«Սեղմուած կազի գնի կտրուկ բարձրացումը կարող է
յանգեցնել փոխադրամիջոցների ուղեվարձի վերանայմանը»
Ինչպէս եւ կանխատեսւում էր տարեվերջին, 2018թ. յունուարը սկսում ենք թանկացումներով. թանկացել են պենզինը, սեղմուած կազը, տիզելային վառելիքը: Գնաճի պատճառների, դրանց կանխարգելմանն ուղղուած քայլեր իրականացնելու եւ այլ հարցերի շուրջ «Երկիր»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ղեկավար, տնտեսագէտ Սուրէն Պարսեանի հետ:
ԱՄԱԼԻԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Պարո՛ն Պարսեան, տարեվերջից սկսած մի շարք ապրանքների գնաճ նկատուեց, որը, շատերի գնահատմամբ, աննախադէպ է: Նախ` ի՞նչ հանգամանքներով կը բացատրէք այս գնաճը:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Սպառողական գների աճը հաշուարկւում է 470 ապրանքի գների ուժաբանութեան) համապատասխան, սակայն գործնականում սպառողների ծախսերի շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում պարէնային ապրանքներին, ինչը բացատրւում է ցածր աշխատավարձերով եւ շուրջ 30 տոկոս աղքատութեան մակարդակով: Իւրաքանչիւր տարեվերջի գրանցւում է սպառողական, նոյնն է` առաջին անհրաժեշտութեան ապրանքների գների աճը, մասնաւորապէս` կարագի, շաքարաւազի, մսի, ձուի եւ այլն, ինչն արդարացիօրէն մեր ազգաբնակչութեան շրջանում բողոքի առիթ է ստեղծում:
Գների բարձրացման պատճառներն առարկայական եւ ենթակայական են, մասնաւորապէս` տարեվերջին կտրուկ աւելանում է մի շարք ապրանքների նկատմամբ պահանջարկը, իսկ շուկայում գերիշխող կամ մենաշնորհ դիրք ունեցող տնտեսվարողները, հակամրցակցային համաձայնութեան գալով, աւելի են բարձրացնում գները:
Բացի այդ, եթէ նախկինում մենք ունէինք մենաշնորհով ներմուծողներ-մեծածախ վաճառողներ, ապա ներկայումս մանրածախ առեւտրում եւս գրանցւում է համակեդրոնացման մակարդակի աճ, այսինքն փոքր խանութների կրճատման հաշուին հիմնւում եւ ընդլայնւում են խոշոր սուփերմարքեթների ցանցերը:
Ա. Ա.- Շատերը պնդում են, որ գնաճը ԵԱՏՄ-ին անդամակցութեամբ է պայմանաւորուած: Իրականութեանը համապատասխանո՞ւմ է այդ պնդումը:
Ս. Պ.- Այս տարուայ յունուարի 1-ից երրորդ երկրներից ներմուծուող մի շարք ապրանքների մաքսատուրքերն աւելացել են հիմնականում 1-2 տոկոսի չափով, մասնաւորապէս` թէյի, կարագի, հաւի մսի եւ այլն:
ՀՀ Կեդրոնական դրամատան կողմից արդէն իսկ կատարուել են հաշուարկներ, ըստ որոնց, մաքսատուրքի աւելացման արդիւնքում գնաճը կը կազմի 0,4 տոկոս, որը զգալի չէ, անշուշտ, եթէ զսպուի մենաշնորհների ախորժակը, քանի որ յաճախ առարկայականօրէն գների 1-2 տոկոս աճը մեր դէպքում դառնում է 5-10 տոկոս, ինչը վկայում է մեր ներքին շուկայում ոչ առողջ մրցակցութեան մասին: Այստեղ մեծ անելիք ունի ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը:
Ա. Ա.- Խօսւում է 800 անուն ապրանքների թանկացման մասին: Բայց մի քանի ապրանքների անուն է շրջանառւում` միս, սուրճ, պենզին, սեղմուած կազ…Ի վերջոյ, տեղեկութիւն կա՞յ` որո՛նք են այդ 800 ապրանքները, որ այս յունուարից արդէն թանկանալու են:
Ս. Պ.- Պէտք չէ շփոթել մաքսատուրքերի եւ ներքին հարկերի բարձրացման դէպքերը: Մասնաւորապէս յունուար 1-ից արդէն ուժի մէջ մտած նոր Հարկային օրէնսգրքով նախատեսուած է սեղմուած բնական կազի, ոգելից ըմպելիքների, ծխախոտի անուղղակի տուրքի դրոյքաչափերի աճ, ինչը գանձային` պետական պիւտճէն լցնելու նպատակ ունի:
Անուղղակի հարկը բարձրանում է հիմնականում ոչ առաջին անհրաժեշտութեան ապրանքների համար, բացառութիւն է սեղմուած բնական կազը, որն արդէն իսկ թանկացել է: Սեղմուած բնական կազի գնի կտրուկ բարձրացումը հետագայում կարող է յանգեցնել փոխադրամիջոցների ուղեվարձի վերանայմանը:
Ա. Ա.- Երբ միջազգային շուկայում տարբեր ապրանքներ թանկանում են, այստեղ էլ են դրանց գներն աճում, երբ ինչ-ինչ ապրանքներ էժանանում են միջազգային շուկայում, այստեղ էժանացում չի նկատւում: Ինչո՞ւ:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Դեկտեմբերին ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակը հրապարակել էր «Կարագի գնի բարձրացման պատճառները: Մենաշնորհների դէմ պայքարի մեքանիզմները» թեմայով վերլուծութիւն, որի շրջանակներում ուսումնասիրուել էին կարագի միջազգային շուկայում միտումները եւ գները:
Արեւմտեան Եւրոպայի երկրներում մեծածախ նորզելանտական կարագի 1 քկ-ի գինն իր առաւելագոյնին է հասել 2017 թուականի սեպտեմբերին` 8,075 ամերիկեան տոլար, հոկտեմբերին` 7,05 ամերիկեան տոլար, նոյեմբերին` 5,969 ամերիկեան տոլար: Նոյն միտումն է գրանցուել նաեւ համաշխարհային շուկայում, այսինքն վերջին ամիսների ընթացքում արձանագրուել է կտրուկ գնանկում, ինչը, ցաւօք, չի դիտւում Հայաստանում: Ստացւում է, որ մի հրաշքով մեր տնտեսվարողները` բոլորը, ներմուծում են իրականացրել սեպտեմբեր ամսին` թանկ գներով եւ այժմ ստիպուած են յաջորդող ամիսներին բարձր գներով իրացնել իրենց ապրանքները: Այս երեւոյթը բացատրւում է նրանով, որ Հայաստանի կարագի շուկայում գործում են մեծ թուով ներմուծողներ եւ արտադրողներ, սակայն գերիշխող դիրք ունի «Ալեքս Գրիգ» ընկերութիւնը, որը իրականացնում է միաժամանակ ներմուծում եւ մանրածախ վաճառք:
ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի կողմից «Ալեքս Գրիգ»-ի գործունէութիւնը պէտք է ուսումնասիրուի ներմուծում-մանրածախ շղթայի ընդհանուր պարունակում եւ ոչ` անջատ: Հակառակ դէպքում կ՛ունենանք այն, ինչ ունենք` մանրածախ վաճառքում գների սրընթաց բարձրացում եւ գների իջեցման արգելակող ազդեցութիւն: Նման գերիշխող դիրք եւ հակամրցակցային համաձայնութիւններ են գրանցւում նաեւ այլ շուկաներում:
Ա. Ա.- Ինչպէ՞ս պայքարել գնաճի դէմ:
Ս. Պ.- Ցաւօք, գնաճի դէմ պայքարի ազատական եւ ոչ արմատական մեքանիզմները չենք փոխում տասնամեակներով: Կեդրոնական դրամատունը կարծում է, որ վերաֆինանսաւորման տոկոսադրոյքի բարձրացման եւ իջեցման շնորհիւ կարող է զսպել կամ կառավարել գնաճը, ինչը սպառողական ապրանքների դէպքում չի արդարացնում:
Կարծում եմ` նախ անհրաժեշտ է առանձնացնել 3 ընկերային խմբերի համար սպառողական զամբիւղներ` երեխաների, աշխատողների եւ կենսաթոշակառուների համար, եւ իւրաքանչիւրի համար հաշուարկել գնաճային ճնշումները:
Երկրորդ` պէտք է վերանայել ՏՄՊՊՀ-ի լիազօրութիւնները եւ կազմը, աւելի անկախ եւ վստահելի դարձնել այդ մարմինը: Երրորդ` մշակել եւ կեանքի կոչել հակամենաշնորհային քաղաքականութիւնը, որը հիմնուած չի լինի զուտ մաքսային եւ հարկային վարչարարութեան բարելաւման վրայ, քանի որ գործնականում «նոր» մեծածախ վաճառողները կամ արտադրողները յաճախ չեն կարողանում մանրածախ վաճառք մուտք գործել խոշոր ֆինանսական ծախսերի եւ առեւտրային ցանցերի խտրականութեան արդիւնքում:
Չորրորդ` ելնելով մեր շուկայի փոքրութիւնից, պէտք չէ բացառել մենաշնորհ եւ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գործունէութիւնը, սակայն օրէնքի ուժով այդ ընկերութիւնները պէտք է դառնան բաժնետիրական, բաժնետոմսերի որոշ մասը ազատ վաճառքի հանուի, ինչն էլ կը նպաստի հանրային վերահսկողութեան եւ եկամուտների վերաբաշխման հաստատմանը:
Մեր հասարակութեան մէջ շատ հարուստների ու աղքատների միջեւ խզումը մտահոգիչ է, որն էլ նոր ընկերային պոռթկումի առիթ կարող է դառնալ: Այստեղ է, որ մեծ նշանակութիւն ունի ընկերային արդարութեան սկզբունքի ներդրումը: Հինգերորդ` ժամանակն է, որ տնտեսական քաղաքականութեան մշակման եւ կիրառման հիմքում դրուեն պետական կարգաւորման յստակ մեքանիզմներ:
Առանձին դէպքերում պետութիւնն ինքը կարող է իրականացնել այս կամ այն ընկերային նշանակութեան ապրանքների ներմուծումը եւ իրացումը:
Գնաճն անխուսափելի է, սակայն կարգաւորուող պէտք է լինի, այսինքն ազգաբնակչութեան եկամուտներն աւելի արագ պէտք է աճեն, քան գները:
Վարեց` ԱՄԱԼԻԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