Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

Էրտողանական Նոր Նուաճումները

$
0
0

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Ապրիլի 24-ին Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի կապակցութեամբ Պոլսոյ պատրիարքարանում կազմակերպուած միջոցառման ժամանակ ընթերցուել է այդ օրուան վերաբերող Թուրքիայի նախագահ Ռեճեփ Էրտողանի ուղերձը: Դրանից ակնյայտ է դառնում, որ Էրտողանը չի փոխում իր ամէնամեայ ուղերձների ժխտողական տրամաբանութիւնը, եւ որ պաշտօնական Անգարան արդէն գտել է արձագանգելու դասական եղանակը:  Բուն Ցեղասպանութեան վերաբերեալ դասական ձեւակերպումներով յայտարարութիւնը գրեթէ նոյնութեամբ կրկնում է նախորդ տարիների Էրտողանի ուղերձների բովանդակութիւնը: Օգտագործուած բառակոյտը, ձեւակերպումներն այնպիսին են, կարծես նրա աշխատակազմը պարզապէս գործում է «քափի-փէյսթ» սկզբունքով: Ինչպէս նախորդ տարիներին, այնպէս էլ այս անգամ Էրտողանը փաստացի ապրիլի 24-ը վերածում է Առաջին Աշխարհամարտում մահացած կայսրութեան անխտիր բոլոր քաղաքացիների յիշատակման օրուայ` մնալով հայերի հետ տեղի ունեցածը պատերազմի գործօնով հիմնաւորելու եւ թուրքերի կորուստների հետ նոյնացնելու պաշտօնական դիրքորոշման սահմաններում: Նոյնն են ձեւակերպումները նաեւ «եղբայր ժողովուրդների», «դժուար պայմաններում կեանքից հեռացած» օսմանեան հայերի, վերջիններիս յիշողութեան եւ հայկական մշակութային ժառանգութեան պահպանման, «անցեալի վէրքերը համատեղ ամոքելու» վերաբերեալ: Միակ տարբերութիւնն այն է, որ այս տարուայ ուղերձում բացակայում էր նախորդներում պարտադիր շեշտուող միտքը` 20-րդ դարասկզբի իրադարձութիւնների քննութիւնը պատմաբաններին թողնելու անհրաժեշտութեան, ներկայումս այն քաղաքականացնելու անթոյլատրելիութեան մասին:

Սակայն իրեն բնորոշ ցինիզմը Էրտողանին չի լքել նաեւ այս անգամ: Ընդ որում` միանգամից երկու առումով: Նախ` պաշտօնական Անգարան գրեթէ բացայայտ խոստովանում է, որ Էրտողանի կողմից նման ուղերձներով հանդէս գալը հետապնդում է ընդամէնը Թուրքիայի հայերի հանդէպ հանդուրժողականութիւնը ցուցադրելու նպատակ: Պատրիարքարանում զոհերի ոգեկոչման միջոցառում անցկացնելու հայերի իրացուող իրաւունքի մասին ուղերձում շեշտւում է այնպիսի թոնայնութեամբ, կարծես իշխանութիւնն աննկարագրելի զոհողութիւնների է գնում նման բան թոյլ տալով: Սա այն դէպքում, երբ գրեթէ ամէն տարի այդ միջոցառումներին պարտադիր մասնակցում են թուրքական իշխանութեան ներկայացուցիչներ` որեւէ անկանխատեսելի, պետական քաղաքական գծից շեղուող երեւոյթ թոյլ չտալու համար: Երկրորդ` այն բանից յետոյ, երբ Միացեալ Նահանգների նախագահ Տոնալտ Թրամփը հանդէս եկաւ «Մեծ եղեռնի» տարելիցի կապակցութեամբ աւանդական յայտարարութեամբ` հետեւեց պաշտօնական Անգարայի կոշտ արձագանգը: Վրդովմունք արտայայտելով պատմական փաստերն իբր Միացեալ Նահանգների վարչակազմի կողմից աղաւաղելու առթիւ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան յայտարարութեան մէջ նշւում էր. «Մենք ցանկանում ենք Միացեալ Նահանգների ղեկավարութեանը յիշեցնել Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին իրենց կեանքը կորցրած օսմանեան հայերի յիշատակին նուիրուած ամէնամեայ միջոցառման մասին, որը յարգանքի արժանի կերպով տեղի է ունենում Պոլսոյ  հայոց պատրիարքարանում»: Ապա մատնացոյց անելով Էրտողանի յայտարարութիւնը` աւելացւում է. «Այդ ուղերձը ներկայացնում է այս հարցում Թուրքիայի ցուցաբերած դիրքորոշումը»:

Այլ կերպ ասած` ժխտողականութեան դասական եւ հերթապահ ձեւակերպումներով յագեցած ուղերձ Էրտողանը յղում է` ընդամէնը այլ երկրներում Ցեղասպանութեան ճանաչման համատեքստում անգամ ամենաչնչին նախաձեռնութիւններին պատասխանելու հիմք ունենալու նպատակով: Գործում է նոյն տրամաբանութիւնը, ինչ հայ-թուրքական հաշտեցման ցիւրիխեան գործընթացը հրապարակ նետելիս: Ցիւրիխում հայ-թուրքական արձանագրութիւնները ստորագրելուց յետոյ Անգարան, իրենց եւ հայերի հաշտեցմանը չմիջամտելու եւ չխանգարելու պատճառաբանութեամբ, սկսեց արձանագրութիւնների գոյութիւնն օգտագործել որպէս Ցեղասպանութեան ճանաչման սկսուած միջազգային «արշաւը» կասեցնելու միջոց:  Հիմա, փաստօրէն, Էրտողանի ուղերձները ծառայեցւում են թուրքական չեղած հանդուրժողականութիւնը ցուցանակ դարձնելու նպատակին:

Ցինիզմի երկրորդ դրսեւորումը պայմանաւորուած է Թուրքիայում մենատիրութիւն հաստատելու Էրտողանի քաղաքականութեամբ: Ուղերձի փաստացի հասցէատէրը պատրիարքի ինքնակոչ փոխանորդ Արամ Աթէշեանն է: Էրտողանը յայտարարութեան մէջ յոյս է յայտնել, որ կարճ ժամանակում կ՛աւարտուեն Պոլսոյ հայոց պատրիարքի ընտրութիւնները եւ յաջողութիւններ է մաղթել այդ հարցում: Թէեւ յստակ չի նշուել` ո՞ւմ է ուղղուած յաջողութեան մաղթանքը, սակայն դատելով նրանից, որ ուղերձն ուղարկուել է հէնց Արամ Աթէշեանի անունով, գրեթէ համոզուած կարելի է ասել, որ այն ուղղուած է հէնց վերջինիս:

Էրտողանը ապրիլի 24-ի կապակցութեամբ ուղերձ յղելու առիթն օգտագործել է` ցոյց տալու, որ Աթէշեանն է թեմի առաջնորդի` իրենց համար ընդունելի թեկնածուն: Եթէ այդպէս է, ապա սա ընտրողներին ուղղորդելու, պետութեան կողմից պատրիարքարանի գործերին կոպտօրէն միջամտելու ցինիկ եւ հակասահմանադրական քայլ է: Այն փաստարկում է, որ պատրիարքի փոխանորդի ընտրութեան շուրջ ստեղծուած իրադրութիւնը, պառակտումների եւ Աթէշեանի միջոցով առաջնորդարանը թուլացնելը պետական քաղաքականութիւն է, որը պաշտպանւում է իշխանութեան ամենաբարձր մակարդակով:  Այս մօտեցումը լիովին տեղաւորւում է գործնականում ամէն ինչ պետութեան ուղղակի վերահսկողութեանը եւ հրահանգաւորմանը ենթարկելու էրտողանական վարչակազմի վերջին շրջանի քաղաքականութեան սահմաններում: Ակնյայտ է, որ որքան էլ փոքր, այնուամենայնիւ ամենակազմակերպուած ցեղային փոքրամասնութիւնը ներկայացնող հայկական համայնքը, դրա շունչն ու ոգին հանդիսացող Պոլսոյ պատրիարքարանը պէտք է յայտնուէին վարչակարգի թիրախում: Ահա այսպէս է նորօսմանականութեան մարմաջով տառապող Էրտողանի հայկական համայնքի երջանկութիւնն ապահովելու խոստումը:

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles