ՄԻՔԱՅԷԼ ՀԱՃԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Խօսքս ուզում եմ սկսել իր գործունէութեան բնոյթով բանակային կեանքից կարծես թէ քանի պարսեկ հեռու գտնուող, բայց հայոց պատմական դասերի ողջ իմաստնութիւնն իր մէջ ամբարած անուանի մշակութային գործիչ Ջիւան Գասպարեանի թեւաւոր արտայայտութեամբ: «Հայրենիքն սկսւում է զինուորից: Սահմանն սկսւում է զինուորով», ասել է աշխարհահռչակ տուտուկահարը: Ասել է թէ` Հայաստան աշխարհը սկսւում է այն զօրականով` շարքային զինուոր, սպայ, թէ զօրավար, ով անվեհեր ու աներեր կանգնած է մայր հայրենիքի առաջնադիրք դարձած սահմանին` ի պաշտպանութիւն երկրի ու ժողովրդի խաղաղ, անվտանգ ներկայի եւ յարատեւ ապագայի: Ով պատրաստակամ է յանուն այդ սուրբ առաքելութեան նուիրաբերելու իր ամենաթանկագինն անգամ` սեփական կեանքը, վստահաբար կրելով իր մէջ այն ուղեցոյց պատգամը, որ սերունդներին ի պահ կտակել է եւս մէկ մեծ հայ` սպարապետ Գարեգին Նժդեհը. «Բաւական չէ իր ազգի զաւակը լինել, պէտք է նաեւ նրա հրաշունչ զինուորը լինել»:
Հայ ժողովրդի նորագոյն պատմութեան առաջին անգնահատելի արժէքը` հայոց բանակը, 26 տարեկան է: Առաջին, քանզի տակաւին իր ձեւաւորման սաղմնային շրջանում անգամ` 1988-1991թթ., ի զէն ելնելով աշխարհասփիւռ հայութեան քաջազուն զաւակներից կազմուած ֆիտայական-կամաւորական ջոկատների տեսքով, ոխերիմ թշնամու ելուզակային ասպատակութիւններից նա ոչ միայն յաջողութեամբ պաշտպանում էր հայրենի եզերքը` Հայաստանում եւ Արցախում, այլեւ հայ հանրութեան գիտակցութեան մէջ կռում ու կոփում էր կորուսեալ ազգային անկախութեան վերականգնման գաղափարը` հանդէս գալով որպէս այդ երանելի հնարաւորութեան ուժային ապահովման երաշխաւոր: Եւ, անշուշտ, այդ երաշխիքից բխող ուժ ու կորովով է, որ հայ ժողովուրդը 20-րդ դարում երկրորդ անգամ խիզախեց հռչակել անկախ պետականութիւն` գրեթէ միաժամանակ Հայաստանում եւ Արցախում` կերտելով մեր նորագոյն պատմութեան գլխաւոր արժէքը: Ընդ որում, երկու դէպքում էլ, դարասկզբին` Հայաստանի Ա. Հանրապետութեան եւ դարավերջին` Հայաստանի եւ Արցախի զուգապետութեան հռչակման օրօք, ռազմաքաղաքական խառնակ իրադարձութիւնների ժամանակաշրջաններում, հայութեան համար միանգամայն անբարենպաստ իրադրութիւններում, երբ անդունդի եզրով մեր ոչ հեռաւոր նախնեաց եւ մեր սերունդների կողմից կատարուող ցանկացած փոքր-ինչ անզգուշ քայլ յղի էր ազգովի մէկընդմիշտ գահավիժելու ու կործանուելու վտանգով:
Դարավերջի հայկական բանակի կազմաւորումը, ինչպէս որ դարասկզբին էր, համընկնում է արցախահայութեան ազգային-ազատագրական պայքարի փուլին, երբ ազրպէյճանական ելուզակները սկսեցին ոտնձգութիւններն ինչպէս Հայաստանի սահմանամերձ, նոյնպէս եւ Արցախի բնակավայրերի նկատմամբ, ինչը 1992-1994թթ. վերածեց Ազրպէյճանի հետ չյայտարարուած, բայց փաստացի պատերազմի, եւ երբ Հայաստանի Հանրապետութիւնն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը միաժամանակ ձեռնամուխ եղան զինուած ուժերի ստեղծմանը: 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագոյն խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախութեան մասին» հռչակագիրը, որով ազդարարուեց Հայաստանի փաստացի անկախութիւնը, նոր իրաւական եւ գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:
Հայաստանի Հանրապետութեան բանակի կազմաւորումը, ինչպէս յայտնի է, անցել է մի քանի փուլերից:
Առաջին փուլը տեւել է 1988 թուականի փետրուարից մինչեւ 1992 թուականի մայիս: Այս ժամանակաշրջանում արցախեան շարժման աշխուժացման եւ հայ-ազրպէյճանական յարաբերութիւնների ծայրաստիճան սրման պայմաններում աւելի քան հրատապ դարձաւ Հայաստանի եւ Արցախի բնակչութեան ռազմական անվտանգութեան ապահովման խնդիրը: 1990-ի սեպտեմբերին կազմաւորուեց Երեւանի յատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջեւանում, Մեղրիում ձեւաւորուեցին համապատասխան թուով վաշտեր: 1991թ. ՀՀ կառավարութեան որոշմամբ ստեղծուեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանութեան պետական կոմիտէ: Նմանատիպ կառոյց արդէն գործում էր Լեռնային Ղարաբաղում, որտեղ սկզբնական փուլում, նախքան Պաշտպանութեան բանակի ձեւաւորումը, կամաւորական ստորաբաժանումների գործողութիւնները համակարգել են ընդյատակեայ ինքնապաշտպանութեան կոմիտէն, հրամանատարութիւնը, ԼՂՀ Պաշտպանութեան խորհուրդը, իսկ 1991-ի փետրուարից մինչեւ 1992-ի սկիզբը ԼՂՀ-ում կազմաւորուել են 10-ից աւելի կամաւորական վաշտեր ու ջոկատներ` 1000-ից աւելի կամաւորականներով, որը կանոնաւոր բանակի ստեղծման լուրջ նախադրեալ էր: 1992թ. փետրուարի 29-ին Արցախի կամաւորական ստորաբաժանումներին շնորհուել է ինքնապաշտպանական ուժերի պետական կարգավիճակ:
Իսկ 1992-ի մարտի 26-ին ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծուեց ռազմական ոլորտի ժամանակաւոր կառավարման մարմին` Ինքնապաշտպանութեան կոմիտէ: Ինքնապաշտպանութեան ուժերի կազմում 1992թ. օգոստոսի 14-ին ստեղծուել են պաշտպանական շրջաններ` Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Շահումեանի, Շուշիի, Կենտրոնական եւ այլն: Նոյն թուականի օգոստոսի 15-ին ԼՂՀ Գերագոյն խորհրդի նախագահութեան որոշմամբ կազմաւորուել է Պաշտպանութեան պետական կոմիտէ, որին վերապահուել են երկրի ողջ գործադիր իշխանութեան գործառոյթները, իսկ 1995-ի յունուարին ստեղծուել է ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը:
Այսպիսով, զգալիօրէն հեշտացուեց բարդագոյն պայմաններում Հայաստանի, Արցախի եւ Շահումեանի պաշտպանական գործողութիւնների համակարգման խնդիրը` միաժամանակ դառնալով այն հիմքը, որի վրայ քիչ աւելի ուշ պէտք էր ստեղծուէին Հայաստանի եւ Արցախի պաշտպանութեան նախարարութիւնները: 1992թ. յունուարի 28-ին ՀՀ կառավարութիւնն ընդունեց «Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրաւականօրէն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: Հիմք ընդունելով այդ նշանակալի պատմական որոշումը` յունուարի 28-ը հետագայում օրէնսդրօրէն ազդարարուեց որպէս Հայոց բանակի կազմաւորման տօնական օր:
Աւելի ուշ, հիմք ընդունելով Արցախի ինքնապաշտպանութեան ուժերի առաջին խոշոր մարտական յաջողութիւնը` Շուշիի ազատագրումը 1992 թուականի մայիսի 9-ին, որին յաջորդել է Լաչինի ազատագրումն ու Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնումը («Կեանքի ճանապարհ»), ԼՂՀ Պաշտպանութեան բանակի ստեղծման օր հռչակուեց մայիսի 9-ը:
Կամաւորական ազատամարտիկներից շատերը, կա՛մ պատերազմի տարիներին, կա՛մ պատերազմից յետոյ, Հայաստանում թէ Արցախում, համալրեցին բանակի շարքերը` որպէս սպաներ ու ենթասպաներ: 1992թ. մայիսին Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը սկսեց առաջին զօրակոչը հանրապետութեան տարածքում` հիմք դնելով բանակը ժամկէտային զինծառայողներով համալրելու կայուն աւանդոյթին:
Հայաստանի եւ Արցախի զինուած ուժերում զօրակոչը նախատեսուած է 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար` 2 տարի ժամկէտով, որը կարգաւորւում է «Զինապարտութեան մասին» օրէնքով: Զօրակոչն ու զօրացրումը իրականացւում է տարին երկու անգամ` ամրանը եւ ձմրանը: Այդ պարունակում նշենք նաեւ, որ 2017 թուականից Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը շրջանառութեան մէջ է «ես եմ», «պատիւ ունեմ» եւ «դիտակէտ» նախագծերը` կոչուած կանոնակարգելու Հայոց բանակի սպայակազմի որակաւորման եւ վերաորակաւորման, պարտադիր զինուորական ծառայութեան գործընթացները:
Երկրորդ փուլը տեւել է 1992թ. յունիսից մինչեւ1994թ. մայիս: Այս ժամանակաշրջանում Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնները գտնւում էին Ազրպէյճանի Հանրապետութեան յարձակման թիրախում: Շնորհիւ իշխանութիւնների հետեւողական քաղաքականութեան` արդէն 1992-ի աշնանը թէ՛ Հայաստանում եւ թէ՛ Արցախում գործող գրեթէ բոլոր զինուած խմբաւորումները հիմնականում միաւորուած էին մէկ համակարգի մէջ, ինչը հնարաւոր դարձաւ մասամբ նաեւ արտաքին վտանգի գործօնի ազդեցութեամբ: Ինչպէս յայտնի է, այդ ժամանակահատուածում թշնամու կողմից զաւթուած էին Շահումեանի շրջանը, Մարտակերտի շրջանի ամբողջ նախալեռնային հատուածը, Հադրութի շրջանի մի մասը, գրաւման սպառնալիքի տակ էր մայիսին Լաչինով բացուած մարդասիրական միջանցքը: Այսպիսի իրադրութեան պայմաններում հնարաւոր դարձաւ ոչ միայն համախմբել ապակենտրոնացուած զինուած խմբաւորումները, այլեւ փոխել բանակի հրամանատարական ղեկավարման մեթոտները` տարերայնօրէն առաջ եկած դաշտային հրամանատարներից աստիճանաբար վերցնելով պլանաւորման գործառոյթը եւ յանձնելով դրանք արհեստավարժ բարձրաստիճան սպաների: Վերջիններս հիմնականում ԽՍՀՄ ռազմական կրթութեան դպրոցով անցած եւ խորհրդային բանակում թրծուած ղեկավար սպաներ էին: Այն բանից յետոյ, երբ մարտական գործողութիւնների ծրագրաւորումն անցաւ արհեստավարժ սպաներին, ռազմաճակատում տեղի ունեցան էական փոփոխութիւններ. հայկական կողմը կանխարգելիչ հարուածներ հասցրեց Լաչինի հիւսիսից միջանցքին սպառնացող ազրպէյճանական ուժերին, Ղուբաթլու-զանգելան հատուածում էապէս մեծացրեց Կապան քաղաքի եւ Կապան-Գորիս մայրուղու անվտանգութեան գօտին, տարեվերջին կայունացրեց ռազմաճակատը, որին արդէն հետեւեց 1993թ. յաղթահանդէսը:
Այս առումով ուշագրաւ է, որ Ազրպէյճանում միայն մէկ տարի անց` 1993-ի վերջին տեղի ունեցաւ կենտրոնացուած հրամանատարութեան նման անցումը, ինչը, անշուշտ, էական գործօն էր հայկական զօրքերի յաղթանակի հարցում:
Երրորդ փուլը սկսուել է 1994թթ. յունիսից եւ շարունակւում է մինչ այսօր: Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացուել բանակաշինութեան, զօրքերի մարտունակութեան բարձրացման, կարգապահութեան ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպէս նաեւ պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակութիւն յարաբերութիւններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղութեամբ:
Պատերազմում տարած յաղթանակը թոյլ տուեց պահել նորանկախ պետականութիւնը Հայաստանում եւ Արցախում, հետեւաբար` զարկ տալ բանակաշինութեանը:
Հարկ է նշել, որ հայկական բանակի պատմութեան մէջ եղել է բախտորոշ երկու շրջան: Առաջինը 1993-1994թթ. ձմեռային ռազմագործողութիւններն էին, երբ ամառային հակայարձակողական մարտերից յետոյ պատերազմող բանակը պէտք էր անցնէր կազմակերպուած եւ տեւական պաշտպանութեան Քարվաճառից մինչեւ Հորադիզ ձգուող անծանօթ եւ նոր իւրացուող տարածքներում:
Երկրորդ բախտորոշ շրջանը յետպատերազմեան 90-ականների ֆինանսատնտեսական ծանր վիճակն էր: Նման պայմաններում երկրի առջեւ ծառացան բանակի կազմակերպման, արհեստավարժ ներուժի թարմացման ու կատարելագործման, նորահաստատ մարտական դիրքերի ամրապնդման եւ զօրահաւաքի դժուարին խնդիրները: Կարելի է ասել, որ հետեւողական աշխատանքով երկրի իշխանութիւններին յաջողուեց 21-րդ դարասկզբին լուծել այս օրախնդիր հարցերը:
Բանակաշինութեան հիմնական խնդիրներից մէկը մարդուժի պատրաստութիւնն է: Այսպէս, Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան` դեռեւս 1994թ. ստեղծուած բարձրագոյն զինուորական բազմաբնոյթ զինուորական ուսումնարանը կառավարութեան որոշմամբ 1998թ. վերակազմաւորուեց ռազմական ուսումնական հիմնարկի, ապա եւ` համալսարանի (ներկայումս` Վազգէն Սարգսեանի անուան), որի առաքելութիւնը խաղաղ եւ պատերազմական ժամանակ ՀՀ պաշտպանութեան խնդիրներն իրագործելու ունակ, բարձրակարգ սպայական անձնակազմի պատրաստումն է: 2001թ. Երեւանի ռազմական օդանաւորդութեան ուսումնարանը միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատութիւնից վերածուեց բարձրագոյն ռազմական ուսումնական հաստատութեան` պաշտպանութեան նախարարութեան ռազմական օդանաւորդութեան հիմնարկի (ներկայումս` Արմենակ Խանփերեանցի անուան): Ստեղծուել է Հերացու անուան Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական բաժանմունքը: Իսկ Ստեփանակերտում գործում է Քրիստափոր Իւանեանի անուան ռազմամարզական վարժարանը, որը միջին սպայական անձնակազմի է պատրաստում Պաշտպանութեան բանակի համար: Շարունակուել է նաեւ սպայական անձնակազմի պատրաստումն ու վերապատրաստումն արտասահմանեան երկրների ռազմաուսումնական հաստատութիւններում: Մասնաւորապէս, Ռուսաստանում եւ Յունաստանում ուսումնառել եւ այսօր իրենց ուսումը շարունակում են աւելի քան 1500 սպայ: Հաշուի առնելով, որ զինուած ուժերի սպաների մի զգալի մասը կազմում էին ինքնապաշտպանական կամաւորական ջոկատների մարտիկները, նրանց որակաւորման եւ վերապատրաստման նպատակով ստեղծուեց սպաների որակաւորման բարձրացման կենտրոնը, որն իր գործունէութեան ընթացքում տուել է շուրջ 1500 սպայ-շրջանաւարտ: Աւելի քան 1000 շրջանաւարտ է տուել Ենթասպաների դպրոցը:
Ռազմական բարձրագոյն եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատութիւնների ստեղծումը նշանաւորեց բանակաշինութեան անցումը ժամանակակից պայմանների: 1994 թուականի հրադադարից յետոյ ԼՂՀ զինուած ուժերում տեղի են ունեցել կազմակերպակառուցուածքային բարեփոխումներ, ստեղծուել են նոր կազմաւորումներ (միաւորումներ, գունդեր եւ այլն): ԼՂՀ պաշտպանութեան շրջանների առջեւ խնդիր է դրուել մարտական շփման գծի երկայնքով ապահովել պաշտպանութեան ամուր դիրքեր` ռազմական եւ ճարտարագիտական ժամանակակից սարքաւորումներով հանդերձաւորուած:
Մեր օրերում Հայաստանի զինուած ուժերը, ինչպէս նաեւ Արցախի Պաշտպանութեան բանակը թեւակոխել են զարգացման, կատարելագործման եւ մարտահրաւէրների նոր փուլ, որում հնարաւորութիւն է ընձեռւում բանակին շարունակելու յաղթանակած մնալ չաւարտուած պատերազմում, ինչն էլ շղթայաբար պարարտ հող է ստեղծում երկու հայկական երկրների հետագայ անխափան զարգացման համար:
Միեւնոյն ժամանակ, ներկայումս քննարկման փուլում է գտնւում Հայաստանի զինուած ուժերի արդիականացման եօթնամեայ` 2018-2024թթ. ծրագրի նախագիծը, որի մէջ, հաշուի առնելով առկայ մարտահրաւէրները, կանխատեսւում են իրավիճակի զարգացման հնարաւոր տարբերակները, ուղենշւում դրանց հակազդման ուղիները, նախատեսւում ստեղծել անհրաժեշտ պայմաններ` առկայ միջոցների ղեկավարումն առաւելագոյնս արդիւնաւէտ իրականացնելու համար: Նոր ծրագիրը, որը վերաբերում է ինչպէս զինուած ուժերի ամրապնդմանն ու կատարելագործմանը, այնպէս էլ զինատեսակների արդիականացմանը, նպատակ է հետապնդում էլ աւելի բարձրացնելու զինուած ուժերի կառավարման արդիւնաւէտութիւնը, բանակի պատրաստականութեան ու մարտունակութեան աստիճանը:
Հայկական զինուած ուժերը կազմաւորման պահից մինչ այսօր շարունակում են համագործակցութիւնը միջազգային տարբեր կառոյցների հետ եւ քայլեր են ձեռնարկւում այդ կապերն աւելի ընդլայնելու համար: ՀՀ-ն, 1992-ի մայիսի 15-ին ստորագրելով Հաւաքական անվտանգութեան մասին պայմանագիրը, դարձել է ՀԱՊԿ անդամ:
Հայաստանի զինուած ուժերի միջազգային համագործակցութեան դաշտում կարեւոր տեղ ունի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցութիւնը: Տարէցտարի խորանում եւ ընդլայնւում է հայկական զինուած ուժերի համագործակցութիւնը նաեւ Հիւսիսատլանտեան դաշինքի հետ:
Հայկական զինուած ուժերի պատմութեան մէջ կարեւորագոյն դերակատարում ունեն հայ խաղաղապահները` 2004թ-ից սկսած համաշխարհային անվտանգութեան եւ երկարատեւ խաղաղութեան ապահովման իրենց առաքելութիւնը փայլուն կերպով իրականացնելով աշխարհի տարբեր հակամարտային գօտիներում` Քոսովօ, Իրաք, Աֆղանստան, Լիբանան, Մալի: Նաեւ նրանց շնորհիւ է, որ աշխարհի բազմաթիւ երկրներում տեսան ու գնահատեցին հայ զինուորի տեսակը: Այն տեսակը, որի անձնազոհ նուիրուածութիւնը Մայր հայրենիքին արիութեան ու խիզախութեան սահմաններ չի ճանաչում: Այն տեսակը, որի գիտակցութեան մէջ հաստատուն ամրագրուած է նժդեհեան խորիմաստ պատգամը. «Վաղը յաղթելու է նա, որ մինչ այդ վաղը իր հոգու մէջ կը տանի յաղթանակը»:
Շնորհաւոր տօնդ, հայո՛ց բանակ:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար