ՍՈՆԱ ԱՒԱԳԵԱՆ
![Անտոնինա Մահարի](http://www.aztagdaily.com/wp-content/uploads/2016/01/21743_020116.jpg)
Անտոնինա Մահարի
«Որքան շատ էր կեանքը խեղում նրան, այնքան աւելի թանկ էր նա դառնում ինձ: Քանզի ես միշտ պարտուածների հետ եմ, եւ ոչ թէ` յաղթածների. յաղթածներն առանց ինձ էլ եոլա կը գնան»: Անտոնինա Մահարի, «Իմ ոդիսականը»
Գուրգէն Մահարու կինը ծայրայեղ աղքատ է
Տիկին Անտոնինան` Գուրգէն Մահարու կինը, տանը շրջում է` հնարաւորինս շատ հագուստ հագած, ձեռնոց ու գլխարկ դրած: Տանը զերոյական ջերմաստիճան է, որը երբեմն բարձրանում է մի քանի աստիճան, երբեմն իջնում զերոյից ցածր: Փայտէ սեղանը, որին Անտոնինա Մահարին դրել է ձեռքերը, նոյնպէս շատ սառն է:
«Երբ ցուրտ լինի, երեկոներին ննջասենեակում տաքացուցիչ կը միացնեմ: Երեւի` Նոր տարուց յետոյ կամ Նոր տարուն: Այս սեզոնին դեռ չեմ միացրել, քանի որ դեռ ցուրտ չի եղել», ասում է Անտոնինա Մահարին: Նա երբեմն հարեւանի տուն է գնում` տաքանալու:
Տան ամբողջ կահոյքը մնացել է նոյնը, ինչ Մահարու օրօք էր: Տասնամեակների ընթացքում չփոխուած վարագոյրը մաշուածութիւնից պատռուել է: Առաստաղին խոր ու լայն ճաքեր կան: Մանրայատակը պոկուել ու քայլելիս տեղից դուրս է գալիս:
Տեսնո՞ւմ ես` ինչ վատ դռներ են: Սրանք ինձ համար սուրբ, առասպելական դռներ են: Այս դռները թակել են ձեր դասականները, որոնք այցելում էին Գուրգէն Մահարուն: Այդ դռները թակել է Գուրգէն Մահարին: Ես միշտ սպասում էի նրան: Ես ոսկուց դռներ չեմ ուզում», ասում է տիկին Անտոնինան:
![Գուրգէն Մահարու տուն-թանգարանը](http://www.aztagdaily.com/wp-content/uploads/2016/01/P1080318.jpg)
Գուրգէն Մահարու տուն-թանգարանը
Ազգութեամբ լիթվուհի Անտոնինա Մահարին այսօր համարւում է ծայրայեղ աղքատ: Նա ստանում է 15 հազար դրամ թոշակ, նոյնքան էլ` աղքատութեան նպաստ: Հիմա, քանի դեռ տունը չի տաքացնում, ելեկտրական հոսանքի ու հեռախօսի համար վճարում է մօտ 3000 դրամ, բայց երբ երեկոները մի սենեակը ջեռուցի, արդէն ստիպուած կը լինի 8 հազար դրամ վճարել: Նա Նոր տարուայ համար ոչինչ չի գնելու, եւ 2013 թուականը դիմաւորելու է տանը մենակ:
«Մարդիկ աշխատում են եւ նոյնքան են վարձատրւում: Այնպէս որ, ես նստում եմ ու լռում եմ: Իմ շուրջը բոլորն այնքան աղքատ են, որ ամօթ կը լինէր, եթէ ես ինչ-որ տեղ դիմէի: Երբեմն նրանց նոյնիսկ հազար դրամ կարող եմ տալ: Այնքան շատ դժբախտ մարդիկ կան, որոնք աւելի վատ վիճակում են: Պէտք է խիղճ ունենալ», ասում է Անտոնինա Մահարին:
Նրան չի այցելել ոեւէ պաշտօնեայ Հայաստանում Լիթվայի դեսպանատնից, Հայաստանի մշակոյթի նախարարութիւնից: Անտոնինան կարծում է, որ պաշտօնեաները տներ չեն գնում նոյնիսկ քաղաքավարական այցով, բայց շնորհակալ է, որ մշակոյթի նախարարութիւնը պետպատուէրով տպագրել է իր գրքերից մէկը եւ` «դեռ փող էլ է տուել»:
