Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

Աստուած Նրան Առատօրէն Օժտել Է Բազմաթիւ Տաղանդներով

$
0
0

ԱՐՏԵՄ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Բանաստեղծ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր,
բանասիրական գիտութիւնների դոկտոր-փրոֆեսէօր

Երկնապարգեւ գեղեցկութեան տէր, մեծատաղանդ դերասանուհի Անահիտ Թոփչեանի ծննդեան 70-ամեակին առիթով հայրենի յայտնի բանաստեղծ Արտեմ Յարութիւնեան ստորագրած է յօդուած մը` անոր թատերական եւ գրական վաստակի մասին: Տրուած ըլլալով, որ յօդուածը (դեռեւս անտիպ) ծաւալուն է եւ տրուած ըլլալով, որ մեր ընթերցողները արդէն իսկ որոշ չափով ծանօթ են Անահիտի թատերական եւ դերասանական նուաճումներուն, ստորեւ կու տանք միայն վերջին մասը, որ կը վերաբերի անոր գրական եւ թարգմանական ստեղծագործական կեանքին:

«Ազդակ»

1990թ. Անահիտը յայտնուեց Փարիզում:

Տեղափոխութիւնը երկրից երկիր դաժան փորձութիւն է արուեստագէտի համար, մանաւանդ եթէ նրա արուեստի հիմքը լեզուն է: Սա մի մարտահրաւէր է, որից շատ քչերն են կարողացել յաղթող դուրս գալ: Առանց վարանելու` կարող ենք ասել, որ Անահիտն այդ քչերից մէկն է:

Ինձ զարմացնում է նրա բեմական բուռն գործունէութիւնը. աւելի քան յիսուն ներկայացում` Ամերիկայի, Եւրոպայի, Մերձաւոր Արեւելքի քսան քաղաքներում: Դա դժուար է, գրեթէ անհնարին` սփիւռքում այդքան յաճախ խաղալ ներկայացումներ, որոնք կառուցուած են բացառապէս խօսքի եւ դերասանի հմայքի վրայ, մի սփիւռք, ուր այսօր սկսել ենք յաճախակի լսել այն մասին, թէ` «ձեր հայերէնը չենք հասկնար», որտեղ հանդիսատեսին փչացրել են էժան հումորի վրայ կառուցուած ներկայացումներով, մինչդեռ Անահիտը մենակ, բեմական նուազագոյն աքսեսուարներով լրջագոյն եւ տրամաթիք բնագիր էր մատուցում լեփլեցուն սրահներին:

Նրա մենաներկայացումները հայրենասիրական բացառիկ խանդավառութիւն առաջացրին Սփիւռքում: Փարիզում նրան համարեցին «Հայաստանի դերասանուհիներու թագուհին» (1) (Վ. Նաւասարդեան, «Յառաջ», Փարիզ, 30 յունիս, 1990թ.), իսկ Պէյրութում` «Դերասանուհիներու թագուհին եւ դեսպանուհին» (Մ. Գազանճեան, Լիբանան, «Նոր կեանք», 1993թ.): «Պէտք է զինք ունկնդրել հոգիով, բայց նաեւ ու անպայման` հետեւելով իր նայուածքի լոյսին» (Նազարէթ Թօփալեան, Փարիզ, «Երեկոյեան Երեւան», 4 նոյեմբեր, 1991թ.): Արձակագիր Սարգիս Վահագն էլ այսպէս գրեց «Արտագերս» եւ «Անհասցէ տիկինը» ներկայացումների մասին. «Անահիտ Թօփչեան, մեր արդի թատրոնին փայլուն աստղը, իր սքանչելի խաղարկութեամբ, ժամ մը ամբողջ, մագնիսացուց, ցնցեց ու վերացուց հանդիսատես թատերասէրներու բախտաւոր այն ընտրանին, որ փութացած էր մասնակից դառնալու հոգեկան այս խրախճանքին» («Նոր օր», Լոս Անճելըս, 27 մայիսի 2000 թ.):

Հիացական մէջբերումները կարելի է շարունակել անվերջ` սփիւռքի գրեթէ բոլոր թերթերից ու հանդէսներից: Սակայն նոր միջավայրում նա ոչ միայն վերահաստատեց դերասանի իր տաղանդը, այլեւ կարճ ժամանակում իր մէջ նոր տաղանդներ յայտնագործեց: Ապշել կարելի է, թէ նա ինչպէս, գրեթէ մենակ, գերազանցապէս ապաւինելով սեփական ուժերին, բուռն գործունէութիւն ծաւալեց արուեստի եւ գրականութեան մի քանի ասպարէզներում. թատրոն, ասմունք, գրականութիւն, լրագրութիւն, թարգմանութիւն…

Նա առաջինը եղաւ հայաստանցի, հայագիր հեղինակներից, որի ստեղծագործութիւնը բեմադրուեց Փարիզի արհեստավարժ թատրոններում, ֆրանսերէն:

Նա մեզ զարմացրեց Փարիզի բարձրակարգ («Լա Փանսէ Ռիւս») շաբաթաթերթում, սփիւռքահայ, ֆրանսական մամուլում, տարիներ շարունակ, պարբերաբար տպագրուող հրապարակախօսական, գրաքննադատական, արուեստաբանական եւ նոյնիսկ քաղաքագիտական խորունկ ու համարձակ յօդուածներով: Նա մեզ զարմացրեց նոյն մամուլում, այնուհետեւ առանձին գրքերով, հայերէն, ռուսերէն ու եւրոպական մի շարք լեզուներով հրապարակուած իր գերազանց պատմուածքներով, որոնցում հեղինակը իւրացնում էր ոչ միայն սփիւռքեան, այլեւ արեւմտեան իրականութիւնը: Դա նոր իրականութեան ստեղծագործական նուաճում էր արուեստով ու գրականութեամբ:

Բուռն եւ բարձր գնահատութիւնները չյապաղեցին:

«Նման պատմուածքներ հազուադէպ կարելի է ընթերցել մեր օրերում, որտեղ սրամտութեան քողի տակ սրտակցութիւն կայ` մարդկային չստացուած ճակատագրերի հանդէպ, ճիշդ ընտրուած կերպարների, միջավայրի, իրավիճակների շնորհիւ` պատմութիւնը ձեռք է բերում քսաներորդ դարի արձակի առաջատար գրողների` Սարոյեանին, Մարքեսին, Քորթասարին, Օէին բնորոշ ֆանտասմագորիկ պատկերաւորութիւն» (Վ. Թաթիկեան,  «Ազգ», 10 դեկտեմբերի 1998թ.):

«Չգիտեմ, երեւի կը գրուի՞ մեր այս վերջին տարիների տարագրութեան պատմութիւնն ամբողջութեամբ: Բայց եթէ որեւէ պատմաբան փորձի այդպիսի գիրք ստեղծել, ապա շատ կ՛ուզէի, որ ծանօթ լինէր «Լէյտի Էս. Տէ. Էֆ.» գրքին: Ցաւով գրուած այսպիսի շատ քիչ գրքեր եմ կարդացել: Ու այսքան ճշմարիտ… Անահիտ Թօփչեանն ինչ արել է բեմում ու շարժապատկերում, արել է մեծ ներշնչանքով, պոռթկումով: Դա անհետ չի անցել ո՛չ իր, ո՛չ էլ ուրիշների համար: Այս անգամ գրող Անահիտ Թօփչեանն է պոռթկացել: Այդ ճիչը սարսռեցնում է»: (Ս. Գալոյեան, «Ազգ», 16 հոկտեմբերի 1999թ.):

Անահիտի պատմուածքները մամուլում բարձր գնահատեցին նաեւ Գէորգ Էմինը, Վահէ Օշականը, Կարեն Քալանթարը, Վահրամ Հաճեանը, Երան Գույումճեանը եւ ուրիշներ: Ի դէպ, մասնաւորապէս նկատուեց, որ հեղինակը զարմացնում է գրական իր վարպետութեամբ, եւ այնպիսի տպաւորութիւն է, ասես կարդում ենք նրա տասներորդ գիրքը: Իսկ Կ. Քալանթարը գրեց, որ` «Անահիտի պատմուածքները զարմանալիօրէն շարժապատկերային են, զարմանալիօրէն` բեմական: Դրանք, ասես, խաղացուած են դերասանուհի գրողի կողմից, ըստ որում, նա ոչ միայն յօրինում է, ոչ միայն խաղում է ինքն իրեն` կատարելով ի սկզբանէ նրան բնորոշ գեղեցիկ կնոջ կեանքի դերը, այլեւ խաղում է ծեր, հիւանդ կանանց, նոյնիսկ տղամարդկանց ու երեխաների դերերը: Աւելի՛ն. նա հմտօրէն բեմականացնում է այդ պատմութիւնները`  դառնալով բեմադրիչը, նկարիչը, երաժշտահանը, ձայնային ճարտարագէտը եւ նոյնիսկ լուսաւորողը: Նա անում է ամէն ինչ եւ անում է գերազանց` նախանձելի երեւակայութեամբ եւ հնարամտութեամբ, որովհետեւ ազատ է եւ տաղանդաւոր» Նովոյէ Վրեմեա- 9 փետրուարի 1999 թ.):

Հայ շարժապատկերագիտութեան նահապետը, ցաւոք սրտի, առիթ չունեցաւ կարդալու Անահիտի միւս գրքերը, թէ ոչ, անպայման կը հաստատէր, որ նրա ամբողջ գրականութիւնն է շարժապատկերային:

«Լէյտի Էս. Տէ. Էֆ.» յաջորդեց «Հայելի»` նոյնքան վիրտիւոզ պատմուածքների ժողովածուն, իսկ երկու տարի անց` իրար ետեւից լոյս տեսած «Անհետացում» եւ «Տագնապ» հրաշալի վէպերով Անահիտը վերջնականապէս հաստատուեց որպէս հմուտ արձակագիր, եւ արդի հայ գրականութեան մէջ անվիճելիօրէն գրաւեց նոյնպիսի բարձր ու պատուաւոր տեղ, որպիսին արդէն գրաւել էր հայ դերասանական արուեստում:

Եւ ինչպէս իր բացառիկ ոճը ստեղծեց բեմում, այնպէս էլ` գրականութեան մէջ:

«Անհետացում» եւ «Տագնապ» վէպերի առիթով Հայաստանի եւ Սփիւռքի մամուլում նոյնպէս բազմաթիւ հիացական կարծիքներ արտայայտուեցին.

«Այս երկը («Անհետացում», Ա. Յ.,) բնագիծ ենք համարում ժամանակակից արձակում: Քիչ կան մեզանում լինելութեան պայմանականութիւններից վեր բարձրացող նման ստեղծագործութիւններ, որոնցում կարող ենք ճանաչել ինքներս մեր ան-հատականութիւնը, մեր երկրի ճշմարիտ զարգացման փնտռուած հունը» (Սուրէն Դանիէլեան,  «Օրեր», Փրակա, N5, 2010թ.):

«Թոփչեանը իր նոր վէպով սփիւռքահայ եւ հայրենի ընթերցողին կը վերադարձնէ ընթերցանութեան հաճոյքը, անոր համն ու հոտը: «Անհետացում» վէպը մեր նորագոյն արձակի նուաճումներէն է»: (Պօղոս Գուբելեան, «Ասպարէզ», Կլենտէյլ, 1 նոյեմբերի, 2010 թ.):

«Անհետացում» վէպը, գրողի ստեղծագործական տաղանդին զուգահեռ, կրում է նաեւ աւելի հազուագիւտ` բարոյական տաղանդի դրոշմը, այդ պատճառով իսկ, կարծում ենք, երբեք չի անհետանայ հայ գրականութեան նուաճումների ցանկից»: (Գայեանէ Աթանեան, Երեւան «Ազգ», 14 յունիսի, 2011թ.

«Վէպն ունի ոչ միայն ազգային, այլեւ համամարդկային հնչեղութիւն եւ տարողութիւն, ի մասնաւորի` մեր ժամանակներուն համար, ուր գրեթէ համատարած երեւոյթ դարձեր են սուտին ու կեղծիքին խնկարկումն ու փառաբանումը եւ արժանաւորին անտեսումն ու ոտնահարումը… Հուսկ` միջակութիւններու տիրապետումը եւ լաւագոյններու լուսանցքայնացումն ու անհետացումը» (Երան Գույումճեան, «Ազատ ձայն», յունուար, 2011թ., Կիպրոս, Նիկոսիա):

«Այս գիրքը մի գեղեցիկ զարդ է: Մի ամբողջ օր շարունակ «Տագնապ»-ի հետ էի, իմ սենեակի մենութեան մէջ: Մի կատարեալ խրախճանք էր»: (Վարդենի Բեդանեան, «Գրական թերթ», 05 հոկտեմբերի 2012թ.):

«Անահիտ Թոփչեան իր «Տագնապ» վէպին, ինչպէս եւ այլ վէպերուն ու պատմուածքներուն մէջ, կը ցուցաբերէ կեանքի խոր իմացութիւն, խորաթափանց ու խորազնին հոգեբանի հայեացք, յանդգնութիւն` ընթանալու հայ գրական արձակի դեռեւս անկոխ ուղիներէ® եւ, անշուշտ, գեղարուեստական բարձր ճաշակ: Ան արուեստագէտ է իր համակ էութեամբ, այդ բառին ամբողջական եւ խորագոյն իմաստով»: Երան Գույումճեան, «Ազատ Խօսք», Կիպրոս, 17, սեպտեմբեր, 2012թ.):

Իսկապէս որ Աստուած նրան առատօրէն օժտել է բազմաթիւ տաղանդներով, եւ ես չեմ զարմանայ, եթէ Անահիտը վաղը` շարունակելով զարմացնել մեզ, իր մէջ մի նոր տաղանդ յայտնագործի:

 

—————————————-

(1)  Պրն. Նաւասարդեանն այսպէս բնորոշելով` նկատի ունէր Փառանձեմ թագուհու հերոսական կերպարը` Անահիտ Թոփչեանի հիանալի մարմնաւորմամբ: Հաւանաբար նա տեսել էր նաեւ նրա միւս թագուհիներին` Հեղինէ Սքանչելի, Կլեմենտին, շէյքսփիրեան Կերթրուտ եւ Էլիզապեթ® Սակայն Անահիտն ազնուական է ոչ միայն թագուհիներ մարմնաւորելիս…

 


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>