Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17235

Քաղաքականութիւն` Առանց Քաղաքական Համակարգերի Կամ Ճամբարափոխութեան Մարտնչող Ուրուականը

$
0
0

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ

Պետութեան քաղաքական համակարգի ու քաղաքական մշակոյթի ձեւաւորումը տեւական գործընթաց է, որն ուղեկցւում է աստիճանական զարգացումներով ու փոխակերպումներով. մանաւանդ` նորանկախ պետութիւնների պարագայում, երբ, սովորաբար, ի դէմս կուսակցութիւնների, քաղաքական դաշտի դերակատարների մեծ մասը հաստատութենական  պատմութիւն չունեն: Այս պարագայում, կարեւոր խնդիրը թէկուզ դանդաղ, բայց որոշակի աշխուժութիւն ունեցող զարգացման շարունակականութեան ապահովումն է, եւ նաեւ, դաշտում արդէն գոյութիւն ունեցող հաստատութենականացուած ուժերի ներուժի գնահատումն ու օգտագործումը:

Կուսակցութեան հաստատութիւնը` որպէս քաղաքական համակարգի ամենաքաղաքականացուած կառոյց եւ ժողովրդի քաղաքական ընկերայնացումն ապահովող գործօն, պատշաճ ընկալում չունի Հայաստանի հասարակաքաղաքական զարգացումներում եւ հասարակութեան մէջ ընդհանրապէս, մինչդեռ պետութեան բազմակուսակցական համակարգի կայացուածութիւնն ու կայունութիւնը ազգային անվտանգային նշանակութեան գործօններ են:

Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում կատարուած իշխանափոխութիւնը ժողովրդի մի ստուար հատուածի մօտ յոյսեր ծնեց նաեւ գիտելիքահեն քաղաքական պայքարի, քաղաքական մշակոյթի ձեւաւորման եւ ընդհանրապէս կուսակցական գործունէութեան այնպիսի պայմանների ու բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման հետ կապուած, որը կը տարբերուէր անցեալի արատաւոր բարքերից ու կուսակցական մարդու ընկալումը ժողովրդի աչքում բոլորովին այլ կը լինէր: Սա իր հերթին հնարաւորութիւն պիտի տար, որ շատ ու շատ երիտասարդներ եւ ընդհանրապէս կարող քաղաքացիներ ինքնաիրացուէին քաղաքական պայքարի մէջ:

Ցաւօք սրտի յետգարնանային իրադարձութիւնները ակնյայտ դարձրեցին, որ գաղափարական հենքի վրայ բազմակուսակցական համակարգի կայացումը, կուսակցական լինելու հանրային ընկալումը, կուսակցութիւնների վարկի ու դերի բարձրացումը եւ ընդհանրապէս կայուն ու յարգալից քաղաքական պայքարը իրականութիւնից կտրուած սին յոյսեր էին: Հայաստանի Հանրապետութեան քաղաքական համակարգը ոչ միայն չկարողացաւ ազատուել «մարդ-կուսակցութիւնների» արատաւոր սինտրոմից` իրենից բխող ամենաբացասական երեւոյթներով, այլեւ յանգեցրեց «անհատի պաշտամունքի» տխրահռչակ դարաշրջանի մերօրեայ զաւեշտալի փոխակերպումների:

Քաղաքական համակարգի առողջացման յոյսը հիմնայատակ կոտրուեց հէնց առաջին քաղաքական մրցավազքում` Երեւանի աւագանու ընտրութիւններում, երբ իշխող ուժը հասարակութեանը եւ քաղաքական դաշտը ուղղակիօրէն բաժանեց սեւերի եւ սպիտակների: Այս պահից այլեւս ակնյայտ էր, որ Հայաստանի քաղաքական մշակոյթը ոչ միայն առողջացման ազդակներ ցոյց չի տալու, այլ նաեւ, յընթացս, ընկղմւում է ապահաստատութենականացման նոր ճահճի մէջ:

Հայաստանի քաղաքական համակարգի ախտաբանական յաջորդ ցուցիչը կուսակցափոխութեան երբեք չդադարող գործընթացն է, եւ դա` այն դէպքում, երբ դաշտի հիմնական դերակատար կուսակցութիւններից ոչ մէկի քաղաքական գաղափարախօսութիւնը չի կրկնում միւսին: Եւ երբ կուսակցափոխ են լինում պետական կառավարման համակարգի կարեւոր պաշտօններ զբաղեցնող անձինք, հասկանում ես, որ խնդիրն առաւել քան լուրջ է, իսկ քաղաքական բարոյականութեան չափանիշները` առաւել քան նուազ…

Հայաստանում կուսակցական մարդու հանրային ընկալումը չի առողջանում առաջին հերթին նրա համար, որ մարդը անդամագրւում է որեւէ կուսակցութեան` հաշուի առնելով ոչ թէ կուսակցութեան գաղափարախօսութիւնը, այլեւ` ժամանակավրէպ քաղաքական դիրքորոշումը: Մինչդեռ կուսակցական դառնալը նախ եւ առաջ նուիրում է գաղափարախօսութեանն ու նպատակներին, այն կրող ու փոխանցող մարդկանց, կազմակերպական ու քաղաքական խմբակին…

Խնդրի վտանգաւորութիւնը բազմապատկւում է, երբ խորհրդարանական պետութեան կառավարման ղեկին է մօտենում մի ուժ, որին խանդավառօրէն անդամագրւում են ե՛ւ ազատականը, ե՛ւ պահպանողականը, ե՛ւ ընկերվարականը, ե՛ւ ազգայնականը, բայց ամենավտանգաւորն այն է, որ շռնդալից կերպով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանն են անդամագրւում նաեւ քաղաքականապէս գաղափարազուրկները եւ ճամբարափոխները: Ընդ որում` այս գործընթացը ողջունւում է ամենաբարձր մակարդակով…

Հայաստանի ներքաղաքական զարգացումները միշտ էլ բնորոշուել են տարբեր տրամաչափի գործիչների պիջակների վրայ կուսակցական տարբերանշանների հերթապահ փոփոխութիւններով, բայց այդ իրավիճակի կրկնութիւնը, ներկայ քաղաքական զարգացումներում, մեղմ ասած, չի տեղաւորւում «նոր իրողութիւնների» պարունակում, չնայած, կրկնուենք` քաջալերւում է յեղափոխական առաջնորդների կողմից:

Կուսակցութիւնների կազմակերպական ամրութիւնն ուղիղ համեմատական է նրանց քաղաքական դրամագլխին, պատմական փորձին եւ ներքին մթնոլորտին, խաղի գրուած ու չգրուած կանոններին եւ կախուած է ներսում բոլորի համար ընդունելի արժեչափերից:

Հաստատութենական դարձած լինելու տեսանկիւնից Հայաստանի քաղաքական դաշտի առաջատարը անշուշտ Դաշնակցութիւնն է: Այստեղ երկու կարծիք չկայ նոյնիսկ կուսակցութեան ընդդիմադիրների շրջանում, եւ ամենեւին էլ պատահական չէ, որ կուսակցութիւնը, ներկազմակերպական առումով, յաջողութեամբ դիմագրաւում է ներքաղաքական ցնցումները եւ երբեք աչքի չի ընկել կուսակցականների ճամբարափոխութեամբ, որովհետեւ հաւաքական կառավարմամբ Դաշնակցութեան անդամը` որպէս դաշնակցական, երդուել է յանուն այլ արժէքների ու այլ նուիրումի, որը վեր է անձերից ու ժամանակավրէպ քաղաքական զարգացումներից…

Այսպիսով, Հայաստանի Հանրապետութիւնը պատրաստւում է խորհրդարանական ընտրութիւններ իրականացնել քաղաքական համակարգի գրեթէ փլուզման վիճակի պայմաններում, ինչը երբեք չի կարող յանգեցնել մրցակցային ընտրութիւնների եւ առարկայական  ընտրութեան արդիւնքում ձեւաւորուած խորհրդարանի: Նախորդ շրջանից մնացած արատաւոր բարքերի` յանուն պաշտօնի կամ ի տուրք ճնշումների ճամբարափոխութեան «յեղափոխական օրինականացումը» առաւել քան նախկինում, նսեմացնում են քաղաքական արժեչափերը ու ցրում քաղաքական համակարգի առողջացման հանրային սպասումներն ու յոյսերը:

Վերոգրեալի պարունակում կարող ենք եզրակացնել, որ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները ոչ միայն չեն նպաստելու Հայաստանում քաղաքական մշակոյթի զարգացմանն ու քաղաքական համակարգի առողջացմանը, այլեւ էականօրէն վտանգելու են հանրընկալելի եւ իրապէս քաղաքական գործընթացներ տեսնելու ժողովրդական սպասումների իրականացումը:

Պրիւքսել, 06.11.2018թ.

 


Viewing all articles
Browse latest Browse all 17235

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>