Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17235

«Տագնապած Մրջնանոցի» Վերածուած Հայաստանի Հանրապետութեան Ապագային Մասին

$
0
0

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Նիկոլ Փաշինեանն իշխանութեան եկաւ ՀՀ-ում արմատացած փտածութեան, պետական համակարգում առկայ բազմաթիւ արատաւոր երեւոյթների դէմ պայքարելու, երկրում օրէնքի գերակայութիւն եւ արդարութիւն հաստատելու մասին յայտարարութիւններով, կոչերով եւ կարգախօսներով:

Արդէն վարչապետի աթոռին նստելու յաջորդ պահից սկսած` ՀՀ-ում ծայր առան մայրաքաղաքային եւ մարզային նախկին մանր ու խոշոր պաշտօնեաների, այդ թուում նաեւ ուժային կառոյցների ներկայացուցիչների հանդէպ յարուցուած քրէական գործերը, ըստ որոնց, բացայայտւում էին բազմաթիւ եւ բազմապիսի չարաշահումներ եւ պետութեանը հասցուած վնասներ: Այդ գործընթացը շարունակւում է նաեւ այսօր:

Ինչպիսի՞ ազդեցութիւն կամ հետեւանքներ կարող է ունենալ այս ամէնը ՀՀ զարգացման վրայ: Ի հարկէ, եթէ երեւոյթին նայենք զուտ տեսականօրէն` միմիայն դրական եւ կրկին դրական: Հակառակի մասին խօսելը կարող է անգամ տարօրինակ կամ զաւեշտալի թուալ: Այդուհանդերձ, իրերի խորքը քննելիս ի յայտ են գալիս բազմաթիւ խութեր, ներքին զարգացումներ, երեւոյթներ, որոնք ոչ միայն ստուեր են նետում վերոնշեալ դրականի վրայ, այլեւ կարող են երկիրը կանգնեցնել տնտեսական, ինչո՞ւ չէ, նաեւ քաղաքական, փլուզման առջեւ: Հնարաւո՞ր է դրանցից խուսափել, ինչպէ՞ս են շրջանցել աշխարհի յայտնի գործիչներն այդ անխուսափելի դժուարութիւնները, եւ ի՞նչ ունենք այսօր ՀՀ-ում:

Վերջին հարցադրումից սկսելով` փաստենք, որ այն գործողութիւնները, որոնք իրականացւում են այսօր Փաշինեանի խմբակի կողմից, միտում ունեն ոչ թէ վերացնելու, այլ խորացնելու նշեալ տնտեսաքաղաքական աղէտը` հասցնելով երկիրը կատարեալ ֆիասքոյի եզրին, որի պատճառով կարճ ժամանակ անց օրինաչափօրէն կրկին ի յայտ կարող են գալ քաղաքացիական անհնազանդութիւններ:

Ի՞նչ է արւում այսօր ՀՀ-ում: Երկրի ուժային կառոյցների համապատասխան օղակները եւ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայութիւնը` մի կողմից, պետական համակարգի, Փաշինեանի խմբակի անդամ, մանր ու խոշոր չինովնիկները` միւս կողմից, ինչպէս երկրի բոլոր ոլորտներում, այնպէս էլ նախկին իշխանութիւնների օրօք աշխատանքային գործունէութիւն ծաւալած գրեթէ բոլոր պաշտօնեաների նկատմամբ (նրանցից շատերը, ի դէպ, շարունակում են աշխատել նաեւ ներկայումս) իրականացնում են ստուգումներ, կիրառում տարբեր բնոյթի եւ չափի պատժիչ գործողութիւններ (տուգանում, աշխատանքից ազատում, քրէական վարոյթների յարուցում) եւ այլն: Առաջին հայեացքից` բնական եւ ողջունելի այս գործողութիւնների դրական եւ բացասական հետեւանքները, սակայն, ոեւէ մէկը չի հաշուարկել եւ դրել նժարի վրայ:

