ԷԴԻԿ ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆ
«Հետք»-ի գլխաւոր խմբագիր
Ես երբեք չեմ մտածել իմ ֆիզիքական անվտանգութեան մասին, ուղղակի միշտ մտածել եմ, որ այնտեղ պիտի լինեմ եւ վե՛րջ:
Վերջերս սկսել եմ աւելի շատ մտածել այդ հարցերի մասին, քանի որ համակարգում եմ «Հետք»-ի աշխատանքները եւ իմ բազմաթիւ աշխատակիցների համար պատասխանատուութիւն եմ կրում:
Մեր աշխատակիցներից շատերն անվտանգութեան թեմայով տարբեր դասընթացների մասնակցեցին: Կարծում եմ, որ պէտք է իմանալ բոլոր օրէնքներն ու կանոնները: Թէ որքանո՛վ կը կարողանան հետեւել դրանց, արդէն այլ խնդիր է:
Եթէ լրագրողը որոշել է, որ պէտք է գնայ թէժ կէտ, ուրեմն նա հասկանում է բոլոր վտանգները, դա իր որոշումն է: Շատ դէպքերում ինքնապաշտպանութիւնը բնազդային մակարդակում է, յաճախ չես էլ մտածում, այլ ուղղակի անում ես: Երբ կողքիդ մարդը վիրաւորւում է, դու փորձում ես օգնել նրան, այլ ոչ թէ մտածում ես քո անվտանգութեան մասին:
Եթէ արդէն հասել ես դէպքի վայր, ուրեմն պէտք է լուսաբանես: Վտանգը կարող է անսպասելի լինել, եւ, ի հարկէ, պէտք է զգուշ լինել: Սեփական երկրում պատերազմ լուսաբանելը ամենադժուար բանն է:
Դասընթացներին խորհուրդներ տալը հեշտ է, բայց իրական կեանքում ամէն ինչ մի փոքր այլ է: Երբ այնտեղ պատերազմ է, դու պէտք է այդտեղ լինես:
Իրականում, իմ դէպքում դա անձնասիրութեան դրսեւորում է: Թիկունքում թողնում ես ընտանիքդ, հարազատներիդ ու, քեզ լաւ զգալու, ինքդ քեզնից գոհ մնալու համար մեկնում ես պատերազմ:
Մեծ տղաս ծնուել էր արդէն: Ես 29-30 տարեկան էի: 1990-91 թթ. Արցախ գնացի որպէս լրագրող: Արցախից Հանրային հեռուստատեսութեան «Հայլուր» ծրագրի համար տեղեկագրութիւններ էի պատրաստում: Յետոյ ընտանիքիս տեղեկացրի, որ մնալու եմ, չեմ վերադառնալու: Մտայ Մոնթէի ջոկատ: Մինչեւ 1994 թուականի ձմրան կռիւների ժամանակ Արցախում եմ եղել որպէս լրագրող:
Ռազմական գործողութիւնների ժամանակ մի քանի ամիս մնացել եմ հիմնականում Մարտունիում, նաեւ` Մարտակերտում: Այդ ժամանակ արդէն` որպէս զինուոր:
Պատերազմը գրքերով, գրութիւններով, պատմելով հնարաւոր չէ ներկայացնել: Իրականում այն բոլորովին ուրիշ է` առաջին մարտ, առաջին հանդիպումը հակառակորդի հետ, պատերազմի դաշտում անցկացրած առաջին գիշերը:
Պատերազմում ես հերոսականութիւնը չեմ տեսնում, այլ` ողբերգականը: Երբ մամուլում հերոսների հերոսականութեան մասին են գրում, դրա հիմքում էլ ողբերգութիւնն է:
Տղան հերոսանում է` իր ընտանիքը կործանելով, իսկ իրական ողբերգութեան մասին չեն գրում կամ գրում են այնպիսի ոճով, որի մէջ յուզականութիւնն է գերիշխում:
Այդ գրութիւններում վատ կերպարներ պէտք չէ լինեն: Բայց պատերազմում ամէն ինչ էլ կայ` դաւաճանութիւն, փախուստ: Իրականութիւնն աւելի դաժան է, քան ներկայացւում է:
Երբ մտայ Մոնթէի ջոկատ, նա արդէն խորհրդանիշ էր: Ազնիւ էր, ու բոլորն ուզում էին նրա պէս ազնիւ լինել, նրան նմանուել: Մենք տեսախցիկ ունէինք, նկարում էինք: Մոնթէի հետ մի քանի հարցազրոյց եմ արել: Նկարահանուած նիւթը տարբեր տեղեր էինք ուղարկում, յատկապէս` արտասահման, որպէսզի դրսում տեսնէին, թէ ինչ իրավիճակ է Արցախում:
Ջոկատում ինձ Ժուռնալիստ էին ասում: Այն ժամանակ մենք պատերազմական լրագրութեան փորձ ընդհանրապէս չունէինք, սովորում էինք մեր սխալների վրայ:
Խորհրդային փակ կեանքի հետքերն էին, անկախ լրատուամիջոցների ձեւաւորման փուլ էր, ամէն ինչ կարծես զրոյից էր սկսւում:
Ամէն օրն է մարդուն փոխում, էլ ուր մնաց` պատերազմը: Զոհուածների միջով ես քայլել, ո՞նց կարող է պատերազմը քեզ չփոխել:
Պատերազմը խրւում է ուղեղիդ մէջ, ու այն այլեւս երբեք չես կարող հանել այդտեղից: Պատերազմից յետոյ շատ դժուար է բնականոն կեանքի անցնել: Լրիւ ուրիշ աչքերով ես նայում աշխարհին: Թւում է` քեզ ոչ ոք չի հասկանում, ու իրականում, իսկապէս, քեզ ոչ ոք չի հասկանում:
Այդպիսի փուլում շատերն են յայտնուել: Բոլոր խնդիրները քո մէջ ես կրում, ու տարիները դրանք աւելի ու աւելի են շատացնում:
Պատերազմում նաեւ լրագրողական բոլոր կանոնները, սկզբունքներն են խախտւում: Պատերազմի լուսաբանման շատ գրքեր ու ձեռնարկներ կան, բայց այդ բոլորն ուրիշի պատերազմների մասին են:
Սեփական պատերազմը լուսաբանելու մասին ձեռնարկ չկայ: Շատ հեշտ է գնալ Սիրիա ու պատերազմը լուսաբանել, բայց դա քո՛ պատերազմը չէ: Քո պատերազմը լուսաբանելիս խախտում ես բոլոր կանոնները, անգամ` բարոյագիտութեան, որովհետեւ պատերազմող կողմերից մէկը դու ես:
Չսիրելու բան է պատերազմը: Ոչ մի սերունդ չի ուզում, որ իր յաջորդը պատերազմ տեսնի, բայց մեր զաւակներն էլ տեսան:
Յօդուածը Մետիա նախաձեռնութիւնների նոր` «Լրագրողների անվտանգութիւն» ձեռնարկից է, որ կը հրապարակուի 2018թ.-ի փետրուարին: