ԱՐՄԱՆ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ
Արտակարգ եւ լիազօր դեսպան, Երեւան
Մարդկային գործունէութեան բոլոր բնագաւառներում եղել են արհեստավարժներ եւ կիսագրագէտներ (սիրողներ), որոնց միջեւ մշտապէս ընթացել է խուլ կամ բացայայտ պայքար` յաճախ փոխակերպուելով նախանձի ու թշնամանքի: Ապացուցուած է, որ նման իրողութիւնում, եթէ զանազան ուղիներով տուեալ ոլորտում բոյն դրած կիսագրագէտին անգամ յաջողւում է հասնել ասպարէզի բարձունքներին, ապահովել անձնական բարօրութիւն եւ ընկերային բարձր կարգավիճակ, վերջիվերջոյ, նրա առկայութիւնը տուեալ բնագաւառում անպայմանօրէն վնաս է հասցնում հանրութեանը, մեծ հաշուով` երկրի հետաքրքրութիւններին ու շահերին:
Այս երեւոյթը ցայտուն կերպով հանդէս է գալիս դիւանագիտութեան մէջ, որը մագնիսի նման ձգում է շատերին, այդ թւում` կիսագրագէտներին: Ապացուցուած է նաեւ, որ համապատասխան արհեստավարժ կրթութիւն չունեցող անձանց բարոյակամային յատկանիշները եւ բնաւորութեան խառնուածքը անյարիր են դիւանագիտութեանը: Դիւանագիտութեան «աշխարհ» մտնելու ձգտումը բացատրւում է նրանով, որ լինելով գործունէութիւն «փակ» եւ երբեմն անհիմն «քողարկուած» ոլորտ, այն շարժում է մարդկանց հետաքրքրութիւնը, որոնք, դատելով իրենց հասանելի տեղեկատուութեան աղբիւրներից, միանգամայն թիւր կարծիք են կազմում դիւանագիտութեան մասին` նոյնացնելով այդ դժուարին, մտաւոր եւ բարոյական լարուածութիւն, բարձր պատասխանատուութիւն պահանջող աշխատանքը, անհոգ, գեղեցիկ, մի փոքր արկածախնդրային եւ վիպապաշտութեամբ լի կեանքի հետ: Միւս գործօնը, որը դիւանագիտութեանը հաղորդում է ձգողականութիւն, այն է, որ դիւանագէտները համարւում են հասարակութեան ընտրեալները, նրա սերուցքը, ընտրանի խաւը: Ճիշդ է, այդ համարումը ժամանակ առ ժամանակ փոխուել է յեղափոխութիւնների եւ հասարակութեան փոփոխութիւնների ընթացքում, սակայն դիւանագէտները բոլոր ժամանակներում դիտուել են որպէս առանձնայատուկ, այլ մասնագիտութիւններից տարբերուող մարդիկ, որն ի դէպ, այնքան էլ չի համապատասխանում իրականութեանը:
Իսկ եթէ վերցնելու լինենք նորանկախ պետութիւնները, որոնք գոյացել են ամբողջատիրական վարչաձեւերի փլուզումից յետոյ, օրինակ, ԱՊՀ-ի երկրները, ապա դիւանագիտութեան նկատմամբ վերը նշուած հետաքրքրութիւններին աւելանում են եւս մի քանիսը` պայմանաւորուած տեղական առանձնայատկութիւններով: Խնդիրը նրանում է, որ անկախացած երկրները, զրկուած լինելով միջազգային իրաւունքի ենթակայ լինելուց, դառնալով ինքնիշխան, շտապում են օգտուել ընձեռած հնարաւորութիւններից, որոնց մէջ առաջնայինը դիւանագիտութիւնն է:
Արդիւնքում, Հայաստանն օրինակ այնքան միջազգայնագէտ եւ դիւանագէտ է պատրաստում, որ եթէ մենք անխտիր դեսպանութիւններ բացենք աշխարհի բոլոր 200 պետութիւններում, ապա դարձեալ կ՛ունենանք դիւանագէտների անգործութիւն: Մարդուժի նման զանգուածային, յախուռն պատրաստումը, բնականաբար, ազդում է որակի վրայ, քանի որ դիւանագիտների ուսուցման գործում յարգի է առանձին, անհատական եւ ընտրովի գործելաոճը: Դիւանագիտութեան ձգողականութեան միւս երեւոյթը աւելի հոգեբանական, քան քաղաքական երեւոյթ է: Երկաթեայ վարագոյրի պայմաններում մարդկանց արտասահման մեկնելու հազուագիւտ հնարաւորութիւններից մէկը դիւանագիտական անձնագիր ունենալն էր, որին ինքնամուղ ուժով ձգտում է այսօրուայ երիտասարդը, չնայած երկրից դուրս գալու համար կան շատ այլ, թերեւս աւելի հեշտ ու գրաւիչ միջոցներ:
«Նոր» շրջանի դիւանագիտութեան մէջ արհեստավարժ (ասպարէզային) դիւանագէտներին արտաքին քաղաքականութիւնից դուրս մղելու եւ կիսագրագէտների առաջ կանաչ լոյս վառելու գործընթացում աչքի ընկան պոլշեւիկները, որոնք հոկտեմբերեան յեղաշրջումից յետոյ բոլոր դիւանագէտներին վտարեցին աշխատանքից, քանի որ այն կարծիքին էին, թէ ընկերվարական յեղափոխութիւնը շատ արագ յաղթելու է ողջ աշխարհում, իսկ անդասակարգ հասարակութիւնում դիւանագիտութիւնն անիմաստ շռայլութիւն է: Այս տրամաբանութեան պատճառով Լեւ Թրոցքին նշանակուեց արտաքին գործերի կոմիսար (նախարար), որի համար դիւանագիտութիւնը եւ ռազմական գործը հոմանիշներ էին, իսկ միջպետական յարաբերութիւններում փոխզիջումը բացառուած էր: Սակայն Պրեսթ-Լիթովսքի խայտառակ բանակցութիւններից յետոյ միջազգային շրջափակման պայմաններում պոլշեւիկները ստիպուած եղան ձեռնամուխ լինել դիւանագիտական ծառայութեան ստեղծման գործին` առաջնորդուելով կուսակցական-գաղափարախօսական անզիջում սկզբունքներով:
Խորհրդային դիւանագիտութիւնն ընդհուպ մինչեւ համակարգի փլուզումը պահպանեց այս ուղղուածութիւնը` հաւատարիմ մնալով Լենինի այն ցուցումին, որ ՆԿԻԴ-ը` Ռուսաստանի ամենակուսակցական օրկանն է: Թրոցքիստական դիւանագիտութեան տապալումից յետոյ արտաքին գործերի կոմիսար նշանակուեց տաղանդաւոր դիւանագէտ Կէորկի Չիչերինը, արտասահմանից աշխատանքի հրաւիրուեցին վտարանդիութեան մէջ գտնուող յեղափոխականներ Մ. Լիթվինովը, Իվան Մայսքին եւ ուրիշներ, որոնք չլինելով ասպարէզով դիւանագէտներ, ունէին կրթական բարձր մակարդակ, կեանքի փորձ, տիրապետում էին օտար լեզուների եւ կարող էին օգտակար լինել որակեալ դիւանագիտական դպրոց ստեղծելու գործում, եթէ ստալինեան վարչակարգը նրանց վստահէր եւ հալածանքների չենթարկէր: 1939 թուականին արտաքին գործերին կոմիսար նշանակուեց Վ. Մ. Մոլոթովը, որի օրօք կատարուեց անձնակազմի «մաքրազարդում», իսկ Նարկոմատը երեք անգամ վերակազմաւորուեց, 2-2,5 հազար դիւանագէտ, 7 կոմիսարի տեղակալ, 40 դեսպան ենթարկուեցին բռնաճնշումների, իսկ նրանց տեղը աշխատանքի ներգրաւեցին կուսակցական-կոմերիտական գործիչներ արդիւնաբերութիւնից` այսպէս կոչուած «մոլոթովեան կոչով»:
Խորհրդային դիւանագիտութիւնն ի սկզբանէ եղել է գաղափարախօսական, կուսակցական եւ դասակարգային: Այս գործելաոճից Մոսկուան երբեք չի հրաժարուել: Պարզապէս Բ. Համաշխարհային պատերազմից եւ Ստալինի մահից յետոյ ոչ արհեստավարժ դիւանագէտների ներգրաւումը ԱԳՆ (1946 թ. ՆԿԻԴ-ը վերանուանուեց ԱԳՆ` արտաքին գործերի նախարարութիւն) նկատելիօրէն նուազեց: Ի տարբերութիւն յեղաշրջումից յետոյ դիւանագիտական անձնակազմի հաւաքագրմանը գործարաններից եւ բանակից, նորաստեղծ Դիւանագիտական ակադեմիայում (1944 թ.) բացուեցին կարճատեւ` 1-3 ամսեայ դասընթացներ կուսակցական-կոմերիտական նոմենկլատուրայի համար: Այդ դասընթացներն աւարտողները, այդպէս էլ չտիրապետելով կամ վատ տիրապետելով օտար լեզուներին ու դիւանագիտութեան հիմունքներին, նշանակւում էին նախարարութեան արտասահմանեան ներկայացուցչութիւններում բաւական բարձր դիւանագիտական պաշտօնների (առաջին քարտուղար, խորհրդական): Այս կարգի դիւանագէտները, գրեթէ առանց բացառութեան, մնում էին օտար «մարմիններ», «բալաստ» գործնական-վերլուծական աշխատանքի համար, զբաղւում էին ներդեսպանական կուսակցական, հասարակական կամ վարչական գործունէութեամբ` շարունակելով այն հայրենիք վերադառնալուց յետոյ` ԱԳՆ-ի համապատասխան ստորաբաժանումներում:
Նոմենկլատուրային հապճեպ կրթութիւն ստացած աշխատողները, չհաշուած հազուագիւտ բացառութիւններ, ողջ կեանքում մնում էին կիսագրագէտներ: Նրանց եւ արհեստավարժ դիւանագէտների միջեւ գոյութիւն ունէր նկատելի հակամարտութիւն, որը սրւում էր արտասահմանեան պայմաններում: Ասպարէզով դիւանագէտները կիսագրագէտների նկատմամբ տածում էին հակակրանք եւ վատ թաքցուած արհամարհանք: Նոյնը կարելի է ասել դիւանագէտների եւ մէկ այլ նոմենկլատուրային գործողների` հետախոյզների յարաբերութիւնների մասին, որոնք երբեք հաշտ ու հարթ չեն եղել բոլոր ժամանակներում: Կուսակցական նշանակումը, երբ բարձրաստիճան քաղաքական եւ կուսակցական գործիչները գործուղւում էին արտասահման, ունէր երկու պատճառ.
1) Զանցառու բարձրաստիճան չինովնիկը մեկուսացւում էր «մեծ քաղաքականութիւնից» եւ «արտաքսւում» էր արտասահման: Օրինակ, երբ Վ. Մոլոթովը յայտարարուեց «ժողովրդի թշնամի», նշանակուեց դեսպան Մոնկոլիայում,
2) Քաղաքական կամ կուսակցական գործչին խրախուսանքի կարգով շնորհում էին դեսպանի աստիճան եւ գործուղում էին արտասահման: Կուսակցական նշանակումները հիմնականում լինում էին համայնավար ճամբարի կամ խորհրդային ուղղուածութիւն ունեցող Երրորդ աշխարհի պետութիւններ: Դրամատիրական զարգացած երկրներում որպէս կանոն աշխատում էին փորձառու արհեստավարժներ:
ԽՍՀՄ փլուզումից յետոյ Ռուսաստանը կարծես թէ հրաժարւում է կիսագրագիտութեան վնասաբեր փորձից եւ նախապատուութիւնը տալիս է արհեստավարժներին:
Դիւանագիտութեան մէջ կիսագրագիտութեան առաջամարտիկը, սակայն, ոչ թէ Ռուսաստանն է, այլ` Միացեալ Նահանգները, «որտեղ 19-րդ դարում արտասահմանեան ներկայացուցչութիւնները գտնւում էին ոչ արհեստավարժների ձեռքում: Գերակայում էր spoil system փչացած համակարգը, որի պայմաններում մի շարք արտասահմանեան ներկայացուցչութիւնների ղեկավարների պաշտօնները բաշխւում էին յաղթած նախագահի հովանաւորների միջեւ»:
Նեպոտիզմի (խնամաշահութիւն, Ա.) արատաւոր փորձը, երբ յաղթանակած նախագահը դիւանագիտական պաշտօններ է բաժանում իր շրջապատին, ամերիկեան դիւանագիտութեան մէջ իր գագաթնակէտին հասաւ 30-ական թուականների սկզբին, նախագահ Հերպըրտ Հուվըրի օրօք, որը պնդում էր պետական բարձրաստիճան պաշտօններում, այդ թւում դեսպանների պաշտօններում, պիզնեսմենների նշանակման վրայ, որոնց նա ընտրել էր առեւտրի նախարար աշխատելու տարիներին: Մեր օրերում եւս Միացեալ Նահանգներում եզակի չեն կիսագրագէտներին դեսպաններ նշանակելու դէպքերը. Պիլ Քլինթընն իր մօտ մարդուն որպէս դեսպան ուղարկում է Փարիզ, յետոյ նոյն պաշտօնին Պուշ Կրտսերը նշանակում է փայտի արտադրութեան ջաջի, որը մեծ գումար էր տրամադրել նրա ընտրարշաւին, իսկ Մատրիտում դեսպան է դառնում անշարժ գոյքի պիզնեսմենը, որը Հանրապետական կուսակցութեան պիւտճէ փոխանցել է 200 միլիոն տոլար:
Դեսպանի կիսագրագիտութիւնը ոչ միայն հակադարձ համեմատական է դիւանագիտութեան բոլոր գրուած եւ չգրուած կանոններին, այլեւ կարող է լուրջ վնաս հասցնել նրա երկրին: Դա նկատի ունի Հենրի Քիսինճըրը, երբ մեկնաբանում է Մոսկուայում Ուաշինկթընի դեսպան Ժոզեֆ Տէյվիսի գործունէութիւնը` փաստօրէն մեղադրելով նրան դիւանագէտի օրինականութիւնը կորցնելու եւ լոքալիթիսի երեւոյթին տուրք տալու մէջ, որը փաստօրէն նշանակում է դեսպանընկալ երկրի շահերը գերադասել սեփական երկրի շահերից: «Դա Ժոզեֆ Է. Տէյվիսն էր, պատերազմից առաջուայ դեսպանը Մոսկուայում, որը «Առաքելութիւն Մոսկուայում» պեսթսելըրի հեղինակն էր: Եւ չնայած Տէյվիսը ներդնող սեղանաւոր էր, այսինքն համայնավարների աչքում գերդրամագլուխ, ունէր ամերիկեան շատ դեսպանների այն հակումները, որոնք չեն պատկանում ասպարէզով դիւանագէտների թուին եւ դառնում են հաւատարմագրուած երկրների ինքնակոչ քարոզիչներ:
Դեսպանի արկածները նկարագրող Տէյվիսի գիրքը թութակի նման կրկնօրինակում էր խորհրդային քարոզչութեան բոլոր թեզերը, ներառեալ` զոհերի մեղաւորութիւնն հաստատող ցուցադրական դատավարութիւնները: «®Տէյվիսի կարծիքով, Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնները կը մտնեն փակուղի, եթէ չյենուեն Ստալինի բարի կամքի նկատմամբ հաւատի վրայ»: (Henry Kissinger, Diplomacy, p. 430). Ամերիկեան դիւանագիտութեան մարդուժի քաղաքականութեան համար նշուած արատներից բացի, յատկանշական է նրա քաղաքականացուածութիւնը. երկու հիմնական կուսակցութիւններին չպատկանող դիւանագէտը առիթներ չունի դառնալու դեսպան: Դիւանագիտական spoil system-ի մեթոտ է կիրառել Սիլվիանօ Պերլուսքոնին, չնայած իտալական օրէնքն արգելում է դեսպան նշանակել ոչ արհեստավարժութեան: Առանձին դէպքերում նոյնը կարելի է ասել Մեծն Բրիտանիայի եւ Ֆրանսայի մասին:
Սակայն նոյն Ֆրանսան եւ Իտալիան ծայրաստիճան ժլատ են դեսպանի կոչում շնորհելու գործում: Քէ Տ՛օրսէում (Ֆրանսայի ԱԳՆ) ներկայումս հաշւուում է դեսպանի դիւանագիտական աստիճան ունեցող 10, իսկ Ֆառնեզինայում (Իտալիայի ԱԳՆ) 20 մարդ: Կիսագրագէտների օգտագործումը պետութեան դիւանագիտական ծառայութիւնում տարբեր կերպով կարող է ազդել տուեալ երկրի արտաքին քաղաքականութեան վրայ` կախուած նրա ծաւալներից, ներուժից, միջազգային գետնի նրա գրաւած դիրքից ու հեղինակութիւնից: Միացեալ Նահանգների, Ռուսաստանի կամ Չինաստանի կիսագրագէտ դեսպանի վրիպումները այլ պետութիւնների կողմից ընկալւում է մի կերպ, իսկ փոքր եւ միջին երկրների կիսագրագէտ դեսպանի սայթաքումներն ու սխալները` բոլորովին այլ կերպ: Բացարձակ ճշմարտութիւն է, որ դեսպանների սխալները չեն ներւում: Այնպէս որ, ՀՀ դիւանագիտութեան մէջ մեծ թուով կիսագրագէտների օգտագործումը, կասկածից դուրս է, որ կարող է վնասակար հետեւանքներ ունենալ հանրապետութեան ազգային եւ պետական շահերի համար: Պատմութիւնը ցոյց է տալիս, որ կիսագրագէտների եւ արհեստավարժների յարաբերակցութիւնը արտաքին գործերի նախարարութիւններում փոփոխական են: Անգամ այն պետութիւնները, որոնց դիւանագիտական գերատեսչութիւններն աւանդականօրէն հիմնականում կազմուած են ասպարէզով դիւանագէտներից, քաղաքական իրադրութեան կտրուկ փոփոխութիւնների դէպքում լայնօրէն կիրառում են դեսպանների քաղաքական նշանակումներ:
Ֆրանսական եւ ռուսական յեղափոխութիւններից յետոյ այդ երկրների դիւանագիտական ծառայութիւնները ամբողջովին ձեւափոխուեցին, ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ դեսպաններ նշանակուեցին այնպիսի քաղաքական եւ հասարակական գործիչներ, ինչպիսիք Վ. Լուքինը (Միացեալ Նահանգներ), Ա. Պովինը (Իսրայէլ), Քոսթիքովը (Վատիկան) եւ այլն, որոնք, ի դէպ, արդարացրին այդ նշանակումները, սակայն կրկնում ենք, դրանք հազուագիւտ դէպքեր են:
Ընդհանրապէս, բոլոր առաջատար եւ զարգացած երկրներում նկատւում է դիւանագիտութեան ասպարէզի խնդիրների շուրջ լուրջ բանավէճեր եւ կիսագրագիտութեան բացառման անհրաժեշտութեան յստակ առաջարկներ: Հէնց Միացեալ Նահանգներում, որոնք ինչ-որ տեղ հանդիսանում են կիսագրագիտութեան «կնքահայրեր», անուանի գիտնականներ եւ դիւանագէտներ մշտապէս անդրադառնում են այդ կենսական կարեւորութիւն ունեցող խնդրին, հանդէս են գալիս «American Diplomacy» «Foreign Affairs» ամսագրերում եւ տարբեր լսարաններում:
Արտաքին գործերի նախարարութեան փորձագէտների յանձնաժողովը պարբերաբար հրապարակում է զեկուցագրեր այդ հարցի շուրջ կատարուած հետազօտութիւնների մասին: Արհեստավարժ-կիսագրագիտութեան քննարկումների խորապատկերին յաճախ է երեւան գալիս դեսպանի մասնագիտական եւ հոգեբանական յատկանիշների խնդիրը, որոնք պայմանաւորուած են հասարակութեան զարգացման որոշակի փուլի, պետութեան արտաքին քաղաքականութեան խնդիրների եւ միջազգային յարաբերութիւնների որոշակի իրավիճակի հետ: Միջնադարի դիւանագէտի առաջ հետեւեալ պայմաններն է դնում վենետիկցի դիւանագէտ Օթաւիանօ Մաճին իր 1596 թուականին գրած «Դեսպանի մասին» գրքում: Դեսպանը պէտք է լինի գիտնական-աստուածաբան, լաւ իմանայ Արիստոտելի եւ Պղատոնի աշխատութիւնները, տրամաբանութեան արուեստի կանոնների համաձայն կարողանայ լուծել ցանկացած խնդիր: Դեսպանը պէտք է լինի մասնագէտ ուսողութեան, ճարտարապետութեան, երաժշտութեան, բնագիտութեան, քաղաքացիական եւ եկեղեցական իրաւունքի բնագաւառներում:
Նա պէտք է ազատ խօսի եւ գրի լատիներէն, իմանայ յունարէն, սպաներէն, ֆրանսերէն, գերմաներէն եւ թուրքերէն: Նա պէտք է ունենայ դասական կրթութիւն, իմանայ պատմութիւն եւ աշխարհագրութիւն, լինի ռազմական գործի մասնագէտ, ինչպէս նաեւ` քնարերգութեան գիտակ: Բացի այդ ամէնից` դեսպանը պէտք է լինի ճանաչուած անձնաւորութիւն, հարուստ, արտաքինով, գրաւիչ: Երբեմն դեսպանների համար պահանջուել են յատուկ որակներ: Օրինակ` արքայադուստր (իշխանուհի) Ցերպսքայան` Եկատերինա Բ.-ի մայրը Ֆրիտրիխ Մեծին ուղղուած նամակում պատուիրում է, որ Ս. Փեթերսպուրկ ուղարկուող դեսպանը լինի երիտասարդ, գեղեցիկ, ունենայ լաւ կառուցուածք: Իսկ Գերմանիայի եւ Հոլանտայի դեսպաններից պահանջւում էր, որ նրանք կարողանան օգտագործել մեծ քանակութեամբ ոգելից խմիչքներ:
Այնուհետեւ Հարոլտ Նիքոլսընը թուարկում է մի քանի յատկանիշներ, որոնք մեծապէս խոչընդոտում էին կիսագրագէտների գործունէութեանը` վնասելով նրանց կառավարութիւններին շահերին: Անուանի տեսաբանի դիտողութիւններն այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակութիւնը: «Դիւանագէտ-կիսագրագէտը,- գրում է նա,- յաճախ փառասիրութիւնից դրդուած` ձգտում է արագօրէն յաջողութեան հասնել, մինչդեռ նա նոր է ժամանել այդ երկիրը: Սեփական ուժերի նկատմամբ թերահաւատութեան պատճառով նա կասկածամիտ է, չափից աւելի փութաջան, հակուած է իրագործել «փայլուն» գաղափարներ»:
Նա դեռեւս զուրկ է մարդկային համբերատարութիւնից եւ սկեպտիկ ներողամտութիւնից, որոնք ձեռք է բերւում դիւանագիտական երկարատեւ ծառայութեան շնորհիւ, յաճախ է ընկնում ուրիշների համոզմունքների, պատահական ազդեցութիւնների եւ համակրանքի ազդեցութեան տակ: Կիսագրագէտն հասկանալի արհամարհանքով է վերաբերւում դիւանագիտական արարողակարգին եւ անհամբերութեամբ է նայում այդ պայմանականութիւններին, որի պատճառով յաճախ վիրաւորանքներ է հասցնում այնտեղ, որտեղ միայն ցանկանում էր բարեհոգութիւն դրսեւորել: Իր զեկոյցներում եւ հաղորդագրութիւններում շատ յաճախ ձգտում է ոչ այնքան խելամիտ ձեւով ներկայացնելու փաստերը, որքան` ցուցադրել իր հնարամտութիւնն ու գրական տաղանդը:
Եթէ սրանից մի քանի տասնեակ տարի առաջ կիսագրագէտ դիւանագէտի գործունէութիւնը մէջ ինչ-որ չափով ընդունելի էր, ապա այսօր միանշանակ կարելի է պնդել, որ արհեստավարժութիւնը եւ կիսագրագիտութիւնը անհամատեղելի հասկացողութիւններ են դիւանագիտութեան մէջ: Համաշխարհային քաղաքականութեան բարդութիւնը, միջազգային ասպարէզում տարբեր հետաքրքրութիւնների խաչաձեւումը, արտաքին քաղաքականութեան խորը փոփոխութիւնը, համաշխարհայնացման նոր որակների երեւան գալը վկայում են հէնց արհեստավարժ դիւանագէտների պահանջուած լինելը` աւելի քան երբեւիցէ: «20-րդ դարի վերջին 21-րդ դարի սկիզբին աշխարհը դարձաւ նկատելիօրէն բարդ: Արտաքին քաղաքականութեան որոշումների դերը մեծացաւ, իսկ սխալի գինը ոչ ճիշդ ընդունուած որոշումների արդիւնքում` աճեց: Իւրաքանչիւր նման որոշումից կախուած են հարիւր միլիոնաւոր մարդկանց ճակատագրերը»:
Եթէ աւելի նեղացնելու լինենք «սխալի գինը» եւ գործարկենք այն մէկ առանձին պետութեան վրայ, ապա կարող ենք ասել, որ «դիւանագէտը եւ սակրաւորը սխալւում են ընդամէնը մէկ անգամ»: (Նաւասարդեան Ա. Հերմեսից մինչեւ մեր օրերը, հրատ. «Հայաստան», 2012, էջ 155):