Վերջին երկու շաբաթուայ ընթացքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական նշանակութիւն ունեցող իրադարձութիւնները բաւականին արագ զարգացումներ արձանագրեցին: Կարծես թէ նախօրօք ծրագրուած բեմագրութեամբ Քաթարը յայտնուեց արաբական աշխարհի խորթ եղբօր դերում: Հիմնական մեղադրանքը թէեւ միջազգային ահաբեկչութեանը նիւթական միջոցներ յատկացնելն էր, սակայն խորքում Թրամփի` տարածաշրջան այցելութեան շեմին Սէուտական Արաբիայի եւ Միացեալ Նահանգների հասցէին հնչեցուած իրանամէտ յայտարարութիւնն էր:
Միւս կարեւորագոյն իրադարձութիւնը Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնն էր, որն առաջին հերթին պատասխան էր Միացեալ Նահանգների կողմից Իրանին միջազգային ահաբեկչութեան հովանաւորչութեան մեղադրանքին:
Վերը նշուած իրադարձութիւնները չեն կարող իրենց ազդեցութիւնը չունենալ մեր երկրին շատ մօտ գտնուող սուրիական, ինչպէս նաեւ Թուրքիայի յեղյեղուկ իրավիճակի վրայ:
Միեւնոյն ժամանակ` հայկական ուժերը, իսկ միւս կողմից ազրպէյճանա-թուրքական համատեղ ուժերը վերջին ամսում անց են կացնում զինավարժութիւններ Արցախի եւ Հայաստանի սահմաններին կից: Վերջին հաշուով` մթնոլորտում զգացւում է վառօդի հոտը:
Նոյն համայնապատկերի վրայ չենք կարող անտեսել միջազգային ճգնաժամային խմբի շուրջ մէկ ամիս առաջ հրապարակուած զեկոյցը, որտեղ բաւականին իրատեսական վերլուծութիւններին որպէս եզրակացութիւն կանխատեսում էր արցախեան նոր պատերազմի հաւանականութիւնը:
Թուարկուած իրողութիւններն ուղղակի կամ անուղղակի պատճառ են դառնում երկրների նոր դիրքաւորումների կամ նախկին դիրքերի ամրապնդմանը: Եթէ Քաթարի հարցի վերաբերեալ շրջակայ երկրների դիրքորոշումները փոփոխութեան են ենթարկւում, բնականաբար դա ազդում է Սուրիայում այս կամ այն երկրի հովանաւորութիւնը վայելող խմբաւորման եւ այդ խմբաւորումների փոխյարաբերութիւնների վրայ, նոյնն է` Թուրքիայում եւ Թուրքիայի սահմաններին Հիւսիսային Իրաքում եւ Սուրիայի հիւսիս-արեւելքում գոյութիւն ունեցող քրտական խմբաւորումների պարագայում:
Երկրների դիրքորոշումներն արտայայտւում են գործնական քայլերով, միջազգային ամպիոններից հնչող յայտարարութիւններով եւ քաղաքական կեցուածքի դրսեւորմամբ: Այսպիսով, իւրաքանչիւր երկիր փորձում է իր ներգործութեան բաժինն ապահովել աշխարհաքաղաքական այս թոհուբոհում, ունենալ իր խօսքն ու դերակատարութիւնը եւ, վերջին հաշուով, իր երկրի շահերին ու հիմնականում անվտանգութեանը ծառայեցնել միջազգային յարաբերութիւնների բեմահարթակը:
Բնական է, որ իրադարձութիւններին մօտ գտնուելը պատճառ է դառնում աւելի աշխուժ արտաքին քաղաքականութեան:
Հէնց այստեղ էլ հարց է ծագում. որտե՞ղ ենք մենք եւ որտե՞ղ է մեր արտաքին քաղաքականութիւնը:
Արցախեան հարցում Արցախի արտաքին քաղաքականութեան հիմնական ելակէտը բանակցութիւններին մասնակցելու կռուանն է: Բայց նախքան բանակցութիւններին մասնակցելը պէտք է վարել քաղաքականութիւն, քաղաքական բեմահարթակում ճշդել երկրի տեղը եւ յանձնառու լինել համապատասխան դերը կրելու մէջ: Թող դա լինի բազմաշառաւիղ, փոխլրացնող, արեւելամէտ կամ արեւմտամէտ, սակայն դրա անհրաժեշտութիւնը բխում է ոչ թէ ցանկութիւնից ու քմահաճոյքից, այլ պետութեան գոյութեան փաստից:
16 յունիս 2017