ՀՅԴ ԿԿ Անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Փոխնախագահ, Պատմական Գիտութիւնների Դոկտոր, Փրոֆեսէօր Վահրամ Բալայեան
1980-ական թուականներին վերընձիւղուած արցախեան ազգային-ազատագրական շարժումը շատ բան փոխեց հայութեան կեանքում:
Արցախեան շարժումն առաջին հերթին պայքար էր մարդու իրաւունքների, Աստծոյ կողմից նրան տրուած ազատ ապրելու իրաւունքի վերահաստատման համար: Դա բաւականին մարդասիրական էր, եւ պատահական չէ, որ մենք շատ համակիրներ ունեցանք` ի դէմս տարբեր պետութիւնների, ժողովուրդների, որոնք շատ դէպքերում անգամ Արցախի տեղը չգիտէին: Շարժման շնորհիւ նրանք հասկացան, որ երկրագնդի մի հատուածում բնակուող մի ժողովուրդ ձգտում է ազատ ապրել եւ պաշտպանել իր տարրական իրաւունքները: Այս իսկ տեսանկիւնից կարեւոր էր համաշխարհային հանրութեանը ներկայացնել, որ սա անջատողական շարժում չէր, տարածքի համար կռիւ չէր, այլ պայքար էր ազատութեան ու անկախութեան համար: Կարծում եմ` համաշխարհային հանրութեան կողմից այս ամէնն ընկալուեց:
Երկրորդ կարեւոր հանգամանքն այն էր, որ մեր շարժումն ընթացք ստացաւ միջազգային իրաւական եւ տուեալ ժամանակաշրջանի խորհրդային օրէնքների շրջանակներում: Այսինքն այդ բոլորը ունեցան իրաւական հիմնաւորում, եւ այս տեսակէտից մեր շարժումն անխոցելի է: Առայսօր միջազգայնագէտները, իրաւաբանները, պետական գործիչները նմանատիպ գնահատականներ տալիս են, որով մեր պայքարը տարբերւում է շատ ու շատ երկրներում սկսուած նմանատիպ շարժումներից:
Արցախեան շարժումը նաեւ հնարաւորութիւն ստեղծեց, որպէսզի նորից վերակերտուի հայկական պետականութիւնը: Ճիշդ է` մենք խորհրդային տարիներին թէ՛ Խորհրդային Հայաստանում, թէ՛ ԼՂԻՄ-ում պետականութեան որոշակի նշոյլներ ունէինք, բայց անկախութիւնը լիարժէք չէր: Շարժումը նման հնարաւորութիւն ստեղծեց, որպէսզի բազում դարերի պետականութիւն ունենալու երազանքը իրականութիւն դառնայ: Պետականութիւնը հնարաւորութիւն տուեց, որ ազգն ապրի, յարատեւի, դիմակայի տարածաշրջանի մարտահրաւէրներին:
Շարժման կարեւոր պահերից մէկն էլ այն էր, որ արցախեան պայքարը ինչ-որ տեղ ձախողեց Թուրքիայի եւ Ազրպէյճանի քաղաքական վերնախաւի մօտ տասնեակ տարիներ գուրգուրանքով պահպանուած համաթրքութեան գաղափարախօսութեան իրագործումը: Մեզ համար տեսանելի էր, որ Ազրպէյճանը նպատակաուղղուած քաղաքականութիւն էր վարում, որպէսզի հայաթափի Արցախը: Այս ծրագիրը, որը միս ու արիւն էր ստացել Թուրքիայում, նպատակ ունէր հայաթափել նաեւ բուն Խորհրդային Հայաստանի տարածքը: Պատահական չէր, որ հէնց Թուրքիայի անմիջական ջանքերով 1921թ. Արցախը, Նախիջեւանը բռնակցուեցին Ազրպէյճանին: Դա այդ ծրագրերի մի մասն էր կազմում, եւ խորհրդային ողջ ժամանակահատուածում նպատակային քաղաքականութիւն էր վարւում, որպէսզի Խորհրդային Հայաստանի, մասնաւորապէս Նախիջեւանին յարակից հատուածներում` Կապանում, Սիսիանում, Վայոց Ձորում թուրքական տարրը հաստատուի: Ժամանակի ընթացքում վերաբնակեցման միջոցով կարողացան նշուած վայրերում ստեղծել թուրքական գիւղեր, որոնք մահացու վտանգ դարձան մեր պետականութեան եւ ընդհանրապէս հայութեան ինքնութեան պահպանման համար: Արցախեան շարժումը հնարաւորութիւն տուեց, որպէսզի այս գօտին նոյնպէս վերադառնայ իր նախկին տիրոջը եւ չիրագործուի մեզ համար կործանարար ծրագիրը: Այս տեսանկիւնից արցախեան շարժումն անգնահատելի է:
Արցախեան շարժումը նաեւ փոխեց, յեղաբեկեց մարդու հոգեբանութիւնը, նրա գաղափարախօսութիւնը, հնարաւորութիւն տուեց, որպէսզի մարդը ոչ միայն ազատ ապրելու իրաւունքը տնօրինի, այլ միաժամանակ ձեռք բերի ներքին ազատութիւն: Այս սերունդը միաժամանակ ապրեց հասարակարգի վերափոխման շրջան: Խորհրդային տարիներին մարդու ազատութիւնները, իրեն ազատօրէն դրսեւորելու հնարաւորութիւնները կաղապարուած էին: Նոր սերունդը հնարաւորութիւն ունեցաւ պայքարի միջոցով ձեռք բերել նաեւ այդ ազատութիւնը: Ի հարկէ, մենք դեռ այս ասպարէզում բաւականին աշխատանքներ ունենք կատարելու, որովհետեւ մարդու ներքին ազատութիւնից է կախուած նաեւ հասարակութեան լիաթոք զարգացման, առաջանցիկ քայլեր կատարելու գործընթացը: Կարծում եմ, որ այս առումով արցախեան շարժումը նպաստաւոր հող ստեղծեց, եւ մենք պարտաւոր ենք այդ գործընթացն աւելի խորացնել, զարգացնել եւ հասնել մեր հիմնական նպատակին:
Ղարաբաղեան Շարժումը Եւ Ազատամարտը Լուսաբանող Լրագրող, Ահ Մշակոյթի, Երիտասարդութեան Հարցերի Եւ Զբօսաշրջութեան Նախարար, ՀՅԴ Անդամ Սերգէյ Շահվերտեան
Երբ խօսում ենք արցախեան շարժման մասին, որպէս թիւ մէկ յաղթանակ` պէտք է ընդգծենք համազգային միասնականութեան մթնոլորտը, որը ձեւաւորուել է ղարաբաղեան շարժման առաջին իսկ օրուանից: Ղարաբաղեան շարժումն է մի գաղափարի շուրջ համախմբել հայութեանը: Ու միասնականութեան բնական արդիւնքը եղաւ յաղթանակ, քանի որ, երբ ամբողջ ազգը միաւորւում է մէկ գաղափարի շուրջ, այդ գաղափարը յաղթում է: Սարդարապատի ճակատամարտից եւ Հայաստանի Ա. Հանրապետութեան ձեւաւորումից յետոյ հայ ժողովուրդն այդպիսի յաղթանակ չի ունեցել: Ղարաբաղեան շարժումն առաջին դէպքն էր, երբ մենք սկսեցինք ընդլայնել մեր տարածքները: Ղարաբաղեան շարժման արդիւնքում ունեցանք ոչ միայն ազատագրուած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, այլ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն, որը երեք անգամ աւելի տարածք ունէր, քան` այն տարածքը, որտեղ ծնուել է ղարաբաղեան շարժումը:
Ցաւօք, հետագայ տարիներին մենք չկարողացանք պահպանել միասնականութեան ոգին, էլ աւելի զարգացնել ու ամրապնդել մեր յաղթանակը` ստեղծելով աւելի լաւ, աւելի բարեկեցիկ, ապրելու համար աւելի յարմար հայրենիք: Դա երեւի թէ մեր ամենամեծ բացթողումն էր, որ մենք չկարողացանք ամրագրել այդ յաղթանակը: Մենք չստեղծեցինք այդ երազանքների հայրենիքը, որտեղ մարդն արժանապատիւ կը համարէր ապրել: Մենք բոլորս ենք պատիւ համարում ապրել հայրենիքում, բայց մեր հայրենիքը պէտք է լինէր այնպիսին, կը լինի այնպիսին, որ ամբողջ հայութիւնը ցանկանայ վերադառնալ իր նախնիների հողը: Սա իմ պատգամն է ապագայի համար:
«ԱՊԱՌԱԺ»