Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Միջուկային Թուրքիան Եւ Տարածաշրջանը

$
0
0

ara-marjanian_122915«Ի Քիուպ» Հասարակական կազմակերպութեան նախագահ, ուժանիւթի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագէտ, արհեստագիտական գիտութիւնների թեկնածու Արա Մարջանեանի  ելոյթը ռուս-հայկական «Հայաստանը եւ յարակից երկրները» կլոր սեղանին (Երեւան, 2015 թ. նոյեմբեր):

Թուրքիայի ռազմամիջուկային ներուժը մնացել է ընթացող բուռն իրադարձութիւնների ստուերում: Մինչդեռ այն սպառնալիք է մեր ողջ տարածաշրջանի համար, սպառնալիք, որ դեռ մինչեւ վերջերս ամբողջովին գիտակցուած չէր եւ զարմանալիօրէն քիչ էր շօշափւում:

2011թ. վերջին առիթ եմ ունեցել հարցի վերաբերեալ հնչեցնել մեր ուսումնասիրութիւնների հետեւեալ եզրակացութիւնները.

– Ազգային, տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակներով գործող որոշակի միտումները կտրուկ բարձրացնում են Թուրքիայի` սեփական ռազմական միջուկային ներուժ ստեղծելու հակումը:

– Հաւանական է, որ Թուրքիայում քաղաքական որոշում է կայացուել հանրապետութեան հիմնադրման 100-ամեայ յոբելեանը` 2023 թուականը, դիմաւորել սեփական ռազմամիջուկային ներուժով:

– Ի տարբերութիւն Իսրայէլի եւ Իրանի, Թուրքիան ցեղասպանածին երկիր է, որը հետեւողականօրէն հերքում է իր անցեալը: Աւելի՛ն. ակնյայտ են Թուրքիայի ծաւալապաշտական նկրտումները տարածաշրջանային եւ նոյնիսկ համաշխարհային մակարդակով:

– Այս ամէնը լուրջ եւ ուղղակի սպառնալիք է Թուրքիայի հարեւանների` առաջին հերթին Հայաստանի եւ Ռուսական դաշնութեան համար:

Կանգ կ՛առնենք վերջին 3-4 տարիներին ի յայտ եկած մի շարք նոր տուեալների, ինչպէս նաեւ յարակից մի շարք նոր գործընթացների վրայ:

Նոր տուեալներ: 2014թ. սեպտեմբերի 22-ին միջազգային մի շարք ազդեցիկ հրատարակութիւններում Գերմանիայի պաշտպանութեան նախարարութեան ծրագրաւորման վարչութեան նախկին ղեկավար Հանս Ռիւլէն հրապարակեց Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայութեան տուեալները, որոնք լիովին հաստատում են մեր եզրակացութիւնները: Մասնաւորապէս, ըստ Ռիւլէի, «Գերմանիայի եւ մի շարք այլ երկրների հետախուզական հանրութիւնը կարծում է, որ Թուրքիան աշխատում է ինչպէս իր սեփական ռազմական միջուկային, այնպէս էլ միջուկային լիցքերի փոխադրման միջոցների ստեղծման ծրագրերի վրայ»:

2014 թ. սեպտեմբերի 24-ին ռուսական մամուլում ներկայացուեց Ռուսական աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի ակադեմիկոս, զօրավար Լէոնիտ Իվաշովի կարծիքը. «Հաւանաբար Միացեալ Նահանգները որոշակի յոյսեր են կապում Թուրքիայի հետ` փորձելով նրա վրայ դնել ողջ մեծ տարածաշրջանի համար պատասխանատուութիւնը, ներառեալ` Մերձաւոր Արեւելքը: Այդ նախագիծը (թուրքական միջուկային ռումբի) ամենայն հաւանականութեամբ համատեղ որոշման արդիւնք է. կամ ամերիկացիներն են այն նախաձեռնել, կամ էլ թուրքերն են ամերիկացիներին համոզել»:

Նոյն օրը հնչեցուեց նաեւ Մերձաւոր Արեւելքի հիմնարկի նախագահ Եւկենի Սաթանովսքու կարծիքը. «Թուրքիան կը փորձի ինքնուրոյն միջուկային ռումբ մշակել, իսկ Սէուտական Արաբիան անհրաժեշտ ամէն ինչը կը ստանայ Փաքիստանից»: Մինչդեռ ռազմական փորձագէտ Անաթոլի Էլ-Միւրիտի կարծիքով` «Անգարայի ձեռքում միջուկային ռումբի յայտնուելը պէտք է սպասել 2020թ.-ից ոչ շուտ», ինչը, ի դէպ, լիովին համընկնում է մեր գնահատականին` 2023թ.:

Թուրքական օդուժի չորս «Էֆ-16-Սի» եւ «Էֆ-16-Տի» կործանիչ-ռմբակոծիչները «Սթէտֆասթ-Նուն-2014» միջուկային վարժանքներում:

Թուրքական օդուժի չորս «Էֆ-16-Սի» եւ «Էֆ-16-Տի» կործանիչ-ռմբակոծիչները «Սթէտֆասթ-Նուն-2014» միջուկային վարժանքներում:

Այս ամէնը խնդրի միայն մի կողմն է: Բանն այն է, որ Թուրքիան արդէն տասնամեակներ ի վեր ռազմամիջուկային երկիր է: Ընդ որում, այս հարցը կարծես թէ դիտմամբ ստուերւում է ու պատւում անորոշութեան քողով: Միտումնաւոր ստեղծուած մի իրավիճակ, որը յաճախ յանգեցնում է ոչ համարժէք մեկնաբանութիւնների, ինչն էլ յղի է ծանր հետեւանքներով: Ներկայումս Թուրքիայի ռազմամիջուկային զինանոցը ներկայացուած է ազատ անկման ջերմամիջուկային Պի 61 ընտանիքի մարտավարական ռումբերով (3, 4, 10 եւ 11 տիպեր), օժտուած փոփոխական տեղակայուող լիցքի համակարգով: Մինչեւ 1980-ականների վերջը այս ընտանիքի աւելի քան 150 ջերմամիջուկային ռումբեր գտնւում էին Թուրքիայի 5 ռազմաօդային յենակայաններում` Ակինչի, Պալըքեսիր, Էսքիշեհիր, Էրհաչ եւ Ինճիրլիք: 1980-ականներին դրանց պահպանման եւ օգտագործման համար կառուցուել էին յատուկ պաշտպանուած կամարապահեստներ (ՊԿՊ), որոնցից իւրաքանչիւրը նախատեսուած է Պի 61 ընտանիքի 4 ջերմամիջուկային ռումբի համար: Նոյն այդ ՊԿՊ-ներում տեղակայւում են նաեւ Էֆ.16 կործանիչ-ռմբակոծիչներ:

Ընդ որում, ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա պաշտօնապէս յայտնի չէ Թուրքիայում գտնուող Պի 61 ընտանիքի ջերմամիջուկային ռումբերի ո՛չ ճշգրիտ թիւը, ո՛չ էլ դրանց տիպը (կամ տիպերը): Մասնագիտական աղբիւրներում խօսւում է «մի քանի տասնեակ» միաւորի մասին: Ըստ Միացեալ Նահանգների միջուկային գիտնականների ֆետերասիոնի գիտնական, դոկտոր Հանս Քրիսթենսենի` 2009 թ. վերջի դրութեամբ Թուրքիան ունէր Պէ 61 ընտանիքին պատկանող 90 միաւոր ռումբ: Փրոֆեսէօր Մուսթաֆա Քիպարօղլին Թուրքիայից խօսում էր 40 ռումբերի մասին: Հնչել են նաեւ այլ գնահատականներ` 50, 60 եւ 20 միաւոր, սակայն ոչ մի խօսք այդ ռումբերի տիպի (կամ տիպերի) մասին: Պաշտօնական տեղեկատուութիւն չկայ ո՛չ Միացեալ Նահանգներում, ո՛չ Թուրքիայում եւ ոչ էլ ՕԹԱՆ-ում: Եւ սա դեռ չարեաց փոքրագոյնն է, թէեւ, կարծում եմ, որ «մի քանի տասնեակ» արտայայտութիւնն աւելի շատ սազում է հաւկիթի, քան թէ ջերմամիջուկային ռումբերի քանակութեանը:

Որտե՞ղ են դրանք գտնւում: Նոյն աղբիւրները` Քրիստենսենը եւ Քիպարօղլին, տեղեկացնում էին, որ 1994-ից Ակինչի եւ Պալըքեսիր յենակայաններից Պի 61 ընտանիքի 20-ական ռումբ է տեղափոխուել Ինճիրլիկ, եւ այսօր Թուրքիայի տարածքում դրանք տեղակայուած են միայն այնտեղ: Ի վերջոյ` ինչքա՞ն: Քսա՞ն միաւոր, միգուցէ` իննսո՞ւն: Իսկ ի՞նչ եղաւ մնացած չորս յենակայաններում յատուկ ստեղծուած միջուկային ենթակառուցուածքը: «Ապաաշխուժացուած են Էսքիշեհիրում եւ Էրհաչում, պահպանուած են Ակինչիում եւ Պալըքեսիրում», հնչում է պատասխանը: Իսկ որտեղի՞ց է յայտնի: Եւ, ընդհանրապէս, ի՞նչ է նշանակում «ոչ գործունեայ են», եթէ Էսքիշեհիր եւ Էրհաչ յենակայանների արբանեակային լուսանկարներում յստակ նկատելի են «Տապլիու Էս-3» տիպի ՊԿՊ-ները:

Վտանգաւորն էլ այն է, որ այս ամէնից յետոյ ձեզ կարող են ասել (ինչը եւ անում են հարիւրաւոր սիրողական հրապարակումներում) մօտաւորապէս հետեւեալը. «Դէ՛ լաւ, այդ ամէնն այդպէս է: Բայց չէ՞ որ ամերիկեան զէնք է, եւ այն տեղակայուած է Թուրքիայում, որը ՕԹԱՆ-ի անդամ է: Այդ զէնքի վերահսկումը, պահպանումը, ծրագրումը եւ կիրառումը գտնւում է ամերիկացիների ձեռքում»: Այստեղ տեղին է նորից հարց տալ. որտեղի՞ց է յայտնի: Մանաւանդ որ ե՛ւ Քրիսթենսենը, ե՛ւ Քիպարօղլին, գլխաւորը` ՕԹԱՆ-ի Միջուկային պատասխանատուութեան բաշխման պայմանագրերն ասում են ճիշդ հակառակը:

Այսպէս, դեռ 1960-ականների կէսերից թուրքական զինուած ուժերն աշխուժօրէն մասնակցում էին ՕԹԱՆ-ի ռազմական միջուկային քաղաքականութեան մշակմանը, միջուկային զէնքի տեղակայման, պահպանման, սպասարկման եւ, ի հարկէ, կիրառութեան ծրագրաւորմանը: Թուրքական օդուժը ամենաաշխուժ մասնակցութիւնն ունէր ՕԹԱՆ-ի ուսումնական-մարտական միջուկային համատեղ վարժանք-առաքելութիւններին` ջերմամիջուկային ռումբերի տեղափոխման եւ կիրառման նպատակով: Ընդ որում, ոչ միայն Թուրքիայի տարածքում (օրինակ` Գոնիայում), այլեւ նրա սահմաններից դուրս (օրինակ` Թունուզի Պեն Խալիֆում):

«Բայց չէ՞ որ դա վաղուց էր», հաւանաբար կ՛ասի ոմն մեկնաբան: «Ոչ մի նման բան», պատասխանում է  Քրիսթենսենը ֆետերասիոնի 2009թ. իր հաշուետուութիւնում. «2009 թ. դրութեամբ, Թուրքիայի Ինճիրլիք յենակայանում տեղակայուած Պի 61 ջերմամիջուկային 90 միաւոր ռումբերից 40-ը գտնւում են թուրքական ռազմաօդային ուժերի ենթակայութեան ներքոյ: Դրանք նախատեսուած են թուրքական «Էֆ-16 Սի» եւ «Տի» կործանիչ-ռմբակոծիչների համար, որոնք, սակայն, ներկայումս տեղակայուած են առանձին` թուրքական Պալըքեսիր եւ Ակինչի յենակայաններում»: Ճիշդ է, փրոֆ. Քիպարօղլին վերջերս հաղորդել էր, որ 1990-ականների կէսերից թուրքական ռազմաօդային ուժերը չեն մասնակցում ՕԹԱՆ-ի համատեղ միջուկային ուսումնամարտական վարժանք-առաքելութիւններին: Որտեղի՞ց է դա յայտնի յարգարժան փրոֆեսէօրին:

Աւելի՛ն. ըստ դոկտոր Քրիսթենսենի, 2014թ. դրութեամբ` Թուրքիան ՕԹԱՆ-ի բոլոր 28 անդամ երկրների հետ մասնակցում է ՕԹԱՆ-ի ռազմական միջուկային քաղաքականութեան մշակմանը, 27 երկրների հետ` միջուկային ծրագրաւորմանը (չի մասնակցում միայն Ֆրանսան), 9-ի հետ` միջուկային ռազմական վարժանքներին:

Նոր զարգացումներ: Ժամանակն է անցնելու ՕԹԱՆ-ի կանոնաւոր անցկացուող միջուկային ուժերի «Սթէտֆասթ Նուն» զօրավարժանքներին: Վերջին այդպիսի վարժանքը կայացաւ անցեալ գարնանը` հիւսիսային Իտալիայում` Կետի Թորէ յենակայանում` թուրքական օդուժի մասնակցութեամբ: Նկար 1-ում ցուցադրուած են յիշեալ վարժանքներում թուրքական օդուժի 9-րդ օդուժի 191-րդ տորմիղի (Պալըքեսիր յենակայան) չորս Էֆ-16 Սի եւ Էֆ-16 Տի կործանիչ-ռմբակոծիչները: Ճիշդ է, դրանք թռչում էին առանց սպառազինութեան եւ Պի 61 ռումբի փոխարինիչի, այնուամենայնիւ, ինչպէս տեսնում ենք, Քրիսթենսենը հիմք ունէր պնդելու, որ Թուրքիան շարունակում է մասնակցել ՕԹԱՆ-ի համատեղ միջուկային վարժանքներին:

2009թ.-ից յետոյ, երբ Միացեալ Նահանգների նախագահ Պարաք Օպաման Փրակայում յայտարարեց միջուկային զէնքից զերծ աշխարհի իր տեսլականի մասին, Միացեալ Նահանգները յայտնուեց իւրօրինակ «միջուկային թակարդում»: Իսկապէս, այս յայտարարութիւնն իսկական ջղաձգութիւն առաջացրեց ՕԹԱՆ-ի անդամ որոշ երկրներում, յատկապէս` Թուրքիայում: Բանն այն է, որ Թուրքիան արդէն սովոր է իրեն ռազմամիջուկային տէրութիւն համարել (ի տարբերութիւն մեր որոշ վերլուծաբանների) եւ միանգամայն ընտելացել է Մեծն Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանում առաջատար երկիր լինելու իր իսկ ընկալմանը: Իր տարածքից ջերմամիջուկային ռումբերի դուրս բերելու հեռանկարը լրջօրէն անհանգստացրեց նորօսմանականութիւն դաւանող իշխող վերնախաւին եւ ստիպեց մտածել այլընտրանքի մասին: Պատահական չէ, որ, համաձայն վերը յիշատակուած Ռիւլէի, Թուրքիայում ուրանի հարստացման եւ միջուկային զէնքի մշակման ծրագրի մեկնարկի մասին վարչապետ Ռ. Էրտողանի գաղտնի որոշումը թուագրւում է Փրակայում ընդունուած հռչակագրի յաջորդ իսկ տարով` 2010 թուականով:

Աւելի՛ն. Թուրքիայի հետզհետէ ազգայնականացող եւ իսլամացող բնակչութիւնը բոլորովին էլ հակուած չէ կորցնելու վերջին տասնամեակում ձեռք բերուած ինքնավստահութիւնն ու նկրտումները: Այսպէս, 2012 թ. մարտին Թուրքիայում անցկացուած ընկերային հանրախոյզը բացայայտեց աղմկայարոյց արդիւնք. Թուրքիայի քաղաքացիների 54 առ հարիւրը կարծում էր, որ իրենց երկիրը պէտք է սեփական միջուկային զէնք ունենայ, եւ միայն 8 առ հարիւրն է, որ կարծում է, թէ ՕԹԱՆ-ի «միջուկային հովանոցը» բաւարար է: Ընդգծենք, որ 2004 թուին պատկերը տրամագծօրէն հակառակն էր:

Միջուկային հարուած իրանական Ֆորտօ միջուկային կենտրոնին 360 քիլոթոն հզօրութեամբ Պէ 61-7 ռումբով: Համեմատութեան համար բերուած է նաեւ աշխուժ նիւթերի թափման տիրոյթը 10 քիլոթոն հզօրութեամբ Պէ 61-12 ռումբի համար:

Միջուկային հարուած իրանական Ֆորտօ միջուկային կենտրոնին 360 քիլոթոն հզօրութեամբ Պէ 61-7 ռումբով: Համեմատութեան համար բերուած է նաեւ աշխուժ նիւթերի թափման տիրոյթը 10 քիլոթոն հզօրութեամբ Պէ 61-12 ռումբի համար:

Ստեղծուած իրավիճակը բարդ է եւ չափազանց վտանգաւոր: Թուրքիայում մարտավարական ջերմամիջուկային զէնքի առկայութիւնը, անկասկած, սպառնալիք է մեր տարածաշրջանի համար, սակայն այն ինչ-որ չափով նաեւ զսպող գործօն է ամբողջովին սեփական ռազմամիջուկային կարողութիւնների ստեղծման հարցում: Միւս կողմից` Թուրքիայում առկայ ռազմամիջուկային կարողութիւնները տասնամեակներ շարունակ սնուցել են Թուրքիայի ամրացող ինքնավստահութիւնը, նրա ծաւալապաշտական ձգտումները: Եւ այժմ արդէն թուրք ժողովուրդն ինքն է ուզում սեփական միջուկային ռումբ ունենալ: Ինչպէս վերջերս գրել էր մի թուրք վերլուծաբան. «Հարցը բոլորովին էլ այն չէ, թէ արդեօք Թուրքիան կը դառնա՞յ միջուկային տէրութիւն, այլ այն, թէ ե՞րբ եւ ինչպէ՞ս կը դառնայ այդպիսին»: Այս իրավիճակում Միացեալ Նահանգների համար մտահոգիչ է անգամ ձայն հանելը Թուրքիայից 20 (կամ 90, ում ինչպէս դուր է գալիս) միաւոր ջերմամիջուկային ռումբերի դուրսբերման մասին, մանաւանդ որ դրանցից 40-ը գտնւում է թուրքական օդուժի ենթակայութեան ներքոյ: Ինչպէս ասում է հայկական ասացուածքը, «էշ նստելը մի ամօթ, էշից իջնելը` երկու»:

Իրականում սա ոչ միայն Թուրքիայի եւ մեր տարածաշրջանի, այլեւ ողջ աշխարհի խնդիրն է: Քանի որ, նախ` նման իրավիճակ է ստեղծուել ոչ միայն Թուրքիայում, այլեւ, օրինակ, Հարաւային Քորէայում: Երկրորդ` 2010թ. Լիզպոնի գագաթաժողովում յայտարարուեց. «ՕԹԱՆ-ն կը մնայ միջուկային, քանի դեռ աշխարհում գոյութիւն ունի միջուկային զէնք»: Սա նշանակում է` Թուրքիան, ամենայն հաւանականութեամբ, կը մնայ ռազմամիջուկային տէրութիւն, ճիշդ է, որոշակիօրէն «աղաւաղուած» կարգավիճակով: Եւ վերջապէս, երրորդ` դիտարկելով Թուրքիայի ռազմամիջուկային ներուժը, մենք պէտք է հաշուի առնենք, մի կողմից, Միացեալ Նահանգների մարտավարական միջուկային զէնքի կատարելագործման ծրագրերը, միւս կողմից` Թուրքիայում հեռահար եւ բարձր ճշգրտութեան միջուկային լիցք կրող զինատեսակների մշակման ծրագրերը:

Դեռեւս 2012թ. նշում էինք, որ Միացեալ Նահանգների ընդունած Պէ 61 ընտանիքի մարտավարական ջերմամիջուկային զէնքի արդիականացման ծրագիրը մեզ համար յղի է նոր սպառնալիքներով: Մանաւանդ որ ծայրայեղ տհաճ զուգադիպութեամբ այն պէտք է ամբողջանայ Թուրքիայի համար յոբելեանական 2023 թուականին: Եւ, ահա, 2015թ. յուլիսի սկզբին տեղեկութիւններ յայտնուեցին Պի 61-ի 12-րդ տիպի նոր ռումբի առաջին յաջող թռիչքային փորձարկման մասին: Կարեւորն այս դէպքում այն է, որ, ի հակասութիւն նախկինում արուած պաշտօնական յայտարարութիւնների, նոր ռումբն ունի սկզբունքօրէն նոր յատկանիշներ: Նախ` այն բազմանշանակ է, կոչուած է փոխարինելու Պի  61-ին եւ կարող է կիրառուել մի ամբողջ խումբ ինքնաթիռներից, այդ թւում եւ հիմնականում` նորագոյն Էֆ-35-ից: Երկրորդ, ի տարբերութիւն բոլոր նախկին վերափոխութիւնների, Պի 61-12-ն ունի փոքրացուած հզօրութիւն, բայց արդէն ուղղորդուող է ու շատ աւելի ճշգրիտ: 2015թ. հոկտեմբերին տեղեկութիւններ յայտնուեցին Գերմանիայում եւ Թուրքիայում Պի 61-12 ռումբերը մինչեւ 2018-20թթ. տեղակայելու մտադրութեան մասին:

Բացի ակնյայտ պատճառներից, սա մեզ համար լրացուցիչ սպառնալիք է, եւ ահա թէ ինչո՛ւ: Նոր Պի 61-12-ի նուազեցուած հզօրութիւնը, աւելացուած ճշգրտութեան եւ խոցելու ունակութեան մէկտեղումը, շօշափելիօրէն թուլացնում են այսպիսի զէնքի կիրառման թոյլատրելիութեան հոգեբանական հակազդումը, ընդունելի դարձնելով վիրահատական հարուած հասցնելու ցանկութիւնն ու գայթակղութիւնը: Ահա թէ ինչպէս է դա պատկերում նոյն  Քրիսթենսենը, անցեալ տարուայ մայիսին ՄԱԿ-ի իր զեկոյցում: Ֆորտոյում իրանական ստորգետնեայ միջուկային կենտրոնին 360 քիլոթոն հզօրութեամբ չկառավարուող Պի 61-7 ռումբով (սա Պի 61 ընտանիքի ռազմավարական ռումբ է) միջուկային հարուած հասցնելու դէպքում էական վարակման կ՛ենթարկուի Իրանի մայրաքաղաք Թեհրանը: Այնինչ, եթէ այս լաւ պաշտպանուած թիրախի նկատմամբ կիրառուի 36 անգամ աւելի փոքր հզօրութեամբ, սակայն շատ աւելի ճշգրիտ ու թափանցող Պի 61-12 ռումբը, ապա թիրախը երաշխաւորուած կ՛ոչնչացուի, իսկ շողավարակ տեղումների շառաւիղը Թեհրանին չի հասնի:

Սա ինքնին բաւականին տագնապալի է, թէպէտ կայ եւս մէկ հանգամանք, որ այն աւելի վտանգաւոր է դարձնում մեզ` Հայաստանի եւ Արցախի համար: Սովորաբար չափազանց ճշդապահ Քրիսթենսենն այստեղ մի անճշդութիւն է թոյլ տուել (դիտմամբ, թէ պատահմամբ, չեմ ուզում դատել)` այս տեսագրութիւնը թուագրելով ոչ թէ 2014 թուականով, երբ արուել էր զեկոյցը, այլ 2018-ով: Իսկ սա ոչ միայն Թուրքիայում եւ Գերմանիայում մարտավարական միջուկային զինանոցի նորացման տարին է, այլեւ Արցախում, ինչպէս նաեւ Ազրպէյճանի ու Իրանի սահմանին մարտական գործողութիւնների վերսկսման տարին` համաձայն Միացեալ Նահանգների բանակի «ԿԱԱԹ» հրամանատարական-սպայակոյտի խաղի բեմագրութեան:

Յիշեցնենք, որ նախատեսուած բեմագրութեամբ ռազմական եւ այլ միջոցառումների հիմնական նպատակը Ազրպէյճանի տարածքային «ամբողջականութեան վերականգնումն» է եւ Իրանի մասնատումը: Մէջբերենք այդ վարժանքի 2012-13թթ.-ի ուսումնական տարուայ ձեռնարկից մի հատուած. «Այսօր 2019թ. դեկտեմբերի 1-ն է, եւ դուք հանդիսանում էք Միացեալ Նահանգների եւ զինեալ ուժերի Եւրոպական հրամանատարութեան Ճի.5/8 տնօրէնութեան անդամ… 2018 թ. Ազրպէյճանում նախագահական ընտրութիւններում վարչապետը մի փոքր առաւելութեամբ յաղթանակ է տանում Ի. Ալիեւի նկատմամբ: Սակայն ղարաբաղեան հարցը լուծելու չկատարուած խոստումը եւ Ազրպէյճանի հարաւում սկսուած խռովութիւնները ստիպում են Ալիեւին բողոքարկել ընտրութիւնների արդիւնքները եւ սկսել իշխանութեան համար պայքարը… Վերսկսւում են մարտական գործողութիւնները ԼՂՀ-ում… Իրականացւում է ահաբեկչութիւն հայկական ԱԷԿ-ի վրայ… Ազրպէյճանը դիմում է Թուրքիային` ռազմական օգնութիւն ստանալու համար… Իրանը մասնատւում է 3 հատուածների … («ԿԱԱԹ» հրամանատարաշտաբային բեմագրութեան տեղեկատու, գիրք 1, մաս 2, «Տարածաշրջանային ներածական-2019թ.»):

Աւելացնենք, որ հէնց 2018թ.-ին են նախատեսւում նաեւ հինգերորդ սերնդի Էֆ-35 կործանիչ-ռմբակոծիչի առաջին մատակարարումները Թուրքիա` հնացած Էֆ-4 «ֆանթոմները» եւ հնացող Էֆ-16-երը փոխարինելու համար: 2014 թ. մայիսին Թուրքիայի կառավարութիւնը պատուիրել է առաջին 2 միաւոր Էֆ-35-ը` նախատեսուող 100 միաւոր խմբաքանակից: Էֆ-35-ի հիմնական հարուածային ունակութիւնը հէնց Պի. 61-12 նորագոյն ջերմամիջուկային ռումբն է: 2018թ.-ին թուրքական «Ռոքէցան» ընկերութիւնը նախատեսում է արձակել իր առաջին «ՍՈՄ-Ճէյ.» թեւաւոր հրթիռը` ԹՀ: Այն նախկին «ՍՈՄ ԹՀ»-ի փոքրացուած տարբերակն է, սակայն` աւելի բարձր ճշգրտութեամբ ու բարելաւուած մարտավարա-թեքնիկական բնութագրերով: Այսօր «ՍՈՄ ԹՀ»-ն ամբողջութեամբ համարկուած է թուրքական Էֆ-16 պլոք 40 եւ Էֆ-4-ի հետ: Էֆ-35-ը ընդունելուց յետոյ Էֆ-35/ՍՈՄ-Ճէյ համակարգը կը դառնայ թուրքական օդուժի հիմնական հարուածային գործօնը: Յատուկ պարզաբանումների կարիք չկայ հասկանալու համար, որ սովորական լիցքով բարձր ճշգրտութեան զէնքի կիրառումը յարակից երկրների միջուկային թիրախների նկատմամբ իր հետեւանքներով հաւասարազօր է միջուկային զէնքի կիրառմանը:

Թարգմանեց ՆԱՅԻՐԱ ՄԿՐՏՉԵԱՆԸ

«Հայ Զինուոր»

 

Հեղինակային Յետ Գրութիւն

Նոյեմբերի 9-ի այս զեկոյցից յետոյ մեր տարածաշրջանում ծաւալուած բուռն իրադարձութիւնները հաստատեցին հնչեցուած որոշ հարցերի եւ խնդիրների արդիականութիւնը: Նախ` հոկտեմբերին եւ նոյեմբերին Ինճիրլիք յենակայանում ՏԱՀԵՇ-ին («Իսլամական պետութիւն») հարուածներ հասցնելու նպատակով տեղակայուեցին Միացեալ Նահանգներ-ՕԹԱՆ եւ թուրքական օդուժի միջուկային լիցք կրելու ունակ մարտական ինքնաթիռներ եւ յարակից այլ ուժեր: Այսպիսով, վերջ տրուեց Թուրքիայում միջուկային լիցքերի պահպանման (Ինճիրլիք յենակայան) եւ դրանց կրիչների (Էֆ-15, Էֆ-16, Թորնատօ) ֆիզիքական տարանջատմանը` առաջին անգամ 1994թ.-ից ի վեր:

Այնուհետեւ, նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրքական Էֆ-16-ի կողմից խոցուեց ռուսական օդուժի ռմբակոծիչը: Դրան յաջորդած Թուրքիայի եւ Միացեալ Նահանգների նախագահների հակասական պարզաբանումները, ՕԹԱՆ-ի ղեկավարութեան շփոթուած ու անհամոզիչ յայտարարութիւնները ի ցոյց դրեցին Թուրքիա-Միացեալ Նահանգներ-ՕԹԱՆ համատեղ ռազմավարական ծրագրաւորման խնդիրներում առկայ էական անորոշութիւնը ու դրա ծանրագոյն հետեւանքները ողջ տարածաշրջանի համար:

Վերջապէս, դեկտեմբերի 6-ին հրապարակուեց Լեհաստանի պաշտպանութեան փոխնախարարի յայտարարութիւնն առ այն, որ այս երկրի պաշտպանութեան նախարարութիւնը ձեռնամուխ է եղել ՕԹԱՆ-ի շրջանակներում Լեհաստանում միջուկային զէնքի տեղակայման խնդրի քննարկմանը:

Ա. Մ.

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>