Մաքառումի դասն անողոք
Մենք սերտել ենք Վարդանանքով,
Ու դարերի փոշու դիմաց
Տոկացել ենք հանց լեռ Մասսեաց,
Արարատուած երկնասլաց:
Այժմ չի պատի ձեր հողմը բութ
Գագաթներին մեր ձիւնակութ,
Որ մխրճել ենք դարերի
Լուսաթաթախ գիրկն եթերի:
Այնտեղ ԱՅԲ-ն է արեւ վառում,
Արդարութիւն աղաղակում,
Ոգով վեհին է կարկառւում:
ԲԵՆ-ը բանի բուրվառն է սուրբ,
Բոց է բորբոք,
Բարձունք է լուրթ:
ԳԻՄ-ը գոյի գինեգաւն է,
Գիտութեան վեհ գերական է:
ԴԱ-ն` դաշնալուր դրուաբանը,
Սասնա Դաւիթ դիցականը,
Հայոց դպրոց, դասարանը:
ԵՉ-ը երգ է ու երգերգոց
Գողթան կուսաց անուշ հոգոց:
ԶԱ-ն զանգակն է մեր զօր զարմի,
Զրնգոցով ազատազնի:
Է` էութեան էջմիածին,
Էպոսը մեր էթնոսածին:
ԸԹ` ընտանի, ընտանեկան,
Այլեւ ըմբոստ, ընդդիմական,
Ընդմիշտ ընտիր, ընկերական:
Թորգոմեան ԹՈ-ն թոնիր է թէժ,
Խեժ ու լաւա, զովող ջրվէժ:
Ժայթքում է ԺԵ` հայրենավրէժ:
ԻՆԻ-ն ինքեան իմաստութեամբ
Իմացութիւն է ինքնութեան,
Անձնեայ վսեմ անհատութեամբ:
ԼԻՒՆ` լեզու է լեռնաստանի,
Մաշտոցական տեսլականի,
Որ սրբեղ է ու լուսածիր,
Լիանուագ, հնչիւնալիր:
Խորախորհուրդ խազմական ԽԵ-ն
Խիստ ու խրոխտ է ապաքէն:
Ծագեցնում է ԾԱ-ն ծիածան,
ԿԵՆ-ի կամքով կոթողական,
Երկնի լայնքով ամբողջական:
Համազգային համալեզու
ՀՈ-ն համօրէն է հայասուն,
Շուրթից հոգի ու սիրտ հոսում:
ՁԱ` մատենից ձոյլ ձեռագիր,
Ծաղկադրուագ, երկաթագիր:
Ղօղանջող ՂԱՏ` ձայնեղ փանդիռ,
Սրտի թրթիռ,
Յոյզի հրթիռ:
ՃԷ` ճառագայթ ճշմարտութեան
Ճիգ ու ճախրանք հանճարութեան:
ՄԵՆ` իմաստը մեր մեծութեան,
Համեստութեան, մարդկայնութեան:
ՅԻ-ն յիշատակ է Տարօնից
Յաշտից Տեղիք սրբաստանի,
Նուիրական Նաւասարդից.
Վահագնեան բոց մեհենական,
Առատութեամբ Անահիտի
Ու Աստղիկի սիրայնութեան
Վարդավառով բագինների:
ՆՈՒ-ն ներդաշնակ ներբող է նուրբ
Նպատակի նորոգ ու սուրբ:
ՇԱ` շանթ է շէկ ու շկահիւն,
Ոգորումով Ո՜ հմայուն,
Որոտում է ամպրոպ, թնդիւն:
Չարադրուժ ՉԱ-ն է չքնաղ,
Չեմուչեմով նազող շարմաղ,
Պարանցում է հանց ՊԵ պայծառ,
Յոյլ օրօրով ու սիրավառ:
Ջինջ է ջինջ ՋԷ-ն,
Ջինջ է հանց ջուր,
Ծարաւաբեկ մի սառնաղբիւր:
Ռազմագոչ ՌԱ-ն ռամիկ է ծուռ,
Փոցխը, մաճը, բահը ի բուռ,
Նետը, թուրը, վահանը կուռ:
ՍԵ-ն սխրանքի սէր է ու սուր,
Վատութեան դէմ ՎԵՒ սայրասուր
Հերձատում է խանձով ահուր:
ՏԻՒՆ, ՐԷ` տարերք են տարափոխ,
Տարր արգաւանդ, բերրի մայր հող,
Բեղունութեան ծին ու ծնող:
ՑՕ-ն ցանք է ցիր ցորեն ատի,
Ոսկուն ցոլանք ու ցող ցայգի:
ՎԻՒՆ-ը փոքր չէ, ոչ էլ հիւծուած,
Հիւսուած նարօտ է երանգուած:
Ու թէ փողփայ, փայլատակի,
Փոթորիկը ՓԻՒՐ կը փրթի,
Քերթելու ՔԷ քնարական,
Քաղցրաբարբառ, քանքարական…
Տառ ու գրի գիւտ գերագոյն,
Ձեռամբ հզօր ու սրբագոյն
Սուրբ Մեսրոպի, Սուրբ Սահակի
Փառքով անխախտ յաղթանակի,
Ոտքի է, օ՜ն, վեհ պայքարի
Մեր դրօշն է տանում մարտի,
Ազգապահպան մեր խոյանքի
Ու սխրանքի,
Որ տքնական տոկունութեամբ,
Արարատեան տիտանութեամբ
Ամրակուռ է մեր հայութեամբ,
Հայոց լեզուով, աւանդութեամբ…
Արդ, մեր դիմաց, ո՛չ, չի պատի
Ձեր հողմը բութ ու թերատի,
Քանզի վաղուց
Մաքառումի դասն անողոք
Մենք սերտել ենք Վարդանանքով…
Ո՛վ Աստուած, ո՛վ աշխարհք, ո՛վ բնութիւն: