Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

Նահատակներին

$
0
0

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Մեր սրտերի մէջ բուսել են ծաղիկներ,
Ծաղիկները ձեր սիրոյ,
Նուիրումի ծաղիկները անթառամ
Ու բուրաւէտ,
Կեանքի, սիրոյ ու քաղցրութեան վայելքով:

Բայցեւ պատած
Ձեր սրբազան հուր վրէժի փուշերով,
Զինաւորուած ու զինավառ
Ասպետական մեր ուխտով,
Որ տանում ենք
Ու կը տանենք
Նուիրական մեր պայքարը
Ետ խլելու ձեզ մահից,
Ետ խլելու իրաւունքը ձեր կեանքի,
Մեր կեանքի ու ժառանգութեան
Իրաւունքը անժամանց,
Որով դոփում է մեր սիրտը,
Ընթացք տալիս մեր կեանքին,
Ոգի բաշխում
Հայրենիքին մեր ծաղկող,
Որ տարածուի
Ու ընդգրկի
Ձեր սուրբ արեամբ ոռոգուած
Հայ դաշտերը,
Հայ սարերը,
Հայ ձորերը,
Հայաստանը ամբողջական փառապանծ:

Մեր սրտերի մէջ են բուրում
Ծաղիկները ձեր շնչի,
Ձեր խօսքի ու պատգամի,
Որով ձեր սէրը խոստացաք
Ձեր սիրածին,
Մեր մայրերին,
Մեր հայրերին,
Հայրենիքին, հայրենիքին սիրասուն:

Ու բուրեցին ծաղիկները վարդացած,
Որ բուրում են ձեր իղձերով,
Որ բուրում են մեր կեանքում,
Իմաստ տալիս մեր սիրոյն,
Ժողովրդին, հայրենիքին,
Մեր սիրոյն,
Եւ սերունդին,
Որ եղան մեր ծնողները,
Որ մենք եղանք
Ձեզ հարազատ ժառանգորդ,
Ու սերունդին,
Որ ծաղկում են մեր սիրուց,
Ու տօնում են հայրենիքը
Հայրենական զեղումով,
Նուիրումով ամբողջական, սրբագին:

Մեր սրտերի լայն դաշտերը
Ծաղկավառ են
Ձեր երփներանգ գոյներով,
Որ մեր կեանքի հենքն են լցնում
Աւանդական իմաստով,
Բովանդակութեամբ բանի,
Ծիածանով կամարակապ,
Որ գրկում է հորիզոնը
Հայրենիքի բովանդակ:

Մեր սրտերի մէջ են բուսել
Ծաղիկները ձեր սիրոյ,
Զոհողութեան ու կտակի
Ծաղիկները անթառամ:

Կլենտէյլ, Քալիֆորնիա


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>