Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Հին Երգը Նոր Առիթով

$
0
0

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Հայաստանում լրատուամիջոցներ կան (ելեկտրոնային եւ ոչ ելեկտրոնային), որոնց, թէեւ «մասնագիտացած են» քաղաքական թեմաների գծով, իրենց բանսարկու, ստայօդ ու սադրիչ բնոյթի համար այլ բան չես անուանի քան` դեղին մամուլ: Այս օճառա-պղպջակային ոճի հրատարակութիւնները կրկին աշխուժացել են Դաշնակցութեան հասցէին ցեխարձակումների գործում: Պատճա՞ռը` շատ ակնյայտ է, յառաջիկայ ամիսներին Հայաստանում տեղի է ունենալ ու պետական-իշխանական համակարգի արմատական փոփոխութիւն, որին էլ կը հետեւի նոր կառավարութեան ձեւաւորումը` արդէն առկայ կամ փոփոխուած կամ նոր ձեւաչափով: Ուրեմն այս դեղին մամուլը կամ նրա տէրերն ու պատուէր իջեցնողները «մեծ իրադարձութիւնների» նախօրեակին «լուրջ» խնդիր են դրել իրենց առջեւ` ցոյց տալ Դաշնակցութեանն իր տեղը, սեպ խրել գործող քոալիսիոն գործընկերութեան արանքում, Դաշնակցութեանը ներկայացնել որպէս անյուսալի, թիկունքից հարուածելու ընդունակ ուժի:

Նպատա՞կը` գուցէ յաջողուի փճացնել քոալիսիան կազմած ուժերի յարաբերութիւնները, հասնել նրան, որ կառավարման ոլորտում Դաշնակցութեան մասնակցութիւնը սահմանափակուի կամ ընդհանրապէս բացառուի բարձրագոյն իշխանութեան մէջ ներկայութիւնը եւ… եւ երջանկանալ դրանով: Ով գիտէ` գուցէ յաջողուի նաեւ նրանց տեղը գրաւել, յայտնի ճշմարտութիւն է, որ սուրբ տեղը դատարկ չի մնում:

Մարդիկ, ինչպէս տեսնում ենք, «վեհ» նպատակ են դրել իրենց առջեւ եւ յանուն դրա պատրաստ են ամէն ինչի: Միայն լաւ կը լինէր մի փոքր թարմացնէին իրենց մտքի ու ասելիքի զինանոցը:

Չէ՞ որ նրանք, ովքեր քիչ թէ շատ հետեւում են լրատուամիջոցների եւ, որոշակի տեսանկիւնից, մեծ լուացքատուն յիշեցնող ընկերային ցանցերի ընթացքին, վաղուց գիտեն, որ Դաշնակցութիւնը, անկախ նրանից, թէ ո՛ր դաշտում է գործում, միշտ ընդգծել է` որպէս քաղաքական առանձին ուժի, իր ինքնուրոյնութիւնը: Ամենակոշտ ընդդիմութիւն եղած ժամանակ անգամ Դաշնակցութիւնն այնպէս չի «խփել» իշխանութիւններին, որ հարուածը դիպչի պետութեանը եւ իշխանութիւն եղած ժամանակ չի խուսափել ասելուց, որ այս կամ այն հարցում իր կարծիքը տարբեր է, կամ թէ դժգոհ է այս կամ այն քայլից ու նախաձեռնութիւնից, եթէ անգամ դրա հեղինակը իշխանութիւնն է կամ իր այլ գործընկերը: Ընդ որում, ինչ որ ասել ու արել է, դրսեւորել է միայն բաց ձեւով, ոչ մէկին անակնկալի չի բերել եւ մանաւանդ թիկունքից չի հարուածել: Այս գործելաձեւի շնորհիւ էլ շատերի պէս եօթ կաշի չի փոխել, անկախութեան գրեթէ երեք տասնամեակի ընթացքում աջից-ձախ, գլխիվայր եւ այլ ցատկեր չի կատարել: Այդ իսկ պատճառով նա եղել է միշտ կանխատեսելի եւ նոյն այդ պատճառով յարգանք է վայելել թէ՛ գործընկերների, թէ՛ նոյնիսկ օտար հակառակորդների ու անգամ թշնամիների մօտ:

Հիմա, հին սազն առած, մեր «դեղնամորթները» նորից սկսել են. «Արմեն Ռուստամեանն ասաց, թէ ռէյթինկայինին դէմ ենք, Երեւանի Քաղաքային կոմիտէն դատապարտեց, բա իրենց ներքի՞ն հարցերը… ուրեմն, սա վերջնագիր է, սա պահանջագիր է, ամէն ինչ վերջացած է…»:

Առաջարկում եմ նայել ոչ թէ մէկ-երկու, այլ երեք-չորս ամիս առաջուայ Դաշնակցութեան դիրքորոշումներն ու արտայայտութիւնները` տարբեր հարցերի վերաբերեալ, աւելի յետ գնալ` ամիսներ եւ տարիներ, մի՞թէ նոյն բանը չենք տեսնի: Այդ ե՞րբ Դաշնակցութիւնը ինքնուրոյն կարծիքներ չի ասել, որոնք կարող էին տարբեր լինել, կամ ե՞րբ չի քննադատել ու անգամ իշխանութիւնների առջեւ պահանջներ չի ներկայացրել, երբ երկրում ոչ արդիւնաւէտ, արտառոց, հակահասարակական ու հակաօրինական գործընթացներ ու դէպքեր են տեղի ունեցել:

Իսկ ընդհանրապէս համախոհութիւնը չի նշանակում միագոյնութիւն, կամ միաձայնութիւն, ինչը, ի դէպ, հետեւում է Դաշնակցութեանը տարբերուող խօսքի վրայ «բռնեցնողների» աղմուկից, որն անկասկած արւում է ժողովրդավարութեան անունից` իրականում աղճատելով ժողովրդավարութեան եւ բազմակարծութեան ըմբռնումն ու տառը:

Վերջում յայտնեմ ափսոսանքս նրա համար, որ մեր «դեղնամորթները» դարձեալ ոչնչի չեն հասնելու, եւ` աւելի շատ նրա համար, որ «մեր» դեղնամորթները», ծանօթ ուրիշ «դեղնամորթների» համեմատ, այսքան «կարճահասակ» էլ մնացին:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>