Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Դաշնակցութեան` Օսմանեան Պետութիւնից Պահանջը Կեանքի Եւ Գոյքի Ապահովութիւնն Էր

Image may be NSFW.
Clik here to view.

ՆԵՒԶԱԹ ՕՆԱՐԱՆ

Ինչե՜ր ասես, որ չեն ասուել սիւննի իսլամականների կողմից փայլ հաղորդուած Ապտիւլ Համիտի` 64 սուննի քուրդ աշիրեթներից կազմաւորած համիտիյէ գնդերի վրայ հիմնուած ցեղապաշտական քաղաքականութեան մասին. քաղաքականութիւն, որի կիրառումը յանգեցրեց Հայոց ցեղասպանութեանը: Համաթրքական-սիւննի իսլամական գաղափարախօսութեամբ համեմուած մի հիմնաւորում ստեղծուեց հայերի բնաջնջման համար: Իսկ հայերի հոգսը ընդամէնը կեանքի եւ գոյքի ապահովութիւնն էր: Այսօր Սիրիայում քրտի պահանջն էլ է կեանքի եւ գոյքի ապահովութիւնը: Այդ պահանջը 1908 թ. յեղաշրջման ժամանակ դաշնակցականների` իթթիհատականների, այսինքն օսմանեան պետութեան հետ բանակցութիւնների հիմնական նիւթն էր: 6 տարի անց, 1914 թ. փետրուարի 8-ին ստորագրուած բարենորոգումների ծրագիրը մի կողմ նետած երիտթուրքերը Ապտիւլ Համիտի սկսած բնաջնջումը հասցրեցին Ցեղասպանութեան: Այնուհետեւ, 1923 թ. Անատոլիան վերջնականապէս մաքրուեց քրիստոնեայ հայ եւ յոյն ժողովուրդներից:

1908 թ. յեղաշրջման ժամանակ ինչպէս որ երիտթուրքերն էին Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը ներկայացնում, այնպէս էլ դաշնակցականները ներկայացնում էին Հայ յեղափոխական դաշնակցութիւն օրինական կուսակցութիւնը, իսկ հնչակեանները` Սոցիալ-դեմոկրատ հնչակեան կուսակցութիւնը: Ընդդիմութեան շարքերում տեղ գտած դաշնակցականների` իշխանութեան ղեկին գտնուող իթթիհատականների հետ բանակցութիւններն ու փոխառնչութիւնները ներկայացուած են Տիգրան Մեսրոպ Կալիգեանի «Դաշնակցականները եւ երիտթուրքերը» գրքում, որի թուրքերէն թարգմանիչն է Տենիզ Մութլու Թաշիւրեքը, եւ որը տպագրուել է 2017 թ. Պոլսի «Արաս» հրատարակչութեան կողմից: Գրքում հրապարակուած եւ առաջնային աղբիւր եղող փաստաթղթերը պատկանում են Դաշնակցութիւն կուսակցութեան արխիւին: Հեղինակի խօսքով, արխիւի հազարաւոր վաւերագրերը մասամբ հետազօտուած են: Մեր ցանկութիւնն է, որ արխիւները լիովին բացուեն:

Դաշնակցականները 1908 թ. սեպտեմբերի 1-ին 15 յօդուածից բաղկացած բարենորոգումների մի ծրագիր են մշակել` Մեճլիսի օրակարգ բերելու համար: «Բոլոր տարրերի եւ կրօնական համայնքների համար բացարձակ հաւասարութիւն» առաջարկող ծրագրի 4 յօդուածներում ամփոփ կերպով նշուած է.

1.- Պէտք է ճանաչուի Օսմանեան կայսրութեան տարածքային ամբողջականութիւնը:
2.- Օսմանեան Հայաստանը սոյն կայսրութեան անքակտելի հատուածն է, որը պէտք է ղեկավարուի ապակենտրոնացման հիմքով:
3.- Կենտրոնական-տեղական իշխանութիւնը պէտք է հաստատուի` ժողովրդավարական ներկայացուածութեան հիմքի համաձայն:
4.- Պատգամաւորները, դատական եւ տեղական մարմինները պէտք է ընտրուեն գաղտնի քուէարկութեամբ (էջ 35-36):

Օսմանեան կայսրութեան տարածքային ամբողջականութեան մէջ օսմանեան Հայաստանին վերաբերող պահանջների լուծման հարցին ընդհանուր առմամբ դրական մօտեցում ցուցաբերող իթթիհատականներն իրենց խոստումը չպահեցին: Դաշնակցականներն ու երիտթուրքերը 1908 թ. յեղաշրջումից սկսած մինչեւ 1914 թ. օգոստոս տասնեակ անգամ հանդիպեցին եւ բանակցեցին (էջ 73-74, 97-98, 118-125, 171-193, 265-269, 284-289): Նոյնիսկ 1911 թ. սառած յարաբերութիւնները 1912 թ. լրիւ կտրուեցին (էջ 124-125, 135-142, 195), բայց հետագայում բանակցութիւնները շարունակուեցին: Դաշնակցականների հետ իթթիհատականների կազմաւորած համատեղ մարմինի կողմից 1910 թ. մարտի 20-ին ընդունուած յօդուածները հետեւեալն են.

1.- Հողատարածքի խնդիրը,
2.- Անվտանգութեան հարցը,
3.- Իրաւական խնդիրը,
4.- Պաշտօնեաների փոփոխման հարցը:

Սոյն մարմինի գործունէութեան դաշտը յստակեցուեց, բայց երիտթուրքերը թոյլ չտուեցին, որ այն աշխատի (էջ 60-81):

1908 թ. ընտրութիւնների ժամանակ 10 հայ պատգամաւոր ընտրուեց: Նրանցից երկուսը` Յակոբ Պապիկեանը (Թեքրիտաղից) եւ Պետրոս Հալաճեանը (Պոլսից), երիտթուրք էին (էջ 33-35), եւ յեղաշրջման երկու գործիչները եւս ընտրուեցին: Մէկը Կարինի (Էրզրումի) դաշնակցական պատգամաւոր Արմէն Գարոն էր` Գարեգին Փաստրմաճեանը, միւսը` Սիսի (Գոզանի) պատգամաւոր Մեծն Մուրատը` Համբարձում Պոյաճեանը: Արմէն Գարոն 1896 թ. Պանք Օթթոմանի գրաւումն իրականացրած անձն էր, իսկ Մուրատը` Սասունում ապտիւլհամիտեան հարկերի դէմ 1894 թ. գրանցուած պայքարի կազմակերպիչը:

Գոյք եւ անվտանգութիւն

Հայերի` գոյքի ապահովութեան պահանջի հիմնական նիւթը հողն էր: 1870-ականներից սկսած` հայերն իրենց հողերի զաւթման պատճառով չէին կարողանում գոյատեւել սեփական հայրենի երկրում: Հայերի աքսորուելու, հողերից զրկուելու եւ զանգուածային գոյքազրկման գործիքը Ապտիւլ Համիտի կազմաւորած համիդիյէ գնդերն էին, բացի այդ` որոշ քրտական աշիրեթներ էլ էին այդ զաւթմանը մասնակից լինում: Թէեւ ոչ հայերի չափ, այնուամենայնիւ որոշ քրտեր, թուրքեր եւ ասորիներ էլ էին հողերի զաւթման քաղաքականութեան զոհը դառնում: Հողատարածքները վերադարձնելու նպատակով յարուցուած դատական հայցերն անարդիւնք էին մնում: Թէեւ 1910 թ. յունիսին երիտթուրքերի հետ հողերի հարցը լուծելու համար մի շարք բանակցութիւններ եղան, սակայն` ապարդիւն: Մինչեւ իսկ իթթիհատականները 1909 թ. ամրանը սատրազամ (վարչապետ կամ մեծ վեզիր,«Ակունք»-ի խմբ.) Հիւսէյն Հիլմի փաշայի հրապարակած օրէնքը կիրառումից հանեցին, ճիշդ այնպէս, ինչպէս արգելք էին դարձել 1908 թ. յեղաշրջումից յետոյ առաջին սատրազամ Քեամիլ փաշայի նախաձեռնութեանը:

Հողերի զաւթման պատճառով հայերից մաքրուած վայրերում քրտերն ու մահմետական գաղթականներն էին վերաբնակեցւում, զաւթուած հողերն էլ նրանց էին տրւում (էջ 82-101, 159-161, 250, 257, 276) :

Եթէ իշխանութեան ղեկին գտնուող երիտթուրքերը հայերի պահանջը եւ ընհանրապէս հողի հարցը աղաներին մաքրելով եւ գիւղացիներին հող տրամադրելով լուծէին, անշուշտ 1908 թ. յեղաշրջումը կ՛արմատաւորուէր, բայց այդպէս չեղաւ:

Մէկ այլ կարեւոր բանակցութեան հարց էր անվտանգութիւնը, այսինքն` կեանքի անվտանգութեան ապահովումը, որը նաեւ 1910 թ. ապրիլին կնքուած Սալոնիկի պայմանագրի 5-րդ յօդուածն էր: Խնդիրը վերաբերում էր որոշ քիւրտ աշիրեթների` հայկական գիւղերի վրայ յարձակումներին: Իթթիհատականների իշխանութեան օրօք համիտիյէ գնդերը չէին ցրուել, նոյնիսկ 1908-1910 թթ. վերակազմաւորուել էին` «Աշիրեթական գնդեր» անուան տակ: 1911 թ. վիճակն սկսեց վերստին վատթարանալ. Մուշում եւ Սասունում հայերի դէմ յարձակումները յաճախակի դարձան, եւ 1912 թ. եւս յարձակումներին արգելք չկարողացան լինել: Նոյն դրութիւնը պահպանուեց նաեւ 1913 եւ 1914 թթ. (էջ 108-116, 142-158, 206-7, 248-60, 292-3):

Մուտքիում կեանքի եւ գոյքի ապահովութեան խնդիր յարուցած Հաճը Մուսան, (էջ 144, 156, 198) Մուսթաֆա Քեմալի` Էրզրումի համագումարում համայնքի ղեկավար ըտրուելու համար վերջինիս յատուկ նամակ ուղարկելով, ընդգրկուել է քեմալական պայքարի մարտիկների շարքում եւ եղել Մուտքիի աշիրեթի ղեկավարը (Տես` Nutuk/Söylev, Vesikalar/Belgeler, cilt: 3, Türk Tarih Kurum Yayını, Ankara-1989, s. 1265, 1273, 1441): Դա ընդամէնը մէկն է այն նշաններից, թէ թուրք-քրտական միասնութիւնը որ հիմքով եւ ինչպէ՛ս է ապահովուել:

Երբ Ա. Աշխարհամարտի ահազանգը հնչեց, հայ առաջնորդները, դաշնակցականները` ներառեալ, հաւաքուեցին` իրավիճակը գնահատելու նպատակով: 1915 թ. երիտթուրքերի կողմից, հետաքննութեան անուան տակ, Տիգրանակերտի ճանապարհին սպաննուած պատգամաւոր Գրիգոր Զօհրապը կանխատեսել էր, թէ վաղը ի՛նչ է պատահելու. իթթիհատական կառավարութիւնը 1914 թ. փետրուարի 8-ին ստորագրուած հայկական բարենորոգումների ծրագիրը չիրագործելու համար մի կողմ է նետելու եւ վրէժ առնելու հայերից (էջ 300-303): 1915 թ., երբ հայերը պոկուեցին իրենց հողերից, սպաննուեցին նաեւ 7 հայ պատգամաւորները, այդ թւում` Զօհրապը:

Մինչեւ 1914 թ. ամառ տեւած դաշնակցականներ-երիտթուրքեր/պետութիւն բանակցութիւններից կարելի է յանգել հետեւեալ յստակ եզրակացութեանը. իթթիհատականները, այսինքն` պետութիւնը, տէր չկանգնեցին իրենց ստոգարութեանը® Այլ կերպ ասած, Օսմանեան կայսրութիւնը մեծ բան համարեց հայերին կեանքի եւ գոյքի անվտանգութեան ապահովումը: 1895 թ. եւ դրանից առաջ, ինչպէս նաեւ 1878 թ. Ապտիւլ Համիտը եւս տէր չէր կանգնել իր ստորագրութեանը:

1908 թ. յեղաշրջումը խորացնելու հնարաւորութիւն տուող երկու հիմնական յօդուածներ կային: Մէկը Օսմանեան պետութիւն-պալատ սակաւապետութիւնը վերացնելն էր, իսկ միւսը` հայերի եւ միւս միլլեթների պահանջները բովանդակող ազգային խնդիրն ու հողային հարցը լուծելը: Երկուսն էլ անտեսուեցին, եւ յեղաշրջումը խեղդուեց: Յեղաշրջումը խեղդողները իշխանութեան ղեկին գտնուող երիտթուրքերն էին: Իթթիհատականները յեղաշրջումից հեռացան` համաթրքութիւն-սիւննի իսլամութեան փարուելուն եւ իշխանութիւնը կենտրոնացնելուն զուգընթաց:

Դաշնակցականներ-երիտթուրքեր/օսմանեան պետութիւն բանակցութեան գործընթացը յիշեցրեց մէկ դար անց քրտական հարցում Տոլմապահչէի համաձայնութիւնից յետոյ Իմրալը կղզում կայացած բանակցութիւնները® Բացի այդ, սոյն գրքով է՛լ աւելի խորացաւ Իմրալըում ժամանակ առ ժամանակ օրակարգ բերուող Հայկական հարցի առանցքում արուող մեկնաբանութեան անտեղի լինելու մասին գաղափարս:

nevzatonaran@gmail.com

https://www.evrensel.net/haber/342691/tasnaklarin-osmanlidan-talebi-can-ve-mal-guvenligi

Թարգմանեց
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ

«Ակունք»

 


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>