Յարգելի՛ հայրենակիցներ
Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը վերսկսում է սփիւռքի երիտասարդների հայրենաճանաչութեան «Արի տուն» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է` աշխարհասփիւռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մէջ սերմանել ազգային ինքնութեան գիտակցութիւն, ծանօթացնել իր ժողովրդի աւանդոյթներին ու սովորոյթներին, հայ ընտանիքին:
Ծրագիրը 2017թ. մեկնարկում է յունիսի 18-ին եւ շարունակուելու է մինչեւ օգոստոսի 26-ը` 8 փուլերով (իւրաքանչիւր փուլը` 14 օր, որից 9 օրը` հիւրընկալող ընտանիքում, 4 օրը` ճամբարում): Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին:
Ծրագրի ընթացքում երիտասարդները կարող են հիւրընկալուել բարեկամների տանը, իսկ նրանց բացակայութեան դէպքում` Երեւան քաղաքի վարչական շրջանների, Հայաստանի մարզպետարանների եւ Հայաստանի սփիւռքի նախարարութեան կողմից ընտրուած ընտանիքներում: Երիտասարդներն ընտանիքներում հիւրընկալւում են անհատոյց: Ծրագրին մասնակցութեան համար խմբերի եւ անհատների հաւաքագրումը եւ Հայաստան այցելութեան գործընթացն իրականացւում է սփիւռքի համայնքային կառոյցների, կրթօճախների, հայկական կազմակերպութիւնների կողմից` տուեալ երկրում Հայաստանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների աջակցութեամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել նաեւ անհատապէս` տեղեկացնելով համապատասխան համայնքային կառոյցին: Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանաւորների միջոցներով:
«Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստանի սփիւռքի նախարարութիւնն ապահովում է երիտասարդների դիմաւորումը եւ ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզուի դասընթացներ, այցելութիւններ թանգարաններ, շրջայցեր` Հայաստանի տեսարժան վայրեր: Ծրագրի ճամբարային փուլում կը կազմակերպուեն նաեւ ուսուցողական ծրագրեր. հայոց լեզուի, հայրենագիտութեան, ազգային երգի ու պարի դասընթացներ: Կը կազմակերպուեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ եւ այլն: Պտոյտների ժամանակ անվտանգութիւնն ապահովելու նպատակով նրանց ուղեկցելու է բժիշկը եւ ոստիկանական անձնակազմը:
Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել
Հայաստանի սփիւռքի նախարարութեան աշխատակազմի
համահայկական ծրագրերի վարչութիւն
Հասցէ` ք. Երեւան 0010, Վ. Սարգսեան 3,
Հեռ.` (+37410) 58-56-01 (700)
(+37460) 500-830
52-02-46, 52-14-10
Էլ. փոստ` europedep@gmail.com
europedep@yahoo.fr
aritun.mindiaspora@gmail.com