Անգլերէնից թարգմանեց
ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ
Երբ ես չորրորդ դասարանում էի, դասարանս զիխրոն Եաաքով (քաղաք Իսրայէլում, որը տուեալ ժամանակաշրջանում գտնւում էր Օսմանեան կայսրութեան տարածքում, «Ակունք»-ի խմբ.) շրջայցի տարան, որպէսզի այցելենք Սառա Աարոնսոն անունով մի կնոջ տուն: Մեզ ասել էին, որ նա հրեայ մեծ հերոսուհի է, սակայն մանրամասները դիտաւորեալ կերպով անորոշ էին թողել: «Նա լրտես է եղել,- խորհրդաւոր կերպով ասաց մեզ մեր ուսուցիչը, եւ զոհուել է` յանուն մեր երկրի»:
Այն, ինչ արել է նա, եղել է հարիւր տարի առաջ, այս նոյն շաբաթուայ մէջ: Սակայն նրա հերոսութիւնը մնում է եզակի, որի մասին, ցաւօք, շատ հազուադէպ են պատմում: Նա եղել է նուիրեալ ֆեմինիստ, հպարտ սիոնական, եւ Հայոց ցեղասպանութեան վկաներից, ով համարձակուել է խօսել կատարուած վայրագութիւնների մասին:
Նա ծնուել է 1890 թ. ռումինացի ներգաղթեալների ընտանիքում, ովքեր, որպէս սիոնականութեան կողմնակիցներ, օգնել են հիմնադրել Զիխրոն Եաաքովը: Երբ մեծանում է, սովորում է գիւղատնտեսութեամբ զբաղուել, ձի քշել ու կրակել: 1914 թ. ամուսնանում է հարուստ առեւտրական Հայիմ Աւրահամի հետ ու նրա հետ միասին գնում Թուրքիա, որտեղ Հայիմը զբաղւում էր առեւտրով: Բայց Սառային չի բաւարարում լոկ ոեւէ մէկի կինը լինելու կարգավիճակը: Նա լքում է ամուսնուն եւ ճանապարհ ընկնում դէպի տուն` իր հայրական ագարակ: Այն, ինչ տեսնում է իր ճանապարհին, փոխում է կեանքը:
«Հէնց իր աչքի առջեւ տեսնում է թուրքերի կողմից կտտանքների ենթարկուող հայերին,- իր օրագրում գրում է նրա եղբայր Աարոնը,- նա տեսնում է հայերի հազարաւոր դիակներ` գետնին փռուած, չթաղուած, շների կողմից յօշոտուած»:
Այս տեսարանն ամբողջութեամբ ցնցում է նրան, որից յետոյ երդւում է պայքարել թուրքերի դէմ` անհրաժեշտ բոլոր միջոցներով: Նա աշխատում է օգնել բրիտանացիներին` Օսմանեան կայսրութեան դէմ պայքարում:
Այդ շրջանը կատարեալ էր նրա գործունէութեան համար եղբայրը եւ եղբօր ընկերները դեռ նոր էին հիմնադրել ընդյատակեայ մի շարժում, որի նպատակը եւս Օսմանեան կայսրութեան դէմ պայքարն էր: Այն կոչւում էր` ՆԻԼԻ (հրէական յապաւում` NILY Netzach Israel Lo Yeshaker, կամ` Իսրայէլի Յաւերժութիւնը (Աստուած) չի խաբի): Այն լրտեսների ցանց էր, որը տեղեկութիւն էր հաւաքում Պաղեստինում օսմանեան զօրքերի տեղաշարժի մասին եւ դրանք ուղարկում բրիտանացիներին:
Սկզբնական շրջանում տեղեկութիւնները փոխանցւում էին ձեռքից ձեռք. խմբի անդամներից մէկը լողում էր դէպի Ատլիտ քաղաքի ծովափին գտնուող մի փոքր զբօսանաւ, ուր տանում էր իր տեղեկութիւնները, իսկ այնտեղից վերցնում էր գումարը, որը Ամերիկայում ապրող հրեաները հաւաքում էին, որպէսզի օգնեն Մեծն Իսրայէլի (Eretz Yisrael) պաշարման մէջ գտնուող ու սովի մատնուած հրեաներին:
Շուտով, այնուամենայնիւ, թուրքերը սկսում են կասկածել, որ ինչ-որ բան է տեղի ունենում, եւ զգուշացնում են Պաղեստինի հրեաներին` չմիջամտել պատերազմին, թէ չէ նրանք էլ կ՛արժանանան նոյն ճակատագրին, ինչ` հայերը: Շատերը վախենում են սպառնալիքներից, բայց ոչ` Աարոնսոնն ու նրա զինակից ընկերները: Մանրամասն զննուած ջրափնեայ գծով նրանք փոստատար աղաւնիներ էին բաց թողնում: Այս համակարգն էլ է լաւ աշխատում, մինչեւ որ սա էլ է բացայայտւում. 1917 թ. սեպտեմբերին թուրքերը բռնում են թռչուններից մէկին:
ՆԻԼԻ-ի անդամներից մէկը ձերբակալւում է եւ դաժան ծեծի ենթարկւում: Աարոնսոնի հետ կապի մէջ եղած բրիտանացիները նրան խորհուրդ են տալիս անմիջապէս լքել Պաղեստինը եւ առաջարկում նաւով ճանապարհ ընկնել: Բայց վերջինս մերժում է այդ առաջարկը` ասելով, որ չի լքի Պաղեստինը, մինչեւ իր ընկերները ապահով չտեղափոխուեն այնտեղից:
Մի քանի շաբաթ անց` Սուկոտի նախօրէին, թուրք զինուորները գրոհում են Զիխրոն Եաաքովը: Նրանք ձերբակալում են Աարոնսոնին եւ չորս օր դաժանօրէն տանջում: Սակայն նա ոչինչ չի ասում` չմատնելով իր ընկերներից եւ ոչ մէկին: Վերջիվերջոյ, թուրքերը դադարում են տանջել նրան եւ տեղեկացնում, որ նա տեղափոխուելու է Դամասկոս եւ անյապաղ կախաղան է բարձրացուելու: Աարոնսոնն անվրդով կերպով խնդրում է կանգ առնել իր տան մօտ եւ թոյլ տալ իրեն ճանապարհորդութիւնից առաջ լոգանք ընդունել, մաքուր շորեր հագնել: Թուրքերը, ոչինչ չկասկածելով, թոյլ են տալիս: Աարոնսոնի լոգարանի դրան վերեւի մասում զէնք է թաքցուած լինում: Հէնց որ մենակ է մնում, արագօրէն վերցնում է զէնքն ու ինքնասպան լինում:
Նա միանգամից չի մահանում: Երեք օր մահամերձ պառկած է մնում հիւանդանոցի մահճակալին: Իր վերջին, հապշտապ կերպով գրուած նամակում (քանի որ թուրք զինուորները նրա դուռը ծեծելով` փորձում էին ջարդել) պարզապէս խնդրում է վրէժ լուծել իր մահուան համար: Նա մահանում է 1917 թ. հոկտեմբերի 9-ին, 27 տարեկան հասակում:
Նրա մահից երկու ամիս եւ երկու օր անց բրիտանացի զօրավար Էտմունտ Ալեմպին մտնում է Երուսաղէմ` Աարոնսոնի զոհաբերութեանը տալով համարժէք հանգուցալուծում եւ եւս մէկ անգամ ապացուցելով, որ անհնար է պատկերացնել, թէ մարդ ինչերի կարող է հասնել, երբ լուռ չի մնում ու պայքարում է ահաբեկչութեան դէմ:
100 Years Ago, a Jewish Heroine Became an Early Martyr for Human Rights
«Ակունք»