Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Տէրեանի Նամակը Սոնա Օթարեանին

$
0
0

Աղբիւրը՝ arfd.am

1906 9/1 Ալեքսանդրապոլ

1920 թուականի յունուարի 7-ին, հեռաւոր Օրենպուրկում, մահկանացուն կնքեց հայ մեծ բանաստեղծ Վահան Տէրեանը: Կեանքի մեծ մասը անցկացնելով հայրենի եզերքից հեռու` Տէրեանը մշտապէս ապրեց հայրենիքով, իրականացրեց աշխուժ ազգային-հասարակական եւ քաղաքական գործունէութիւն: Կարելի է յիշել թէկուզ այն փաստերը, որ նա 18-19 թուականներին եղել է պոլշեւիկեան Ռուսաստանի Ազգութիւնների գծով ժողովրդական կոմիսարի տեղակալը, մասնակցել է Պրեսթ Լիթովսքի բանակցութիւններին, մասնակցել է «Թուրքահայաստանի մասին դեկրետի» կազմման աշխատանքներին` կատարելով անմիջականօրէն Լենինի յանձնարարութիւնը:

Տէրեանը պոլշեւիկեան կուսակցութեանը յարեց Ռուսաստանում վերջիններիս յաղթանակից յետոյ` այս եւ իրականացրած միւս քայլերով փորձելով օժանդակել Հայկական հարցի լուծմանը: Բայց տեղի ունեցաւ հակառակը եւ, Թումանեանի լեզուով ասած, «հին ցարին փոխարինած նոր ընկերից» հիասթափուած` պաշտօնից հեռացուած հիւանդ գործիչը առողջութեան համար անյաղթահարելի գործուղման մեկնեց Թուրքմենիա, որի ճանապարհին էլ կնքեց մահկանացուն:

1905-1906 թուականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ՀՅ Դաշնակցութիւնը ողջ Անդրկովկասում ոչ միայն ինքնապաշտպանութիւն էր կազմակերպել, այլեւ ծաւալել էր լայն քարոզչական-ցուցական գործողութիւններ` գործադուլներ, ցոյցեր եւ այլն: Երիտասարդ դաշնակցական Տէրեանը 1906 թուականին, որպէս «փրոփականտիսթ» քարոզչական աշխատանքներ է իրականացրել Շիրակի դաշտավայրում: Ներկայացուող նամակը գրուել է հէնց այս օրերին, Ալեքսանդրապոլում:

Սոնա՛,

Նորերս ձեզ մի նամակ ուղարկեցի, այժմ ուզում եմ մի քիչ ընդարձակ խօսել: Վերջերս այդ անիծեալ գործադուլը մեր նամակագրութիւնն էլ դադարեցրեց: Ճեմարանում էլ ուսումը դադարեց, եւ ես եկայ Կովկաս: Թիֆլիսում մտայ Դաշնակցութեան կազմակերպութեան մէջ` իբրեւ փրոփականտիսթ: Ուզում էին այնտեղ թողնել բանուորների մէջ փրոփականտ անելու, բայց չմնացի: Մակինցեանը մօտս է: Եկանք Ալեքսանդրապոլ: Մինչեւ այժմ շրջում էինք գիւղերում: Նոր ենք վերադարձել եւ այժմ մեզ ուզում են պահել քաղաքում` փրոփականտի: Երեւակայեցէք` ոչ մի կարգին փրոփականտիսթ չունեն, եւ չեմ սխալուի, եթէ ասեմ, որ նոյնիսկ Կենտրոնական կոմիտէի անդամները կարօտ են փրոփականտի: Այնպիսի տգիտութիւն ու խաւար է տիրում այստեղ, որ թէեւ գիտես, որ շատ սուղ է քո պաշարը, բայց այնուամենայնիւ զգում ես քեզ համարեա որպէս մի փրոֆէսէօր հասարակական գիտութեանց: Աւետիք Իսահակեանին բաւականին մօտ ծանօթացայ: Նա շատ անկեղծ մարդ է եւ շիտակ. այնպէս որ, դա արդէն նրա համար մի մեծ փլիւս է: Ճիշդ է, կանանցով շատ է տարւում, բայց, Սոնա՛, ճիշդն ասած, մեզանից տղամարդկանցից ո՞րը չի տարւում, եւ եթէ ուրիշները սուրբ են երեւում, դա միայն նրանից է, որ նրանք դիմակի տակ են լինում: Աւետիքը անմիջական զգացմունքի եւ տրամադրութեան մարդ է, եւ իզուր կը լինէր նրա մէջ որոնել փիլիսոփայական մտքի որոշ սիսթեմաթիքական ուղղութիւն:

Նրա բանաստեղծութիւններն էլ անմիջական զգացմունքի արտադրութիւն են: Մի օր նա երկար պատմեց իր գլխին եկած արկածները եւ վերին աստիճանի անկեղծ էր իւր պատմութեան մէջ: Ծննդին Ղազարապատ գիւղում էինք: Աւետիքը այնտեղ պահած ունի մի մեծ պոէմ (մօտ 200 երես) «Մասսա մանուկը» վերնագրով, որ թաղած է եղել հողի տակ մի քանի տարի` վախենալով խուզարկութիւնից:

Ահա այդ պոէմը պիտի կարդար մեզ համար, եւ դրա համար մենք Անիից վերադառնալիս եկանք Ղազարապատ, ուր ապրում էր նրա եղբայրը եւ ուր նրանք կալուածքներ ունեն: Բայց Աւետիքը այդ օրերը գնացել էր գործով Թիֆլիս եւ չեկաւ: Մենք այնտեղ մնացինք մի քանի օր եւ վերադարձանք քաղաք: Այստեղ համարեա միակ կարգին մարդը Աւետիքն է, մէկ էլ` Լեւոն Մանուէլեանը, որի մօտ էլ լինում եմ: Ամսոյս վերջին կը գնամ Մոսկուա, որովհետեւ ուսումը երեւի կը սկսուի եւ հաշիւներս վերջնականապէս կը վերջացնեմ ճեմարանի հետ: Այստեղի դէպքերի մասին կարդացած կը լինէք լրագիրներում: Արդեօք միտք չունէ՞ք գալու: Շատ լաւ կը լինէր, եթէ Մոսկուա գայիք: Միջոցներ ունենայի` ես էլ կը գայի արտասահման ամառս, բայց®

Շրջեցի շատ գիւղեր, ընդունում էին լաւ, եւ այստեղ էլ բաւականին մեծ պատիւ ենք վայելում: Նամակս երեւի ստացած կը լինէք Անիից, դիտմամբ «զակազնոյ» գրեցի, որ հասնի անպատճառ: Այստեղ Սիրանուշը տուեց ներկայացում` «Դաւաճանութիւն»: Երեւակայեցէք` սաստիկ հիասթափուեցի: Նրա մասին այնպիսի գովասանքով էին խօսում, որ ես սպասում էի տաղանդաւոր խաղ, այնինչ նա այնքան թոյլ էր, որ բաւարար դերասանուհու տպաւորութիւն էլ չթողեց: Վրոյրը հիանալի էր:

Այստեղի արիւնալի դէպքերի մասին կը գրեմ միայն այնքանը, որ դժբախտաբար նոքա արդէն սովորական են դարձել. այնպէս որ, այնքան էլ ուշք չես դարձնում: Մերոնք լաւ են, այժմ բաւականին զինուած են: Մանաւանդ «Դաշնակցութիւնը» մեծ դեր է խաղում եւ իմ խորին համոզմունքով, եթէ չլինէր նա, շատ տեղերում ոչ մի հայ չէր մնայ:

Թիֆլիսի ընդհարումների ժամանակ այնտեղ էի եւ աչքովս տեսայ Դաշնակցութեան կատարած դերը: Կռուի մէջ Դաշնակցութիւնը իրան հաւասարը չունի, բայց փրոփականտի մէջ շատ թոյլ է: Գաւառը մի տեսակ անախորժ տպաւորութիւն է թողնում եւ շատ ձանձրալի է կեանքը, միայն գործն է, որ քիչ կենդանութիւն է տալիս այստեղի կեանքին: Շնորհքով մարդիկ էլ չկան, որ մարդ կարողանայ հետները խօսել գոնէ: Մոսկուայի դէպքերի մասին կարդացի: Երեւակայեցէք` ռմբակոծել են հէնց այն տունը, որի մէջ մի ժամանակ մինչեւ Կովկաս գալս ես ապրում էի: Ճակատագիրը ինձ ազատել է` չգիտեմ ինչո՛ւ համար: Ռուսաստանում այնպիսի քաոս է տիրում, որ մտքերս էլ են սրուել եւ ես չգիտեմ նոյնիսկ թէ ինչ գրեցի:

Տպաւորութիւնները այնքան շատ են, որ չգիտես որը գրես եւ վերջապէս ոչինչ չես գրում: Կուրծքս, չգիտեմ` ինչո՞ւ, նոր սաստիկ սկսեց ցաւել, այնպէս որ, վերջացնում եմ նամակս:

ՁԵՐ ՎԱՀԱՆ

Չարենցի անուան Գրականութեան եւ արուեստի թանգարան` Վահան Տէրեանի ֆոնտ


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>