Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Էմմա Գրիգորեան – 75

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՅԱԿՈԲԵԱՆ
Մշակութաբան, հրապարակախօս

Էմմա Գրիգորեանի նկարչութիւնը ներգործուն է, ամրակուռ եւ միեւնոյն ժամանակ այն զգացական է ու քնարական: Այդ յատկանիշները արտայայտուած են գունային երանգների ընտրութեան, իւղաներկի քսուածքի, գոյների համադրութեան եւ հակադրութեան միջոցով:

Էմմա Գրիգորեանը անսեթեւեթ է ինչպէս կեանքում, այնպէս էլ` իր նկարչութեան մէջ: Նրա գեղարուեստական պատկերները ճշմարիտ են եւ իրական ոչ միայն իրապատկերային, այլեւ վերացական կտաւներում: Տարիների ընթացքում փոխուել են արտայայտման առարկաները եւ ձեւերը, սակայն նոյնն է մնացել նկարներում պարփակուած բարութեան եւ սիրոյ ոգեղէն լիցքը, որը դուրս է յորդում ստեղծագործութիւնից եւ, տարածուելով` պարուրում է դիտողին:

Ամէն նկարիչ ստեղծագործելիս իր ներքնաշխարհն է արտայայտում: Եւ Էմմա Գրիգորեանի նկարչութիւնը նոյնպէս այդպիսին է. «Երիտասարդուհի», «Աներերը», «Իմ գիւղը», «Անվերապահ սէր», «Տեսիլք», «Երեք սերունդ», «Մեղեդի» կտաւներում առաւել քան տեսանելի է նկարչի էութիւնը: Նրա դիմանկարների կերպարներն արժանապատիւ են, զուսպ, ջերմ ու քնքուշ, եւ այդ ամէնը` գեղեցկութեամբ շաղախուած: Նկարների կուռ կառուցուածքը, գունային անսպասելի լուծումները գրաւում են դիտողին եւ պահում իրենց նկարչական ձգողականութեան տիրոյթում երկար ժամանակ:

Էմմա Գրիգորեանի ստեղծագործութիւնը կարելի է բաժանել որոշակի շրջանների, սակայն այդ շրջանները միմեանցից առանձնացած չեն: Թէեւ կեանքի իւրաքանչիւր ժամանակահատուած իր ազդեցութիւնն է ունեցել եւ կնիքն է դրել նրա ստեղծագործութեան վրայ, այնուամենայնիւ, դրանք միւսի շարունակութիւնն են եւ լրացնում են միմիայն:

Որպէս արուեստագէտ, նա ձեւաւորուել է այնպիսի մշակութային միջավայրում, որտեղ նկարիչ լինելու չափանիշները շատ բարձր էին: Նրա աւագ եղբայրը` մեծատաղանդ նկարիչ Բագրատ Գրիգորեանը, եւ նրա սերնդակից այլ անուանի նկարիչները գեղարուեստական այնպիսի բարդ խնդիրներ էին դնում իրենց առջեւ, որոնք ոչ միշտ էին կարողանում լուծել: Դա իրօք ոգեղէն մի միջավայր էր, որտեղ թեւածում էր բարձր մշակոյթի ոգին: Եւ այդ ոգու եւ սկզբունքների կրողն ու շարունակողն է Էմմա Գրիգորեանը։ Եւ այն ակունքը, որից նա որպէս նկարիչ սնունդ է ստանում, այնքան զօրեղ է, որ թէեւ նա ստեղծագործում է Հայաստանից բաւականին հեռու Նիւ Եորքում գտնուող իր արուեստանոցում, այդուհանդերձ, այդ հոգեկան սնունդը չի սպառւում:

Արուեստանոցում նկարիչը մենակ է ինքն իր հետ, եւ փակուած են բոլոր դռները արտաքին աշխարհից: Այդ ժամանակ լռութիւնը վերածւում է գունային մեղեդու, եւ հանդարտ ու անվրդով, վրձնահարուած առ վրձնահարուած այդ մեղեդին տեղաւորւում է կտաւի վրայ` վերածելով դատարկ մակերեսը գունեղ, բազմաշերտ, կեանքով լեցուն ստեղծագործութեան:

Մարդ-բնութիւն-տիեզերք ամբողջութեան ընկալումը կայ նրա արուեստում: Դա գալիս է նրա աշխարհահայեացքից: Եւ այդ միասնութեան միջոցով է Էմմա Գրիգորեանը հասնում իրական ազատութեան ընկալմանը, որն էլ մենք տեսնում ենք նրա կտաւներում: Նա ներդաշնակ է ինքն իր հետ, իր նկարչութեան հետ եւ բարի է աշխարհի հանդէպ: Անձի եւ ստեղծագործութեան այդպիսի ներդաշնակութիւնը վկայում է նրա ստեղծագործութեան անկեղծութիւնը եւ անձի բնական ու անսեթեւեթ էութիւնը: 75-ամեայ Էմմա Գրիգորեանը այսօր էլ շունչ ու հոգի է տալիս անշունչ կտաւին, եւ այդ հոգին յաւերժութիւն է ձեռք բերում նրա արուեստի միջոցով:

«Համայնապատկեր» հանդէս

 


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>