![Լուսանկարը` ՆՈՐԱ ԵԱԳՈՒՊԵԱՆԻ](http://www.aztagdaily.com/wp-content/uploads/2016/01/roubina_020116.jpg)
Լուսանկարը` ՆՈՐԱ ԵԱԳՈՒՊԵԱՆԻ
ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ
Եթէ մտածում էք, որ այստեղ ձեզ պիտի պատմեմ Վահան Յովհաննիսեանի «Մանդիլիոն» վէպը, 486 էջ, ո՛չ, դա իմ ոճը չէ: Ես պիտի փորձեմ քննարկել վէպը եւ եթէ կարողանամ ձեր մէջ արթնացնել ցանկութիւնը, մղումը վէպը կարդալու, ինքներդ մտնելու այդ 1980 տարեկան գաղտնիքը առեղծանելու խճճոցի մէջ, ուրեմն յաջողել եմ:
Վէպը սկսում է մի ոչ պատահական եւ արդէն կասկածելի երեւացող մեքենայի արկածից կամ ինչպէս Հայաստանում են ասում` աւտովթարից, որի պատճառով հիւանդանոց է փոխադրւում վէպի հերոսուհի Անի Մորանի մահամերձ մեծ հայրը` գնդապետ Ռալֆ Կոտերեանը: Եւ ո՞ր հիւանդանոցը, ի զարմանս ինձ, հէնց այստեղ, մեր քթի տակ, «Վերտիւկօ Հիլզ օսբիդըլ»: Առաջին ապշած տպաւորութեանս հետեւում է երկրորդը` մանրամասն պատկերացումը Լա Քրեսենթա, Կլենտէյլ, Հոլիվուտ, Էնսինօ, աշխարհագրական իմաստով, որ տարածւում է ամբողջ Հարաւային Քալիֆորնիա մինչեւ Ֆրեզնօ, Լաս Վեկաս ու նոյն մանրամասնութեամբ ներկայի ու անցեալի բնակավայրերի` Յիսուս Քրիստոսին ժամանակակից Երուսաղէմից ու Բեթղեհէմից մինչեւ 15-րդ դարում թուրքերի պաշարման տակ տուայտող Կոստանդնուպոլիս ու ներկայի Մոնրէալն ու Վիեննան: Վահան Յովհաննիսեանը ե՞րբ էր հասցրել բնիկի պէս իւրացնել այդ վայրերը: Բայց ինչո՞ւ զարմանալ: Միթէ հայր Ղեւոնդ Ալիշանը երբեւէ ապրե՞լ էր պատմական Հայաստանում, որ գիտէր նրա ամէն մի գիւղն ու քաղաքը, սարն ու քարը, գետն ու առուն, ձորն ու անտառը, ամէն մի անկիւնը` իր տաս մատների պէս: Դրանով չի վերջանում: Վայրերի նկարագրութիւնները ընդելուզուած են տեղի ու ժամանակի մարդկային յարաբերութիւնների ու համընկնող ու հակասող քաղաքական ու ընկերային գաղափարների ու դէպքերի զարգացումների ցանցով:
Հետաքրքիր է, որ հեղինակը ընտրել է աւելիով խօսակցական եւ քիչ նկարագրական ոճը: Կարծես ժապաւէնի բեմագրութիւն է գրուած: Եւ պատկերացնում եմ, թէ որքան զգայացունց շարժապատկերի է կարելի վերածել այս գործը: Պատկերացրէք ամերիկեան լրտեսական, ոստիկանական, ոճրային ժապաւէնները: Ընդհանրապէս կողմերը սահմանափակ են լինում: Այստեղ սարդի ոստայն է, ու թելերը` «Էֆ.Պի.Այ.»-ի, Կլենտէյլի եւ Ֆրեզնոյի Փոլիս, Հոմլենտ Սեքիւրիթի, 9-11, իսլամական շարժում` միջնադարեան վայրագ ու մոլեռանդ արշաւանքներից մինչեւ «Գայլի վոհմակ» ու ծայրայեղ իսլամականներ, «Կիսալուսնի եղբայրութիւն», Երիտասարդ մուսուլմանների ուսանողական միութիւն, հայ եւ իսլամ յարաբերութիւններ, հայ-ազրպէյճանական յարաբերութիւններ ու արցախեան պայքար, որի մէջ ներքաշուած էր ինքը, ռուս կայսերական քաղաքականութիւնը Կովկասում:
Յովհաննիսեանի համոզմամբ, հայկական կոտորածները մինչեւ 1923 «Գայլի վոհմակ»-ի ռազմավարութեան արդիւնքն է եղել, որի ընթացքում, ինչպէս ինքն է գրում. «Այլադաւանների զանգուածային կոտորածները դադարեցին լինել ռազմական վերնախաւի իրաւունքը եւ վերածուեցին թուրքական կենսակերպի ամենաթողութեան մատնուած` հասարակ թուրքից մինչեւ իշխանաւորներ» (367): Այստեղ, առ ի բացատրութիւն ասեմ, որ Վահանի պատկերած «Գայլի վոհմակ»-ը նոյնը չէ, ինչ` «Գորշ գայլեր»-ը որոնք 1960-ականներին ստեղծուեցին Թուրքիայում, եւ որոնց ընդյատակեայ գործողութիւններին որոշ չափով ծանօթ ենք այսօր:
