօրէն տեղափոխուել է ազատական գաղափարախօսութեան դաշտ եւ, ըստ էութեան, վերածուել այդ դաշտի ուժերի միջեւ լեզուակռուի:

Գնում ենք ԱԺ արտահերթ ընտրութիւնների: Սա այն պատեհ առիթն է, որն օգտագործելով` մենք կարող ենք վերականգնել հաւասարակշռութիւնը ազատական եւ ընկերվարական գաղափարախօսութիւնների միջեւ: Ամբողջ աշխարհում չկայ մի երկիր, որի օրէնսդիր մարմնում ներկայացուած լինի մէկ գաղափարախօսութիւն, մէկ ուժ իր տարբեր դրսեւորումներով:

Ո՞րն էր ասուածի միտք բանին:

Թոյլ չտանք, որ Հայաստանում ազատական ուժերի ներքին պայմանաւորուածութիւնների եւ քարոզչական ճնշումների արդիւնքում ձեւաւորուի մի իշխանութիւն, որ նոյնիսկ ամենավեհ ձգտումներից խօսելով` կարող է խորացնել անարդարութիւնը, նպաստել աղքատութեան աճին, արտաքին նոր սպառնալիքներ ստեղծել պետութեան համար ու դառնալ համատարած արտագաղթի պատճառ:

 


Viewing all articles
Browse latest Browse all 17235

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>