ՆՈՐԱՅՐ ՊԱՀԼԱՒՈՒՆԻ
Տօնում ենք վաթսունամեակը` Հայաստանի հրաշափառ յարութեան: Տօնում ենք հայ ժողովրդի ազատութեան ու անկախութեան օրուայ տարեդարձը. ազատութիւն եւ անկախութիւն, որոնք դարբնուեցին Սարդարապատով, Բաշ Ապարանով ու Ղարաքիլիսէով, ծնունդ առան հայոց Ազգային խորհրդի յայտարարութեամբ եւ մարմին ստացան Հայաստանի Հանրապետութեամբ:
Եւ այս նուաճումները, որոնք իրաւունքն ու հիմնական պահանջն են իւրաքանչիւր ժողովրդի ու ազգութեան, հայ ժողովուրդը ձեռք բերեց ի գին ամէնից դաժան նահատակութեան:
1918-ի մայիս 28-ի հրաշքը ընդհանուր թշնամու դէմ հայ ժողովրդի բոլոր զանգուածների միասնական կամքի, ազգային գոյատեւման հաւաքական ու միահամուռ արտայայտութեան մէջ է կայանում, որ այդ ըմբռնումով օրհասական գուպարի ու գոյամարտի մէջ նետեց բոլորին անխտիր` արեւելահայ թէ արեւմտահայ, զինուոր թէ քաղաքացի, երիտասարդ թէ ծերունի, կին թէ երեխայ, բոլորին անխտի՛ր, առանց սեռի, դաւանանքի ու գաղափարաբանական խտրութեան:
Եւ ալեհեր Արարատի հովանու ներքոյ հայկական դիւցազնադաշտերի վերածուեցին` Բաշ Ապարանը, Ղարաքիլիսէն ու Սարդարապատը, ուր ընկած հերոսներին մենք պարտական ենք` ի՛նչ որ ձեռք բերեցինք ու ունեցանք այդ օրերին, եւ ի՛նչ որ ունենք մինչեւ այսօր, այսինքն` նախ Հայաստանի անկախ Հանրապետութիւնը եւ ապա` Խորհրդային Հայաստանը, որ իբրեւ իրողական գոյութիւն շարունակութիւնն է առաջինի: Եւ որպէսզի աւելի քան համոզիչ դառնայ այն անհերքելի ճշմարտութիւնը, որ աւերակուած Հայաստանից եւ Եղեռնի արհաւիրքն ապրած ու վերապրող խլեակներից ի՜նչ գերբնական ճիգով ու երկաթէ կամքով Արամներն հայաշխարհի կերտեցին պետութիւնն ու պետականութիւնը Հայաստանի, այսօր, այս պատեհ առիթով պիտի ներկայացնենք վաւերական ու վիճակագրական փաստեր, որպէսզի պարզ լինի բոլորի համար, մանաւանդ` մեր նոր սերնդի, թէ ի՛նչ տարողութեամբ պետական վարչական կառոյց ունէր Հայաստանի Հանրապետութիւնը, որին եկաւ փոխարինելու Հայաստանի ներկայ վարչակարգը:
1918 մայիս 28-ին, երբ հռչակուեց Հայաստանի Հանրապետութիւնը, նորանկախ երկրի վարիչները դրուեցին ծանրակշիռ հարցերի առջեւ: Հայաստանի անկախացումով հիմքն էր դրւում հանրապետութեան, սակայն սկսւում էր դժուարութիւնների մի նոր շարք: Պէտք էր ոչնչից պետութիւն կառուցել, հիմնաւորել, զարգացնել ու պահպանել այն:
Սահմանափակ էին հնարաւորութիւններն ու միջոցները, բարդ էր կացութիւնը: Արտաքին ճակատի վրայ միշտ առկայ էր մէկ կողմից հարեւան երկրների աննպաստ դիրքորոշումը, եւ միւս կողմից` ներքին ճակատում կար գաղթականների կնճռոտ հարցը, սովի վտանգը, համաճարակները, դեղորայքի պակասը եւ այլ բազում դժուարութիւններ: Այնքան դժուար ճիգերով ձեռք բերուած անկախութիւնը պահպանելու համար անհրաժեշտ էր իրականացնել պետական կառոյցը, դառնալ պետութիւն` իր ամբողջական իմաստով:
Հայաստանի օրուայ վարիչները, գիտակից այս իրողութեան, իրար յաջորդող եօթը դահլիճների գործունէութեան ընթացքում ձեռնարկեցին ընդհանուր կազմակերպման եւ կառուցման աշխատանքի:
Ա. ԴԱՀԼԻՃԸ կազմուեց 1918 յուլիսին: Այս դահլիճի չորս նախարարներից երեքը անդամ էին ՀՅ Դաշնակցութեան. Յ. Քաջազնունի` վարչապետ:
Բ. ԴԱՀԼԻՃԸ կազմուեց Ա. դահլիճից երեք ամիս յետոյ, որին ՀՅ Դաշնակցութեան հետ մաս էին կազմում Հայ ժողովրդական կուսակցութիւնից չորս նախարարներ.
Գ. ԴԱՀԼԻՃ (1919 յունուարից մինչեւ 1919 յունիս).
Դահլիճը վերակազմւում է, որովհետեւ աննման Արամ Մանուկեանը մահացած էր եւ դաշնակցական նախարար Խաչատուր Կարճիկեանը` սպաննուած:
Դ. ԴԱՀԼԻՃ (1919 յունիս – 1919 օգոստոս). Յովհ. Քաջազնունի` վարչապետ:
Ե. ԴԱՀԼԻՃԸ կազմուեց 1919-ի օգոստոսին, երբ առաջին անգամ լինելով` Հայաստանում տեղի էին ունենում խորհրդարանական ընտրութիւնները:
Կառավարութիւնը կազմուեց հետեւեալ անձնակազմով.
Ալ. Խատիսեան` վարչապետ եւ արտաքին գործոց նախարար:
Զ. ԴԱՀԼԻՃ. 1920-ին Հայաստանի մանուկ Հանրապետութիւնը հարկադրուեց ճզմել պոլշեւիկեան մայիսեան ըմբոստութիւնը: Այդ իսկ պատճառով 1920 մայիսին ՀՅ Դաշնակցութեան Բիւրոն է ստանձնում իշխանութիւնը:
Համօ Օհանջանեան` վարչապետ եւ արտաքին գործոց նախարար:
Է. ԴԱՀԼԻՃ. Եօթներորդ դահլիճը կազմուեց շատ դժնդակ պայմանների տակ: Արտաքին ճնշումների պատճառով հայերը պարտուած էին Կարսում, պոլշեւիկները շարունակում էին ներքին խռովութիւններ ստեղծել:
Հայաստանի ղեկավարութիւնը, գերագոյն ճիգերով ստեղծուած հանրապետութիւնը պահպանելու հիմնական մտահոգութեամբ, որոշում է համաձայնել պոլշեւիկ ղեկավարութեան հետ եւ այդ բանակցութիւնների համար 23 նոյեմբեր 1920-ին կազմւում է մի նոր դահլիճ:
Սիմոն Վրացեան` վարչապետ եւ արտաքին գործոց նախարար:
Այս կառավարութիւնն էր, որ մինչեւ 2 դեկտեմբեր 1920-ը մնաց իշխանութեան վրայ եւ Դրօ-Լըկրան համաձայնութեամբ, 1920 դեկտեմբեր 2-ին Հայաստանի ղեկավարութիւնը յանձնուեց խորհրդայիններին:
Ինչպէս ասացինք, առաջին հերթին անհրաժեշտ էր սկսել պետութեան կառուցումից: Անկախացումից հազիւ մէկ տարի անց` Հայաստանն արդէն կազմակերպուած պետութիւն էր: Կային տասը գաւառներ` համապատասխան վարչութիւններով եւ դատական իշխանութիւններով: Յաջորդ տարում մի նոր հրամանագրով երկիրը բաժանւում է չորս նահանգների` Արարատեան, Շիրակի, Վանանդի եւ Սիւնեաց, իսկ իւրաքանչիւր նահանգ բաժանւում էր գաւառների: Յատուկ աշխատանք էր տարւում վարչական այդ բոլոր մարզերից ներս հայացնելու պետական հիմնարկութիւնները: Կազմւում էր «Հայացման կոմիտէ» եւ 1919-ի մայիս 15-ին հայացւում են բոլոր հիմնարկութիւնները: Մի քանի ամիս յետոյ, դեկտեմբեր 26-ին, հայերէնը հռչակւում է պետական լեզու, մարտ 16-ին բացւում է պետական դատարանը եւ սկսում են դատավարութիւնները:
18 յունուար 1920-ին Հայաստանն իրողական (տէ ֆաքթօ) ճանաչում է ստանում հաշտութեան խորհրդաժողովի կողմից, որով եւ սկսւում են նրա դիւանագիտական փոխյարաբերութիւնները:
Կազմակերպւում է դեսպանական պաշտօնէութիւնը եւ նշանակւում են դեսպաններ:
1920-ին Օհանջանեանի կառավարութիւնը վաւերացնում է Հայաստանի Հանրապետութեան զինանշանը եւ պետական դրօշը: Յուլիս 5-ին հրատարակւում է քաղաքացիական օրէնքը: Հիմնւում է պետական ռատիոկայանը, որի ձայնասփռումը տարածւում է հեռուները եւ իր ծիրի մէջ է առնում Պասրան, Թաշքենդը եւ Հաշտարխանը:
Մեծ եւ ծանր նիւթական դժուարութիւններ գոյութիւն ունէին: Հայաստանի Հանրապետութիւնը ամսական 600-800 միլիոն ռուբլիի ծախսեր ունէր: Մինչեւ օգոստոս 1920-ը հրապարակւում են երկու միլիառ ռուբլիի հայկական արժեթղթեր եւ ապա` հայկական թղթադրամ: Դրամական հոսման առաջն առնելու համար պետութիւնը ստեղծում է ոսկու հիմնադրամը եւ` Հայաստանի Հանրապետութեան փոխառութեան դրութիւնը, որ կատարւում է բաժանորդագրութեան հիմունքով: Պետական պիւտճէն հաւասարակշռելու համար լուրջ աշխատանք է տարւում` կազմակերպելով առեւտրական եւ արդիւնաբերական կեանքը: Մշակւում է տուրքերի օրինագիծ, եւ սահմանւում է յառաջատուական տուրքի դրութիւն:
Տնտեսական մարզից ներս մեծ հետաքրքրութիւններ են յայտ բերում օտար ընկերութիւններ: Ներկայացւում են զանազան առաջարկներ` պեղումներ կատարելու, կառուցումներ ստանձնելու եւ հանքեր արտահանելու: Խնամատարական նախարարութիւնը մեծ ճիգ էր թափում իր աշխատանքների իրագործման համար: Շատ կարճ ժամանակի ընթացքում հաստատւում են` արհեստանոցներ, գործարաններ, աշխատանոցներ, հիւսուածեղէնի եւ կաշուեղէնի գործարաններ, կահագործարաններ եւն.:
Պետութիւնը յատուկ գուրգուրանքի առարկայ է դարձնում համագործակցականների դրութիւնը: Հիմնւում է «Կօօպերացիաների միութիւն», որին անդամակցում էր 350 համագործակցական, եւ ունէր 95.000 անդամ: Եթէ նկատի առնենք, որ իւրաքանչիւր անդամ միջին հաշուով հինգ հոգու հոգատարութիւն էր ստանձնում, նշանակում է, որ համագործակցականներից օգտւում էին մօտ 475.000 անձ: Մինչեւ 1920թ. պետութիւնը մօտ 150 միլիոն ռուբլիի յատկացումներ կատարեց միութեան: Մեծ զարկ տուեց երկրագործութեան: Կազմուեց Հողային յատուկ կոմիտէ, որ բծախնդիր կերպով քննելուց յետոյ լքեալ եւ եկեղեցական հողերը, դրանք բաժանեց գլխաւորաբար Ծաղկաձորի, Էջմիածնի, Աշտարակի, Ապարանի ու Նոր Պայազետի շրջանների գիւղացիներին:
Այս ուղղութեամբ կազմուեց նաեւ Սերմնացանի յատուկ կոմիտէ, որ մեծ ջանք թափեց ապահովելու համար սերմացու հունտեր: Այս կոմիտէի աշխատանքը նպաստաւոր անդրադարձ ունեցաւ երկրի երկրագործութեան եւ գիւղատնտեսութեան վրայ: Մեծ աշխատանք տարուեց հողային եւ հանքային հետազօտութիւնների մարզում, եւ մասնաւոր ուշադրութեան առարկայ դարձաւ աղահանքերն ու ածխահանքերը պեղելը, ինչպէս նաեւ` ունենալու ջրային ուժի եւ ոռոգման աղբիւրներ, որոնց հետ մշակուեց ելեկտրակայանների հաստատման ծրագիրը:
Ընկերային մարզում լուրջ ուշադրութեան առարկայ դարձաւ առողջապահական հարցը: Համապատասխան մարմիններն ու պատասխանատուները ճիգ թափեցին ամէն գնով բարելաւելու համար ժողովրդի առողջապահական պայմանները: 1919 թուի սկզբում գոյութիւն ունէր միայն 9 հիւանդանոց` 300 մահճակալով, իսկ 1920-ի վերջերին գործում էին 30 հիւանդանոցներ` 1600 մահճակալով, եւ` 5 բժշկակայան: Հաստատուեցին բուժկայաններ ու դեղակայաններ, ուր չքաւորներին անվճար դեղ էր բաշխւում, իսկ աշխատաւորներին տրւում էր 50 առ հարիւր զեղչ:
Կրթական-մշակութային մարզում նոյնպէս տենդագին աշխատանք էր տարւում, 1919-ին Հայաստանում արդէն գործում էին 431 տարրական դպրոցներ` 1096 ուսուցիչներով եւ 38.015 աշակերտներով, եւ 20 միջնակարգ դպրոցներ` 288 ուսուցիչներով եւ 5162 աշակերտներով: 31 յունուար 1920-ին հիմնուեց Երեւանի պետական համալսարանը: Մշակութային գետնի վրայ մեծ ճիգ էր գործադրւում յուշարձանների պահպանման եւ արուեստի հովանաւորման տեսակէտից: Հիմնուեցին` ազգագրական-մարդաբանական թանգարան, գրադարան, թատերական դպրոց եւ երաժշտական դպրոցներ:
Շատ հպանցիկ այս ակնարկը Հայաստանի անկախ հանրապետութեան ընդամէնը երկու տարիների կարճատեւ կեանքում եղած իրագործումների վրայ` բաւարար փաստեր են ապացուցելու, թէ ինչպիսի՛ մեղուաջան ու տենդագին աշխատանք էր տարւում աւարից ու աւերից յարութիւն առած մեր նորահաստատ հանրապետութեան մէջ, որոնք չի կարելի ժխտել որեւէ՛ պատմաշինութեամբ, միտումնաւոր մոռացումներով ու անտեսումներով: Այդ իրագործումները ենթահողն են ներկայ Հայաստանի զարգացման, հիմնական ատաղձը` հայ ժողովրդի կամքո՛վ, նրա արդար վաստակո՛վ, նրա ամրակուռ հաւատքո՛վ, նրա ապրելու եւ գոյատեւելու տենչո՛վ ու վճռականութեամբ հիմնադրուած պետականութեան:
1918 մայիս 28-ը հիմնաքա՛րն է վերածնուած Հայաստանի, անկախ լինի նա, թէ խորհրդային, եւ այս բացարձակ ճշմարտութիւնը պէ՛տք է ընդունի ոեւէ հայ, որ հաւատարիմ է Հայաստանին:
Մեր անկախութեան վաթսունամեակը նշել` նշանակում է ամէնից առաջ յարգանք մատուցել մեր պետականութեան հիմնաքարը կերտողների յիշատակին եւ ապա ազգովին ձգտել իւրաքանչիւր ժողովրդի ու ազգութեան համար նուիրական ու հիմնական նպատակին ու նրա ճակատագրին:
Այս հաւատամքն է, որ մեր նոր սերնդին պիտի առաջնորդի կատարեալի՛ն, վերջնականի՛ն:
Փա՜ռք յաւերժական Հայաստանին:
«Ալիք» օրաթերթ
Շաբաթ, 27 մայիս 1978, թիւ 115