Խնդրի բարոյական գործօնը

Նախ` փաստենք, որ վախի ու կասկածանքի այսպիսի մթնոլորտը արդիւնաւէտ եւ ստեղծարար աշխատանքի համար երբեք չի կարող ստեղծել բաւարար պայմաններ, այն ընդամէնը հասարակութեան ներսում տեղի է տուել ներքին գզվռտոցների` կտրուկ աւելացնելով միմեանց դէմ պայքարողների, շէֆի աչքը մտնելու համար գործընկերոջը մատնողների թիւը, եւ այսպիսի իրավիճակում յայտնուած ՀՀ իրականութիւնն այդ մասով պարզապէս յիշեցնում է պոլշեւիկ-մենշեւիկ առճակատումների շրջանը: Ինչ վերաբերում է խոշոր տնեսվարողներին, ապա վերջիններս ուղիղ ձեւով կիրառում են հին ու բարի, բազմիցս փորձուած մեթոտը. քրէական եւ տնտեսական հողի վրայ պատժուելու վախից նրանք, արագօրէն ճամբարափոխ լինելով, սկսել են «նոր թագաւորին» քծնելու, վերջինիս գութը շարժելով` նոր հովանի գտնելու արգահատելի եւ վտանգաւոր դրսեւորումները: Սա հետեւանքների բարոյական բաղադրիչն է:

Խնդրի տնտեսաքաղաքական հետեւանքները

ՀՀ-ում իւրաքանչիւր ոք, լինի նա պաշտօնեայ, գործարար, բժիշկ, դասախօս կամ ցանկացած մէկը, նախկին համակարգի ժամանակ, օրինաչափօրէն, կամայ թէ ակամայ, շարժուել է տուեալ համակարգի սահմանած խաղի կանոններով: Արդիւնքում` ՀՀ-ում գերակշռում են նրանք ովքեր չեն ապրել «մաքրամաքուր» կեանքով: Մէկը կաշառք է տուել հարկային ոլորտի աշխատողներին` սեփական պիզնեսի կայացման համար, մէկը թաղային ոստիկաններին կամ քաղաքապետարանին` պատշգամբը փակելու կամ մայթին մի խանութ կառուցելու համար, մէկը` գիւղապետարանին, մէկը` մարզպետարանին, մէկը` բժշկին, մէկը` դասախօսին, մէկը մի խոշոր ոլորտ իր ձեռքում պահելու համար «տեսել է» նախագահականին մերձակայ մէկին, մէկի վրայ վերեւներից դրուած է եղել տարեկան կամ ամսական մուծման չափաբաժին, եւ նա էլ իր հերթին նոյնը կիրառել է իր ենթակաների վրայ… եւ այսպէս` անվերջ ու անընդհատ մի շղթայ…

Փաշինեանի խմբակի հակափտածութեան գործողութիւններով ստեղծուած մթնոլորտում` երկրի ազգաբնակչութեան մէկ հատուածը, որն այս կամ այն կերպ առնչուել է փտածութեան այս կամ այն տեսակի հետ, յայտնուել է իւրատեսակ փակուղու առջեւ:

Յաւելենք նաեւ, որ խոշոր տնտեսվարողներից, հասկանալի պատճառներով, ոչ բոլորին է յաջողւում կիրառել վերոնշեալ «ճամբարափոխութեան» եւ «պաշտամունքային» գործիքները. շատերը, ամուր թելերով կապուած լինելով նախկին վարչակազմերի հետ, պարզապէս դա չեն կարող անել:

Արդիւնքում` պատժուելու, տարիների ընթացքում կուտակածը (նաեւ` ստեղծածը) մէկ օրում կորցնելու վախից, պաշտօնը կամ հասարակութեան մէջ ունեցած հեղինակաւոր դիրքը կորցնելու տագնապից երկրում սկսուել է նախադէպը չունեցող «զօրաշարժ». առնէտավազք` պաշտօնեաների շրջանում, սկսած` գիւղապետերից, մինչեւ միջին օղակի չինովնիկներ ու բարձրագոյն մարմինների ներկայացուցիչներ: Պիզնեսի տեղափոխում ապահով վայրեր` Փաշինեանի քաղաքական հովանու ներքոյ, կամ արտերկիր: Դրամական միջոցները եւս տեղափոխւում են աւելի գաղտնի եւ իրաւապահ մարմինների համար համեմատաբար դժուարամատչելի վայրեր, կամ այս ոլորտում եւս տեղի է ունենում աննախադէպ արտահոսք դէպի օֆշորային գօտիներ, արտերկրեայ տնտեսական միջավայր եւ այլն:

Այսօր ՀՀ-ում ստեղծուած նշեալ իրավիճակն աւելի պատկերաւոր ներկայացնելու համար այն կարելի է համեմատել քարի տակ գտնուող մրջնաբնի հետ, երբ քարի հեռացմամբ ստեղծուած «արտակարգ իրավիճակից» տագնապած` իւրաքանչիւր մրջիւն խուճապահար ձգտում է գլուխը փախցնել ապահով մի վայր: Աւելորդ չենք համարում նշել, որ այսպիսի պայմաններում, ՀՀ նոր իշխանութիւնների քիմքին ոչ այնքան հաճոյ նախկին շատ խոշոր տնտեսվարողներ ոչ միայն ձեռնպահ են մնում նոր գործեր ձեռնարկելուց, այլեւ ներդրումներ չեն անում անգամ իրենց գործող պիզնեսներում (շուտով նկատելի կը դառնան սրա տնտեսական ծանր հետեւանքները): Այս իրողութիւնը փակ աչքերով տեսնում են նաեւ արտաքին` ե՛ւ սփիւռքեան, ե՛ւ օտարազգի ներդրողները, իսկ նոր իշխանութիւնների` ներդրումների ակնկալուող աշխուժութեան մասին յայտարարութիւնները նախընտրական պարզ հնարքներ են: Ներդրումների ներկայ պատկերը ոչ մի ընդհանուր աղերս չունի լաւ կեանքի համար գարնանը փողոցներ փակած մարդկանց սպասումների հետ:

Մեզ հակադարձողները կարող են պնդել, որ խոշոր տնտեսվարողների կամ նախկին (որոշ դէպքերում` նաեւ ներկայ) պաշտօնեաների կուտակած դրամագլուխը, աւելի՛ն, անօրինական ճանապարհով ձեռք բերուած իւրաքանչիւր քաղաքացու (գիւղապետ, քաղաքապետ, համալսարանի նախագահ, բաժնի կամ վարչութեան պետ, դասախօս, բժիշկ, ոստիկան, զինուորական եւ այլք) ունեցուածքը պէտք է վերադարձուի պետական գանձարան, եւ այս հարցը քննարկման ենթակայ չէ: Կրկնում ենք` զուտ տեսականօրէն վերջիններս միանգամայն իրաւացի են: Մենք վերեւում արդէն խօսեցինք այս առթիւ իրականացուող գործողութիւնների բարոյական եւ տնտեսաքաղաքական հետեւանքների մասին:

Այժմ մատնանշենք, թէ որքանո՛վ է դա հնարաւոր, ինչպիսի՞ ժամկէտներում եւ որքա՞ն է դրա օգտակար գործողութեան գործակիցը (ՕԳԳ): Մի պարզ հիմնարկից եթէ փորձենք անօրինական ճանապարհով մի շատ սովորական տեղեկանք վերցնել, ապա վերջինիս, անգամ` ոչ փորձառու, ղեկավարը տեղեկանք կը տրամադրի տասն անգամ ծանր ու թեթեւ անելուց, մի քանի հաշուապահի ու իրաւաբանի հետ խորհրդակցելուց յետոյ միայն: Պարզորոշ է, որ տասնեակ տարիներ անօրինական ճանապարհով հարստացած տնտեսվարողները կամ պաշտօնեաները եւս խոտակեր չեն եղել եւ այսօրուայ մասին «հոգացել են» շատ վաղուց: Պարզորոշ է նաեւ, որ վերջիններիս ձեռքից գումարների բռնագանձումը պետպիւտճէ տեւական ժամանակ պահանջող, շատ պարագաներում էլ անհնարին մի գործընթաց է: Աւելի՛ն. բռնագանձումների եւ ծաւալուն ստուգումների այս թոհուբոհում առաւել մեծ թափ է ստացել «տագնապած մրջնաբնիէ շարժը, եւ բոլորը լեղապատառ այս ու այն կողմ են թաքցնում այդ գումարները, անխնայ ոչնչացնում հետքերը կամ ամրացնում հիմքերը (դէպի արտերկիր դրամական հոսքերի մասին այստեղ եւս պէտք է յիշեցնենք):

Չենք կարող չխօսել նաեւ այն իրողութեան մասին, որ նոր իշխանութիւններն իրենց այս հակափտածութեան գործողութիւններին ձգտում են տալ հանրային մեծ հնչեղութիւն, դեռ փաստեր կամ արդիւնքներ ցոյց չտուած` յայտարարում են «լուրջ կասկածների», «սպասուելիք բացայայտումների», «շուտով հրապարակուելիք ցնցող լուրերի» եւ այլնի մասին: Տպաւորութիւն է, որ իշխանութիւնների նպատակը ոչ թէ չարաշահումները վերացնելն է, այլ այդ ճանապարհով, հանրութեան աչքին, Պեգասին թամբած դէպի ազատութեան Պառնաս սլացող ասպետի կերպարի մէջ մնալը: Այստեղ յիշեցի վրացական իշխանութիւնների կողմից վերջերս ներդրուած երկլեզուեայ ուսուցման համակարգը Ջաւախքում, երբ մէկ պարբերութիւն հայոց, մէկ` վրաց լեզուներով կազմուած գիտութեան, բնագիտութեան կամ ուսողութեան դասագրքերը նպատակ են հետապնդում ոչ թէ աշակերտին սովորեցնել տուեալ առարկաները, այլ տուեալ առարկաների միջոցով դպրոցներում անխնայ կիրառել վրացերէնը: Սրանք բոլորովին տարբեր բաներ են:

Ի՞նչ անել: Թողնել, որ անօրինական ճանապարհով կուտակածը վայելե՞ն. այսպիսի հարցադրում կ՛անեն շատերը: Ահա այստեղ է, որ Ն. Փաշինեանը պէտք է, իր խմբակի բառամթերքով ասուած, քայլ անի, համարձա՛կ, պատմակա՛ն քայլ, ինչպէս արեց 2018 թ. գարնանը: Փաշինեանը պէտք է քաշի հին եւ նոր իրականութիւններն իրարից բաժանող պատմական գիծը, որից այն կողմ անցեալի միջավայրն է` իր փտած համակարգով ու արատաւոր երեւոյթներով: Գծից այս կողմ նոր միջավարն է, որտեղ իրապէս գործում են օրէնքները, որտեղ հետայսու ամենախիստ կերպով կը պատժուեն օրինազանցները, որտեղ հին յիշողութիւններ են դառնում չարաշահումները, հովանաւորչութիւնը, կաշառքը, փտածութեան այլեւայլ դրսեւորումներ եւ այլն, որտեղ պիզնես միջավայրն իրապէս ազատ է, եւ չկան այնտեղ իշխանական միջամտութիւններ կամ խանգարիչ այլ գործօններ, որտեղ բացակայում է վախի, կասկածանքի մթնոլորտը, որտեղ բոլորը ենթարկւում են ոչ թէ իշխանութիւնների քմահաճոյքներին, այլ օրէնքին, որտեղ ոչ ոք այլեւս ջանք չի թափում ճամբարափոխութեան եւ առնէտավազքի միջոցով փրկել սեփական պիզնեսը կամ յաւերժացնել իր պատգամաւորական մանդատը, որտեղ ոչ ոք այլեւս չի մտածում սեփական դրամական միջոցներն աւելի խորը թաղելու կամ երկրից դուրս փախցնելու մասին. շարքը կարելի է շարունակել, բայց բաւարարուենք այսքանով:

Չպատժե՞լ ոչ ոքի: Իհարկէ պատժել` հինգ հոգու, տասնհինգ հոգու (թուերը պայմանական ենք նշում)` լաւագոյնս հաշուարելուց յետոյ միայն, թէ պատժական այդ տնօրինումները որքանով կը նպաստեն պետական համակարգի կամ պիզնես միջավայրի առողջացմանը: Այլապէս` մեկնել հեռաւոր գիւղական վայրեր եւ զինուած-դիմակաւորուած անձանց միջոցով գետնին պառկեցնել գիւղական խեղճուկրակ պաշտօնեաներին, ներխուժել մայրաքաղաքային եւ մարզային տարբեր հաստատութիւններ, բարեւելուց յետոյ աջ ու ձախ կա՛մ պահանջել հեռանալ, կա՛մ ցոյց տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան գրասենեակի տեղը (սա, իհարկէ, ոչ բարձրաձայն) կա՛մ, որպէս մեղադրեալ, ներկայանալ դատուելու` սա ոչ մի լաւ տեղ չի տանելու մեր երկիրը:

