ԿԱՐԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Երեւանս` լուսադէմին. փողոցն աւլող կանայք` ամէն մէկն իր մտքերով` կա՛մ երէկուանից չմարսած, կա՛մ էլ առաւօտ շուտ ծնուած:
Երեւանս` լուսադէմին. կանգառներում թափուած ծխախոտի մնացորդները. ով գիտի` մէկը սիրած աղջկան համբուրելուց առաջ է ծխախոտը հանգցրել, միւսը չհամբուրելուց ջղայնացած` սկսել է ծխել, մէկ ուրիշն էլ հէնց այնպէս` հաճոյքի համար է ծխել:
Երեւանս` լուսադէմին. առաջինը գիծ մտնող աւտոբուսներում քնած մարդիկ` ուռած, կարմրած աչքերով, ձեռքներին դատարկ կամ լիքը տոպրակներ` կէսօրուայ սնունդն է կամ սնունդի մնացորդները: Առաջինը գիծ մտնող աւտոբուսներում քնած մարդիկ` ուռած, կարմրած աչքերով, որ աւտոբուս մտնողի յետեւից մի աչքը բացում ու տեղ են տալիս, յետոյ նորից քնում: Աւտոբուսի վարորդը` թարմ տեսքով, բայց նեարդային` հազում է, փնչացնում, դիմացի ապակու միջով քնած ուղեւորներին նայում ու ծխում` միաժամանակ փորձելով որքան հնարաւոր է անաղմուկ վարել: Վարորդը բոլոր ուղեւորներին ճանաչում է, գիտի` ով որտեղ է աշխատում եւ ուր պէտք է իջնի: Վարորդը կանգառում ոտքը կախ է գցում` մօտ 10 րոպէ նեղ փողոցի վրայ ուշադրութիւնը սեւեռում, ուղեւորներից ոչ ոք ձայն չի հանում. մէկն ուշացել է, սպասում են, լուռ են, կարող է մի օր էլ իրենք ուշանան:
Երեւանս` լուսադէմին. պաստառներից նայող դէմքեր, որ համոզում են` գիրք կարդալ, օգտուել այսինչ պանքից ու` շահում` «Աւելի բարեկարգ Երեւան»` Աբովեան փողոցի մի շինութեան վրայ, որն այդպէս էլ չի կառուցւում, որի կողքին «բարեկարգ» աղբը տարածուել, «բարեկարգ» բուրում է:
Երեւանս` լուսադէմին. Ազգային ժողովի շէնքը` սուսուփուս կանգնած. պատգամաւորները դեռ քնած են պատգամաւորական քնով, ու տարածքում լիքը կեանք կայ. ծաղիկները զարթնել, ծառերին են հրմշտում, թէ` վեր կաց, ամօթ է, ճաղերի արանքից մեզ նայող կայ:
Երեւանս` լուսադէմին. Սարեանի պուրակում գտնուող սրճարանը` շրջուած աթոռներով: Երէկ ներս ընկած այս սեղանի մօտ հաստատ Էդոյեանն ու Յակոբ Մովսէսն են նստած եղել, զրոյցը ձգուել, Երեւանին էլ է հասել: Տեսնես` Աւագ Եփրեմեա՞նն էլ է այստեղ եղել, թէ՞ էլի իր սենեակն է նախընտրել:
Երեւանս` լուսադէմին. նստարաններին քնած մարդիկ` երկար մօրուքով /գուցէ մօրուքի փառատօնին մասնակցեն/, մի քանի տակ հագնուած ու աղբից ինչ-որ մնացորդներ կողքներին դրած: Նստարաններին քնած մարդիկ` համաչափ շնչառութիւնից մօրուքը տարուբերուող: Մէկը պապիս է նման, միւսը` չունեցած քեռուս, երրորդին էլ, որ ուզեմ, եղբօրս կը նմանեցնեմ:
Երեւանս` լուսադէմին. «Թուֆենկեանը» քնից նոր-նոր է զարթնում, արեւն արդէն հասել է տանիքին: «Բարի լոյս, սիրելի՛ս», սիրուն կառոյց է, կողքով անցնելիս խօսեցնում է քեզ: Իսկ ա՛յ դիմացը` Ազգային չգիտեմ ինչ կուսակցութեան շէնքի գլխին սարքած կառոյցին արեւը մէկ ժամ յետոյ կը հասնի. դրան տեղն է, ոնց որ տնօրէնի գզգզուած «չոլկա» լինի հին շէնքի վրայ:
Երեւանս` լուսադէմին. աւտոմեքենաների ուղղութիւնը հեշտութեամբ կարող ես գուշակել` օդակայան կամ օդակայանից, հացի փուռ կամ հացի փռից, մի քանի անքուն վարորդ` գիշերային աշխատանքից տուն գնացող ու թաքսիներ` ղեկը գրկած-քնած վարորդներով:
Երեւանս` լուսադէմին. այգիները, փէշերը հաւաքած, անհամբեր սպասում են. մաքրող կանայք իրենց էլ հասնեն ու նախորդ օրուայ` գետնին թափուած յուշերը կը մաքրեն` արեւածաղկի կեղեւ, գարեջրի շշեր, մաստակ, հացի փշրանքներ, մի երեխայի ձեռքից էլ փուչիկն է փախել ու նստարանի տակ թաքնուել:
Երեւանս` լուսադէմին. պարզւում է` Երեւանս լուռ քաղաք է: Լուսադէմին ականջներդ սղոցող աղմուկը` մուննաթ, ազդանշաններ, «բարեկարգման» դռդռոց չկայ ու չկայ, միակ ձայնը քաղաքն իրենցով արած ագռաւների «ղա՜ռ-ղա՜ռ»-ն է ու հատուկենտ մեքենաների անիւների ճռռոցը:
Երեւանս` լուսադէմին` նոր ծնուած երեխայ. շուտով մայրը կ՛արթնանայ ու կ՛ուզի տակդիր հագցնել, սկեսուր մայրիկը կ՛ասի` տակդիրը սխալ է, հայրը ձեռքը թափ կը տայ ու աշխատանքի կը գնայ, պապը հարսի ու կնոջ վրայ կը գոռայ, թէ` հանգիստ թողէք էդ երեխուն: Յետոյ կը փորձեն նորածնին կերակրել. մայրը կը կարծի` իր սարքած ճաշն է ամենահամեղը, տատը մօրից թաքուն մի բան կը դնի երեխայի բերանը: Յետոյ մայրն ու տատը երեխայի հագուստի համար կը վիճեն` ո՞րն է սազում, ո՞րն է աւելի տաք ու յարմար, ու վերջում կը հագցնեն` վերնաշապիկը` մօր, տաբատը` տատի ճաշակով: Յետոյ տանը հիւրեր կը գան` նորածնին սիրելու` աղու, ղուղու, ու կը յոգնեն` նորածնին մօրը վերադարձնելով: Յետո՞յ, դէ յետոյ երեխան կը մեծանայ` ամէն մէկից մի բան «վերցնելով»:
Երեւանս` լուսադէմին` չասֆալտած ճանապարհով գնացող, լուսացոյցերի տակ որոշ ժամանակ սպասող, քիթն ապակուն կպցրած` 250.000 դրամանոց պլուզներին զարմանքով նայող, մուրացիկների հետ մի բաժակ դառը սուրճ խմող, թաքսու վարորդներին քնից արթնացնող ու ինչքան էլ լուացուող, մէկ է, չվերանորոգուած տան նման միշտ թափթփուածի տպաւորութիւն թողնող ու անընդհատ հոսող` դէպի կէսօր, երեկոյ, յաջորդ լուսաբաց: