Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

Ինչի՞ Մասին Են Խօսում Ընտրութիւնների Արդիւնքները

$
0
0

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

Կենտրոնական ընտրական յանձնաժողովը (ԿԸՅ) հրապարակեց Ազգային ժողովի ընտրութիւնների նախնական արդիւնքները: 6-րդ գումարման ԱԺ-ն կազմուած կը լինի 4 քաղաքական ուժերից` ՀՀԿ, ՀՅԴ կուսակցութիւններ, «Ծառուկեան» եւ «Ելք» դաշինքներ: Այս ուժերի վերջնական դասաւորութիւնն ԱԺ-ում պարզ կը դառնայ առաջիկայում` ընտրական օրէնսգրքով սահմանուած կարգով կատարուելիք թուաբանական հաշուարկներից: Այսուհանդերձ, ապրիլի 2-ին կայացած ընտրութիւնները եւ արձանագրուած արդիւնքները թոյլ են տալիս անելու մի քանի դիտարկում:

1.- Արդարացուեցին սպասելիքները ընտրական նոր համակարգից այն մասով, որ զգալիօրէն նուազեցուել են ընտրատեղամասում նախկինում արձանագրուող ընտրախախտումները` կապուած լցոնումների, կրկնաքուէարկութիւնների, մահացածների եւ արտերկրում գտնուողների փոխարէն քուէարկելու հետ: Այս կեղծարարական մեքանիզմների գործադրման չէզոքացումը փոքրացրել է նաեւ ընտրատարածքներում եւ դրանց յարակից տարածքներում արձանագրուող բռնութիւնների, բախումների շրջանակը: Ընտրախախտումների ծանրութեան կենտրոնը ընտրական իրաւական համակարգից տեղափոխուել է ընտրական մշակոյթի ու աւանդոյթների` այս պահին անվերահսկելի թուացող եւ հէնց դրանով երկարաժամկէտ կտրուածքով վտանգաւոր տարածութիւն:

2.- Նոր ընտրական համակարգը չյանգեցրեց քուէարկութեանը մասնակցող ընտրողների թուի էական փոփոխութեան, ինչի անխուսափելիութեան մէջ համոզուած էր քաղաքական ուժերի մեծ մասը: Եթէ 2012թ. ընտրութիւններին մասնակցել էր ընտրողների մօտ 62,5 տոկոսը, այս անգամ նրանց թիւը գրեթէ 61 տոկոս էր. տարբերութիւնն ակնյայտօրէն մեծ չէ: Բայց սա ոչ թէ ընտրութիւններին չմասնակցածների փոխարէն քուէարկելու արդիւնք էր, այլ` իրական ընտրողների մասնակցութեան աննախադէպ մեծ չափի: Եթէ նկատի ունենանք ոստիկանութեան այն հաւաստիացումը, որ 2,5 միլիոն ընտրողների թիւը ներառում է նաեւ Հայաստանից դուրս գտնուող քաղաքացիներին, ապա պարզ է դառնում, որ ԱԺ այս ընտրութիւններին մասնակցել է Հայաստանում գտնուող ընտրողների մօտաւորապէս 70-80 տոկոսը: Համացանցում եւ հեռուստատեսութեամբ ցուցադրուող տեսանիւթերից պարզ երեւում էր, որ ընտրատեղամասեր քուէարկութեան էին գալիս նոյնիսկ գրեթէ շարժուել չկարողացող, զառամեալ ծերունիները, հաշմանդամները:

3.- Նման ցուցանիշը պայմանաւորուած է ընտրողների հաւաքագրման, ցուցակագրման, զօրաշարժի ենթարկուելուն, նիւթական շահագրգռմամբ ուղղորդման նպատակով ֆինանսական եւ վարչական հսկայական միջոցների տիրապետող զանգուածային կուսակցութիւնների, հիմնականում` ՀՀԿ-ի վարկանշային թեկնածուների ընտրական գրասենեակների իրականացրած աննախադէպ յարձակողապաշտ աշխատանքով: Ոչ երկրորդական դեր է կատարել նաեւ ընտրակաշառքը, սակայն, ինչպէս լինում է միշտ, քանի դեռ չկայ արձանագրուած փաստ, ոեւէ մէկին դրանում մեղադրել գործնականում հնարաւոր չէ: Հաւաքագրումն առաւել վայրի դրսեւորումներ է ունեցել մարզային աւելի քիչ վերահսկուող կամ չվերահսկուող գիւղական համայնքներում, ինչի վկայութիւնն էր բազմաթիւ համայնքների` հրապարակուած արդիւնքներով ՀՀԿ-ի օգտին տրուած մօտ 70-80 տոկոս քուէն: Ամէն դէպքում` անհատական բարձր ցուցանիշներ արձանագրելու, խմբի ներսում առաւելագոյն արդիւնքներ ունենալով` ԱԺ անցնելու հնարաւորութիւն ձեռք բերելու` վարկանշայինների ներքին մրցակցութիւնն ամենամեծ ծառայութիւնը մատուցեց նրանց առաջադրած կուսակցութիւններին: Կարելի է համարձակ ասել, որ ԱԺ ընտրութիւնների այսպիսի պատկերը, ՀՀԿ-ի տարած յաղթանակը մեծ չափով ապահովեցին հէնց վարկանշային թեկնածուները` համամասնական ընտրութիւնները գործնականում վերածելով անհատների ընտրութեան: Այս ընտրութիւններով հաստատուեց ընտրողների խոցելիութիւնը, անպաշտպանութիւնը ապաքաղաքական, հիմնականում` հոգեբանական ճնշման ներգործութեան վրայ հիմնուած արհեստագիտութիւնների առջեւ: Այս հարցը դառնում է ներքաղաքական օրակարգի ամենահրատապ խնդիրը: Ընտրութիւնների վրայ վարկանշային թեկնածուների ունեցած հսկայական, համամասնական ընտրակարգի տրամաբանութիւնից դուրս եկող ազդեցութիւնը փաստում է, որ ընտրական օրէնսգիրքն ունի լրջագոյն վերանայումների կարիք:

4.- ՀՀԿ-ի այս յաղթանակը ցոյց տուեց, որ իշխող կուսակցութիւնը վերահսկում է իրավիճակը, եւ ընտրութիւններից առաջ ներքին վերափոխումների որոշակի ցնցումներն էական ազդեցութիւն չեն թողել խմբի շարժունակութեան, միասնականութեան վրայ: ՀՀԿ-ի յաջողութեան երկրորդ գրաւականը վարչապետ Կարէն Կարապետեանի անհատական բարձր վարկանիշն էր: Արդիւնքների վրայ նրա վարկանիշի զգալի ազդեցութիւնն ամրապնդում է Կարապետեանի դիրքերը ՀՀԿ-ում, թոյլ տալիս նրան պահպանել ՀՀԿ ընտրանիի որակական փոփոխութեան ուղեգիծը: Սակայն վարկանշային թեկնածուների հզօր ազդեցութիւնը հաստատում է, որ այդ բարեփոխման ճանապարհին ամենամեծ մարտահրաւէրը շարունակելու է մնալ սակաւապետութեան հնարաւոր ուժեղ դիմադրութիւնը: Կարապետեանի կառավարութիւնն իր ծրագրերն իրականացնելիս անգամ մեծագոյն ցանկութեան դէպքում չի կարող հաշուի չառնել ԱԺ մեծամասնութեան մէջ նրանց տեսակարար կշիռը:

5.- ՀՅԴ-ի եւ «Ելք»-ի` ԱԺ անցնելը, որքան էլ համեստ ցուցանիշներով, որակ է հաղորդելու նոր ԱԺ-ին` մեծացնելով նրա քաղաքական դերը: Եթէ ՀՅԴ-ի վարքագիծը խորհրդարանում կանխատեսելի է` հաշուի առնելով նախորդ տարիների նրա փորձը, ապա «Ելք»-ի երիտասարդ ներուժը, ստեղծագործ մտածողութիւնը, նախաձեռնողականութիւնը նոր շունչ են հաղորդելու խորհրդարանին: ՀՅԴ-ին ԱԺ բերեց նրա կայուն, վստահելի եւ արժէքաւոր ընտրազանգուածը, ինչպէս նաեւ` հաշուետուողականութեան վրայ խարսխուած ընտրարշաւը: «Ելք»-ը` որպէս քաղաքական միաւոր, նախընտրական գործընթացի արգասիք է, եւ գոյութեան կարճ ժամանակահատուածի համեմատ, խմբային կազմակերպուած աշխատանքի, որոշումների կայացման ժողովրդավարական մեքանիզմների կիրառման եւ հետաքրքիր ու յարձակողապաշտ քարոզարշաւի շնորհիւ արձանագրած նրա արդիւնքը փոքր պէտք չէ համարել: «Ելք»-ը ԱԺ-ում կը ներկայացնի, այսպէս կոչուած, արեւմտեան գիծը եւ կը նպաստի քաղաքական մշակոյթի ձեւաւորմանը:

6.- ԱԺ չանցան 5-րդ գումարման ուժերից երեքը` «Ժառանգութիւն»-ը, ՕԵԿ-ը` վերափոխուած ՀՎԿ-ի, եւ ՀԱՔ-ը: Հասարակութիւնը, ի դէմս նրանց,  մերժեց անուղղելի, անբովանդակ ամբոխավարութիւնը, քաղաքական անկայունութիւնն ու ծայրայեղականութիւնը եւ ԼՂ հարցում անհամաչափ զիջողականութիւնը: ՀԱՔ-ը տապալեց ԼՂ հարցով «Խաղաղութիւն տարածքների դիմաց» բանաձեւի «հանրաքուէն»: Սա կարեւոր ուղերձ է միջազգային հանրութեանը եւ Ազրպէյճանին: Կարելի է ասել, որ ՀՀՇ-ի, ՕԵԿ-ի, Կոմկուսի դարաշրջանն աւարտուեց: Ցաւալի է, որ ջախջախիչ պարտութիւն կրեց, ընդհանուր առմամբ, ազատական դաշտը: Սպասելի, բայց ամէն դէպքում ցաւալի էր «Ազատ դեմոկրատներ»-ի պարտութիւնը, որի հիմնական պատճառը, թերեւս, յստակ արեւմտամէտ արեւելումն էր: Սակայն ԱԺ-ն զրկուեց այդ կուսակցութեան մէջ ընդգրկուած փորձագիտական, մտաւորական լուրջ, արժէքաւոր շրջանակից:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>