Ի վերջոյ պէտք է գիտակցել, որ նախկին արատաւոր համակարգը ստեղծել են մի խումբ մարդիկ, իսկ դրա գերին` ինչպէս սեփական կամքով, այնպէս էլ դրանից անկախ, դարձել են միլիոնաւորները: Պատժելով այդ եզակիներին եւ «համակարգի գերութիւնից» կամ «ճահճային համակարգից» ազատելով միլիոնաւորներին` երկրում կը ստեղծուի իրապէս առողջ ու ստեղծարար մթնոլորտ, եւ նախկին համակարգի բոլոր ներկայացուցիչները, չվախենալով կորցնել իրենց կուտակած դրամագլուխը եւ տեսնելով իրական երաշխիքներ` դրանք կը ներդնեն երկրի տնտեսութեան մէջ` զարգացնելով արտադրութեան եւ ծառայութիւնների ոլորտը եւ այլն: Արդիւնքում` երկրում անօրինական ճանապարհով առաջացած նշեալ դրամագլուխը աւելի հեշտ ճանապարհով ու կարճատեւ ժամկէտներում կը յայտնուի տնտեսութեան մէջ, քան` վերոնշեալ բռնի մեթոտների, դատական մղձաւանջների միջոցով: Այսպիսի «ինքնակամ» երկրի տնտեսութիւն հոսող դրամագլուխի մեծութիւնը հազարապատիկ անգամ աւելին կը լինի, եթէ այն համեմատենք դատական քաշքշուկների արդիւնքում երկրի պիւտճէ մուտքագրուելիք խղճուկ միջոցների հետ: Ի վերջոյ` բոլորն են հասկանում, որ դատական գործընթացների կամ վախի ու շանթաժի միջոցով բռնագանձուած գումարները տարիներով կուտակուածի փշրանքներն են միայն:

Տպաւորութիւնն այնպիսին է, որ այն, ինչ ներկայումս կատարւում է երկրում եւ կոչւում է «պայքար փտածութեան դէմ»` խորքում նպատակ ունի վախի մթնոլորտի ստեղծմամբ հասարակութեան տարբեր շերտերին ու հատուածներին թեքել դէպի իշխող կուսակցութեան կողմը եւ յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւնների համար ձեւաւորել յուսալի յենարան: Այդ երեւոյթի ապացոյցը նախկին խոշոր պիզնեսմենների, պաշտօնեաների եւ այլ շրջանակների առնէտավազքն է դէպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ցուցակներ: «Տագնապած մրջնանոցի» այս վազքին մէջ թէ ինչո՞վ է «նոր իրականութիւնը» տարբերւում «հին իրականութիւնից», դժուար է ասել:

Ն. Փաշինեանը պարտաւո՛ր է կատարել վերը յիշատակուած «բաժանարար գծի» ստեղծման պատմական քայլը: Նրան միգուցէ մեղադրեն դրա համար, նրան շատերը չեն հասկանայ, բայց յանուն պետութեան, յանուն պետականութեան պէտք է նաեւ գին վճարել: Յիշեցնենք նաեւ, որ հէնց այս սկզբունքներն էին դրուած Փաշինեանի գլխաւորած շարժման հիմքում, սկզբունքներ, որոնց անխնայ կերպով ոչնչացման ականատեսն ենք այսօր:

Նիկոլ Փաշինեանը պարտաւո՛ր է կատարել պատմական այդ քայլը, եթէ իր նպատակներն ազնիւ էին եւ են:

Ի վերջոյ, համաշխարհային պատմութեան մէջ, Միացեալ Նահանգների նախագահ Ա. Լինքըլնը յիշւում է ոչ միայն որպէս առաջին հանրապետական նախագահ, ոչ միայն որպէս հիւսիսի եւ հարաւի միջեւ քաղաքացիական երկարատեւ ու դաժան մարտերում յաղթանակած առաջնորդ կամ ստրկատիրութեան վերացման հեղինակ, այլեւ` Միացեալ Նահանգների վերամիաւորման, Միացեալ Նահանգներ զարգացող տնտեսութեան հիմքերի ձեւաւորման գործերում ունեցած անփոխարինելի աւանդի, ամերիկեան ժողովրդավարութեան հիմնական սկզբունքների մշակման, ամերիկեան ժողովրդի ձեւաւորման եւ համախմբման, Միացեալ Նահանգների պառակտուած հասարակութեան մէջ ներդաշնակութեան սերմանման եւ ստեղծարար մթնոլորտի ձեւաւորման համար: Ի հարկէ ժամանակակիցների կատաղի քննադատութիւնը եւս չէր ուշանում, դրանք նաեւ կեանք արժեցան, բայց Լինքըլնը երբեք չվախեցաւ դրանից, եւ այստեղ է ուրուագծւում նրա բացառիկ երեւոյթ լինելը:

Ամփոփենք` մէջբերելով Ապրահամ Լինքըլնի խօսքերը. «Ոչ ոքի հանդէպ քէն չտածելով, լինելով ողորմած, ճշմարտութեան մէջ` ամուր, ամերիկացիները պէտք է կապեն երկրի վէրքերը…»:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17235

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>