Հետաքրքիր է հեղինակի տուած մեծ կարեւորութիւնը իսլամական շարժումին, որ պատկերւում է որպէս սարսափազդու համաշխարհային կազմակերպութիւն: Նրա գործիչները ամէն տեղ են` Փաքիստան, Աֆղանիստան, Թուրքիա, Ազրպէյճան, Վրաստան ու մինչեւ Ամերիկա, մանաւանդ` Լոս Անճելըս: Ու սոսկալի վայրագութեամբ գործած ոճիրները, տանջահար սպանութիւնները, կարծես հէնց այսօրուայ ՏԱՀԵՇ-ն է յիշեցնում. նրանք սպաննում են չարչարելով եւ անդամահատելով եւ զոհի ճակատին դանակով խզարած M նշանն են դրոշմում, իսկ գլխաւոր դերակատարը, ոչ զարմանալի, ի հարկէ, թուրք է, զոհին չարչարելու ու սպաննելու իր դժոխային հնարքներով: Եւ ի՞նչ է այդ M տառի տեսքով նշանը` գրքի վերջերում է պարզւում: Դա տառ չէ, այլ գայլի երկու ցցուած ականջների ուրուագիծն է` ի նշան «Գայլի վոհմակ»-ի (366):
Այս իսլամականների թշնամին այլահաւատներն են, ասում է Յովհաննիսեանը, մանաւանդ` քրիստոնեաներն ու հրեաները, որոնց ամէն գնով պիտի վերացնել աշխարհից, պիտի կործանել նրանց հոգեւոր արժէքները, որպէսզի իսլամ ճշմարիտ կրօնը տիրի: Այդ ճամբին պիտի գտնել ու ոչնչացնել Մանդիլիոնը, որը վէպում քրիստոնէութեան հիմքն ու խորհրդանիշն է ներկայացւում: Ուրեմն վէպի մէջ հայերն են թիրախը, քանի որ նրանք են պահպանում Մանդիլիոնը: Ահմադ Անվարը, «լուռ ժիհատի», մարտական առաքելութիւն կատարող ահաբեկչական խմբի գլխաւոր ղեկավար, գնդապետ, իր հետեւորդներին զգուշացնում է «դաշնակներ»-ի մասին, որոնք, ասում է, շատ են Լոս Անճելըսում եւ մեր թիրախը պիտի դառնան. նրանք էին, որ «Նեմեսիս»-ի գործողութիւններով ոչնչացրին «Գայլի վոհմակ»-ի ղեկավարներին (162):
Ուրեմն այսպէս, «Վերտիւկօ Հիլզ» հիւանդանոցից ու կեանքի վերջին վայրկեանները ապրող Կոտերեանի իր թոռնուհուն` Անիին փոխանցած կցկտուր գաղտնիքից, որին մօտենալու պատճառով է ինքը ահաբեկման ենթարկուել, Անին ներքաշւում է այդ թնճուկի շուրջ հիւսուած ոստայնի մէջ: Եւ բացւում է կծիկը մի ահաւոր բարդ առեղծուածի, որ քակւում է թել առ թել եւ լուծւում է ու չի լուծւում վէպի վերջին էջերում:
Վահան Յովհաննիսեանը վէպը գրել է ռուսերէնով, որ հրատարակուել է 2013-ին, յետոյ թարգմանուել է հայերէնի եւ անգլերէնի: Բայց ինչո՞ւ ռուսերէն: Չէ՞ որ հեղինակը նոյն հմտութեամբ տիրապետում էր հայերէնին: Ես կ՛ասէի` Վահանը իր առջեւ խնդիր է դրած եղել այս սահմռկեցուցիչ ոճրային պատմութեան ընդմիջից հայի դատը, իրական, չխեղաթիւրուած պատմութիւնն ու ապագայի տեսլականը աշխարհին եւ աւելի շեշտուած` ռուսին հասցնելու: Բայց, չգիտեմ: Աւելի լաւ չէ՞ր լինի, եթէ պատմագէտ ու հնագէտ, վարպետ պրպտող ու վերլուծող Վահան Յովհաննիսեանը հայ ժողովրդի պատմութիւնը տար ի՛ր մեկնաբանութեամբ, որին ես համաձայն եմ լիովին, առանձին մէկ հատորով, փոխանակ երկար փակագծեր բացելու երբեմն, ա լա Յակոբ Օշական, 50 էջանոց ելոյթ, զեկոյց, բացատրութիւն մի դէպքի կամ երեւոյթի մասին եւ ընթերցողի ուշադրութիւնը բուն նիւթից ու դէպքից շեղելու:
Այդ առանձին պատմական ակնարկը Վահան Յովհաննիսեանի հաճելի եւ առինքնող ոճով կարող էր փոխարինել այն դասագրքին, որ մինչեւ օրս էլ Հայաստանում չեն համարձակւում գրել: Օրինակ` Յովհաննիսեանը գրում է.
«Պատերազմի աւարտից յետոյ մեծ տէրութիւնների կառավարութիւնները ծախեցին Անդրանիկին եւ Հայաստանը, բայց Հայաստանի մարտիկները չզլացան ծախել իրենք իրենց… Այդ մարտիկները ազգայիններն էին` դաշնակները: Նրանք մարտնչում էին յանուն Հայաստանի եւ յանուն հայ ժողովրդի, որովհետեւ չգիտէին, թէ ուրիշ ինչ կերպ կարելի է պայքարել կեանքի, արժանապատուութեան եւ հայրենիքի համար» (52): Ի միջի այլոց այս դաշնակ անուանումը շատ է կրկնւում հայերէն տարբերակում: Չեմ հաւատում, որ դա ռուսերէն բնագրի հարազատ թարգմանութիւնը լինի: Հեղինակը այդ ծաղրող ու նսեմացնող, բոլշեւիկներից մնացած եւ Հայաստանում սովորութիւն դարձած եզրը հազիւ թէ գործածէր իր իսկ դաւանած կուսակցութեան համար:
Վէպի ուսումնասիրութեան իմ աղբիւրը եղել է գրքի հայերէն թարգմանութիւնը: Բնականաբար թարգմանական տարբերակը քողարկում է բնագրի լեզուային եւ ոճային իւրայատկութիւնները: Ուրեմն դրանց մասին հնարաւոր չէ խօսել. իսկ այս թարգմանութիւնը, չէի ասի, որ լաւագոյն կերպով է կատարուած: Տպագրական սխալներ շատ կան, իսկ տեղանունների մէջ ռուսերէնը աւերներ է գործում: Հոնոլուլուն դառնում է Գոնոլուլու, Սան Օաքինը` Սան Խոագին, կամ Յիսուսին պարոն է կոչում` առնուազն տիար կոչելու փոխարէն եւ այլն: Դեռ չեմ խօսում դաշնակ բառի մասին:
Վէպի կառոյցը չնայած բարդ, բայց բաւական մտածուած, հզօր ու հաստատուն է դրուած: Պարզ է, որ վէպում ժամանակագրական կարգ չի պահպանւում: Ժամանակակից դէպքից կարելի է ցատկել ետ` մինչեւ Յիսուսի խաչելութիւն, առաջ` մինչեւ Կոստանդնուպոլսի անկումը, Բիւզանդիոնի վերջին կայսրի` Կոստանդին ԺԱ.ի յուսահատ պայքարը եւ օսմանցի Մեհմետ Բ.ի յաղթանակն ու թոյլ տուած վայրագութիւնները, եւ այսպէս` յետ ու առաջ, որ ի հարկէ չի խանգարում. սովորել ենք ոճրային, ոստիկանական ժապաւէնների ֆլեշ-պաք-երին: Ուրեմն վէպի մէջ հնագոյն իրադարձութիւնը բորոտի սոսկալի հիւանդութեամբ տառապող Անտիոքի Աբգար թագաւորի նամակն է Յիսուսին եւ Յիսուսի պատասխան նամակն ու խոստումը եւ դրա հետ ուղարկած սրբապատկերը, Յիսուսի անձեռակերտ դիմապատկերը կամ անձեռակերտ դաստարակը, որ Մանդիլիոն է կոչուել: Իսկ նորագոյնը` հէնց մի քանի տարի առաջ, որ սկսել է Կլենտէյլից եւ աւարտուել` Երեւանում:
Մանդիլիոնը` գրքի վերնագիրը ու պատումի թնճուկը, որի գոյութիւնն անգամ այսօր որոշ գիտնականների կողմից առասպել է համարւում, վէպի մէջ 1980 տարի պահուել է, թշնամիներից պաշտպանուել եւ հետաքրքիր ձեւով պահպանուել է հայ ասպետների ու պահապանների կողմից, որոնք անդամներն են եղել գաղտնի օթեակի: Այս սուրբ պաշտօնը երդումով փոխանցւում էր արու զաւակին կամ մի քաջարի, նուիրեալ եւ վստահելի հերոսի կամ հոգեւորականի: Դա, ի հարկէ, հասկանալի է: Հայ ժողովրդի պատմութեան ընթացքը անցել է այր մարդկանց դերակատարութեամբ. գոնէ այդպէս է ներկայացուել: Բայց Վահանը այստեղ աւելի արդար է եղել: Սրբակերտի գաղտնիքը յաջորդ սերնդին փոխանցելու մէջ դերակատարութիւն են ստանձնում տիպար կանայք: Շատ անգամ մայրն է խողովակը: Հոգեւոր ժառանգութիւն` աւանդութիւն, պատմութիւն, առաքելութիւն, մօրից է զաւակին անցնում: Զաւակը երդւում է ծառայել Մանդիլիոնին` որպէս օթեակի, եւ 15-րդ դարուց յետոյ` Վիշապի օթեակի անդամ (237):
Տպաւորիչ է Յովհաննիսեանի անսահման երեւակայութիւնը, բայց աւելի կարեւոր է նրա աշխարհիմացութիւնը, խորը գիտելիքները ո՛չ միայն վերջին դարերի, բայց եւ հնագոյն Արեւելքի պատմութեան, աւանդութիւնների, մարգարէութիւնների քրիստոնէական ու մահմետական ուսմունքների մասին: Ու նրա ստեղծած կերպարները արտայայտում են այդ մտքերը, բացատրում: Եւ սրանք առասպելներ չեն` ասում է կերպարներից մէկը, այլ` հնագոյն գիտելիք (222): Մի տեղ Աբգար թագաւորի պատուիրակ Անանը խօսում է Յիսուսի խօսքերի ազդեցութեան մասին. «Յիսուսը խօսեց, եւ ես մի ակնթարթ յետոյ զգացի, թէ ինչպէս է նրա ձայնը հոսում հոգուս մէջ, ինձ համակում տարօրինակ երանութեամբ» (105): Եւ Անանը տեսնում է, թէ ինչպէ՛ս է լոյսը բարձրանում եւ ցրում խաւարը…
Մի ուրիշ տեղ, Յուդան, Յիսուսին մատնելուց եւ նրա տանջալից խաչելութիւնից յետոյ, որ հեղինակը ականատեսի աչքերով պատմում է մանրամասնօրէն, փորձում է արդարանալ: Ախր նա ինքն էր այսպէս ուզում: Ի՛նքը: Եթէ ինքը չուզենար, ոչ մի բան էլ չէր լինի: Ինքն իրեն զոհեց: Ինքը կամաւոր մահուան գնաց: Իսկ ես պիտի պատասխան տամ: Հա՞: Իսկ չէ՞ որ առանց ինձ այդ անձնազոհութիւնը լումայի արժէք չէր ունենայ (146): Յուդայի դաւաճանութեան մասին վարկածներ եւ մեկնաբանութիւններ շատ կան: Պարզ է, որ Վահանը դրանք էլ է սերտել եւ ընտրել իր համար ընդունելին, աւելի մօտ Կնոսթիքների մեկնաբանութեան: Երեւի Վահանը հասցրած է եղել Յուդայի Աւետարանն էլ կարդալ:
Վէպը բաւական ծանր է, լիակատար կենտրոնացում է պէտք լարուած ոստայնի մէջ չխճճուելու համար, բայց մերթ ընդ մերթ արձագանգում է Վահանի քաղցր հումորն ու դիպուկ դիտարկումը: Ինչպէս Լիլիթ Գալստեանը կ՛ասէր` «վահանաւարի, անկաշկանդ, բայց երբեք չցաւացնող հումորը»: Կը ցանկանայի երկու օրինակ մէջբերել: Առաջինը Անանի պատմածից է Աբգար թագաւորին, ուրեմն մօտ 2000 տարեկան ծիրանի մասին. բայց կարծես հէնց այսօրուայ վիճակն է նկարագրում.
«Prunus Armeniaca երգեցիկ ասաց նա, «նշանակում է ընդամէնը հայկական սալոր, բայց հնչում է ինչպէս կարեւոր հռոմէական ծերակուտականի անուն: Յարգում են մեր հայկական միրգը: Այդ հռոմէացիների պատճառով մեր ծիրանը թանկացել է. յոյները արկղերով են առնում: Տանում, Անտիոքում եռակի թանկ գնով վերավաճառում են: Իսկ մեր անբան վաճառականներն ալարում են` տանեն, իրենք հարստանան: Դրանով նրանք, տէր իմ, ձեզ են զրկում օրինական եկամուտներից» (99):
Երկրորդը մեր օրերի երեւոյթ է, ձեզանից ովքեր Երեւան ճամբորդած լինեն, անպայման այդ տպաւորութիւնը արձանագրած կը լինեն. ինքնաթիռի անիւները դեռ նոր էին հպւում թռիչքուղուն, երբ ուղեւորները իրար անցան եւ սկսեցին վերին դարակներից հանել իրենց ծանր ու մեծ ձեռքի բեռները` անտեսելով ուղեկցորդուհիների յուսահատ զգուշացումները: Անին, որ ոչ մի տեղ եւ երբեք նման բան չէր տեսել, սկզբում կարծեց, թէ մարդիկ շտապում են ինքնաթիռից իջնել: Բայց Վիգէնը բացատրեց, որ դա ուղղակի ազգային բնաւորութեան առանձնայատկութիւններից է: Թէ որտեղի՞ց է յայտնուել եւ ինչո՞ւ, ըստ Վիգէնի, ոչ ոք չի կարող ասել: Անին մտածեց, որ Վիգէնի խօսքի մէջ թերասածութիւն կայ (397):
Հեղինակի կերտած կերպարները բազմազան են, շատ անգամ` վիպային յօրինուածքներ, բայց նաեւ` պատմական ծանօթ դէմքեր, ինչպէս` Աբրահամ Անկիւրացին: Ես նրան գիտէի «Եու.Սի.Էլ.Էյ.»-ի հայագիտականի մեր ուսումնասիրութիւններից, իր «Ողբ ի վերայ առման Կոստանդնուպոլսոյ» երկարաշունչ բանաստեղծութիւնով: Բայց արի ու տես, որ Աբրահամ Անկիւրացին, Օշին Իշխանի եւ Ամբրոջիօ Կոնտարինիսի հետ միասին (նաեւ մի պատմական դէմք) գտել են 944-ից Կոստանդնուպոլսում թաքնուած Մանդիլիոնը (249) եւ ժամանակին դուրս հանել, փրկել այն թուրքերի կողոպուտից: Եւ թէ ո՞ւր է տարուել, որտե՞ղ է պահուած: Մանդիլիոնը պէտք է գտնուի, որովհետեւ ինչպէս Աբրահամ Անկիւրացին է պատգամել, նա է պահապանը, հովանաւորը հայ ժողովրդի:
Մանդիլիոնի անցած ու չանցած ճամբան պիտի չգծեմ, միայն ասեմ, որ հէնց Անկիւրացու «Ողբ»-ի ծածկագիր ուղեցոյցը բանալի է ծառայում, ու գտնւում է նրա հաւանական թաքստոցը, որ վէպի մեր ժամանակների հերոսներին` իրար ջերմ սիրահարուած Անիին ու Վիգէնին ու նրանց քայլերին ուշի ուշով հետեւող իսլամի մարտիկներին, նոյնիսկ «Էֆ.Պի.Այ.»-ի ամերիկահայ գործակալին Հայաստան է բերում (378):
«Գտնել թէ չգտնել: Շարունակել այնքան չարչարալից փնտռտուքը, որ դարեր շարունակ զոհեր է խլում ու այնքան սիրելիների կեանքի գնով է վերջացել», մտորում է Անին, որ ինքն էլ է արիւնարբու մարդասպանների թիրախ դարձել: Թողնում եմ ընթերցողին:
Շատ հաւատացեալ քրիստոնեայ պիտի հնչեմ, եթէ խօսքս վերջացնեմ այն նշանաբանով, գաղտնաբառով, որ Մանդիլիոնի` կամ աւելի նեղ իմաստով, Քրիստոսի երկրորդ գալու կապակցութեամբ արձագանգում է վէպի ամբողջ ընթացքում ու որոշում Մանդիլիոնի ճակատագիրը` «մեր թանկ գանձից լուսեղէնը օրն է Նրա Վերադարձի»: