Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 17231

«ԼՂ Հակամարտութիւն. Տարածաշրջանի Գերտէրութիւնների Դերակատարութիւնը». Վահրամ Բալայեանի Խօսքը Թեհրանի Մէջ Կայացած Հայ Դատի Խորհրդաժողովին

Image may be NSFW.
Clik here to view.

Ստորեւ կը հրապարակենք Արցախի  Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի անդամ, դոկտ. փրոֆէսէօր Վահրամ Բալայեանի ելոյթը Թեհրանի Հայ դատի յանձնախումբին նախաձեռնութեամբ 15-17 նոյեմբերին Իրանի մէջ կայացած «Հայ դատը տարածաշրջանային վերջին իրադարձութիւններու լոյսին տակ» խորագիրով խորհրդաժողովին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծումը բարդանում եւ համարեա անհնարին է դառնում տարածաշրջանում գերտէրութիւնների շահերի իրերամերժութեան եւ խոր հակամարտութիւնների պատճառով:

Հետեւաբար, ինչպէս երկրագնդի, այնպէս էլ տարածաշրջանի գերտէրութիւնների մօտեցումներով է պայմանաւորուած նաեւ ԼՂ հիմնահարցի կարգաւորումը:

ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ պետութիւններից հակամարտող կողմերի վրայ ամենամեծ ազդեցութիւնն ունի Ռուսաստանը:

Վերջինս ոչ միայն մեծ շահեր ունի Հարաւային Կովկասում, այլ նաեւ բազմաթիւ նախաձեռնութիւններով, Մինսքի խմբից զատ, փորձում է իրավիճակի վրայ ազդել Ռուսաստան-Հայաստան-Ազրպէյճան եռակողմ բանակցային ձեւաչափի միջոցով (2015 թ. նոյեմբերից շրջանառութեան մէջ դրուած «Լաւրովի ծրագիրը», ՌԴ նախագահի միջնորդութեամբ Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հանդիպումների կազմակերպում եւ այլն):

Բայց ամէնից վտանգաւորը Ռուսաստանի կողմից Ազրպէյճանին զէնք վաճառելու արատաւոր փաստն է, որը խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացը աւելի մշուշոտ է դարձնում: Ժողովրդական իմաստուն խօսք կայ ասուած` «Եթէ հրացան կայ, այն մի օր պիտի կրակի»: Նման գործելաոճը Ռուսաստանը եւ Արցախը իրար կապող բազմադարեան ջերմ բարեկամութիւնը խաթարող հանգամանք է:

Ռուսաստանը հիմնականում ձգտում է Հայաստանի ու Ազրպէյճանի միջեւ հաւասարակշռութիւն պահպանել: Բայց վերոյիշեալ գործնական քայլերը այդ ծրագրին հակընդդէմ են:

Իր ռազմավարական դիրքի եւ ուժանիւթային պաշարների պատճառով տարածաշրջանային գերակայութեան հաստատման համար առանցքային նշանակութիւն ունեցող Ազրպէյճանի համար միմեանց հետ մրցակցում են մի կողմից Սիացեալ Նահանգներ, Արեւմուտքն ու Թուրքիան եւ միւս կողմից էլ` Ռուսաստանը:

Ներկայումս Ռուսաստան-Արեւմուտք, Միացեալ Նահանգներ ճգնաժամը աւելի է բարդացնում ստեղծուած կացութիւնը: Այս հանգամանքը որոշակիօրէն  ազդում է ղարաբաղեան հակամարտութեան եւ հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վրայ: Աշխարհաքաղաքական դիմակայութիւնը Արեւմուտքին եւ Ռուսաստանին ստիպել է առաւել աշխուժացնել տարածաշրջանային, տուեալ պարագայում` Հարաւային Կովկասում քաղաքականութիւնը: Եւ այդ մրցավազքի մէջ ինչ-որ առումով գերտէրութիւնները դէպքից դէպք հակամարտութեան այս կամ այն կողմի հանդէպ փոխել են իրենց մօտեցումները:

2013 թ. օգոստոսին Եւրոմիութեան հետ Հայաստանի ընկերակցութեան պայմանագրի կնքման նախաշեմին բաւականին բարդացան հայ-ռուսական յարաբերութիւնները: Եւրոտնտեսական միութիւն մտնելուց յետոյ այդ յարաբերութիւնները նորից շտկուեցին: Բայց դրա փոխարէն` բարդացան ՀՀ յարաբերութիւնները Արեւմուտքի հետ:

Վերջին շրջանում Ուաշինկթըն-Պրիւքսել-Երեւան կապերի սերտացման պայմաններում, նկատելի է Մոսկուա-Պաքու յարաբերութիւնների ջերմացման ընթացքը: Գերտէրութիւնների աշխարհաքաղաքական յարաբերութիւնների խորացման  խորապատկերի վրայ էլ ուրուագծւում է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ընթացքը:

Վերջին շրջանում Ռուհանի-Ալիեւ-Փութին ձեւաչափով հանդիպումները եւ Իրան-Ազրպէյճան-Ռուսաստան երկաթգծի կառուցումը կարելի է ընկալել Հայաստանին մեկուսացնելու եւս մի փորձ, որը անվստահութիւն կ՛առաջացնի յատկապէս բարեկամ երկրների միջեւ եւ առաւել կը հեռացնի ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման օրը:

Այդ ամէնով  հանդերձ, պէտք է նկատենք, որ հիմնահարցը կարգաւորելու համար Ռուսաստանի կողմից գործնական քայլերի բացակայութեամբ հանդերձ, այդ երկիրը շահագրգռուած է Հարաւային Կովկասի իրադրութեան կայունացմամբ:

Ռուսաստանի սահմանների մօտ նոր պատերազմը կարող է քաոս առաջացնել, իսկ դա անխուսափելիօրէն ուղեկցուելու է ամբողջ տարածաշրջանում ազգամիջեան երկպառակութիւններով, միլիոնաւոր մարդկանց կենսապայմանների կտրուկ վատթարացմամբ, ուրեմն նաեւ` գաղթականների նոր հոսքերով դէպի Ռուսաստան, Կովկասեան լեռներով դէպի հիւսիս ազգայնամոլական ու ծայրայեղական տրամադրութիւնների տարածմամբ` պարարտ հող ստեղծելով ահաբեկչութեան եւ Ռուսաստանում ազգամիջեան յարաբերութիւնների բարդացման համար: Ռուսաստանը Կովկասում ունի եօթ ինքնավարութիւն եւ երկու երկրամաս: Հարաւային Կովկասի կայունութիւնը Ռուսաստանի անվտանգութեան հարցն է:

Չնայած` Միացեալ Նահանգներ մեր տարածաշրջանից բաւականին մեծ հեռաւորութեան վրայ է գտնւում, այնուամենայնիւ այդ գերհզօր երկիրը աշխարհի այս հատուածում իր շահերն ունի եւ Եւրոմիութեան միջոցով հիմնականում համաձայնեցուած քաղաքականութիւն է վարում Անդրկովկասում եւ յարակից շրջանում:

Ռուսաստանի պարագայում, Միացեալ Նահանգների եւ Եւրոմիութեան մօտեցումները Ազրպէյճանի եւ Հայաստանի եւ դրանով նաեւ պայմանաւորուած` ղարաբաղեան հակամարտութեան նկատմամբ միանշանակ չեն: Այն որոշակի ժամանակի եւ աշխարհաքաղաքական զարգացումների հոլովոյթում փոփոխութիւնների է ենթարկւում: Զ. Պժեզինսքին գրել է. «Անկախ Ազրպէյճանը կարող է դառնալ միջանցք Արեւմուտքի համար` դէպի ուժանիւթի պաշարներով հարուստ Կասպիականի աւազանը եւ Միջին Ասիա: Ամերիկայի կողմից հզօրագոյն աշխարհաքաղաքական աջակցութեան արժանի պետութիւններն են` Ազրպէյճանը, Ուզպեքիստանը եւ Ուքրանիան. այս երեքը աշխարհաքաղաքական կենտրոններ են»:

Արեւմուտքն Ազրպէյճանի եւ Միջին Ասիայի նկատմամբ քաղաքականութիւնը ձգտում է վարել վերջիններիս հետ ցեղային, լեզուական, կրօնական, պատմամշակութեան կապեր ունեցող Թուրքիայի միջնորդութեամբ: Այդ միջնորդաւորուած կապը նպատակ ունի բարձրացնել Թուրքիայի դերակատարութիւնը տարածաշրջանում: 2007թ. Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարի օգնական Տենիել Ֆրիտը նշել է. «Թուրքիան իր աշխարհագրական դիրքով եւ ՕԹԱՆ-ի անդամակցմամբ, կապող օղակ է հանդիսանում Ազրպէյճանը Հիւսիսատլանտեան դաշինքին միաւորելու համար»:

Նման մօտեցումները տարածաշրջանում միտուած են լուծելու մի քանի հարցեր.

ա) Արեւմուտքը վերահսկողութիւն կը սահմանի մերձկասպեան տարածաշրջանի ուժանիւթի պաշարների վրայ:

բ) Թուրքիային տարածաշրջանում դարձնելով տնտեսական եւ քաղաքական առաջնորդ, դրանով իսկ կը թուլացնի Իրանի ազդեցութիւնը մահմետական երկրների վրայ:

գ) Հնարաւորինս կը թուլացնի Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքը:

Այս ամէնը լայն հեռանկար է բացում Թուրքիայի առջեւ փանթուրքիստական ծրագրերի իրագործման համար: Ի դէպ, Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ վերջին ամիսներին ստեղծուած լարուած վիճակը որակապէս չի փոխի Արեւմուտքի եւ Թուրքիայի միջեւ գոյութիւն ունեցող ռազմավարական յարաբերութիւնները, եւ այդ բոլորը կը մնան որպէս տարածաշրջանում Ռուսաստանին եւ Իրանին թուլացնելու միջոցներ:

Միացեալ Նահանգները եւ Եւրոմիութիւնը Ռուսաստանից հետ չմնալու համար վերջին շրջանում ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում որոշակի աշխուժութիւն են ցուցաբերում եւ փորձում են գործնական  դերակատարութիւն ունենալ: Այդ ամէնը տեսանելի է վերոյիշեալ երկրների պատասխանատուների ոչ միայն յայտարարութիւններից եւ համացանցում սփռուած  նիւթերից, այլ նաեւ` գործնական որոշ քայլերից: Այսպէս, 2012 թ. մայիսից սկսած առ այսօր Միացեալ Նահանգների 7 նահանգներ ճանաչել են Արցախի անկախութիւնը: Միացեալ Նահանգներ ՀՀ-ից յետոյ միակ երկիրն է, որ Արցախում մարդասիրական ծրագրերի իրագործման համար որոշակի գումար է յատկացնում: Ոչ պակաս ուշագրաւ է Միացեալ Նահանգների Քոնկրեսում  2015 թ. ԱՀ անկախութեան տարեդարձը նշելու փաստը: Միացեալ Նահանգների քոնկրեսականները իրենց հերթին 2015 թ. հոկտեմբերին նամակով դիմել են Ճէյմս Ուորլիքին` յորդորելով շփման գծում լարուածութեան թուլացման համար համապատասխան քայլեր ձեռնարկել: 2016 թ. յունուարին քոնկրեսական Ռոյսի նախաձեռնութեամբ, Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում ղարաբաղեան հարցով փակ լսումներ կազմակերպուեցին: 2016 թ. ապրիլեան իրադարձութիւնից յետոյ քոնկրեսականները Միացեալ Նահանգների կառավարութեանը կոչ են անում «աչք չփակել ազրպէյճանական  յարձակողապաշտութեան վրայ»:

Ուաշինկթընը նմանատիպ քայլերով փորձում է նաեւ կանխել Ռուսաստանի ազդեցութեան մեծացումը Անգարայի, Երեւանի եւ Պաքուի վրայ: Դրա համար Միացեալ Նահանգներ, ըստ էութեան, փորձում է թոյլ չտալ, որ Ռուսաստանի եւ վերոյիշեալ երկրների միջեւ պայմանաւորուածութիւններ կայանան ու գործնականում յաջողեն:

Գաղտնիք չէ, որ 1920-ական թուականներին Թուրքիան իր հեռագնայ ծրագիրը իրագործելու նպատակով Ռուսաստանի պոլշեւիկ ղեկավարներին համոզեց Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը նուիրաբերել Խորհրդային Ազրպէյճանին:

Նման պայմաններում Թուրքիայի օրուայ իշխանութիւնները, շարունակելով նախորդ պատմաշրջանից ժառանգած հակահայկական մօտեցումները, 1991 թ. սկսած դիմում են ամէն միջոցի` ղարաբաղեան հարցը լուծելու յօգուտ Ազրպէյճանի: Աւելի՛ն. Նախիջեւանի վրայ իր ազդեցութիւնը մեծացնելու եւ ՀՀ համար սպառնալիքներ ստեղծելու նպատակով փորձում են հզօրացնել այդ երկրամասը: 2017 թ. հոկտեմբերի վերջին թուրքական իշխանութիւնները Նախիջեւանի հետ անմաքս առեւտրի որոշում կայացրին: Թուրք պաշտօնեաները տեղի ու անտեղի յայտարարում են, որ ամէն ինչ կ՛անեն Ղարաբաղը Ազրպէյճանին վերադարձնելու համար:

Հայաստանի Հանրապետութեանը եւ Արցախի Հանրապետութեանը թուլացնելու, ինչո՞ւ չէ, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար Թուրքիան Հարաւային Կովկասում ձգտում է ստեղծել Անգարա-Թիֆլիս-Պաքու եռանկիւնին: Այդ ամէնի գործնական արտայայտութիւնները դարձան Պաքու-Թիֆլիս-Ճէյհան նաւթամուղի եւ Կարս-Ախալքալաք-Թիֆլիս-Պաքու երկաթգծի կառուցումը:

Ինչ էլ որ անեն, Թուրքիան եւ Ռուսաստանը Կովկասում եղել եւ կը մնան որպէս ռազմաքաղաքական մրցակիցնէր, եթէ ոչ` թշնամիներ: Չմոռանանք, որ վերջին 400 տարում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ տեղի է ունեցել 12 պատերազմ` 69 տարի տեւողութեամբ:

Ժամանակակից Թուրքիայում վերյիշել են փանթուրքիստական ծրագրերը: Ղրիմը, Հիւսիսային Կովկասի սիւննիաբնակ տարածքները Թուրքիայի եւ Ռուսաստանի համար կը մնան որպէս ցաւոտ կէտեր:

Թուրքիային եւ Ռուսաստանին իրար հետ այսօր աւելի շատ կապում է տնտեսական շահը: Չմոռանանք, որ երկու երկրների միջեւ տարեկան ապրանքաշրջանառութիւնը հատում է 30 միլիառ տոլարի շեմը:

Ռուս-թուրքական ներկայիս կայուն յարաբերութիւնները նպաստում են Անդրկովկասում խաղաղութեան պահպանմանը: 2016 թ. ապրիլին ղարաբաղեան ճակատում ռազմական գործողութիւնները նաեւ ռուս-թուրքական թշնամական յարաբերութիւնների հետեւանք են: Թուրքիան դրանով փորձում էր Ռուսաստանին զգացնել տալ իր գոյութեան մասին:

Անգարայում գիտակցում են, որ Ազրպէյճանը Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ վարում է փոխլրացնող քաղաքականութիւն: Ի հարկէ, Թուրքիան կը ցանկանար ազատուել Ազրպէյճանի արտաքին քաղաքական շահերն իր հաշուին սպասարկելուց, բայց Էրտողանը եւ նրա շրջապատը հասկանում են, որ չեն կարող անտեսել ազգայնական տրամադրութիւններ ունեցող ընտրազանգուածին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործում տարածաշրջանային գերտէրութիւնների աշխուժութեան խորապատկերի վրայ Արցախի Հանրապետութեան համար կարեւորւում է մեզ բարեկամ երկրի` Իրանի Իսլամական Հանրապետութեան ցուցաբերած մօտեցումները:

Արաքսից այն կողմ ապրող իրանցի ժողովուրդը դարերի ընթացքում ապացուցել է, որ իր երկրի եւ Արցախի շահերը կարելի է համադրել եւ ապրել խաղաղ գոյակցութեան եւ բարիադրացիական յարաբերութիւնների մէջ: Միջնադարի վերջին շրջանում Խամսայի մելիքութիւնների գոյութիւնը հէնց դրա վառ ապացոյցն է: Իրանի հզօր պետութիւնը հանդուրժեց իր կողքին ունենալ ինքնավար կարգավիճակ ունեցող մի երկիր: Ամենայն հաւանականութեամբ այդ ամէնի մէջ իր կարեւոր նշանակութիւնն է ունեցել հազարամեակների խորքից եկող մեր երկու ժողովուրդների ցեղային-մշակութային ընդհանրութիւնը:

Իրանը մինչեւ 1997 թ. ոչ միայն դրական դերակատարութիւն է ունեցել ԼՂ հակամարտութեան կարգաւորման հարցում, այլ նաեւ Արցախի Հանրապետութեան հետ ունեցած իր յարաբերութիւններում նորից հաւաստել է, որ մեզ համար մնում է որպէս բարեկամ երկիր:

Կարծում ենք, որ 1994 թ. առայսօր Արցախի Հանրապետութեան եւ Իրանի միջեւ ձգուող 138 քմ երկարութիւն ունեցող սահմանի գոյութիւնը երկու երկրների անվտանգութեան պահպանման տեսանկիւնից միայն ու միայն շահեկան է:

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Ազրպէյճանը նաւթատոլարները շարունակում է ուղղել ռազմական պիւտճէի աւելացմանը եւ մեծ քանակութեամբ յարձակողական սպառազինութեան ձեռքբերմանը: Այս ամէնը կարող է խախտել ստեղծուած հաւասարակշռութիւնը եւ վտանգի տակ դնել Արցախի ափամերձ շրջանները: Այդ վտանգի չէզոքացման համար Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան միջեւ համագործակցութեան լայն ասպարէզ կայ: Վերջին 23 տարիների ընթացքում (1994-2017 թթ.) արցախեան կողմը դէմ է եղել տարածաշրջանում հակամարտութեան շրջանում որեւէ երկրի կողմից խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Այս հանգամանքը նորից բխում է մեր երկու երկրների անվտանգութեան  շահերից: Հետեւաբար, ունենալ կայուն եւ զարգացող Արցախի Հանրապետութիւն` նշանակում է ինչ-որ ձեւով նպաստել նաեւ մեր բարեկամ երկրի անվտանգութեան պահպանմանը: Մանաւանդ` ազրպէյճանաիսրայէլական յարաբերութիւնների ջերմացման, ռազմական ասպարէզում համագործակցութեան` կապուած զէնքի վաճառքի ու համատեղ զինատեսակների արտադրութեան եւ Ազրպէյճանում տեղակայուած իրանական հիւլէական ծրագիրը հսկող իսրայէլական ելեկտրոնային հետախուզական սարքերի գոյութեան պայմաններում վերոյիշեալ վտանգների յաղթահարումը աւելի արդիական է դառնում:

Գտնում ենք, որ ժամանակն է նաեւ Արցախի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ երկկողմանի յարաբերութիւնների ձեւաւորմանը:

Վերջին տարիներին Իրանի պաշտօնական որոշ շրջանակներ յայտարարում են, որ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համար Իրանը ունի համապատասխան ծրագիր: Մասնաւորապէս Ազրպէյճանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը 2014 թ. փետրուարի 2-ին «Կիւն-ազ» կայքին տրուած հարցազրոյցում նշել է. «Իրանը ԼՂ հակամարտութեան լուծման վերաբերեալ մշակուած ծրագիր ունի, սակայն այդ ծրագիրը այն դէպքում օգտակար կը լինի, երբ Հայաստանն ու Ազրպէյճանը աջակցեն դրան, հետեւաբար քանի դեռ աջակցութիւն չեն յայտնել, Իրանը հակուած չէ հրապարակել իր ծրագիրը»: Եթէ կայ նման ծրագիր, երեւի ճիշդ կը լինի այն սկզբում քննարկել Արցախի Հանրապետութեան պատասխանատուների հետ, որովհետեւ առանց արցախահայութեան մասնակցութեան` անհնարին կը լինի լուծել այդ հակամարտութիւնը:

Իրանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Պահրամ Քասեմին 2017 թ. մայիսի 1-ին յայտարարել է. «Կարգաւորել ԼՂ հակամարտութիւնը` առանց ժողովրդի դերակատարութիւնը հաշուի առնելու, անհնար է: Ժողովրդի դերը կարգաւորման գործում որոշիչ է լինելու»: Իրանական կողմի նման սթափ մօտեցումը աւելի գործնական հուն տեղափոխելու պարագայում, ԼՂ հակամարտութեան կարգաւորումը առաւել դիւրին կը դարձնի:

Վերոյիշեալից արուելիք եզրակացութիւնը մէկն է. բարի կամեցողութեան դէպքում, ԼՂ հակամարտութիւնը կարելի է լուծել, եւ երկրագնդի այս հատուածում ապրող ժողովուրդների փոխշահաւէտ համագործակցութեան մթնոլորտ ստեղծելով` տարածաշրջանում ապահովել երկարատեւ խաղաղութիւն ու բարգաւաճում:


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>