Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Մուսա Լեռ –Այնճար –Երեւան

$
0
0

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արուեստագիտութեան դոկտոր

Ազգի կեանքը եւ յարատեւութիւնը պայմանաւորուած են ո՛չ միայն քաղաքական գործօններով, այլ նաեւ` իր զաւակների անխոնջ, ազգանուէր գործունէութեամբ: Բացառիկ հայրենանուէր, թէ՛ մարդկային, թէ՛ ազգային առումներով, օրինակելի անձ է սփիւռքում եւ Հայաստանում ճանաչուած մտաւորական Գաբրիէլ Փանոսեանը: Վերջին տաս տարիներից աւելի մշտական բնակութիւն հաստատելով մայր հայրենիքում` Գաբրիէլ Փանոսեանը իր բարձր ազգային ոգու ձգտումով մանրամասնօրէն ծանօթացաւ Հայաստանի ազգային, հասարակական, մշակութային կեանքի տարբեր ոլորտներին, դրանց թւում նաեւ` 1970-ականներին Երեւանում բացուած «Մուսա Լերան հայրենակցական միութեան» գործունէութեանը:

Անմիջապէս անդամակցելով դրան, Գաբրիէլ Փանոսեանը, խորապէս ուսումնասիրելով այդ միութեան գործունէութիւնը եւ գնահատելով այն, իր սեփական ազգային նուիրաբերական մղումով, որոշեց կարեւոր նորամուծութիւնների հիմք դնել այդ ասպարէզում: Գաբրիէլ Փանոսեանի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ, 2009-ին Հայաստանում հիմնադրուեց «Մուսա Լերան երիտասարդական հայրենակցական միութիւն»:

Գաբրիէլ Փանոսեանի աչքի եւ հոգու տեսողութիւնից չվրիպեց այն հանգամանքը, որ «Մուսա Լերան հայրենակցական միութեան» ծիրում շատ սակաւ է երիտասարդութիւնը, եւ նա արդար որոշում կայացրեց համախմբել այդ հայրենակցական երեւոյթի շուրջ եւ ներդնել դրա գործունէութեան շրջանակի մէջ այժմ Հայաստանում բնակուող` պապենական ծագում ունեցող բոլոր մուսալեռցի երիտասարդներին: Նա ստեղծեց այդ երիտասարդական միութիւնը, դրա վարչական կազմը, կանոնադրութիւնը, առաջին իսկ օրերից արձանագրեց 250-ից աւելի երիտասարդների (16-ից 30 տարեկան), ստանձնեց այդ միութեան խորհրդատուի պաշտօնը:

Գաբրիէլ Փանոսեանի հիմնական նպատակներն էին, որ մայր հայրենիքում բնակութիւն հաստատած պապենական արմատներով մուսալեռցի երիտասարդները, որոնք գրեթէ բոլորը Այնճարից են եկել Հայաստան, մշտապէս յիշեն իրենց պապենական արմատները, իրենց բնօրրան Մուսա Լեռը, ճանաչեն իրենց ցեղի պատմութիւնը, եւ իրենց մտքում ու սրտում մշտապէս կենդանի պահեն այդ ամէնի վառ յիշատակը, բարձր արժեւորումը, նաեւ իրենց արմատական հայրենիքի` Մուսա Լերան բարբառը: Այս բարձր ազգային նպատակներն իրագործելու մղումով Գաբրիէլ Փանոսեանը իր հիմնադրած «Մուսա Լերան երիտասարդական հայրենակցական միութիւնում» բացեց իր կողմից իրականացուող յատուկ դասախօսութիւնների ընթացք:

Գաբրիէլ Փանոսեանի կազմակերպութեամբ մայր հայրենիքում գործող յիշեալ միութիւնը ստեղծման օրից իրագործում է ուշագրաւ, հայրենասիրական ոգով տոգորուած, անմոռանալի միջոցառումներ, որոնցից իւրաքանչիւրը կոչուած է նաեւ արժեւորելու եւ պահպանելու ազգային, մասնաւորապէս Մուսա Լերան աւանդոյթները: Այսպէս, Մուսա Լերան յաղթանակի 100-ամեակի առիթով, հովանաւորութեամբ «Մուսա Լերան 100-ամեակ»-ի Կենտրոնական մարմինի, կազմակերպեցին Մուսա Լերան հնաոճ, ցայսօր արժէք ունեցող տարբեր իրերի, առարկաների ցուցահանդէսներ, որոնցից յատկապէս Երեւանի Ցեղասպանութեան թանգարանում կազմակերպուածը  արժանացաւ մեծագոյն ուշադրութեան: Կազմակերպեցին նաեւ քայլերթ` Երեւանից մինչեւ Մուսա Լերան յուշարձանը, յատուկ գիտաժողով` Երեւանի պետական համալսարանի մէջ, եւ` մի շարք այլ ձեռնարկներ:

Չափազանց հետաքրքրական էր Գաբրիէլ Փանոսեանի կազմակերպած հետեւեալ նախաձեռնումը. Ցեղասպանութեան թանգարանում ծաղկեպսակ զետեղելուց յետոյ, Մուսա Լերան խորհրդանիշ սօսի ծառը տնկեցին զոհերի յուշահամալիրի մօտ: Նշելի է, որ «Մուսա Լերան երիտասարդական հայրենակցական միութիւնը» ամէն տարի կը ձեռնարկի նաեւ մի շարք այլ ուշագրաւ միջոցառումներ` պատշաճ կերպով նշելով Նոր տարին, Սուրբ Սարգիսի օրը, Մուսա Լերան հերոսամարտի օրը (աւանդական հարիսայով), Վարդավառը:

Բացի այդ, երիտասարդները կը մասնակցեն տարբեր մրցոյթների, փառատօների, համերգների` յաճախ առաջնութիւն շահելով: Հայաստանի «Մուսա Լերան երիտասարդական հայրենակցական միութեան» երիտասարդների պատուիրակութիւնը 2010-ին այցելած է Այնճարի Համամուսալեռցիական 2-րդ համագումարին եւ 2015-ին Մուսա Լերան հերոսամարտի 100-ամեակի տօնախմբութեանը: Մեծապէս գնահատանքի են արժանի այն փաստերը, որ 2016-ին Հայաստանում Մուսա Լերան յուշարձանի տարածքում երիտասարդները տնկեցին 300 ընկուզենու ծառեր, իսկ 2017-ին Արարատի շրջանի Նորամարք գիւղի բնակիչների համար իրականացրեցին «Պնակ մը տաք ճաշ» ծրագիրը, եւ մի քանի հովանաւորների օժանդակութեամբ ցայսօր այդ եւ մօտակայ այլ գիւղերի բնակչութեանը պարբերաբար մատակարարում են անհրաժեշտ սննդամթերքով եւ սերմերով:

«Մուսա Լեռ երիտասարդական հայրենակցական միութեան» եռանդուն անդամ, այժմ Երեւանում ուսանող այնճարցի երիտասարդ Վարանդ Հաճեանը ասում է. «Ուրախ եմ եւ հպարտ, որ մեր մայր հայրենիքում ունենք այս միութիւնը: Մեծ հաճոյքով, սրտիս թելադրանքով մասնակցում եմ դրա ձեռնարկներին` ներդնելով հնարաւորին կարողութիւններս: Եւ հաւատում եմ, որ այս ամէնը նպաստում է ի վերջոյ միացեալ հայրենիք ունենալու առաքելութեանը»:

Եւ այս ամէնը անելու համար մայր հայրենիքում ապրող այնճարցի այդ երիտասարդներին ոգեկոչում է Գաբրիէլ Փանոսեանը: Ինչպէս ասում է ինքը` «Այնճարը իմ ամենասիրած տեղն է, սակայն 1991-ին, Հայաստանի անկախացումից յետոյ, երբ այցելեցի Հայաստան, որոշեցի հիմնաւորապէս տեղափոխուել մայր հայրենիք, ինչը իրականացաւ 2005-ին»:

Եւ ցայսօր իր ամբողջ գործունէութեան մէջ մեծապէս քաջալերուելով իր կնոջ` Աստղիկի կողմից, նրանք ապրում են Երեւանում: Նշելի է, որ այդուհանդերձ, Գաբրիէլ Փանոսեանը շարունակում է իր աշխատակցութիւնը «Ազդակ»-ին թէ՛ գրութիւններով, թէ՛ իր բացառիկ արհեստավարժ լուսանկարներով:

Երեւանում նա նոյնպէս ծաւալում է նաեւ մշակութային գործունէութիւն` մասնակցելով Հայաստանի սփիւռքի նախարարութեան տարբեր ձեռնարկներին, ցուցահանդէսներին: Արժանի է յիշատակել Գաբրիէլ Փանոսեանի լուսանկարների ժողովածուն` «Լոյս խաւարում», ուր զետեղուած լուսանկարները ցուցահանդէսային կերպով ներկայացուել են Հայաստանում, Արցախում, Ամերիկայի Միացեալ Նահանգներում` արժանանալով հիացմունքի: Քանզի բացառիկ իւրօրինակ է դրանց ե՛ւ լուսանկարչական ե՛ւ գեղագիտական ե՛ւ իմաստային ոճն ու ասելիքը: Յիշատակելի է նաեւ, որ օրերս իր նոր ցուցահանդէսներով Գաբրիէլ Փանոսեանը ներկայացաւ հանրութեանը` Պէյրութի «Փիւնիկ» եւ Այնճարի «Մովսէս Տէր Գալուստեան» սրահներում: Ցուցադրուած էին «Հայոց պետականութեան վերածննդի 100 էջերը» ժողովածուում զետեղուած Գաբրիէլ Փանոսեանի պատմական արժէք ունեցող վաւերագրական լուսանկարները: Տեղի ունեցաւ նաեւ այդ հատորի գինեձօնը:

… Իրապէս, տաղանդաւոր մարդը տաղանդաւոր է ամէն ինչում: Եւ դրա վառ ապացոյցներից է Գաբրիէլ Փանոսեանի կեանքի գործունէութիւնը` թէ՛ ազգային, թէ՛ հասարակական, թէ՛ կրթական, թէ՛ մշակութային ոլորտներում: Ազգային նուիրուածութիւնը նոյնպէս տաղանդ է, ի վերուստ տրուած շնորհ: Եւ Գաբրիէլ Փանոսեանը իր ողջ էութեամբ դրա ապացոյցն է: Այսօր, ապրելով մայր հայրենիքում, նա համախմբում, տոգորում, մե՛ծ ազգասիրութեամբ ոգեշնչում է պապենական հայրենիքի` Մուսա Լերան ժառանգներին, սփիւռքի կենտրոն Լիբանանի գիւղաքաղաք Այնճարի զաւակներին: Ներշնչում է նրանց մշտապէս վառ պահել թէ՛ մարդկային, թէ՛ ազգային բարձր կոչումը:

Այո՛, Մուսա Լեռ-Այնճար-Երեւան` ս՛ա է Գաբրիէլ Փանոսեանի կեանքի կարգախօսը, որուն մաղթելի է անվարան, լուսաւոր ընթացք:

Երեւան-Պէյրութ


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>