ՅԱՐՈՒԹ ԿԲԷԵԱՆ
Պատմաբանները դեռ կը վիճեն, գրականագէտները կ՛ուսումնասիրեն կամ կալարեն ու մի բան կը գրեն Վահան Յովհաննիսեանի յիշատակի ակնածանքից դրդուած, բայց որ «Մանդիլիոն»-ն արդէն մտաւ մեր կենցաղ, միանշանակ է: Նախ` մտաւ ռուսերէն, ու վստահ եմ, որ հատուկենտ մարդիկ կարդացին, ապա երբ երկրորդ անգամ հայատառ յայտնուեց մեր կեանքում, ընթերցողների քանակը վստահաբար մեծացաւ:
Վէպ, յուշագրութիւն, տեթեքթիւ, արկածային գրականութիւն… թէ ի՞նչ է «Մանդիլիոն»-ը գրականագէտները թող ասեն: Բայց որ «Մանդիլիոն»-ը կարող է դառնալ նոր սերնդի կողմնացոյց` ազգային ինքնութեան կողմնորոշման հարցում, միանշանակ է:
«Մանդիլիոն»-ը յաւակնում է դառնալ նոր սերնդի մանիֆեստը: Մօտ անցեալում մի ողջ սերնդի համար մանիֆեստ էր «Ռանչպարների կանչը»: Ռանչպարների կանչն էր նաեւ, որ հարիւրաւոր, եթէ ոչ` աւելի, ազգային ինքնութիւնն ու հպարտութիւնը հաստատակամօրէն ունեցող սերնդին նախ հաւաքեց Թատերական հրապարակում, ապա ճանապարհեց Երասխաւան, այնտեղից էլ Արցախ:
Ազգային ինքնութեան խնդիրը ընդհանուր ջերմացումից, iOS թէ android, ԵԱՏՄ թէ Եւրոմիութիւն առօրէական, երկարաժամկէտ, թէ կարճաժամկէտ խնդիրներից ոչ պակաս կարեւոր խնդիր է յատկապէս սփիւռքում: Սփիւռք, որի կառուցուածքը մենք ինքներս գոնէ նախնական ճանաչողական մակարդակում չենք էլ մարսել: «Մանդիլիոն»-ը յոյս է տալիս, որ այն կարդացած տասը հայ (կամ խառնածին) պատանուց եօթը կը վարակուեն ազգայինով, դաշնակցական ռոմանթիզմով, (դաշնակցական ռոմանթիզմը չշփոթել ՀՅԴ կուսակցութեան մերօրեայ ընկալման հետ), հայի ինքնութեան որոնման ցմահ հիւանդութեամբ, հիւանդութիւն, որը, միգուցէ, մեր տեսակի գոյութեան պահապանն է, հիւանդութիւն, որի սպիացած ու բթացած վէրքին Վահան Յովհաննիսեանը շիկացած Մանդիլիոն է դնում:
Յ. Գ. Իսկ որ «Մանդիլիոն»-ի սեղմագիրը յայտնուի դպրոցական պարտադիր ծրագրում, մենք կ՛ապրենք աւելի ապահով Հայաստանում: