«ԷՐՄԵՆԻ ՀԱՊԵՐ»
Դեկտեմբերի 12-ին Թուրքմենստանում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը եւ Իրանի նախագահի առաջին օգնական Իսհաք Ճիհանկիրի:
Թուրքական «Տողան» լրատուական գործակալութեան տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում Իրանի դրօշը չի տեղադրուել, իսկ Էրտողանի եւ Ճիհանկիրիի աթոռները նկատելիօրէն տարբեր են եղել: Ընդամէնը 20 րոպէ տեւած այս հանդիպումն արագօրէն դարձել է իրանական մամուլի քննադատութեան առարկան: Հանդիպման ժամանակ երկու պաշտօնեաներին ցուցաբերուած ակնառու խտրական վերաբերմունքը, ինչպէս նաեւ` Էրտողանի կեցուածքը, իրանական մամուլը մեկնաբանել է որպէս Իրանին ուղղուած վիրաւորանք:
Իրանական իշխանութիւններին մօտ կանգնած «ԻՍՆԱ» լրատուական գործակալութիւնը հրապարակել է թեմայի վերաբերեալ մի պետական պաշտօնեայի մեկնաբանութիւնները: Պաշտօնեան, որի անունը չի հրապարակւում, նշել է, որ Իրանը կարող է վրէժխնդիր լինել նման վերաբերմունքի համար:
Մամուլում տեղ գտած քննադատութիւնների կապակցութեամբ պարզաբանում է այն հանգամանքին, որ Էրտողանն ու Ճիհանկիրին տարբեր քաղաքական պաշտօններ են զբաղեցնում ու նման պարագայում Իրանի դրօշի բացակայութիւնը լիովին համապատասխանում է քաղաքական բարոյագիտութեան կանոններին:
Նշւում է նաեւ, որ հանդիպման ժամանակ Էրտողանն իր դժգոհութիւնն է յայտնել Ճիհանկիրիին` իրանական մամուլում իր ընտանիքի վերաբերեալ տեղ գտած հրապարակումների առթիւ եւ պահանջել փոխել այդ մօտեցումը:
Ի պատասխան Ճիհանկիրին նշել է, որ իրանական մամուլը չի գտնւում պետութեան ենթակայութեան տակ. «Մամուլում տեղ են գտնում նաեւ Իրանի կառավարութեանը քննադատող հրապարակումներ: Իրանցի պաշտօնեաները Թուրքիայի մասին որեւէ յայտարարութիւն չեն արել, մինչդեռ մի շարք թուրք պետական պաշտօնեաներ Իրանի մասին բացասական եւ սխալ արտայայտութիւններ են հնչեցնում», նկատել է տուել Իրանի նախագահի օգնականը: