Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Պայքար, Որ Պիտի Յաղթական Աւարտ Ունենայ

$
0
0

Բաց Նամակ Մեծի Տանն Կիլիկիոյ
Արամ Ա. Կաթողիկոսին

ԲԱԲԿԷՆ ՍԻՄՈՆԵԱՆ

Շնորհազարդ վեհափառ Տէր,

Այս օրերին ուշադրութեամբ հետեւում եմ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատմական նստավայր Սիսը իր իսկական տէրերին վերադարձնելուն վերաբերող` Եւրոդատարանին ուղղուած Ձեր արդար եւ հիմնաւորուած պահանջատիրութեանը եւ դրա շուրջ շարունակուող զարգացումներին: Ինձ հասկանալի եւ ընկալելի են Ձեր հիասթափութիւնը, վրդովմունքն ու վիրաւորանքը, քանզի քաջատեղեակ եմ, թէ հայրենանուէր ու ազգօգուտ ինչ մեծ գործունէութիւն էք իրականացնում միջազգային ատեաններում, տարբեր երկրների ղեկավարների, հոգեւոր եւ քաղաքական գործիչների հետ հանդիպելիս: Դրանով յոյսի ու լոյսի սերմեր էք սփռում մեր երազապաշտ հոգում` մեզանում վառ պահելով մեր ակունքներին վերադառնալու չիրականացած երազը:

Սկսեալ 1995 թուականից, ղեկավարելով Մեծի Տանն Կիլիկիոյ Աթոռը, Ձեր հայրենանուէր գործունէութեամբ նոր էջ էք բացել ո՛չ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլեւ մաքառումներով լի Հայոց նորագոյն պատմութեան մատեանում: Ձեր ելոյթները, հեղինակած գրքերը, տարբեր հեռուստաելոյթները աներկբայ հաստատում են Ձերդ Սրբութեան արդար պահանջատիրութեան սկզբունքներն ու ճշմարտութիւնը: Այսօր, ցաւօք, հիմնականում խօսւում է միայն Ցեղասպանութեան մասին: Լաւ պիտի գիտակցենք, սակայն, որ Ցեղասպանութեան ճանաչումից զատ, մենք պահանջատէր ժողովուրդ ենք, որ երկու միլիոն հայ դաժանաբար սպաննելուց զատ մենք հայրենիք ենք կորցրել եւ մեր հանդէպ հայրենասպանութիւն է իրականացուել: Մեզանից խլուել, ապա ի սպառ քարուքանդ են արուել մեր մշակութային ժառանգութիւնը, սրբութիւնները` վանքերն ու եկեղեցիները, հրոյ ճարակ են դարձել մեր սրբալոյս նշխարները, ոսկեձեռիկ մատեաններն ու մագաղաթները` մեր գոյութեան ամենաարժանահաւատ վկայութիւնները, որոնց մի մասը հրաշքով փրկուել է կործանումից: Այդ մասին Դուք բազմիցս խօսել էք միջազգային հանրութեան առջեւ: Սրբապիղծ թուրքը, սակայն, չի կարողացել մեր մտքից ու հոգուց ջնջել պատմական յիշողութիւնը, չի կարողացել ընկճել մեր պայքարի ոգին: Դրա վառ վկայութիւններն են Մուսա Լերան հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանութիւնը, Սարդարապատի փայլուն յաղթանակը, որոնք տասնամեակներ անց իրենց արձագանգներն ունեցան 1988-ին սկսուած Արցախեան հերոսամարտում: Աշխարհը հասկացաւ, որ անհնար է լռեցնել հային, անհնար է անընդհատ խուլ եւ կոյր ձեւանալ, մոռացութեան տալ 20-րդ դարի մեծագոյն ոճիրը եւ չնկատել յաղթանակած ժողովրդի անկախութեան իրաւունքը:

19-րդ դարի սերպ անուանի բանաստեղծ, Մոնթենեկրոյի տիրակալ, արքեպիսկոպոս Փեթար Փեթրովիչ Նեկոշը «Լեռնային պսակ» հիասքանչ պոէմում, որ հակաօսմանեան հրաշալի ստեղծագործութիւն է, այսպիսի տողեր ունի.

Անտառապանք չե՛ս երկնի ոչ մի երգ,
Անտառապանք չե՛ս կռի ոչ մի սուր…

Տեղին է ասել մեծ բանաստեղծն ու արքեպիսկոպոսը: Երգ երկնելու եւ սուր կռելու համար տառապանք է պէտք, նաեւ կամք եւ պայքարի ոգի:

Ազատասիրութեան ու անկախութեան ոգին շատ աւելի վեհ ու անկոտրում է միջազգային ատեանների կայացրած արհեստածին ու շինծու որոշումներից, այդ իսկ պատճառով, որքան էլ դժուար լինի Ձեր ընտրած պայքարի ուղին, վստահ եմ, ոգեշունչ ելոյթներով աննահանջ շարունակելու էք կռիւ տալ աշխարհի անարդարութեան դէմ: Տեղին է մէջբերել սերպական յայտնի ասոյթը, որը շատ է համահունչ Ձեր պահանջատիրութեանը. «Այն ինչ թալանուած է` անիծուած է»: Սրբապիղծ թուրքը չի կարող յաւերժ վայելել մեզանից խլուած հայրենիքը, որը անմեղ նահատակաց արիւնով է շաղախուած: Արիւնն էլ կարող է խօսել, արիւնն էլ ձայն ունի, զգալ, հառաչել ու ընդվզել գիտէ: Ուրեմն, հարազատ մնանք մեր նահատակաց պատգամներին եւ արեան կանչին…

Ունկերումս դեռ թրթռում է Ձեր արտասանած բոցաշունչ ելոյթը, որով 2015 թուականին հանդէս եկաք Վատիկանում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առթիւ Հռոմի պապի մատուցած Ս. պատարագի արարողութեան ընթացքում: Ձեր ելոյթը բացառիկ կոչ էր աշխարհին ու մարդկութեանը, որով մէկ անգամ եւս ջանացիք մոռացութիւնից փրկել հայոց անմեղ զոհերի յիշատակը եւ արթնացնել քարսիրտ մարդկութեան խիղճը:

Ակամայից աչքիս առջեւ յառնում է Վասպուրականի հոգեւոր առաջնորդ, իսկ աւելի ուշ` Ամենայն Հայոց կաթողիկոս (1893-1907) Խրիմեան Հայրիկի կերպարը: 1878 թուականին նա, որպէս հայկական պատուիրակութեան առաջնորդ, մեկնեց Պերլին` պաշտպանելու Հայկական հարցը: Պերլին մեկնելուց առաջ Մկրտիչ Խրիմեանը նախապէս այցելել է եւրոպական մեծ տէրութիւնների պետական պաշտօնեաներին` նրանց ներկայացնելով Պոլսոյ Հայոց պատրիարքարանի կազմած տեղեկագիրը` յոյս ունենալով դիւանագիտական ուղիներով լուծել Հայկական հարցը: Հիասթափուած Պերլինի վեհաժողովի մեծաւորների անբարոյ կեցուածքից ու կայացրած ոչ հայանպաստ որոշումից, շրջադարձ է կատարել դէպի ազգային-ազատագրական պայքարը եւ Պոլսում ելոյթ ունենալով հայ հանրութեան առջեւ, յիշատակել է սերպերի ու մոնթենեկրոցիների արիւնոտ սրերը, որոնցով նրանք Պերլին էին գնացել` ստանալու իրենց բաժին «հարիսան»` ազատութիւնը: Խրիմեանը կոչ է արել զէնք վերցնել` վստահ լինելով, որ զէնքի մէջ է փրկութիւնը: «Թղթէ շերեփի» հանրայայտ պատմութիւնից մենք դասեր առանք շուրջ 130 տարի անց: Հասկացանք, որ Մկրտիչ Խրիմեանի մարգարէական խօսքերի արձագանգները մեզանում աւելի զօրընդեղ դարձրին պայքարի ոգին: Հայ ժողովուրդը զէնքով յաղթեց Արցախում, շտկեց պատմական անարդարութիւնը, որքան էլ աշխարհն այսօր չի ցանկանում ճանաչել Արցախի անկախութիւնը:

Պերլինի վեհաժողովից անցել է շուրջ 140 տարի: Յաճախ եմ մտորում, իսկ ի՞նչ է փոխուել աշխարհում: Կարելի է ասել, համարեա ոչի՛նչ: Աշխարհը, աւելի ճիշդ` նոյն Եւրոպան, որի դատին էք յանձնել Ձեր արդար պահանջատիրութիւնը` վերադարձնելու Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատմական նստավայրը, շարունակում է համր ու խուլ ձեւանալ: Զարմանալու ոչինչ չկայ: Եւրոպացիներին հասկանալի չէ հայոց արդար պահանջատիրութիւնը, քանզի նրանց համար խորթ են կորցրած հայրենիք, ակունք, աւանդոյթ հասկացութիւնները, խորթ են արմատներին վերադառնալու եւ դրանք վերագտնելու անմեռ կարօտը:

Այսօր, մօտ մէկուկէս դար անց, Պերլինի վեհաժողովին փոխարինում են այլ վեհաժողովներ, սակայն ամէն բան նոյնն է մնացել, վեհաժողովների անուններն են փոխուել միայն: Նոյն սառնասրտութիւնն է առկայ հայոց հանդէպ, քանզի մեզանից շահ չեն ակնկալում: Աշխարհը կառավարող մեծերի քիմքին աւելի հարազատ ու գայթակղիչ են շահը, նաւթի բոյրը, փողը, հարստութիւնը: Միջազգային ոչ մի ատեան չի պաշտպանի մեր ազգային շահերը, եթէ մենք ինքներս հետամուտ չլինենք եւ չսատարենք իրար: Դա պէտք է լաւ գիտակցենք եւ աշխարհաքաղաքական ներկայիս լարուած պայմաններին համահունչ ռազմավարութիւն մշակենք, որպէսզի կարողանանք պահպանել մեր ինքնութիւնը: Ազգովի պիտի շարունակական ու անզիջում պայքար մղենք, որպէսզի իրականանայ մեր վաղեմի երազը: Յիշենք մեծն Ջիւանու յայտնի երգը, ուր նա ասում է. «Ձախորդ օրերը ձմրան նման կու գան ու կ՛երթան»… Չմոռանանք նաեւ` անձրեւից յետոյ միշտ արեգակն է յայտնւում` հաւատի ու յոյսի կամար կապելով երկնքում…

Թող արեգակի լոյսով օծուեն ու կամարուեն Ձեր բոլոր ջանքերը: Ձեզ, Վեհափա՛ռ Տէր, անկոտրում ոգի եմ մաղթում, անսահման լաւատեսութիւն, քանզի Աստուածահաճոյ առաքելութիւն էք իրականացնում` ի բարօրութիւն Հայաստան աշխարհի, հայ առաքելական եկեղեցու եւ հայ ժողովրդի:

Ամենազօր Տէրը թող սատար լինի Ձեր ազգօգուտ առաքելութեանը:

Խորին յարգանքով ու խոնարհումով`

ԲԱԲԿԷՆ ՍԻՄՈՆԵԱՆ
Գրող, թարգմանիչ, մշակոյթի գործիչ,
Հայաստանի Հանրապետութիւնում
Սերպիայի Հանրապետութեան
Պատուոյ հիւպատոս

13 նոյեմբերի, 2017 թ.


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>