Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Գրախօսութիւն Մարի Յովհաննիսեանի «Ուրացման Քաղաքականութեան Արմատները, Նորօրեայ Դրսեւորումները Եւ Դրանց Հետեւանքները» Գրքի Մասին

$
0
0

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու

Մարդկայնութեան դէմ ուղղուած այնպիսի սարսափելի յանցագործութեան ժխտումը, որպիսին ցեղասպանութիւնն է, թերեւս պէտք է համարուի նոյնքան մեծ ոճիր, որքան ինքը ցեղասպանութիւնն է, քանզի հէնց այդ մեծ ոճրագործութեան ուրացման պատճառով է, որ շարունակում են կատարուել նմանօրինակ յանցագործութիւններ: Այդ պատճառով լիովին բնական է, որ ցեղասպանութեան ժխտողականութեան թեման գտնւում է պատմաբանների եւ ցեղասպանագէտների հետաքրքրութեան շրջանակներում: Սակայն հարկ է շեշտել` այս խնդիրը, մինչ Մարի Յովհաննիսեանի սոյն աշխատութեան հրապարակումը, հայ ցեղասպանագէտների շրջանակներում կարօտ էր առաւել համապարփակ ու համակողմանի ուսումնասիրութեան:

Ի դէպ, ներկայացուող հրատարակութիւնը հեղինակի` այս թեմայով կատարած առաջին ուսումնասիրութիւնը չէ. դեռեւս 2012 թ. Գերմանիայի Սաարպրիւքէն քաղաքում անգլերէնով լոյս է տեսել Մարի Յովհաննիսեանի` «Անցեալի եւ ներկայի բախում. Հայոց ցեղասպանութեան հաւաքական յիշողութիւնը եւ թուրքական ժխտողականութիւնը» վերնագրով գիրքը (Collision of Past and Present: The Collective Memory of the Armenian Genocide and the Turkish Denial) (Այդ գրքի մասին գրախօսութիւնը տես` http://akunq.net/am/?p=29324 «Ակունք»-ի խմբ.):

Մարի Յովհաննիսեանի «Ուրացման քաղաքականութեան արմատները, նորօրեայ դրսեւորումները եւ դրանց հետեւանքները» աշխատութեան մէջ ներկայացուած են Հայոց ցեղասպանութեան հարցում Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականութեան ակունքները եւ դրանց դրսեւորումները Ցեղասպանութեան ընթացքում եւ հետագայ ժամանակաշրջաններում` ընդհուպ մինչեւ մեր օրերը:

Հեղինակի դիպուկ խօսքով` «Սա գիրք է ոչ թէ անցեալի, այլ` ապագայի մասին, քանզի միայն անցեալը ճանաչելով է հնարաւոր ըմբռնել արդի խնդիրները եւ ուղիներ գտնել դրանց արդիւնաւէտ լուծման եւ ապագայում դրանց բացառման համար»[1]:

«Ժխտում (մոռացում, սահմանումներ, շարժառիթներ եւ հետեւանքներ)» վերնագիրը կրող առաջին գլխում Մարի Յովհաննիսեանը անդրադառնալով Հայոց ցեղասպանութեան փաստը մոռացութեան մատնելու Թուրքիայի փորձերին` շեշտում է. «Եթէ մոռացութիւնը կամ ամնեզիան յիշողութեան խանգարման տեսակ է, որը կարող է ունենալ առաջացման տարատեսակ եւ որոշ դէպքերում առարկայական պատճառներ, ապա ժխտումն ընտրութիւն է, որն ունի առաջացման մէկ պատճառ` կամք»[2]: Նոյն գլխի առաջին ենթագլխի վերջում հեղինակն ընդգծելով, որ` «Պատմութիւնը միահիւսում է ազգեր ու պետութիւններ»[3], արձանագրում է. «Եւ ուրեմն ժխտել սեփական պատմութիւնը նշանակում է ժխտել այլոց պատմութիւնը եւս, որը յղի է նոր հակամարտութիւնների առաջացման կամ դրա մագլցումի լուրջ սպառնալիքով: Այս իմաստով յատկապէս վտանգաւոր է մարդկայնութեան դէմ իրականացուած յանցագործութիւնների` ցեղասպանութիւնների ժխտումը»[4]:

Նոյն` առաջին գլխի յաջորդ ենթագլխում, որը վերնագրուած է «Ցեղասպանութեան ժխտման սահմանումները», Մարի Յովհաննիսեանը նշելով, թէ ընդհանրապէս ցեղասպանագիտութեան մէջ ընդունուած է համարել, որ ժխտումը ցեղասպանութեան վերջին փուլն է, եւ որ այն սկսւում է եթէ ոչ յանցագործութիւնից անմիջապէս յետոյ, ապա` գոնէ յընթացս այդ մեծագոյն ոճրագործութեան, առաջ է քաշում ցեղասպանագիտութեան մէջ մի նոր թեզ, համաձայն որի` «… ցեղասպանութեան ժխտումն սկսւում է շատ աւելի վաղ, քան` բուն յանցագործութիւնը»[5]: Յիրաւի, հեղինակի կողմից հիմնաւորուած այդ տեսակէտը հաստատւում է յատկապէս Հայոց ցեղասպանութեան պատմութեան միջոցով: Ինչպէս իր աշխատութեան մէջ արձանագրում է Մարի Յովհաննիսեանը` «… դէպքերի եւ իրադարձութիւնների աւելի խորը եւ մանրազնին վերլուծմամբ պարզ է դառնում, որ յանցագործութիւն կատարող անձինք կամ մի ողջ պետական կառոյց նախ եւ առաջ պարարտ հող են նախապատրաստում կատարուելիք գործողութիւնները ժխտելու համար…»[6] :

Առաջին գլխի յաջորդ` «Ցեղասպանութեան ժխտման շարժառիթները» վերնագրով ենթագլխում հեղինակն իրաւամբ ենթադրում է. «Թուրքական ժխտողական քաղաքականութեան դրդապատճառներից մէկն այն է, որ բռնութիւնը թուրքական իրականութեան մէջ դարերի ընթացքում դարձել է գոյութեան երաշխիք, իսկ դրա ժխտումը, ներթափանցելով մշակոյթի մէջ, վերածուել է ինքնութեան մի մասի եւ գոյութեան պահպանման առհաւատչեայի: Այլոց նկատմամբ բռնութեան կիրառմամբ կայսրութիւն ստեղծելը, այդ բռնութիւններին մասնակցած անձանց հերոսացնելը ստեղծել են ինքնախաբէութեամբ սնուած, ստով ու կեղծիքով համակուած մի մթնոլորտ, որի քօղազերծումը հիմնայատակ կը քանդի այն գաղափարական հիմքերը, որի վրայ կառուցուել են ազգային ինքնութիւն, ազգային անվտանգութիւն, ապագայի վերաբերեալ ազգային տեսլական հասկացութիւնները, եւ այդուհետ անխուսափելի հարցերի տեղատարափը եւ պատասխանատուութեան ստանձման պարտադրանքը կը փլուզեն երկիրը թէ՛ ներսից եւ թէ՛ դրսից»[7]:

Մարի Յովհաննիսեանը կիսում է մասնագէտների այն կարծիքը, համաձայն որի, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան «ժխտման պատճառներից մէկն էլ այն վախն է, որ կատարուած յանցանքի բացայայտ ընդունումը մեծապէս կ՛ազդի Թուրքիայի միջազգային վարկի վրայ, առաջ կը գան պատասխանատուութեան եւ փոխհատուցման հարցերը»[8]:

Առաջին գլխի «Ժխտման հետեւանքները» ենթագլխում հեղինակը նշելով, որ` «Որոշ գիտնականներ կարծում են, որ անցեալում տեղի ունեցած ցեղասպանութիւնների ընդունումն ու դատապարտումը չի կարող կանխարգելել ցեղասպանական գործողութիւնների կրկնութիւնն ապագայում` որպէս օրինակ բերելով Ողջակիզման դատապարտումը, որին յաջորդեցին Քամպոտիայում, Տարֆուրում, Ռուանտայում տեղի ունեցած ցեղասպանութիւններն ու ցեղասպանական գործողութիւնները»[9], չի համաձայնւում այդ տեսակէտի հետ` ընդգծելով. «Համոզուած եմ, որ ցեղասպանութիւնների ճանաչումն ու դատապարտումն ոչ միայն կարող են կանխարգելել, այլեւ իրապէս ունին կանխարգելիչ բնոյթ, այն իւրօրինակ ուղերձ է հնարաւոր յանցագործներին, որ ոչինչ անհետ չի անցնում»[10]:

Մարի Յովհաննիսեանը նոյն` առաջին գլխում առանձին ենթագլուխներով անդրադառնում է նաեւ այնպիսի հարցերի, ինչպիսիք են` Ցեղասպանութեան ժխտման ազդեցութիւնը թուրք հասարակութեան վրայ եւ Մեծ եղեռնի հոգեբանական ազդեցութիւնը Ցեղասպանութիւնից վերապրածների եւ նրանց սերունդների վրայ:

Գրքի յաջորդ` երկրորդ գլխում, որը կրում է «Թուրքական ժխտողական քաղաքականութեան ակունքները» վերնագիրը եւ բաղկացած է երկու ենթագլուխներից, հեղինակն առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ է դնում արխիւային նոր փաստաթղթեր: Ի դէպ, սոյն աշխատութիւնը հիմնուած է նաեւ ժամանակի մամուլի, հասարակական-քաղաքական գործիչների յուշերի եւ մինչ այդ գրուած մասնագիտական գրականութեան վրայ:

Երրորդ` ամենածաւալուն գլուխը, որը վերնագրուած է «Ձեւափոխութիւններ ժխտողական քաղաքականութեան մէջ», բաղկացած է հետեւեալ ենթագլուխներից. «Ցեղասպանութեան ժխտման քաղաքականութեան դրսեւորումներ ցեղասպանութեան ընթացքում», «Հայոց ցեղասպանութեան ժխտումը 1965 թուականից ի վեր», «Հայոց ցեղասպանութեան ժխտումը գիտական շրջանակներում», «Հայոց ցեղասպանութեան թուրքական ժխտման հիմնական թեզերը» եւ «Ցեղասպանութեան ժխտումը ֆիլմարուեստում»:

Այս գլխի առաջին ենթագլխում Մարի Յովհաննիսեանը հիմնաւորում է իր կողմից առաջ քաշուած այն թեզը, ըստ որի, Մեծ եղեռնի ժխտումը թուրքերի կողմից սկսուել էր դեռ նախքան Հայոց ցեղասպանութիւնը: Որոշ վաւերագրերի եւ փաստերի վրայ հիմնուելով` հեղինակն արձանագրում է. «Հայոց ցեղասպանութեան ժամանակ եւս նախազգուշական քայլեր ձեռնարկելը եղել է կանխամտածուած ոճրագործութեան ծրագրի կարեւորագոյն բաղկացուցիչներից: Օսմանահպատակ հայերի արական սեռի անդամների` Օսմանեան կայսրութեան բանակ զօրակոչումը, որը նշանակում էր զրկել ժողովրդին դիմադրելու եւ գոյապայքար մղելու կարող ուժից, ապա նաեւ բնակչութեեան շրջանում անվտանգութեան նկատառումներով պայմանաւորուած տեղահանութիւնների մասին յայտարարութիւնների տարածումը, տեղահանութիւնները յատուկ պայմաններով իրականացնելու ծրագիրը հնարաւորութիւն էին ընձեռնում ոչ միայն այդ պահին, այլեւ հետագայում տեղի ունեցածին այլ բնորոշում տալու եւ իրական եղելութիւնը ժխտելու համար[11]»:

Մարի Յովհաննիսեանը նկատում է, որ թուրքական իշխանութիւնները Ցեղասպանութեան ընթացքում եւս հայերի դէմ կատարուող ոճրագործութիւնները ժխտելու մէջ ներգրաւել են նաեւ արտասահմանցիներին, ի մասնաւորի գերմանացիներին[12]:

Ուշագրաւ է հեղինակի կողմից արուած այն նկատառումը, թէ Ցեղասպանութեան ժամանակաշրջանի մամուլն ուսումնասիրելիս կարելի է հանդիպել «թուրքական ժխտողականութեան գրեթէ այն բոլոր թեզերին, որոնք լայնօրէն կիրառուել են նաեւ հետագայում»[13]: Ըստ Մարի Յովհաննիսեանի դիտարկման, «Աւելի՛ն, այդ թեզերն առաջ քաշելիս գործի են դրուել ժխտման այն նոյն մեթոտները, որոնք այսօր էլ արդիական են, ինչը մէկ անգամ եւս փաստում է, որ թուրքական ժխտողական քաղաքականութիւնն իր թեզերով եւ կիրառութեան մեթոտներով մեծաւ մասամբ սկզբնաւորուել է հէնց այդ ժամանակահատուածում»[14]:

Երրորդ գլխի երկրորդ ենթագլխում, որը վերնագրուած է «Հայոց ցեղասպանութեան ժխտումը 1965 թ. ի վեր», հեղինակն անդրադառնում է 1965 թ. Հայոց ցեղասպանութեան 50-րդ տարելիցին եւ դրանից յետոյ թուրքական ժխտողականութեան թեմային:

Նոյն գլխի յաջորդ` «Հայոց ցեղասպանութեան ժխտումը գիտական շրջանակներում» վերնագիրը կրող ենթագլխում Մարի Յովհաննիսեանն իրաւամբ նկատում է, որ` «… թերեւս ամենացաւալին պատմութեան եւ իրականութեան խեղաթիւրման ու կեղծարարութեան մէջ ներգրաւուած գիտնականներին եւ նրանց գործունէութեանն անդրադառնալն է»[15]: Յիրաւի, իրական փաստերի կեղծումը հակասում է գիտնականի բուն առաքելութեանը:

Հեղինակը նոյն տեղում կատարում է նաեւ հետեւեալ էական դիտարկումը. «Հայոց ցեղասպանութեան թուրքական ժխտողական քաղաքականութիւնն ի սկզբանէ եղել է մեծածաւալ եւ ընդգրկուն: Սակայն եթէ սկզբնական շրջանում այն հիմնականում եղել է քաղաքական հարց, եւ դրանում ընդգրկուած են եղել հասարակական քաղաքական գործիչները, ապա 1970-ական թուականներից ի վեր ցեղասպանութիւնների ժխտումը ներթափանցեց նաեւ գիտական շրջանակներից ներս: Սա մեծապէս պայմանաւորուած էր նաեւ նրանով, որ այդ շրջանում սկզբնաւորուեց ցեղասպանագիտութիւնը` որպէս առանձին գիտական ճիւղ»[16]:

Ապա Մարի Յովհաննիսեանն անդրադառնում է տուեալ ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանութեան ժխտման գործն ստանձնած որոշ թուրք վայ-գիտնականների եւ արձանագրում. «Այս ամէնում առանցքային էր, անշուշտ, Հայոց ցեղասպանութեան ժխտմանն ուղղուած աշխատանքների կազմակերպումը թէ՛ գիտական աշխարհում, թէ՛ քաղաքականութեան մէջ: Ահա այս փուլում էր, որ գիտութիւնն ու քաղաքականութիւնը միախառնուեցին: Մէկը միւսին ծառայեցնելով` թուրքական իշխանութիւնները փորձում էին միաժամանակ երկու խնդիր լուծել. նախ պէտք էր ամէն կերպ կանխարգելել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, որին արդէն նպաստում էին տարբեր երկրներում հիմնադրուած եւ մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող հասարակական կազմակերպութիւնները, աշխուժ գործունէութիւն ծաւալող համայնքային կեդրոնները, Ողջակիզումի եւ այլ ցեղասպանութիւնների ուսումնասիրութեամբ զբաղուող, գիտական համաժողովները կազմակերպող եւ գիտական ու հանրամատչելի աշխատանքներ հրատարակող հաստատութիւններ, որոնք իրենց գործունէութեամբ լուրջ դերակատարում էին փորձում ունենալ նաեւ խնդրոյ առարկայ հարցերի առնչութեամբ քաղաքական որոշումների կայացման գործընթացների վրայ: Երկրորդ` պէտք էր խոչընդոտել Հայոց ցեղասպանութեան թեմայի բարձրաձայնումը գիտութեան եւ կրթութեան մէջ` այս թեմայով ուսումնասիրութիւնների խափանման, գիտաժողովներում այս թեմայով զեկուցումների արգելման, կրթական հաստատութիւնների ուսումնական ծրագրերում թեմայի վերաբերեալ դասաժամերի բացառման միջոցով»[17]:

Ինչպէս նշում է հեղինակը, «1980-ականներին սկսուած Հայոց ցեղասպանութեան ժխտման արշաւը դէպի գիտական աշխարհ ժամանակի ընթացքում աւելի սաստկացաւ, մէկը միւսի յետեւից սկսեցին տպագրուել թուրքական ժխտողական թեզերով լի հատորեակներ»[18]:

Անդրադառնալով վերջին տասնամեակներին` Մարի Յովհաննիսեանը նկատում է. «… Թուրքիայի կառավարութիւնը Հայոց ցեղասպանութեան ուրացման քաղաքականութեան տարածման մէկ այլ` աւելի վտանգաւոր եւ քողարկուած մեթոտ մշակեց եւ կեանքի կոչեց: Սկզբնական շրջանում գիտական աշխարհում թուրքական իշխանութիւնները եւ նրանց ծառայութիւն մատուցող գիտնականները ժխտողական քարոզարշաւը իրականացնում էին թուրքագիտական կեդրոններ հիմնադրելով եւ ակնյայտ ժխտողական թեզեր պարունակող աշխատանքներ տպագրելով, որը կարելի է պայմանականօրէն կոչել «ուղղակի ժխտում»: Սակայն վեջինիս արդիւնաւէտութեան չգոհացնող արդիւնքներն ստիպեցին Թուրքիային մշակել նոր ռազմավարութիւն, որը կարելի է անուանել թուրքական ժխտողական քաղաքականութեան երկրորդ արար կամ «Փլան Բ.»: Համաձայն այս նոր մարտավարութեան, «Թուրքիայի պատմութեան ուսումնասիրման եւ թուրքագիտութեան զարգացման» անուան ներքոյ սկսեցին ֆինանսաւորել արտասահմանեան, մասնաւորապէս ամերիկեան, բուհերում գիտական, հետազօտական աշխատանքներ իրականացնող ուսանողներին եւ գիտնականներին, ովքեր հետագայում պէտք էր շարունակէին իրենց գործունէութիւնը այդ կամ մէկ այլ հեղինակաւոր բուհում կամ գիտահետազօտական կեդրոնում: Այս մարտավարութիւնն, ըստ էութեան, ունի երկու նպատակ. նախ` ամերիկեան բուհերում թուրքագիտութիւնը զարգացնել Թուրքիային յարմար տեսլականով, որում, անշուշտ, առաջնային տեղ է զբաղեցնում ժողովրդավար պետութեան կերպարի ձեւաւորումն ու առանց բռնութիւնների եւ ցեղասպանութիւնների պատմութեան ստեղծումը: Երկրորդ` ընկերային գիտութիւնների ոլորտում մեծացնել թուրքական իշխանութիւնների գաղափարակիրների թիւը, ովքեր տարիներ անց կը դառնան ոլորտի գերակշռող մեծամասնութիւնը եւ այդուհետ անկաշկանդ եւ առանց դժուարութիւնների կը տարածեն իրենց գաղափարները»[19]:

Հեղինակը, նախքան գրքի առանձին ենթագլխում թուրքական ժխտողականութեան հիմնական թեզերին անդրադառնալը, կատարում է հետեւեալ էական դիտարկումը. «Թուրքական ժխտողական քաղաքականութեան մեթոտները թէեւ ժամանակի ընթացքում ենթարկուել են որոշակի փոփոխութիւնների, սակայն թեզերը հիմնական բովանդակութեամբ պահպանուել են: Դրանք արտացոլուել են թէ՛ գիտութեան, թէ՛ հասարակական-քաղաքական հռետորաբանութեան եւ թէ՛ մշակոյթի մէջ»[20]:

Մարի Յովհաննիսեանը իր մենագրութեան երրորդ գլխում մէկ առ մէկ վերլուծում է Հայոց ցեղասպանութեան թուրքական ժխտման հիմնական թեզերը:

Աշխատութեան վերջաբանում հեղինակը շեշտում է. «Պատմութեան եւ իրականութեան հետ կամովի առերեսումն ու դրանից բխող հետեւանքների ինքնակամ վերացումը կարող է իրականում առողջարար ազդեցութիւն ունենալ անցեալի ուրացման մոլուցքով ապրող պետութեան եւ հասարակութեան համար, այն կարող է օգնել վերանայելու աքիլլէսեան գարշապարի վերածուած անցեալն ու նրա մասին յուշերը որպէս ազգային անվտանգութեան եւ ապագայի կայունութեանը սպառնացող երեւակայական վտանգներ ընկալուող սեփական որոշումները»[21]:

Այսպիսով, Մարի Յովհաննիսեանի սոյն մենագրութիւնն ունի գիտական մեծ կարեւորութիւն, քանի որ հեղինակը, հիմնուելով բազմաթիւ արխիւային նիւթերի վրայ, որոնց մի մասն էլ առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ է դրւում հէնց իր կողմից, համակողմանի հետազօտման է ենթարկում Հայոց ցեղասպանութեան պարունակում Թուրքիայի ուրացման քաղաքականութեան ակունքները եւ դրա ժամանակակից դրսեւորումներն ու հետեւանքները: Ցեղասպանագիտութեան մէջ խիստ էական է հեղինակի կողմից առաջ քաշուած նոր թեզը, որի համաձայն, Ցեղասպանութեան ժխտումը երբեմն նախորդում է բուն յանցագործութեանը: Կարծում ենք, որ Մարի Յովհաննիսեանի սոյն արժէքաւոր ուսումնասիրութիւնը էական ներդրում է հայ ցեղասպանագիտութեան մէջ, եւ որ այն պէտք է թարգմանուի ու հրատարակուի նաեւ այլ լեզուներով, առաջին հերթին` անգլերէն եւ թուրքերէն:

Հեղինակի մասին

Մարի Վլատիմիրի Յովհաննիսեանը ծնուել է 1985թ. մարտի 22-ին, Երեւանում: Սկզբնական կրթութիւնն ստացել է Նանսենի անուան համար 150 դպրոցում: 2006 թ. աւարտել է Երեւանի պետական համալսարանի լրագրութեան ճիւղը` ստանալով պսակաւորի կոչում, իսկ 2009-2010 թթ. ուսանել է Պուտափեշտի Կեդրոնական եւրոպական համալսարանի (CEU) քաղաքագիտութեան բաժանմունքում եւ ստացել մագիստրոսի կոչում:

2010-2012 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարանին-հիմնարկում`  որպէս գիտաշխատող: 2016 թ. աշխատանքի է անցել Հայաստանի Ազգային արխիւի գիտահետազօտական բաժնում:

2012 թ. Գերմանիայում անգլերէն լեզուով լոյս է տեսել Մ. Յովհաննիսեանի «Անցեալի եւ ներկայի բախումը. Հայոց ցեղասպանութեան հաւաքական յիշողութիւնը եւ թուրքական ժխտողականութիւնը» մենագրութիւնը:

2014 թ. «Քառնեկի» հետազօտական ծրագրի շրջանակներում հետազօտական աշխատանքներ է կատարել Միացեալ Նահանգների Քլարք համալսարանի Ողջակիզումի եւ ցեղասպանագիտութեան ուսումնասիրութիւնների կեդրոնում:

2014 թ. մասնակցել է «Զօրեան» հիմնարկի եւ Թորոնթոյի համալսարանի կազմակերպած` Ցեղասպանագիտութեան եւ մարդու իրաւունքների համալսարանական դասընթացին: Մասնագիտական վերապատրաստումներ է անցել Հայաստանում, Իտալիայում եւ Սերպիայում:

Մարի Յովհաննիսեանը նաեւ այլ գիտական յօդուածների եւ հրապարակումների հեղինակ է: Նրա գիտական հետաքրքրութիւնները ներառում են ցեղասպանագիտութեան, հակամարտութիւնների, ինչպէս նաեւ ժողովրդավարութեան հաստատման հիմնախնդիրները յետճգնաժամային եւ անցումային փուլում գտնուող հասարակութիւններում:

————————–

[1] Մարի Յովհաննիսեան, «Ուրացման քաղաքականութեան արմատները, նորօրեայ դրսեւորումները եւ դրանց հետեւանքները», Երեւան, 2017 թ., էջ 6:
[2] Նոյն տեղում, էջ 12:
[3] Նոյն տեղում, էջ 15:
[4] Նոյն տեղում:
[5] Նոյն տեղում, էջ 19:
[6] Նոյն տեղում, էջ 20:
[7] Նոյն տեղում, էջ 27:
[8] Նոյն տեղում, էջ 29:
[9] Նոյն տեղում, էջ 34-35:
[10] Նոյն տեղում, էջ 35:
[11] Նոյն տեղում, էջ 84-85:
[12] Նոյն տեղում, էջ 92:
[13] Նոյն տեղում, էջ 94:
[14] Նոյն տեղում, էջ 94-96:
[15] Նոյն տեղում, էջ 107:
[16] Նոյն տեղում, էջ 107:
[17] Նոյն տեղում, էջ 114-115:
[18] Նոյն տեղում, էջ 122:
[19] Նոյն տեղում, էջ 124-125:
[20] Նոյն տեղում, էջ 129:
[21] Նոյն տեղում, էջ 165:


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>