Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

Յասմիկը` Իբրեւ Մարի Նուարդ, Սիրանիուշ Եւ Արուսեակ

$
0
0

Զրոյցը վարեց` ՄՈՎՍԷՍ ԾԻՐԱՆԻ

Յասմիկը

Ֆիլմաշարերուն մէջ որեւէ տեսակի դեր վերցնելը իր վարկին անյարիր համարող այս դերասանուհիին` Յասմիկ Տէր Կարապետեանի բեմական տաղանդը փայլուն կերպով դրսեւորուեցաւ «Ես մարդ եմ» յայտնի ժապաւէնին  մէջ, ուր մամնաւորեց  ինը տարբեր խառնուածքի տէր կիներու կերպարներ միաժամանակ, որուն համար արժանացաւ «Արիութիւն» յատուկ մրցանակին:

Ան ծնած է Երեւան: Աւարտելէ ետք Երևանի Գեղարուեստաթատերական բարձրագոյն  հիմնարկը, 1975-ին իր ստեղծագործական կեանքը կը սկսի ամուր քայլերով Երեւանի Տրամաթիքական թատրոնին մէջ: Այնուհետեւ կը ստեղծագործէ թատերական տարբեր կեդրոններու մէջ, ինչպէս` Պատանի հանդիսատեսի թատրոն, 13-ի թատրոն, Գիւմրիի թատրոն, Հեռուստաթատրոն (ուր խաղացած է վաթսունէ աւելի գլխաւոր դերեր) եւ այլն: Ան մեծ վաստակ ունի նաեւ ֆիլմարուեստի ասպարէզին մէջ, ուր իրեն կը վստահուին կարեւոր դերեր, ինչպէս` Վիգէն Չլտրեանի բեմադրութեամբ «Ձայն բարբառոյ» ժապաւէնի քրմուհիի դերը, Զ.Գասպարեանի «Արտիստը» եւ Վրէժ Պետրոսեանի «Մարիա Յակոբսընի օրագիրը» ժապաւէններու գլխաւոր դերերը եւ այլն: Այս վաստակաւոր  եւ տաղանդաշատ  դերասանուհին տարիներէ ի վեր կը տանի նաեւ մանկավարժական բեղմնաւոր գործունէութիւն, որուն զուգահեռ, սակայն, առաւել աչքի կը զարնեն իր իւրայատուկ մենակատարումները, որոնք կը բազմապատկեն իր հռչակն ու վաստակը հայրենի թատերական կեանքին մէջ: Հեղինակ է շարք մը գիրքերու, որոնց  կարգին` «Հայ առաջին դերասանուհիները», որ իբրեւ ներշնչման աղբիւր` կը ծառայէ իր խաղացած մենաթատրոններուն:

Դիտելէ ետք իր վերջին ներկայացումը` «Ժամանակի վարագոյրը», անոր հետ ունեցանք հանդիպում-զրոյց մը, զոր կու տանք ստորեւ:

ՀԱՐՑՈՒՄ.- «Հայ առաջին դերասանուհիներ» գիրքը ինքնին մեծ իրադարձութիւն էր հայ թատերասէր հասարակութեան համար: Այդ ինչպէ՞ս եղաւ, որ ձեզի համար դարձաւ նաեւ ներշնչման աղբիւր:

ՅԱՍՄԻԿ ՏԷՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Որովհետեւ առաջին հայ դերասանուհիները միայն դերասաններ չէին: Նրանք բեմ բարձրանալու եւ ազատօրէն ստեղծագործելու համար պէտք էր որ յաղթահարէին բազում արգելքներ եւ մեծ դժուարութիւններ: Պէտք էր պայքարէին քարացած մտայնութիւններու դէմ: Դրա համար հերոսներ էին նրանք, որոնք անցան տառապանքի քառուղիներէ եւ ճանապարհ բացին բոլոր (ինչպէս նաեւ` մեր) սերունդներուն համար:

Իբրեւ Մարի Նուարդ

Հ.- Առաջին անգամ դուք կերտել էք Մարի Նուարդի կերպարը:

Յ. Տ. Կ.- Դա բեմադրուեց նրա ծննդեան 150-ամեակի առիթով, «Վերջին արարը» խորագրին տակ (հեղինակ` Գոհար Գալստեան): Կայ երկու տեսակ թատերական ուղղութիւն. առաջինը` «Ցուցադրման արուեստ», որի հիմնադիրը Սառա Պեռնարն է, իսկ երկրորդը` «Վերապրման արուեստ», որի հիմնադիրը համարւում է Էլիանորա Տիւզէն: Խնդիրը նա է, որ Էլիանորա Տիւզէից  շատ առաջ Մարի Նուարդը եղել է «Վերապրման արուեստի» ներկայացուցիչ, երբ նոյնիսկ չկար այդ հասկացողութիւնը: Նա ողբերգակ էր և այնքան ճիշդ էր խաղում ու ապրում բեմի վրայ, որ յաճախ վերջաւորութեան բժիշկ էին կանչում, որպէսզի կարողանար վերադառնալ իր իսկական կեանքին: Ի վերջոյ նա «Քամելեազարդ տիկինը» խաղալիս, վերջին տեսարանում իսկական թոյն խմեց և իր մարմնաւորած կերպարի հետ մահացաւ բեմի վրայ:

