Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17136

Նախարար Հրանուշ Յակոբեանի Շնորհաւորական Խօսքը` Մայրութեան Եւ Գեղեցկութեան Օրուան Առիթով

$
0
0

Սիրելի՛ քոյրեր, մայրեր, հրաշալի՛ տատիկներ եւ աննմա՛ն աղջիկներ,

Առանձնակի բերկրանքով եմ շնորհաւորում Մայրութեան եւ գեղեցկութեան օրուայ առթիւ եւ մաղթում, որ ձեր ջերմ շնչով, առողջ ու կենարար ներկայութեամբ նորոգ ու շէն, հայեցի պահէք ձեր օճախները, կապուած մնաք ձեր արմատներին, ձեր ինքնութեանը:

Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետութիւնում գարնանային հրաշալի զարթօնքը նաեւ հայ կնոջը գնահատելու, մեծարելու պահ է, սիրոյ խոստովանութեան, կանացի գեղեցկութեան ու մայրութեան արժեւորման միամսեակ, որը եզրափակւում է Ս. Մարիամ Աստուածածնի Աւետման տօնով, բայց որը, ի հարկէ, սահման չունի:

Անկրկնելի է հայ կնոջ տեսակը, բոլոր ժամանակներում նա եղել է կենսունակ ու արարչագործ, իմաստուն ու հնարամիտ, նուիրուած ու սիրող, նուրբ ու գեղանի, բայց անհրաժեշտութեան պահին` օժտուած իր տունը պաշտպանելու, իր կողակցին սատար կանգնելու, մարտնչելու ու տքնելու, ինքնազոհողութեան ու նուիրումի կարողութեամբ:

Դեռեւս հնագոյն ժամանակներից հայ կինն իր արգասաւոր գործունէութիւնը ծաւալել է կեանքի բոլոր բնագաւառներում եւ գիտակցաբար իր փխրուն ուսերին է կրել  ազգապահպանութեան, հայ ոգու, տեսակի ու ընտանեկան աւանդոյթների, սովորոյթների, մայրենիի  պահպանման  բեռը:

Հայոց սփիւռքում կանայք դարձել են հայապահպանութեան առաքեալներ` ամէնուրեք ստեղծելով դպրոցներ, վարժարաններ, որբանոցներ, զանազան կանանց միութիւններ ու ընկերութիւններ`  պահպանելով հայ կնոջ դիմագիծը, նրա հրաշալի որակները:

Հայ կինը բարեսիրութեան ու բարեգործութեան ջահակիր է, հայկական համայնքների ինքնակազմակերպման ջիղը, հասարակական, քաղաքական, ազգային կեանքի ոգին, հայկական մշակոյթի պահպանման ու զարգացման երաշխաւորը, իր բնակութեան երկրի արժանաւոր քաղաքացին:

Հպարտութեամբ պէտք է արձանագրենք, որ հայ կանայք իրենց տաղանդն ու շնորհները դրսեւորեցին երաժշտութեան, թատրոնի, գրականութեան, այլ բնագաւառներում:

Սփիւռքում հայ կինը  հայրենիքին նեցուկ է եղել բոլոր ծանր փորձութիւնների պահին` հետեղեռնեան ժամանակահատուածում, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, երկրաշարժի ու Արցախեան ազտամարտի տարիներին, նորանկախ Հայաստանի կերտման ճանապարհին: Նրանց մէջ են մերօրեայ հերոսները, հայրենիքի անկախութեան պաշտպանութեան համար իրենց կեանքը տուած կանայք: Հայ մայրերն են ծնել ու դաստիարակել այն քաջարի տղաներին, ովքեր անմահացան հայրենիքի պաշտպանութեան համար:

Հայ կինը կրում է ընտանիքին ծառայելու, հաւատարմութեան մի առանձնայատուկ խորհուրդ եւ պատահական չէ, որ ազգային անփոխարինելի արժէքները որակուել են ՄԱՅՐ բառով`  մայրենի լեզու, մայր հայրենիք, մայր հող, մայր եկեղեցի, եւ այդ նուիրական արժէքների պահպանութիւնն էլ ժողովուրդը վստահել է մայրերին:

Դարձեալ շնորհաւորում եմ աշխարհի բոլոր հայ կանանց` խորագէտ գեղեցկուհիների տօնը, մաղթում անսպառ հմայք: Թող ձեր օճախները միշտ վառ ու հիւրընկալ լինեն, ձեր սեղանն` առատ, ձեր զաւակների շուրթերին միշտ ծաղկի հայերէնը ու ձեր անվերջ վերադարձի ճամբան ձգուի դէպի հայրենիք:


Viewing all articles
Browse latest Browse all 17136

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>