Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17158

Փոխուենք, Որ Օրհներգը Չփոխենք

$
0
0

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍԵԱՆ

Շարլ Ազնաւուրն անվիճելի մեծութիւն է, աշխարհահռչակ հայ, որի խօսքը գետնին գցել, չյարգել, չլսելու տալ չի լինի: Միւս կողմից էլ` մենք այնպիսի ժողովուրդ ենք, որ պաշտում ենք մեր մեծերին: Ահաւասիկ, մենք Գարեգին Նժդեհի, Յովհաննէս Թումանեանի, Չարենցի, Արամ Խաչատրեանի, Վահրամ Փափազեանի, Մեսրոպ Մաշտոցի, Խորենացու յետնորդն ու ժառանգորդն ենք: Բայց, ցաւօք, մեր կոչումն ու առաքելութիւնը հէնց ժառանգորդ լինելով էլ վերջանում է: Թէ մեր թողած սերունդն ի՞նչ է ժառանգելու մեզնից` առայժմ անյայտ է:

Թերեւս` նոյն Գարեգին Նժդեհին, Յովհաննէս Թումանեանին, Չարենցին, Արամ Խաչատրեանին, Վահրամ Փափազեանին, Մեսրոպ Մաշտոցին, Խորենացուն… Որովհետեւ մենք նրանց թողածին բան չենք աւելացրել, չենք կարողացել նրանց ստեղծած գոհարակերտ բարձունքներից այն կողմ անցնել, արարել հպարտութեան արժանի յիշատակութիւններ: Երբ, օրինակ, Վահրամ Փափազեան, Հրաչեայ Ներսիսեան, Գուրգէն Ջանիբեկեան, Մհեր Մկրտչեան, Սօս Սարգսեան, Կարպ Խաչվանքեան ունեցող ազգը «խփնւում» է այսօրուայ սերիալների, մանաւանդ այդ հնդկական յիմարութիւնների վրայ, երբ կիսառաբիս երգիչ-երգչուհիներն են արդէն վաստակաւոր դառնում, երբ մշակոյթի նախարարը քեզ համոզում է` եթէ Օփերայում քեապապնոց չլինի, սիրուն չի լինի, երբ չենք կարողանում ինչպէս հարկն է մեծարել այսօրուայ հրաշալի, ազգային դիմագիծ ունեցող բանաստեղծին, նկարչին, քաղաքական ու պետական գործչին, թւում է` վտանգւում է մեր յիշողութիւնը, եւ մեր պատմութիւնն է յայտնւում ասպարէզից հեռանալու ռիսկային գօտում յայտնուած ժողովուրդների պատմութեան կողքին:

Շարլ Ազնաւուրի առաջարկը, թէ իր` «Քեզ համար, Հայաստան» երգն աւելի լաւ օրհներգ կը լինէր, բնականաբար յարգանքի ու պատկառանքի է արժանի: Սերժ Սարգսեանը չէր կարող նրան ասել` ոչ, ասել է` համամիտ եմ: Նա, ի՞նչ է, պէտք էր բանավիճէ՞ր Շարլի հետ: Տարօրինակն այս պատմութեան մէջ, սակայն, ոչ այնքան Շարլի առաջարկն ու Սերժ Սարգսեանի համամիտ լինելն է, որքան Սերժ Սարգսեանի «համամիտ լինելուց» ոգեւորուած ու ֆալստարտով ոտքի ելած «մտաւորականութեան», գործից հասկացող-չհասկացողների, զէնք ու վառօդից խորշողների, ազատական կեղծ գաղափարակիրների վէտվէտումները: Ասում են` պէտք է փոխել «Մեր հայրենիքը», «թշուառ-անտէր» երկրի մասին երգը չի կարող օրհներգ լինել, աշխարհի ոչ մի օրհներգ զոհուելու կոչ չի անում, երաժշտութիւնը թռցրած է ինչ-որ յօրինողի ինչ-որ պալեթի նախերգանքից, իտալացի աղջկայ խօսք է, ձօներգային չէ եւ այլն: Նոյնիսկ եղան մարդիկ, ովքեր ասացին, որ Ազրպէյճանի հիմնն աւելի լաւն է, քան մերը: Շնորհաւորում եմ բոլոր հայերին` մեր անկախութեան 100-ամեակի շեմին, յանկարծ մարտահրաւէր ենք ստանում ինքներս մեզնից` կասկածի տակ է առնւում դեռ ազգային-ազատագրական պայքարի օրերի ապրեցնող երգը, որ յետոյ դարձաւ մեր անկախութեան անբաժան մասը` եռագոյնի եւ զինանշանի հետ:

«Մեր հայրենիք»-ն իր պարզութեամբ, սեղմութեամբ եւ միեւնոյն ժամանակ իր կատարելութեամբ չի զիջում ո՛չ մեծ շանսոնիէի «Քեզ համար, Հայաստան»-ին եւ ո՛չ էլ Արամ Խաչատրեանի` Խորհրդային Հայաստանի օրհներգին: «Մեր հայրենիք»-ը նոյն վեհութեամբ է հնչում թէ՛ քառաձայն երգչախմբերի կատարմամբ, թէ՛ կատարելութեան հասցուած մշակումների մէջ, թէ՛ երեխաների եւ թէ՛ հասարակ մարդկանց շուրթերից: Ոմանք ասում են` Ելցինի ժամանակ ռուսները մի հիմն էին գրել, որն այնքան վատն էր, որ նորից անցան ԽՍՀՄ հիմնի երաժշտութեանը: Եղբա՛յր, դա ռուսների իմանալու բանն է, մե՞զ ինչ, թէ ի՛նչ են երգում նրանք: Ու, քանի որ նրանք փոխել են, մե՞նք էլ փոխենք: Ի՞նչ դնենք տեղը` «Սովետական, ազատ աշխարհ Հայաստա՞ն», «Քեզ համար, Հայաստա՞ն», որ կարծես հիւանդապահի երգ լինի` հիւանդի կողքին կատարուող, հիւանդին յոյս տուող: Երգիչ, երգահան Ռուբէն Հախվերդեանն ասում է` Գլազունովի երաժշտութեան մոթիւներով է գրուած «Մեր հայրենիքը»: Աշխարհում դատարկ տեղը ոչինչ չի ստեղծւում, Ռուբօ՛ ջան: Նոյն Ռուբէն Հախվերդեանի շատ երգեր էլ Շարլ Ազնաւուրի երգերի մոթիւներով են գրուած, յետո՞յ, վա՞տն են:

Հայաստանի ազգային օրհներգն ընդունուել է 1991թ. յուլիսի 1-ին: Այն մեր Ա. Հանրապետութեան օրհներգն է` ենթարկուած ժամանակով պայմանաւորուած չնչին փոփոխութիւնների: Առաջին անգամ այն կատարուել է 1885թ., Թիֆլիսում, որպէս տեղի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն երգչախմբի համերգի առաջին երգ: Հետագայում այն մշակել է նաեւ Բարսեղ Կանաչեանը:

«Մեր հայրենիք»-ով է ուղեկցուել Վանի 1915թ. հերոսական ինքնապաշտպանութիւնը, դրանից առաջ էլ այդ երգով են իրենց մարտիկներին ոգեշնչել ազգային-ազատագրական պայքարի մեր առաջնորդները: Դերիկի վանքի կռուին (գտնւում է թուրք-պարսկական սահմանին, պարսկական կողմում) իր «ՀՅ Դաշնակցութեան քննական պատմութիւն» աշխատութեան մէջ անդրադառնում է նաեւ պատմական գիտութիւնների դոկտոր Գէորգ Խուդինեանը: Նա գրում է. «1894թ. ամրանը, երբ վանքում էր գտնւում ՀՅ Դաշնակցութեան Թաւրիզի պիւրոյի անդամների մի մասը, Վանի կուսակալ Պահրի փաշայի հրահանգով Դերիկը պաշարուեց քրտերի եւ թուրքական կանոնաւոր հեծելազօրի կողմից: 1894-ի յուլիսի 21-ի առաւօտեան սկսուեց յարձակումը: «Մենք խմբով 17 հոգի էինք եւ բաժանուել էինք 4 տեղ, – վկայում է Սեւքարեցի Սաքոն, – իսկ քրտերը` 4-5 հարիւրից աւելի համիտէի զինուորներ եւ 50 հոգի էլ սուվարի ձիաւորներ: Կռուի ժամանակ օրիորդ Ծաղիկը հաւաքել էր մօտը վանքի կանանց, եւ նրանք փամփուշտ էին սրբում եւ բաժանում կռուողներին»: Չնայած հակառակորդի հսկայական գերակշռութեանը, համիտիէ քրտերը եւ կանոնաւոր հեծելազօրը, որոնց սահմանի այն կողմում սպասում էր Վանի Պահրի փաշան` հայդուկների գլուխները ստանալու, չկարողացան կոտրել Դերիկի պաշտպանների դիմադրութիւնը: Կռուի վճռական պահին Սեւքարեցի Սաքոն փչեց իր շեփորը, եւ «ուխտաւորներն» սկսեցին երգել: Դերիկի կամարների տակ հնչեց «Մեր հայրենիք»-ը: Յարձակուողները յետ նահանջեցին` հասցնելով միայն իրենց հետ քշել կրակոցներից ցաքուցրիւ եկած վանքի անասունները» (Գէորգ Խուդինեան, ՀՅ Դաշնակցութեան քննական պատմութիւն, Երեւան, 2006, էջ 289):

Հայաստանի խորհրդայնացումից յետոյ էլ «Մեր հայրենիք»-ը չի մոռացուել, այն եղել է աշխարհասփիւռ հայութեան երազանքի` անկախ Հայաստանի օրհներգը, մինչեւ որ վերանկախացած Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհուրդը ՀՀ պետական օրհներգ հաստատեց «Մեր հայրենիք»-ը` հիմք ընդունելով Հայաստանի Ա. հանրապետութեան (1918-1920թթ.) օրհներգը եւ բնագրում որոշակի փոփոխութիւններ կատարելով:

Մեր հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
ազատ, անկախ Հայաստան:

Ահա, եղբա՛յր, քեզ մի դրօշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղայ,
Արտասուքով լուացի:

Նայիր նրան` երեք գոյնով,
Նուիրական մէկ նշան,
Թող փողփողի թշնամու դէմ,
Թող միշտ պանծայ Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ իւր ազգի
Ազատութեան կը զոհուի:

Լսել եմ` առաջարկ կայ հանել վերջին քառատողը, քանի որ այն, իբր, մեռնելու, զոհուելու կոչ է, իսկ պետական օրհներգը նման կոչ պէտք չէ անի: Քա՛ւ լիցի, չկայ նման բան: Այս երգը ոչ թէ մեռնելու, այլ պայքարելու եւ ապրելու երգ է: Վերջին քառատողը ոչ թէ կոչ, այլ խրատ է, «Մահ իմացեալի» եւս մէկ յիշեցում, եթէ կ’ուզէք: Փոխե՞նք: Ինչո՞ւ: Տէրտէրական ճաշակ ունեցողներն ասում են` մեր օրհներգը ձօներգութիւն չէ, այսինքն շարականի երանգներ չունի: Մի՞թէ սա ձօն չէ` մեր եռագոյնին ու անկախութեանը.

Նայիր նրան` երեք գոյնով,
Նուիրական մէկ նշան,
Թող փողփողի թշնամու դէմ,
Թող միշտ պանծայ Հայաստան…

Երեւի շատ ազգեր կ՛երազէին այսպիսի քառատող ունենալ իրենց օրհներգերում: Բայց նրանք շատ էլ չեն նեղւում, որ չունեն: Փոխարէնը ունեն այն, ինչն աւելի յարիր է իրենց պատմութեանն ու ներկային: Մեծն Բրիտանիան, թէեւ այսօր ողջ աշխարհի շուրթերին է թեւաւոր խօսք դարձած «անգլիական թագուհի» արտայայտութիւնը, շարունակում է երգել` «Աստուած պահի թագուհուն»: Եւ այնպէս էլ չէ, որ աշխարհահռչակ անգլիացի շանսոնիէ չկայ, որ ասի` լաւը չէ այդ օրհներգը:

Մի կկու, ուրեմն, իր բնից վատ հոտ էր առնում: Գնաց-նստեց ուրիշ թռչունի բնում ու էլի հոտ առաւ: Ասում են` այդ կկուն մինչեւ հիմա անհոտ բոյն է փնտռում, որովհետեւ համոզուած է, որ բնից է: Աւելի կարճ ասեմ` փոխուենք, որ օրհներգը չփոխենք:

«Հրապարակ»


Viewing all articles
Browse latest Browse all 17158

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>