ՅԱՍՄԻԿ ԹԱՄԱՄԵԱՆ
Դարեր շարունակ հայ ազգը, կանգնելով դժուարութիւնների, պառակտման, պատերազմի ու ոչնչացման եզրին, գտել է փրկութեան իր ճանապարհը. զէնքից բացի` հաւատ, միտք ու գրիչ:
387թ. Հայաստանը, բաժանուած լինելով երկու մասի, այս անգամ եւս կանգնեց մեծ խնդրի առաջ. մի կողմից կրօնական, իսկ միւս կողմից քաղաքական: Դեռ 301 թուականին, երբ քրիստոնէութիւնն ընդունուեց որպէս պետական կրօն, հայ ժողովուրդը գրում ու կարդում էր յունարէն եւ ասորերէն լեզուներով: Արդիւնքում շատերն էին դժուարանում հասկանալ Սուրբ Գիրքը եւ Աստծոյ պատգամները, ինչը խոցելի էր դարձնում հաւատքը:
301 թուականին առաջինը քրիստոնէութիւնն ընդունած ազգը սկսել էր կատարել առաջին քայլերն Աստծուն լսելու, ճանաչելու եւ հասկանալու համար: Սակայն մինչեւ 5-րդ դար հայկական եկեղեցիներում Աստծոյ խօսքը հնչում էր տարբեր լեզուներով` յունարէն եւ ասորերէն, ուստի անհրաժեշտ էին անհատներ, ովքեր կը կարողանային մեկնել, թարգմանել Աստծոյ խօսքը:
Ահա այս պայմաններում էր, որ Ս. Մեսրոպ վարդապետը, Սահակ Պարթեւ կաթողիկոսի օրհնութեամբ եւ Վռամշապուհ արքայի աջակցութեամբ, ձեռնամուխ եղաւ հայոց տառերի ստեղծմանը, այնուհետեւ` Աստուածաշնչի թարգմանութեանը:
Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Եդեսիա եւ Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատեանները, խորհրդակցում ասորի եւ յոյն գիտունների հետ եւ 405 թուականին ստեղծում հայոց գրերը:
Ըստ աւանդութեան, նա մի պահ հայեացքը թեքել է այն մագաղաթից, որի վրայ գրում էր, եւ նկատել է Աստծոյ ձեռքը, որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը: Գիւտից յետոյ Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ յանձնարարում է Հռոփանոս անունով մի յոյն գեղագրի` ձեւաւորել իր ստեղծած տառերը: Դա բեկումնային դարձաւ հայ ժողովրդի թէ՛ կրօնական, թէ՛ մշակութային, թէ՛ քաղաքական կեանքի հետագայ ընթացքի համար:
Գրերի գիւտից անմիջապէս յետոյ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթեւն ու նրանց աշակերտներն անցան թարգմանական աշխատանքներին, որի նպատակը երկիրը յունական ազդեցութիւնից ազատելն էր, հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնէական կարեւոր գրքերը եւ այլ երկեր հայերէն թարգմանելու, եկեղեցական ծէսերը հայկականացնելու, ինքնուրոյն հայալեզու դպրութիւն սկզբնաւորելու միջոցով:
Առաջին նախադասութիւնը եղաւ Սողոմոնի «Առակաց գրքից» թարգմանուած հատուածը` «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Ապա սկսուեց Աստուածաշունչ մատեանի ամբողջական թարգմանութիւնը, որը տեւեց ընդհանուր առմամբ 30 տարի եւ ֆրանսացի գիտնական Լա Կրոզի կողմից համարուեց «Թարգմանութիւնների թագուհի»:
Աստուած խօսեց հայերէն խօսեց հարազատ ու կենդանի լեզուով: Սուրբ թարգմանիչները ստեղծեցին այն ճանապարհը, որով Աստուած մօտեցաւ մեզ, եւ մենք մօտեցանք Աստծուն: Աստուած մեզ հետ խօսեց հայերէն:
Նրանք եղան Աստծոյ թարգմանիչները եւ «թարգմանեցին Աստծուն»: Եւ այս անփոխարինելի ներդրման համար Հայ առաքելական եկեղեցին սահմանել է յատուկ տօն` Ս. Թարգմանչաց տօն, որը նշւում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
5-րդ դարով, սակայն, չաւարտուեց թարգմանչաց շարժումը: Ամէն տարի այս տօնը յիշեցնում է Աստծոյ խօսքը լսելու, հասկանալու եւ այն հասանելի դարձնելու կարեւորութեան մասին:
Ի զուր չէ, որ կարեւորւում է առաջին թարգմանուած նախադասութեանը` «Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը», որ նշանակում է գիտակուած ապրել Աստծոյ խօսքով. ճանաչել Նրան, լսել Նրան, կատարել Նրա խօսքը: