ԷԴՈՒԱՐԴ ԱՅՎԱԶԵԱՆ
Մի քանի ամիս առաջ վրացական մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ հայկական սփիւռքը կարող է օգտակար լինել Վրաստանին` Եւրոմիութեան ու ՕԹԱՆ-ի հետ համարկման ճանապարհին: Ոչ մէկի համար գաղտնիք չէ, որ հայկական սփիւռքը ունի քաղաքական եւ ֆինանսական մեծ հնարաւորութիւններ` աշխարհի տարբեր երկրներում: Այն լաւ կազմակերպուած է, եւ որոշ չափով ունի հնարաւորութիւն` ազդելու տարբեր երկրներում ընդունուող որոշումների վրայ: Դա պայմանաւորուած է նրանով, որ սփիւռքում գործող հայկական կազմակերպութիւնները եւ հայ հասարակութիւնը բաւականին լաւ կազմակերպուած են եւ գրագէտ ձեւով աշխատում են իրենց պետութիւնների իշխանութիւնների եւ միջազգային ազդեցիկ կազմակերպութիւնների հետ:
Սփիւռքի հզօր հնարաւորութիւնը մինչ օրս լիովին չի օգտագործում Հայաստանի Հանրապետութիւնը, չնայած, որ այս իրավիճակում եւս սփիւռքը քաղաքական ու տնտեսական հսկայական օժանդակութիւն է իրականացնում Հայաստանի համար:
Ինչ վերաբերւում է Վրաստանին, ապա հարկ է նշել, որ հայկական սփիւռքը նախ եւ առաջ Վրաստանին կարող է օգնել Եւրոպայի եւ ՕԹԱՆ-ի լիարժէք անդամ դառնալու ճանապարհին, ինչպէս նաեւ` մեծ ներդրումներ իրականացնել Վրաստանի տնտեսութեան մէջ:
Այստեղ ակնյայտ մեծ է Վրաստանի շահը, սակայն այդ դէպքում ո՞րն է հայկական սփիւռքի շահը: Նախ անհրաժեշտ է հասկանալ սփիւռքի գործօնի դերը հայոց պետականութեան կայացման գործում: Սփիւռքը զարգացած ու ժողովրդավարական տարբեր երկրներում լուրջ աշխատանք տանելով` պայքարել է Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացման համար: Արդիւնքները երեւում են անզէն աչքով: Հայոց ցեղասպանութիւնը ճանաչել եւ դատապարտել են տասնեակ ժողովրդավարական երկրներ, իսկ Արցախի հարցում միջազգային հանրութիւնը ունի հաւասարակշռուած մօտեցում: Դրանից բացի` Միացեալ Նահանգներ պետական պիւտճէից ամէն տարի ուղիղ ֆինանսական օժանդակութիւն է տալիս Արցախին: Նոյն ժամանակ Միացեալ Նահանգների մի քանի նահանգներ ճանաչել են Արցախի անկախութիւնը եւ ԼՂՀ-ն վաղուց մշտական ներկայացուցչութիւն ունի Միացեալ Նահանգների մէջ:
Հարկ է նշել, որ միջազգային հանրութիւնը ուղիղ հակառակ դիրքորոշում ունի Վրաստանի գրաւուած տարածքների նկատմամբ` համարելով դրանք Վրաստանի անխախտելի մաս: Նոյն Միացեալ Նահանգներն ոչ մի օժանդակութիւն չեն ցուցաբերի այն երկրներին, որոնք աջակցելու են Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի ինքնահռչակ հանրապետութիւններին:
Այժմ մի փոքր` սփիւռքի նպատակների մասին: Հայկական սփիւռքի հիմնական նպատակը եղել է վերականգնել պատմական արդարութիւնը եւ վերադարձնել պատմական հայրենիքի սահմանները հայ ժողովրդին: Դրա կարեւորագոյն պայմանն է հզօր ու անվտանգ Հայաստան ունենալը: Իսկ հզօր ու անվտանգ Հայաստան ունենալ կարելի է միայն պաշտպանուած սահմաններով:
Վրաստանի թուրքացումը եւ Հայաստանին սահմանակից Սամցխէ-Ջաւախքի հայաթափումը ուղղակի վտանգ են ներկայացնում ՀՀ անվտանգութեանը ու ինքնիշխանութեանը: Վրաստանը Հայաստանի համար միակ ելքն է դէպի քրիստոնեայ երկրներ եւ այս շրջանում թուրքերի աշխուժութիւնը ուղղակի վտանգ է ներկայացնում Հայաստանի ու հայկական սփիւռքի ազգային շահերին: Դա սպառնալիք է նաեւ Վրաստանի ազգային շահերին: Եւ այս առումով, հիանալի համագործակցութեան առիթ կայ հայկական սփիւռքի հետ, որը գիտակցելով այդ ամէնը` ոչ մի կերպ չի ցանկանում, որ Վրաստանը հայաթափուի եւ յայտնուի թուրքական ազդեցութեան ներքոյ:
Անգամ հսկայական Եւրոպան խուսափում է թուրքական ներհոսքից` համարելով դա ազգային անվտանգութեան խնդիր: Էլ ինչ խօսք կարող է լինել Թուրքիայի ու Ազրպէյճանի արանքում մի փոքրիկ քրիստոնեայ Վրաստանի մասին, որին թուրքացնելը տեւելու է ընդամէնը մի քանի տասնամեակ:
Այս իրականութիւնից ելնելով` ի՞նչ դրական դերակատարութիւն է կարող ունենալ հայկական սփիւռքը: Նախ հնարաւոր է, որ հայկական սփիւռքի ներկայացուցիչները, տեսնելով լաւ պայմաններ եւ շահագրգռուածութիւն, ցանկանան ներդրումներ անել Վրաստանում եւ մասնաւորապէս Ջաւախքում: Դա կը թուլացնի թուրքական ազդեցութիւնը Ջաւախքում եւ կը նպաստի հայապահպանութեանը: Ջաւախահայութիւնը Վրաստանի յատուկ ծառայութիւնների համար այլեւս չի դիտարկուի որպէս ռուսական ազդեցութեան գործօն, որը իրականում թիւրիմացութիւն է, այլ կամաց-կամաց կ՛ընկալուի որպէս թուրքերին հակակշիռ գործօն եւ հնարաւոր կապ` հայկական սփիւռքի լոպիստական կազմակերպութիւնների հետ, որոնք մեծ ներդրում կարող են ունենալ Վրաստանի եւրո-ատլանտեան համարկման գործում: Դրանով իսկ սփիւռքը բարենպաստ պայմաններ կը ստեղծի ապագայում Հայաստանի եւրո-համարկման համար, եթէ դրա կարիքը յանկարծ հասունանայ:
Բաւականին վերջերս Ախալցխա այցելեցին Միացեալ Նահանգների Քալիֆորնիա նահանգի Կլենտէյլ քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանեանը, Ուաշինկթընի հայ համայնքի ներկայացուցիչ Դաւիթ Գրիգորեանը, զօրավար Արշալոյս Փայտեանը, քաղաքագէտ Ռուբէն Մեհրաբեանը եւ մի խումբ համշէնահայեր: Այս փոքրիկ հաւաքը Ախալցխայում, որը բաւականին լուրջ քաղաքական ուղերձ էր Վրաստանի իշխանութիւններին, կազմակերպել էր արցախեան ազատամարտիկ, ծնունդով ախալցխացի Էդուարդ Էնֆիաջեանը, որը ներկայումս ապրում է Միացեալ Նահանգներում եւ իր ընկերների հետ միասին ամէն կերպ փորձում է օգտակար լինել մեր հայրենակիցներին: Նրա կողմից Ախալցխա կազմակերպած այցելութեան նպատակը այն էր, որ Վրաստանի իշխանութիւնները տեսնեն, որ հայկական սփիւռքը անտարբեր չէ Սամցխէ-Ջաւախքում բնակուող հայերի ճակատագրով: Պատահական չէ, որ Զարեհ Սինանեանը հէնց քաղաքապետարանում Կլենտէյլի քաղաքային խորհրդի անունից պատուոգրեր յանձնեց Ախալցխայի մի շարք քաղաքական ու հասարակական գործիչների:
Միացեալ Նահանգներից Ախալցխա այցելած պատուիրակութեան մէջ, ինչպէս նշեցինք, ներկայ էր նաեւ «Փոլիսի Ֆորում Արմինիա» կենտրոնի ղեկավար Դաւիթ Գրիգորեանը, ով Ուաշինկթընում աշխատում է Միջազգային արժոյթի հիմնադրամում: Եւ նման հայեր դեռ ինչքա՜ն կան, որոնք աշխատում են տարբեր միջազգային խոշոր կազմակերպութիւններում ու պատրաստ են այցելել Ջաւախք եւ իրանց խորհուրդներով ու հեղինակութեամբ դրական ազդեցութիւն ունենալ Վրաստանի ներքին ու արտաքին կապերի ամրապնդման համար:
Տարբեր երկրներից հայերի վերոնշեալ այցելութիւնը Ախալցխա կարծես համահայկական խորհրդաժողովի նման մի փորձ լինէր, որը իր մէջ հաւաքեց հայերի` սփիւռքից, Համշէնից, Ջաւախքից ու ՀՀ-ից: Անկասկած յուլիսի 2-4 տեւած հանդիպումը չի եզրափակուելու այդքանով: Դրա արձագանգի մասին մենք դեռ կ՛իմանանք ամիսներ անց Միացեալ Նահանգներից, Համշէնից, Հայաստանից ու Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսից: Տուեալ հրաշալի միջոցառման շնորհիւ` մէկ անգամ եւս լաւ հնարաւորութիւն է առաջացել հզօր կապեր ձեւաւորել սփիւռքի եւ Ջաւախքի միջեւ: Դրանից բացի` հնարաւորութիւն կայ տնտեսական ու մշակութային կապեր ձեւաւորելու համշէնահայութեան եւ ախալցխահայութեան միջեւ: Այս հանդիպումների ընթացքում նոր որակի բարձրացան նաեւ կապերը հայ հասարակութեան ներկայացուցիչների եւ տեղական իշխանութեան ազդեցիկ անհատների միջեւ:
Նման կապերի ամրապնդման ու զարգացման համար այս տեսակի միջոցառումները Ախալցխայում պէտք է մշտական, ամէնամեայ բնոյթ ստանան, եւ ամէն տարի արդէն եղածների ուղեկցութեամբ Ջաւախք այցելեն հայկական սփիւռքի նորանոր դէմքեր, որոնք միայն իրենց այցելութեամբ արդէն կարող են դրական միջավայր ձեւաւորել Վրաստանում ջաւախահայութեան համար եւ նպաստել հայ-վրացական յարաբերութիւնների զարգացմանը:
Անկասկած նման կապերի հնարաւորութիւնից պէտք է օգտուեն նաեւ Վրաստանի իշխանութիւնները: Օրինակ, եթէ ցանկութիւն լինի, հնարաւոր է նման կապերի շնորհիւ Միացեալ Նահանգների Կլենտէյլ քաղաքը եւ Ախալցխան քոյր քաղաքներ դառնան, ինչից անկասկած շահելու են ինչպէս Վրաստանի իշխանութիւնները, այնպէս էլ` Ախալցխայի հայերը: Կամ այն քոնկրեսականներն ու ծերակուտականները, որոնք հայկական սփիւռքի ուղեկցութեամբ այցելում են Արցախ, հնարաւոր է այցելեն նաեւ Սամցխէ-Ջաւախքի տարածաշրջան: Եթէ նման մակարդակի այցելութիւնները մեր սփիւռքահայերի օգնութեամբ իրօք իրականութիւն դառնան, ապա կարելի է ենթադրել, որ Ջաւախքում լուծում կը գտնեն բազմաթիւ խնդիրներ, որոնց մասին երկար տարիներ ապարդիւն բարձրաձայնում է ջաւախահայութիւնը:
Ջաւախքը կամուրջ պէտք է դառնայ ոչ միայն Հայաստանի ու Վրաստանի միջեւ, այլ նաեւ` հզօր քաղաքական հնարաւորութիւններ ունեցող մեր հայկական սփիւռքի միջեւ:
ՍԱՄՑԽԷ-ՋԱՒԱԽՔ ՄԵԴԻԱ
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