«ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ»
Դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի պատմութեան հիմնարկում տեղի է ունեցել պատմաբան, «Օրէնքի ուժով» իրաւապաշտպան հասարակական կազմակերպութեան նախագահ Արմէն Մարուքեանի «Հայոց ցեղասպանութեան հիմնահարցը համաշխարհային քաղաքականութեան ազդեցիկ դերակատարների` Թուրքիայի հետ յարաբերութիւնների պարունակում» գրքի շնորհահանդէսը:
Եռալեզու (հայերէն, ռուսերէն եւ անգլերէն) մենագրութիւնում ներկայացուած են համաշխարհային քաղաքականութեան ազդեցիկ դերակատարների` Ռուսաստանի, Միացեալ Նահանգների եւ Եւրոմիութեան` Թուրքիայի հետ յարաբերութիւնների ներկայ վիճակը եւ այդ յարաբերութիւններում առկայ հակասութիւնների ու շահերի բախման պարունակում Հայոց ցեղասպանութեան հիմնահարցը: Ներկայացուած են նաեւ առաջարկներ` ստեղծուած իրավիճակում Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան եւ սփիւռքի լոպիիստական կառոյցների կողմից յատկապէս Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման եւ փոխհատուցման հարցում նշուած ուժային կենտրոններում համապատասխան բարենպաստ տրամադրուածութիւն ստեղծելու ուղղութեամբ:
Գիրքը ներկայացնելիս հեղինակը նշելով, որ այն պատմաքաղաքագիտական աշխատութիւն է, ասել է, որ Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման պարունակում ներկայում համաշխարհային ազդեցիկ ուժային կենտրոնների դիրքորոշումից շատ բան է կախուած այն իմաստով, որ նրանք առնուազն դրական տրամադրուածութիւն ունենան եւ չխոչընդոտեն առաջիկայում հնարաւոր իրաւական գործընթացը: Պատմաբանը, նախադէպային օրինակներ վկայակոչելով, կարծիք է յայտնել, որ անհրաժեշտ է համապատասխան դիւանագիտական եւ լոպիիստական աշխատանքներ տանել` թոյլ չտալու համար, որ պատուէր իջեցուի միջազգային դատական ատեաններին, ինչպէս դա տեղի ունեցաւ «Փերինչեքն ընդդէմ Զուիցերիայի» գործի դէպքում, կամ մինչեւ այդ` 1996 թ., երբ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը միակողմանիօրէն որպէս ցեղասպանութիւն որակեց սերպերի կողմից պոսնիացի մահմետականների ջարդերը Սրեպրենիցայում` մերժելով նոյն պարունակում Սերպիայի հակընդդէմ հայցը:
Պատմաբանը նշել է, որ հաշուի առնելով Օսմանեան կայսրութեան եւ նրա իրաւայաջորդ ու շարունակող պետութեան` Թուրքիայի Հանրապետութեան քաղաքականութիւնը, որը դեռեւս ԺԹ. դարի 70-ական թուականներից ուղղուած էր մեծ տէրութիւնների հակասութիւններն օգտագործելով Հայկական հարցի լուծումը վիժեցնելուն` գրքում փորձել է ցոյց տալ, որ թուրքերի այդ զէնքը պէտք է ուղղել հէնց իր` Թուրքիայի դէմ:
«Ահա այս մտահոգութիւնները եւ խնդիրները յանգեցրին ինձ գրելու ներկայ աշխատութիւնը: Հարկաւոր է լրջօրէն ուսումնասիրել Թուրքիա-Միացեալ Նահանգներ, Թուրքիա-ԵՄ, Թուրքիա-Ռուսաստան փոխյարաբերութիւնները, վեր հանել դրանցում առկայ հակասութիւնները, շահերի բախումները եւ դրանք փորձել օգտագործել Թուրքիայի դէմ` Հայոց ցեղասպանութեան հարցում այդ ուժային կենտրոններում անհրաժեշտ տրամադրուածութիւն ստեղծելու համար», ArmenianGenocide100.org-ի տեղեկացմամբ` նշել է Արմէն Մարուքեանը:
Ըստ հեղինակի, հետազօտութեան միջոցով, որն իրականացուել է Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ընթացքում, նախ ներկայացուել են այդ հակասութիւնները, եւ փորձ է արուած չէզոքացնել այն կարծրատիպը, թէ իբր Թուրքիան փայլուն յարաբերութիւններ ունի այդ ուժային կենտրոնների հետ: Ընդ որում, ոչ միայն Ռուսաստանի պարագայում, որի հետ յարաբերութիւնները սրուեցին վերջին զարգացումների առնչութեամբ, այլեւ նոյնը կարելի է ասել թուրք-ամերիկեան յարաբերութիւնների եւ Եւրոմիութեան հետ ունեցած յարաբերութիւնների վերաբերեալ: Արմէն Մարուքեանի համոզմամբ, պէտք է ապացուցել, թէ գերտէրութիւններն ի՛նչ շահ կարող են ունենալ Ցեղասպանութեան հետեւանքները յաղթահարելու դէպքում եւ այդ ուղղութեամբ Հայաստանին աջակցելիս:
«Անշուշտ կարեւոր է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով նախատեսուած` Ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման համար իրաւական պահանջների թղթածրարի մշակումը: Սակայն գաղտնիք չէ, որ միջազգային իրաւունքի եւ յատկապէս նրա կանոնների կիրառման վրայ լուրջ ազդեցութիւն ունեն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացները, միջազգային յարաբերութիւններում ուժերի վերադասաւորումները: Այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանութեան հետեւանքների վերացման միջազգային իրաւական գործընթացը պէտք է լրջօրէն նախապատրաստուած ու ապահովագրուած լինի դրան նախորդող ու դրա հետ զուգահեռ տարուող քաղաքական-դիւանագիտական գործընթացներով: Պէտք է իրաւական գործընթացն առաջ տանենք այն ժամանակ, երբ պատրաստ կը լինենք, եւ բարենպաստ կը լինի միջազգային դրութիւնը: Իսկ իրավիճակն այժմ բարենպաստ է Թուրքիայի չափազանց յաւակնոտ քաղաքականութեան առումով. պէտք է օգտագործենք մեր հնարաւորութիւնները` փորձելու ազդել այն ուժերի վրայ, որոնք կարող են ազդել Թուրքիայի վրայ», ընդգծել է պատմաբանը:
Շնորհահանդէսին ներկայ մի շարք մասնագէտներ եւս ընդգծել են գրքի կարեւորութիւնն ու արդիականութիւնը: Դիւանագէտ, արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը մասնաւորապէս, ընդգծել է. «Շատ այժմէական է այս գիրքը, թէկուզ` միայն այն պատճառով, որ ռուս-թուրքական յարաբերութիւնների վերջին սրացման պարունակում, որը բնականաբար առնչւում է նաեւ Հայաստանին, եւ այդ ամէնի վերաբերեալ ներկայ տեղեկատուական մեծ հոսքի պայմաններում նման մասնագէտի` գիտնականի կարծիքն ունի շատ մեծ նշանակութիւն»:
Գրքի խմբագիր, պատմութեան հիմնարկի Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ, պատմ. գիտ. թեկնածու Համօ Սուքիասեանն ընդգծել է` պատմութիւնը եւ ներկայ աշխարհաքաղաքական իրավիճակը ցոյց են տալիս, որ, միեւնոյն է, ազդեցիկ ուժային կենտրոնները շահարկելու են Հայոց ցեղասպանութեան հարցը, եւ հետազօտողների խնդիրն է դիտորդի դերում չմնալ, ուսումնասիրել եւ ներկայացնել եզրակացութիւններ, ինչո՞ւ չէ, նաեւ` առաջարկներ:
Գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան հիմնարկի փոխտնօրէն Կարէն Խաչատրեանը նշել է, որ աշխատութեան միջոցով մի նոր ուղղութիւն է կարեւորւում, որի վերաբերեալ թէեւ աշխատութիւններ ներկայացուել են, բայց սա առանձնանում է նրանով, որ համապարփակ ներկայացուել է հիմնահարցը:
Այսօրուայ միջազգային յարաբերութիւնների պարունակում Թուրքիայի վրայ պէտք է ազդեցիկ ճնշում գործադրուի, որպէսզի պետական մակարդակով վերջինս առերեսուի սեփական պատմութեանը: Այսօր իրավիճակն աշխարհում, մեր տարածաշրջանում շատ արագ է զարգանում, եւ նման հեռանկարը մտացածին տեսակից չէ: Մենք նման զարգացումներին պէտք է պատրաստ լինենք: Պէտք է պատրաստ լինենք առաջին հերթին նաեւ նման հետազօտութիւնների շնորհիւ», ընդգծել է նա:
Հայաստանի Հանրապետութեան գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան հիմնարկի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան պատմութեան բաժնի վարիչ, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Արմէն Մարուքեանը հեղինակ է Հայոց ցեղասպանութեան եւ յարակից հարցերի վերաբերեալ մի շարք աշխատութիւնների, այդ թւում` «Ռուսաստանը եւ Հայոց ցեղասպանութիւնը 1915-1917 թթ.» (2004թ.), «Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հիմնախնդիրները եւ պատմաիրաւական հիմնաւորումները» (2014թ.), «Հայոց ցեղասպանութեան գործով Միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարաւորութիւնները» (2014թ.) գրքերի: