ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖԵԱՆ

Գագիկ Յարութիւնեան
«Ամէն անգամ, երբ Ազրպէյճանի զինուած ուժերը Հայաստանի Հանրապետութեան դէմ կիրառում են գնդացիրներ, ականանետներ եւ հրետանային սարքաւորումներ, նրանք կրակում են Ասթանայի, Տուշանպէի եւ Պիշքեքի, Մոսկուայի եւ Մինսքի ուղղութեամբ», Մոսկուայում կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան հաւաքական անվտանգութեան խորհրդի նստաշրջանում ասել էր Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը եւ անդրադարձել հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան հաւաքական անվտանգութեան խորհրդի սեպտեմբերեան նստաշրջանում ձեռքբերուած պայմանաւորուածութիւնների իրականացման ընթացքին, կազմակերպութիւնում Հայաստանի Հանրապետութեան նախագահութեան առաջնայնութիւններին, Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան շրջանակներում առաջիկայում նախատեսուող միջոցառումներին, ինչպէս նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրաւէրներին: Վերոնշեալ ելոյթի, 2015 թուականին արտաքին քաղաքականութեան մէջ Հայաստանի ունեցած ձեռքբերումների եւ 2016-ի մարտահրաւէրների մասին էլ ծաւալուեց «Իրաւունք»-ի զրոյցը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրէն, քաղաքագէտ Գագիկ Յարութիւնեանի հետ:
«Հայ-Ռուսական Յարաբերութիւնները
Նոր Փուլ Են Թեւակոխում»
ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Յարութիւնեան, Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնում Հայաստանի նախագահի ելոյթը բաւական կոշտ էր եւ տարբերուող` այդ խորհրդում հնչած մնացեալ ելոյթներից: Հետաքրքիր է ձեր տեսակէտը դրա շուրջ:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ելոյթը բաւականին բարձր եմ գնահատում, որովհետեւ այնտեղ հնչեցուեցին մեզ համար շատ հրատապ խնդիրներ: Սա եւս մէկ անգամ վկայում է այն մասին, որ հայ-ռուսական յարաբերութիւնները նոր փուլ են թեւակոխում, քանի որ ունենք ընդհանուր աշխարհաքաղաքական շահեր, եւ սա ամենակարեւորն է: Ի տարբերութիւն Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան մնացեալ անդամների, որոնք, անշուշտ, խիստ կարեւոր, բայց աշխարհաքաղաքական աւանդոյթներ չունեցող երկրներ են, ակնյայտ է, որ Ռուսաստանը կարեւորագոյն եւ առաջատար դերակատարութիւն ունի աշխարհում եւ տարածաշրջանային խնդիրներում, ուստի` ինձ թւում է, որ բարձրացուած հարցերը Հայաստանի Հանրապետութեան նախագահի կողմից համահունչ են ռուսական մօտեցումներին, որոնք, ի հարկէ, նախեւառաջ շեշտում են մեր խնդիրները, որ ունենք` կապուած մեր հարեւանների հետ:
Հ.- Ի դէպ, համահունչ մօտեցումների մասին, Հայաստանի Հանրապետութեան նախագահն իր խօսքում նաեւ շեշտել է, որ դեկտեմբերի 8-ին Ազրպէյճանի զինուած ուժերը 1994թ. հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ անցան հրասայլային ռմբակոծութեան, եւ պէտք չէ բացառել, որ այդ քայլին Ազրպէյճանը գնացել է դրսի կողմի յուշումով կամ աջակցութեամբ: Կարելի՞ է սպասել Ռուսաստանից այս ուղղութեամբ գործուն քայլերի:
Պ.- Քայլեր ասուածը մի փոքր պարզ ձեւակերպում է: Գուցէ մենք այդպէս շատ առարկայական չզգանք այդ քայլերը, ու բարձրաձայն չասուեն դրանց մասին: Ակնյայտ է, որ խօսքը Թուրքիայի մասին է, եւ ակնյայտ է, որ գործում է «երկու պետութիւն, մէկ ազգ» բանաձեւը: Այս խնդիրը, անշուշտ, միաւորներ է տալիս Հայաստանին եւ զրկում միաւորներից Ազրպէյճանին: Միեւնոյն ժամանակ, մեծ տէրութիւնները, որոնք շարժւում են իրենց շահերով, պէտք է հասկանան, որ Ազրպէյճանի հետ լրացուցիչ սրել յարաբերութիւնները, թերեւս այդքան էլ նպատակայարմար չէ, բայց զսպել նրան` անհրաժեշտ է:
«Ազրպէյճանը Բաւական Երկիմաստ
Վիճակում Է Յայտնուել»
ՀԱՐՑՈՒՄ.- Զուիցերիայում կայացած Սարգսեան-Ալիեւ հանդիպումից գոնէ ակնկալւում էր, որ սահմանային լարուածութեան թուլացում կը լինի, սակայն, կարծես, սեղանի շուրջ բանակցել այլեւս ի զօրու չէ Ազրպէյճանը: Ի՞նչ կ՛ասէք այս մասին:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Բովանդակային առումով որոշակի փոփոխութիւններ են պէտք այդ բանակցային գործընթացում, որին, ցաւօք, մեր հարեւանները չեն ուզում ընդառաջ գնալ: Մենք ունենք շատ հարցեր բանակցելու, եւ բոլոր դէպքերում ցանկացած բանակցութիւն աւելի ողջունելի է, քան կատարուող ռազմական գործողութիւնները: Մինչդեռ պէտք է ասեմ, որ Ազրպէյճանը, ինչպէս նաեւ իրենց աւագ եղբայրը` Թուրքիան, մի փոքր գերագնահատում են իրենց հնարաւորութիւնները եւ ոչ պատշաճ քաղաքականութիւն են վարում իրենց հարեւանների նկատմամբ: Կարծում եմ` նման պարագաներում աշխարհաքաղաքականութիւնը ճշգրիտ գիտութիւն է, եւ իրենք դրա հատուցումը այս կամ այն ձեւով ստանալու են: Եւ արդէն գուցէեւ ստանում են, որովհետեւ Ազրպէյճանը բաւական երկիմաստ վիճակում է յայտնուել` լինելով Թուրքիայի անմիջական դաշնակիցը, նա չի կարող չանել այն, ինչ որ իրեն ասւում է Անգարայից: Միեւնոյն ժամանակ, հասկանալով այն բոլոր հետեւանքները, որոնք իրենք կարող են ստանալ Ռուսաստանի կողմից:
«Ամրապնդեցինք Մեր Դիրքերը
Ե՛ւ ԱՊՀ-ում Ե՛ւ ԵԱՏՄ-ում»
ՀԱՐՑՈՒՄ.- Ամփոփելով տարին` արտաքին քաղաքականութեան տեսանկիւնից ի՞նչը կը համարէք այս տարուայ Հայաստանի Հանրապետութեան ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Հիմնական ձեռքբերումը թերեւս կարելի է համարել այն, որ ռազմաքաղաքական բարդ իրավիճակում կարողացանք պահպանել մեր պետութեան կայունութիւնը եւ ամրապնդեցինք մեր դիրքերը ե՛ւ ԱՊՀ-ում, ե՛ւ ԵԱՏՄ-ում (Եւրասիական տնտեսական միութիւն): Մենք քաղաքական առումով տարածաշրջանի միակ կայացած երկիրն ենք, որն, այսպէս ասած, մասնակցում է համարկման գործընթացներին: Եւ սա, ի տարբերութիւն նոյն Ազրպէյճանի, որի հետ Թուրքիայի յարաբերութիւնները բաւական երկիմաստ բնոյթ են կրում այսօր, նոյն Թուրքիայի, որտեղ լուրջ խնդիրներ կան` կապուած հակահաբեկչութեան հետ, նոյն Վրաստանի, որը յայտարարելով դէպի Արեւմուտք իր կողմնորոշումների մասին` այսօր գտնւում է ազրպէյճանական եւ թուրքական տնտեսական եւ ժողովրդագրական ճնշման տակ: Այս խնդիրները վկայում են այն մասին, որ մեր արտաքին քաղաքականութիւնը անհամեմատ աւելի բարձր մակարդակով է վարուել եւ այդպիսով իսկ իր դերակատարումն ունի մեր անվտանգութեան խնդիրներում: Ինչ վերաբերում է ձախողումներին, դժուարանում եմ մտաբերել:
«Մարտահրաւէրները Շատ Լուրջ Են Եւ
Պահանջում Են Լրացուցիչ Ջանքեր»
ՀԱՐՑՈՒՄ.- Իսկ 2016-ին մեր եւ աշխարհի առաջ ծառացած ի՞նչ աշխարհաքաղաքական մարտահրաւէրներ կան:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Հիմնական մարտահրաւէրները բաւական շատ են: Առաջինը ծայրայեղականութեան հետագայ աճն է լինելու եւ դրա տարածումը ողջ աշխարհում: Մարտահրաւէր կարելի է համարել նաեւ այն միտումը, որ այսօր փաստօրէն, աշխարհում գնում են ապահամաշխարհայնացման գործընթացներ` համարկում եւ նոր ուժի կենտրոնի ձեւաւորում: Եւ երբեք նման կենտրոնների ձեւաւորումը հարթ չի անցնում: Ի հարկէ, այդ մարտահրաւէրները շատ լուրջ են եւ պահանջում են լրացուցիչ ջանքեր, որպէսզի մենք կարողանանք դիմակայել դրանց:
Հ.- «Իսլամական պետութիւն» կոչուող չարիքի դէմ, ի վերջոյ, կը կարողանա՞յ յաղթանակ տանել աշխարհը 2016 թուականին:
Պ.- Չեմ կարծում, որ առայժմ կարելի է խօսել բացարձակ յաղթանակի մասին, բայց արդէն Ռուսաստանի գործողութիւնները ստիպեցին նաեւ արեւմտեան տէրութիւններին աշխուժ լինել այդ խնդրում, ինչը բաւական յուսադրող է:
«Իրաւունք»