![Գուրգէն Մահարու տուն-թանգարանը](http://www.aztagdaily.com/wp-content/uploads/2016/01/P1080322.jpg)
Գուրգէն Մահարու տուն-թանգարանը
Գրողի մահից յետոյ Անտոնինան ուզում էր, որ Մահարին կենդանի լինի տանը, եւ հիւրասենեակը դարձրել է թանգարան, որտեղ ներկայացուած են Մահարու ու նրա հարազատների բազմաթիւ լուսանկարներ, գրողի մասին յօդուածներ, գրքեր:
Գուրգէն Մահարին մահացել է 43 տարի առաջ: Անտոնիան մինչեւ հիմա էլ կարօտում է Լիթվան, բայց ամուսնու մահից յետոյ մնաց Հայաստանում: Անտոնինայի խօսքով` մահանալիս գրողն իրեն ասել է. «Անտոնինա խնդրանք ունեմ. մի՛ լքիր Հայաստանը, որպէսզի ոմանք չխեղաթիւրեն պատմութիւնը: Դու միակ մարդն ես, ով իմ մասին ճշմարտութիւնը գիտի, ու դու պէտք է գրես»: Կինը կատարում է խնդրանքը: Տիկին Անտոնինան, ով Հայաստանի Գրողների միութեան անդամ է, Գուրգէն Մահարու մասին «Իմ ոդիսականը», «Յուշեր», «Յուշեր եւ պատմուածքներ», «Հին ամրոցի գաղտնիքը» գրքերի հեղինակն է:
Անտոնինա Պովիլայտիտեն քաղբանտարկեալ է դարձել 22 տարեկանում
1944թ. գերմանացիներից յետոյ Լիթվան գրաւեցին ռուսները: Սկսուեցին լիթվացիների զանգուածային ձերբակալութիւնները, աքսորներն ու մահապատիժները: Վիլնիւսի համալսարանի իրաւաբանութեան բաժանմունքի ուսանողուհի Անտոնինա Պովիլայտիտեն, ինչպէս եւ շատ ուրիշ երիտասարդներ, անդամակցում էր «Անկախ Լիթվայի համար» ընդյատակեայ կազմակերպութեանը: «Խորհրդային Միութիւնը շատ ահաբեկում էր ամբողջ Մերձպալթիքան, իսկ ռուսները ի՞նչ էին անում. օյ, օյ, օյ: Իսկ մենք դէմ էինք այդ ահաբեկչութիւնը: Մերձպալթիքան ոչնչացնում էին, շատ քիչ բան մնաց», ասում է տիկին Անտոնինան:
22 տարեկանում Անտոնինան ձերբակալուել է, մեղադրուել «հակախորհրդային քարոզչութեան», «նացիոնալիզմի», «շովինիզմի» մէջ: Վիլնիւսի բանտում պահւում էին շատ այլ լիթվացիներ, լեհեր: Անտոնինայի խցին հարեւան խցերում պահւում էին տղամարդիկ, ովքեր «հակախորհրդային գործունէութեան» համար մահուան էին դատապարտուել, քանի որ նախընտրել էին խոստովանել իրենց «մեղքը», քան` պահուել նման պայմաններում: Քննիչներն ու բանտապահները, որոնք հիմնականում ռուսներ էին, քաղբանտարկեալների հետ վարւում էին այնպէս, որ նրանցից շատերը ինքնասպան էին լինում, խելագարւում կամ մահանում:
![Անտոնինա Մահարի](http://www.aztagdaily.com/wp-content/uploads/2016/01/IMG_2854.jpg)
Անտոնինա Մահարի
«Երջանիկ է նա, ով չի ծնուել», ասում էին քաղբանտարկեալները: Բայց տիկին Անտոնինան վստահեցնում է, որ ո՛չ բանտում, ո՛չ ճամբարում, ո՛չ էլ աքսորում երբեք չի ցանկացել հեռանալ կեանքից: «Ես ուզում էի ապրել, վերադառնալ Լիթվա ու նայել, թէ յետոյ ի՛նչ է լինելու: Եւ հիմա ես ուզում եմ նայել, թէ ի՛նչ է լինելու յետոյ: Մենք իտէալիստներ էինք, մենք սաւառնում էինք երկնքում, իսկ դուք շատ երկրային էք: Այնքա՜ն շատ մարդկանց էին նստեցնում, որ երբ ինձ դեռ չէին նստեցրել, նոյնիսկ ես զարմանում էի` ուրեմն ոչ մի բան չարժե՞մ», ասում է Գուրգէն Մահարու կինը:
Աւելի քան 1 տարի բանտում պահուելուց յետոյ Անտոնինայի դէմ հեռակայ դատ է եղել, որն իրեն դատապարտել է 4 տարուայ ազատազրկման ճամբարում: Անտոնինային ուրիշ բանտարկեալների հետ նստեցրել են ապրանք տեղափոխելու համար նախատեսուած վակոններ եւ Վիլնիւսից 35 օր շարունակ փակ վակոնով տեղափոխել Ռուսաստանի Կոմիի Ինքնավար Մարզի ճամբար:
«Երբ մեզ վակոնով տանում էին Լիթվայից, մտածում էի` գուցէ վերջին անգամ եմ տեսնում Լիթվան: Շատերի դէպքում վերջին անգամն էր: Այդ ժամանակ լաց չէի լինում, քանի որ սիրտս քարացել էր: Ծանր պահերին մարդիկ չեն կարող լաց լինել: Ես լացկան չեմ: Բանտում եթէ լաց լինէի, օգուտ կը տա՞ր: Ես չէի ուզում ցոյց տալ, թէ թոյլ եմ», ասում է Անտոնինան:
Կոմիի անտառում մայիսին էլ ծնկների բարձրութեան ձիւն կար: Անտոնինան այլ կանանց հետ բահով մաքրում էր ծառերի բները ծածկած ձիւնը, իսկ տղամարդիկ սղոցում էին: Յետոյ ոտքով ուժասպառ վերադառնում էին ճամբար, որտեղ իրենց ստացած ընթրիքն այնքան քիչ էր, որ սոված էին մնում: Կոմիում Անտոնինան նաեւ աղիւսներ էր բարձում վակոնները:
Մէկ տարուան ընթացքում Անտոնինան այնպէս էր թուլացել ու հիւծուել, որ նրան ծեր, հաշմանդամութիւն ունեցող բանտարկեալների յետոյ նորից նստեցրին ապրանքների համար նախատեսուած վակոն ու Կոմիից տարան Սիպիր` ասելով, թէ Սիպիրում պայմաններն աւելի լաւ են: Սիպիրում յաճախ, երբ տաժանակիր աշխատանք կատարող, ուժասպառ ու սոված բանտարկեալներից ոեւէ մէկն այլեւս ի վիճակի չէր լինում ոտքի վրայ մնալ, ուղեկցող պահակախումբը տեղում սպաննում էր նրան, իսկ միւս բանտարկեալներին հրամայում թաղել:
![Գուրգէն Մահարին (ձախից) եւ Աշոտ Սանամեանը](http://www.aztagdaily.com/wp-content/uploads/2016/01/DSC04194.jpg)
Գուրգէն Մահարին (ձախից) եւ Աշոտ Սանամեանը
«Գուրգէնի ընկերը` մեր Աշոտ Սանամեանը, շատ ամուր տղամարդ էր: Հէնց տեսնում էր, որ ոեւէ մէկը ընկնելու է, շալակում էր ու տանում, որպէսզի չգնդակահարէին», պատմում է տիկին Անտոնինան: «Իմ ոդիսականը» գրքում նա գրել է, որ ազատազրկման դատապարտուած երիտասարդ նկարիչ Աշոտ Սանամեանը, ով ընկերական կապեր ունէր ճամբարի` նոյնպէս քաղբանտարկեալ ռուս բժշկի հետ, ամէն ինչ անում էր, որ արդէն ուժասպառ ու հիւանդ հայերն ազատուէին տաժանակիր աշխատանքից ու հիւանդանոց տեղափոխուէին:
Երբ Անտոնինայի` ճամբարում ազատազրկման ժամկէտը լրացել է, իրեն յայտնել են, որ իր դէմ դարձեալ հեռակայ դատ է եղել, եւ այս անգամ արդէն դատապարտել են ցմահ աքսորի: Նա ուրիշ բանտարկեալների յետոյ ոտքով հարիւրաւոր քիլոմեթրներ քայլել է դէպի Ձերժինսկի շրջան, որտեղ բանտի պետը ողջունել է հետեւեալ բառերով. «Այստեղ եկել էք` ընդմիշտ մնալու: Այստեղ են ձեր կեանքը եւ գերեզմանը: Միայն թէ չմտածէք փախչել. միեւնոյն է` անիմաստ է: Ամէն տեղ ձեզ կը գտնենք, նոյնիսկ գետնի տակ»:
Քչերն են վերադարձել անազատութիւնից: «Ի՞նչը ձեզ ուժ տուեց վերադառնալ», հարցին Անտոնինա Մահարին պատասխանում է. «Իմ մանկութիւնը: Մեր կեանքի հիմքը մանկութիւնն է: Ես հրաշալի մանկութիւն եմ ունեցել, սնուցում, ամէն ինչ, լաւ մթնոլորտ: Մանկութիւնը ամրացրել էր իմ օրկանիզմը, ու ես դիմացայ այդ ամէնին: Իսկ Գուրգէնը մանկութիւն չէր ունեցել, նա այնքան հիւանդութիւններ էր տարել, նա երկար չդիմացաւ: Խեղճը մանկատանն էր եղել: Դա դաժան ճակատագրի երեխայ էր»:
Անտոնինա Մահարին ասում է` հպարտ է, որ եղել է հէնց հալածուողների եւ ոչ թէ նրանց մէջ, ովքեր կազմակերպեցին այդ դժոխքը, ոչ թէ յարմարուածների մէջ, ովքեր մարդկանց մատնելու դիմաց փող էին ստանում ու հրաշալի ապրում, երբ միւսները զոհւում էին, հիւանդ ու սոված էին:
«Ես դեռ առողջ եմ, իսկ ռազմաճակատի ընկերս պառկած է` արդէն վիրաւորուած»
![Անտոնինան` Ռութա-Նազիկի հետ](http://www.aztagdaily.com/wp-content/uploads/2016/01/DSC04192.jpg)
Անտոնինան` Ռութա-Նազիկի հետ
Հէնց Սիպիրում էլ Անտոնինա Պովիլայտիտեն հանդիպել է Գուրգէն Աճեմեանին: Անտոնինան անազատութեան մէջ էր արդէն 10 տարի, իսկ Գուրգէնը` 17: Գրողը մեղադրւում էր «ահաբեկչութեան» ու «Բերիային սպաննելու մտադրութեան» մէջ եւ ճամբարում ազատազրկման ժամկէտը սպառելուց յետոյ եւս դատապարտուել էր ցմահ աքսորի:
Մահարին արդէն յոյսը կորցրել էր, որ տուն կը վերադառնայ: Նա պառկած էր մահացող հիւանդների հիւանդասենեակում: Բժիշկներն Անտոնինային ասում էին, որ` «Աճեմեանի վիճակը շատ վատ է, դու սուրբ ես, որ գնում ես այդ հիւանդասենեակ»: Անտոնիան երջանիկ տեսք էր ընդունում, մտնում հիւանդասենեակ եւ ասում. «Գուրգէ՛ն, ես քեզ լաւ լուր եմ բերել: Բժիշկներն ասացին, որ քո վիճակը շատ լաւ է, քեզ շուտով դուրս կը գրեն: Դու կը վերադառնաս, քո գրքերը կը տպագրեն»:
«Դա մաքուր սուտ էր: Այդ ձեւով ես ոտքի կանգնեցրի նրան: Նա ասում էր. «Եթէ դու ինձ հետ չգաս, ես մենակ չեմ գնայ»: Ես ասում էի. «Եթէ դու ուզում ես, ես կը գամ»: Ես երբեք չէի մտածում, որ կը գնամ, որ հարկ կը լինի գնալ, որ մեզ բաց կը թողնեն, որ նա կենդանի կը մնայ: Մտածում էի` արդէն առաւօտեան մարդուն չեմ գտնի: Այդ սէրը աւելի բարձր էր, քան սէրը. օգնել, դուրս հանել մարդուն, ինչ-որ բան անել, որ ինքն իմանար, որ ինչ-որ մէկը սիրում է իրեն, ինքն ինչ-որ մէկին պէտք է: Դա իմ ռազմաճակատի ընկերն էր: Ես դեռ առողջ եմ, իսկ ռազմաճակատի ընկերս պառկած է` արդէն վիրաւորուած, ու ես պէտք է ինչ-որ բան անէի նրա համար», պատմում է տիկին Անտոնինան:
Մահարին դուրս է եկել հիւանդանոցից, ու նրանք ամուսնացել են: 1953թ.` Ստալինի վախճանից յետոյ, քաղբանտարկեալների մէջ փրկուելու յոյս առաջացաւ: Անտոնինան երազում էր Լիթվա վերադառնալ, բայց Մահարու հետ 1954թ. Հայաստան եկաւ: Հայաստանում կէս տարեկանում մահացաւ նրանց աղջիկը` Ռութա-նազիկը, ով ծնուել էր Սիպիրում: Յաջորդ տարի ծնուեց նրանց տղան, ում անունը նոյնպէս Գուրգէն էր:
![Գուրգէն Մահարի](http://www.aztagdaily.com/wp-content/uploads/2016/01/DSCN8560.jpg)
Գուրգէն Մահարի
Ընտանիքն ամառներն անցկացնում էր Լիթվայում: Ձերբակալուելուց 13 տարի անց Անտոնինան առաջին անգամ վերադարձաւ Լիթվա: Այստեղ նա չգտաւ ո՛չ ծնողներին, ո՛չ միակ եղբօրը` Ալեքսիսին, որոնց դէմքերը դեռ յիշում է: Տիկին Անտոնինայի խօսքով` ծնողները երիտասարդ մտաւորականներ էին, ապրում էին բարեկեցիկ կեանքով եւ գուրգուրում էին իրեն: Յայտնի չէ` ծնողներն ու եղբայրը ո՞ղջ են մնացել, թէ՞ զոհուել են ստալինեան տեռորի ժամանակ, գուցէ արտասահմա՞ն են փախել, գուցէ նրանց է՞լ են Սիպիր աքսորել: Դեռ Վիլնիւսում ձերբակալութեան պահին Անտոնինան եւ Կաունասում ապրող իր հարազատները լուր չունէին միմեանցից:
Անտոնինան եւ Մահարին միասին ապրել են 16 տարի, թէեւ կինը կարծում է, որ Մահարին աւելի երկար կ՛ապրէր, էլի չլինէր «Այրուող այգեստաններ» վէպը: Վէպը խիստ քննադատուեց: Գիրքը վառում էին Մահարու լուսամուտի տակ, տան դրան վրայ ամրացուած «Գուրգէն Մահարի» ցուցանակի վրայ թքել են, փողոցում Անտոնինային «ամէն տեսակ զզուելի բաներ էին ասում Գուրգէնի մասին»: Մահարին ասել է, որ իրեն բոլորը լքել են, եւ միայն Անտոնինան է, որ այդ քննադատութեան ժամանակ մնացել է իր կողքին: Երեք տարի անց գրողը մահացաւ:
Դա առաջին մահն էր որդու` 14-ամեայ Գուրգէնի համար: Երբ Գուրգէնը հօրը տեսաւ մահացած, հոգեկան հիւանդութիւն ստացաւ: Վեց տարի առաջ մահացել է նաեւ Անտոնինայի եւ Մահարու որդին: «Գուրգէնիկից յետոյ աւելի դատարկ է», ասում է տիկին Անտոնինան:
Լիթվուհին` հայերի մասին. «Դուք ռուսների կրունկի տակ էք»
![Գուրգէն եւ Անտոնինա Մահարիները որդու` Գուրգէնի հետ](http://www.aztagdaily.com/wp-content/uploads/2016/01/IMG_2852.jpg)
Գուրգէն եւ Անտոնինա Մահարիները որդու` Գուրգէնի հետ
Հայաստանի անկախացումից յետոյ Անտոնինա Մահարին այլեւս չի գնացել Լիթվա: Տոմսը շատ թանկացաւ: Բացի դրանից` արդէն «յատուկ փաստաթղթեր, հրաւէրներ են պէտք»:
«Ես սիրում եմ Հայաստանը ու չեմ ուզում, որ ինչ-որ վատ բան տեղի ունենայ», ասում է Անտոնինա Մահարին: Նրա խօսքով` Հայաստանում մարդկանց մէջ բարութիւն ու անկեղծութիւն կան, ինչպէս` իր հարեւանների մէջ: Բայց միաժամանակ նա չի սիրում հայաստանցիների նախանձն ու ատելութիւնը ամէն ինչի նկատմամբ:
Նա եկել է Հայաստան` որպէս Հայաստան, բայց չի զգում Հայաստանը: «Ինձ դուր չի գալիս, որ դուք չունէք ձերը», ասում է Անտոնինա Մահարին: Լիթվայում, ինչպէս եւ աշխարհի բոլոր երկրներում մարդկանց դիմում եմ «տիկին» կամ «պարոն» բառով, իսկ Հայաստանում տիկին Անտոնինային որոշ հայեր դիմում են անուն-հայրանունով` «Անտոնինա Միխայլովնա»: Լիթվուհին զարմանում է. «Ձեր ինչի՞ն է դա պէտք. դուք հայ էք: Դա ռուսական ձեւ է, միայն Ռուսաստանում է: Ես ուզում եմ գտնել հայկական «ես»-ը»:
Անտոնինան նաեւ զարմանում էր, երբ իրենց տուն այցելող որոշ հայեր խնդրում էին ռուսերէն գրքեր տալ, քանի որ «հայերէն դժուարութեամբ են կարդում»: Նրա խօսքով` ինքն ու ամուսինը դէմ էին, երբ հայերն իրենց երեխաներին ուղարկում էին ոչ թէ հայկական, այլ ռուսական դպրոցներ: Խորհրդային իշխանութեան ժամանակ լիթվացի նոյնիսկ կուսակցականներն էին դրա վրայ զարմանում: Թէեւ ԽՍՀՄ փլուզումից յետոյ էլ որոշ հայեր նախընտրում են ռուսական դպրոցները:
«Դա ինձ դուր չի գալիս: Դուք ռուսների կրունկի տակ էք: Դէ, եղէք: Եւ ինչո՞վ են ձեզ օգնել ռուսները, երբ ձեզ սպաննում էին Պաքւում: Դուք ընկերներ չունէք: Պինդ մնացէք: Ես ուզում եմ, որ ձեր հայկական ոգին լինի», ասում է Անտոնինա Մահարին:
Իսկ իր ոգին ճակատագրի հարուածներից ու դժուարութիւններից աւելի ամուր է դարձել: Անտոնինային շատ վիրաւորում է, երբ իրեն յարգում են միայն նրա համար, որ Մահարու կինն է: «Իմ հօր թեւի տակ եւս չեմ ուզում լինել: Ինձ պէտք չէ, որ ինչ-որ մէկի թեւի տակ ինձ յարգեն: Եթէ ես ինքս արժանի չեմ յարգանքի, մի՛ յարգէք, երես թեքէք ինձանից: Դա էլ անում էք, ի միջի այլոց: Հիմա, երբ ես անցել եմ այդպիսի կեանք եւ Գուրգէն Մահարուն, ինչպէս երեխայի, դուրս եմ բերել գերեզմանից, կարող եմ հպարտանալ: Իսկ առաջ ես ոչ ոք էի», ասում է նա:
Չնայած տարածուած տեսակէտին, որ մեծ մարդկանց, յատկապէս արուեստագէտների կանայք մնում են ամուսինների ստուերում, Անտոնինան պնդում է, որ երբեք չի եղել Գուրգէն Մահարու ստուերում:
«Ես ամենաբարձր հասարակութեան տիկին էի: Գուրգէնը գրողների համագումարի պատուիրակ է եղել 4 անգամ: Ես եղել եմ Քրեմլինում, Մոսկուայի ամենալաւ հիւրանոցներում: Ես գնում էի, քանի որ պէտք էր խնամէի նրան, ես դայեակ էի: Ես նրան չէի հարցնում. ի՛նչ ուզում, դա էլ անում էի: Բայց ես անում էի յօգուտ նրա, եւ ես ամէն ինչ ճիշդ էի անում: Գուրգէնը պարտուած ու դժբախտ էր, ու ես ուրախ եմ, որ եղել եմ նրա կողքին: Ես չէի կարող թողնել: Ես էլ էի այդպիսին: Մենք այդպէս կապուեցինք: Նա ինձ պէտք էր ինչպէս օդ, ես էլ նրան` ինչպէս օդ: Սարսափելի սիրում էր, ես` նոյնպէս», ասում է տիկին Անտոնինան:
Մեր զրոյցի վերջում նա յաւելեց. «Մենք նոր տարին տօնում ենք, քանի որ ապրել ենք այս տարին եւ ողջ մնացել մինչեւ յաջորդ տարին: Շատերը չկարողացան սպասել, եւ շատերը երիտասարդ հեռացան: Այնպէս որ, շնորհակալութիւն Աստծուն, եւ թող օրհնի յաջորդ տարին»:
«Հետք»
21 դեկտեմբերի 2012