Հ.- Փաստօրէն անձնասպանութիւն է գործել. բայց ինչո՞ւ:

Յ. Տ. Կ.- Նա մեծ սէր էր կապել մի կրթուած անձնաւորութեան Շամսէտտին Սամի հետ, որ ալպանացի էր: Նա չկարողացաւ յաղթահարել այդ սիրոյ ուժգնութիւնը եւ որոշեց մահանալ իր կերտած կերպարի` Քամելեազարդ տիկինին նման: Նրան թաղեցին Պոլսում մեծ շուքով: Թաղմանը մասնակցեցին բոլոր ազգերն ու ցեղերը: Այս արտակարգ կերպարը խաղացել եմ միայն մենաթատրոնի միջազգային փառատօների ընթացքում եւ արժանացել համապատասխան գնահատանքների:

Հ.- Իսկ Սիրանո՞ւշը….

Իբրեւ Սիրանուշ

Յ. Տ. Կ.- Սա էլ մի ուրիշ ֆենոմեն էր: «Երկիւղած լռութիւն»-ը (հեղինակ եւ բեմադրիչ` Գառնիկ Սէյրանեան) բեմադրուեց դարձեալ նրա ծննդեան 150-ամեակի առիթով: Այս դերը խաղացել եմ թէ՛ Հայաստանի եւ Արցախի տարբեր բեմերի վրայ եւ թէ՛ սփիւռքում, ինչպէս` Հալէպում, Սոֆիայում, Փլովտիվում, Թիֆլիսում եւ այլն:

Հ.- Դատելով նրա կեանքից` Սիրանուշը բարդ կերպար է…

Յ. Տ. Կ.- Ես կ՛ասէի` չափազանց բարդ: Նախ նա այն մեծութիւնն է մեր մէջ, որ դեռեւս չի գերազանցուել: Նրա նմանները չափազանց քիչ են ծնւում: Շատ դժուար էր նոյնանալ նրա հետ: Պէտք է որ կարողանայի հրաժարուել ես ինձանից, որպէսզի մտնէի եւ ձուլուէի նրա կերպարի հետ: Պէտք է որ կարողանայի ի յայտ բերել նրա ամբողջական կերպարը ու ես դուրս մնայի խաղից:

Հ.- Եւ դա ձեզ յաջողուե՞ց:

Յ. Տ. Կ.- Ինձ թւում է` այո՛. հեղինակի եւ բեմադրիչի հետ միասին մենք կարողացանք ցոյց տալ հանդիսատեսին, թէ ո՛վ է Սիրնուշը, ի՞նչ մեծութիւն է նա, ի՞նչ տառապալից ճանապարհ է անցել` հասնելու համար նման բարձունքների: Նրա կերպարը երկար ատեն կը մնայ մեր թատերասէր հասարակութեան յիշողութեան մէջ:

Հ.- Հիմնականում ո՞ւր էր թաքնուած նրա կերպարի մարմնաւորման դժուարութիւնը:

Յ. Տ. Կ.- Ես պէտք էր որ խաղայի երեք կնոջ տարբեր «մահերը»: Առաջինը` «Քամելեազարդ տիկնոջ», զոր Սիրանուշը մարմնաւորել է, երկրորդը` Սիրանուշի, իսկ երրորդը` ժամանակակից հայ դերասանուհու, որ մարմնաւորում է Սիրանուշի կերպարը: Քամելեազարդ տիկինը մահանում է թոքախտից, Սիրանուշը կը խեղդուի անապատային աւազամրրիկի մէջ, իսկ ժամանակակից դերասանուհին, որ գալիս է նորածին Սիրանուշին խնամելու, մահանում է նրա կեանքի պատմութիւնը հիւսելիս:

Տեսարան մը «Ժամանակի Վարագոյրը» թատերախաղէն

Հ.- Անցնենք երրորդին` Արուսեակ Փափազեանի կերպարին, որի նուիրուած «Ժամանակի վարագոյրը» (հեղինակ եւ բեմադրիչ` Գառնիկ Սէյրանեան) ներկայացումը չափազանց տպաւորեց մեզ: Այս մենակատարման բացառիկ յաջողութիւնն էր, որ մեզ մղեց նախաձեռնելու այս զրոյցը եւ մտածելու, թէ այս եւ միւս «մենակատարումներ»-ը հարկաւոր է ներկայացնել սփիւռքում չզրկելու համար հայրենիքից հեռու ապրող հանդիսատեսը թատերական նման բարձր վայելքներից: Դուք ի՞նչ կ՛ասէք:

Յ. Տ. Կ.-Մենք արդէն որոշ փորձառութիւն ունենք, ինչպէս վերը նշեցինք: Ընդամենը երկու անձ հրաւիրուելու է, բեմադրիչը եւ մենակատարը: Իսկ ինչ կը վերաբերի բեմի ձեւաւորման, այնքա՛ն գործնական է եւ քիչ, որ կարելի է մի փոքր պայուսակի մէջ ամփոփել ու տանել:

Հ.- Լա՛ւ, մի փոքր շեղուելուց յետոյ վերադառնանք  Արուսեակի կերպարին…

Յ. Տ. Կ.- Ասեմ` Արուսեակ Փափազեանը եղել է առաջին հայ դերասանուհին, որ բեմ է բարձրացել: Նրա բեմ բարձրանալու 165-ամեակի առիթով գրուեց ու բեմադրուեց «Ժամանակի վարագոյր»-ը: Չնայած որ նա եւս ունեցել է տառապալից կեանք, սակայն պայքարել է ու իր քաջալերանքով բազմաթիւ հայ դերասանուհիներ բարձրացրել է  բեմ: Ինչպէս` իր քրոջը` Աղաւնիին, Մարի Նուարդին, Աստղիկ Ամպերին, Պիստոս Արաքսիային (որ եղել է Պետրոս Դուրեանի սէրը), Երանուհի Գարագաշեանին, Ազնիւ Հրաչեային եւ այլ շատերու: Մեծ յաջողութիւններից յետոյ ուղարկուել է հոգեբուժարան…

Հ.- Բայց ինչո՞ւ…

Յ. Տ. Կ.- Նա գրաւիչ կին էր, ունէր բացառիկ տաղանդ և վայելում էր մեծ ժողովրդականութիւն: Բազմաթիւ բանաստեղծութիւններ են նուիրուել նրան: Սակայն ամուսնացել էր նկարիչ Սոփոն Պեզիրճեանի հետ: Նա կաթողիկէ էր: Ունէր պահպանողական  մտածելակերպ, որի պատճառով  ուղղակիօրէն խորտակեց Արուսեակի  կեանքը: Որոշ ժամանակ անց այդ մարդը լքում է նրան եւ երեխաներին առնում եւ տանում է Փարիզ: Ինք մնում է Պոլսում` առանձին : Չկարողանալով դիմանալ ծնողական եւ Թատրոնի միջեւ եղած սիրոյ եւ նուիրուածութեան տուայտանքներին ու տագնապներին` ի վերջոյ խելագարւում է: Փոխադրում են հոգեբուժարան. այնտեղ երկար տարիներ մնում է լքուած ու անտեսուած: Ծանր տառապանքներից յետոյ մահանում է ծայրայեղ թշուառութեան մէջ:

Հ.- Արուսեակի կերպարի մարմնաւորման ընթացքում ի յայտ են գալիս որոշ խորհրդանշաններ: Կ՛ուզենայի՞ք բացայայտել մի քանիսը:

Յ. Տ. Կ.- Դա սխալ կը լինէր: Ճի՛շդ կը լինէր, որ հադիսատեսը գար, տեսնէր ներկայացումը եւ ինք կատարէր այդ բացայայտումները:

Յասմիկը ինքնամոռաց տարերքի մէջ

Հ.- Հայրդ` Զարեհ Տէր Կարապետեանը,ում ես ճանաչում էի, համարւում է հայ թատրոնի սիւներից,հետք թողե՞լ  է ձեր վրայ:

Յ. Տ. Կ.- Այն էլ ինչպէ՛ս: Հայրիկս առանձնայատուկ երեւոյթ էր. իր բարութեամբ, խոր իմաստութեամբ,մարդկային լաւագոյն յատկանիշների կրող. դու գիտես, որ իր հայրենասիրական ելոյթների համար հալածւում էր խորհրդայինների կողմից: Ես նրան համարում եմ իմ առաջին ուսուցիչը: Իմ դասարանի ղեկավարը` Կիմ Արզումանեանը երկրորդն էր:

Հ.- Թատերական` ո՞ր դպրոցին էր պատկանում:

Յ. Տ. Կ.- Բնականաբար` «Վերապրման» դպրոցին: Դերասանութիւնը`թատրոնը  ուսողութիւն է` մաթեմաթիքա եւ ոչ թէ` պոհեմա կամ խաղ, ասում էր հայրիկս: Այսինքն դերասանը գիտակցաբար մինչեւ վերջ պիտի վերլուծի, խորանայ, կառուցի, պէտք է իջնի մինչեւ խորերը վիճակների եւ ապա միայն նրա վրայ պիտի գումարի ենթագիտակցականը` կառուցելու համար գիտակցական հիմքի վրայ: Այլապէս կը նմանի սայլակի մը առանց ձիերու, որ ամէն անգամ մի կողմ կը քաշի ու կը տանի քեզ:

Հ.- Ձեր վերջին խօսքը…

Յ. Տ. Կ.- Հանդիսատեսը բաղադրիչն է թատրոնին, իսկ թատրոնը պատկանում է ժողովուրդին: Կը ցանկանայի, որ իւրաքանչիւր թատերասէր մաս կազմէր թատրոնին` թէ՛ ըմբոշխնէր եւ թէ՛ աշխուժացնէր զայն:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>