ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Ապրիլեան քառօրեայ պատերազմը ողջ հայութեան համար առաւել առարկայական դարձրեց դեռեւս չլուծուած ԼՂ հիմնախնդիրը:
Քառօրեայ պատերազմից յետոյ տրամաբանօրէն աւելի աշխուժացաւ պատերազմի աւարտի մասին քննարկումը` առաջացնելով հակամարտութեան լուծումների իրատեսական ճանապարհների որոնման կարեւոր քննարկում` ե՛ւ հայ հասարակութեան մօտ ընդհանրապէս, ե՛ւ հայաստանեան քաղաքական վերնախաւում` յատկապէս:
Ակնյայտ էր, որ կամայ, թէ ակամայ այս քննարկումը տեղափոխուելու է ՀՀ ԱԺ-ի 2017 թուականի ընտրութիւններ` դառնալով նախընտրական քննարկումների հիմնական ու առանցքային թեմաներից մէկը: Մանաւանդ որ ասպարէզում էր ցանկացած գնով, այսպէս կոչուած «Խաղաղութեան, հաշտութեան, բարիդրացիութեան» կուսակցութիւնը` յանձինս Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի:
Լեւոն Տէր Պետրոսեանի եւ նրա գլխաւորած «Քոնկրես-ՀԺԿ» դաշինքի տրամաբանութիւնը հետեւեալն էր. երկարաժամկէտ կտրուածքով Հայաստանն Ազրպէյճանի հետ ուժային հաւասարակշռութիւնն իր օգտին փոխելու հնարաւորութիւն չունի, իսկ դա անիմաստ է դարձնում հակամարտութեան շարունակելն ու առկայ «սթաթիւս քուօ»-ի պահպանումը, որն էլ ըստ նրանց` ենթադրում է մարդկային եւ տնտեսական հնարաւորութիւնների կորուստ` հարեւանների հետ թշնամական յարաբերութիւնների պատճառով:
Պարզ լեզուով` Լեւոն Տէր Պետրոսեանն ու նրա թիմակիցները կոչ էին անում լինել «իրատես» եւ Ղարաբաղում զիջումների միջոցով հասնել խաղաղութեան:
Նրանց կարծիքով, անհրաժեշտ էր, որպէսզի առաջին քայլ անի հայկական կողմն ու յանձնի տարածքներ, որն Ազրպէյճանի եւ Թուրքիայի կողմից կ՛ընկալուի որպէս խաղաղութեան ազդանշան: Արդիւնքում, նրանք կը հրաժարուեն Հայաստանին մեկուսացնելու քաղաքականութիւնից, կը վերանայեն Հայաստանի շրջափակման քաղաքականութիւնն ու կը բացեն փակ սահմանները, ինչն էլ կ՛ապահովի Հայաստանի զարգացումն ու կը վերացնի առկայ բոլոր խնդիրները:
Արցախեան հիմնախնդրի լուծումը ՀԱՔ-ՀԺԿ-ականները տեսնում էին ցանկացած գնով եւ անվերապահօրէն հակառակորդի հետ հաշտութեան մէջ: Նրանք փորձում էին հասարակութեան վախեցնել այն բանով, որ եթէ հայկական կողմը հիմա չգնայ կարգաւորման (կարդացէք` միակողմանի զիջումների – Ա. Շ.), ապա վաղը նրան աւելի վատ տարբերակ կը պարտադրուի:
Թեզ, որը Լեւոն Տէր Պետրոսեանն առաջ էր քաշել դեռեւս իր նախագահութեան օրօք` 1997-1998 թուականներին, որն էլ միանշանակօրէն մերժուել էր հասարակութեան կողմից` դառնալով նրա հրաժարականի պատճառը:
«Խաղաղութիւն»` ցանկացած գնով մոլուցքով տարուած ԼՏՊ-ն ու իր խմբակիցները սակայն մոռացութեան էին տուել մի պարզ ճշմարտութիւն. հայաստանեան հասարակութիւնը դեռեւս մէկ տարի առաջ էր տուել իրեն անձնատուութեան ենթարկել ցանկացող թշնամու պատասխանը:
Ապրիլեան քառօրեայ պատերազմում ազրպէյճանական հասարակութեան նկատմամբ յաղթանակ տարած հասարակութեանն անհնար էր պարպել յաղթողի հոգեբանութիւնից` նրան ստիպելով համակերպուել նուաստացուցիչ պայմաններով միակողմանի զիջումների հետ` յանուն ինչ-որ երեւակայական խաղաղութեան մշուշոտ հեռանկարի: Սա հէնց այն էր, ինչ հաշուի չէին առել Տէր Պետրոսեանն ու նրա խմբակիցները:
Պէտք է նշել, որ հայկական քաղաքական բեմում չկայ որեւէ քաղաքական ուժ, որը չի գիտակցում, որ այս հակամարտութիւնը երբեւիցէ պէտք է կարգաւորել փոխզիջումային տարբերակով: Աւելի որոշակի` հայկական քաղաքական իրականութիւնում չկայ պատերազմի կուսակցութիւն:
Բայց հայ հասարակութեան պատկերացրած փոխզիջումային տարբերակն այն չէ, որը պատկերացնում է, եւ որի մասին խօսում է Լեւոն Տէր Պետրոսեանն արդէն 20 տարի շարունակ:
Ապրիլի 2-ին կայացած ընտրութիւնների արդիւնքները դրա վառ ապացոյցն էին, ընտրողների հերթական շառաչուն ապտակը` պարտուողական հոգեբանութեանը:
Որոշակիօրէն, ԼՂ հակամարտութեան կտրուածքով, ժողովուրդն ասաց իր խօսքը, կատարեց իր ընտրութիւնը: Հերթն հիմա խորհրդարան անցած քաղաքական ուժերինն է: Հայաստանի նոր սահմանադրութեան արդիւնքում ստեղծուել է բացառիկ հնարաւորութիւն` ապահովելու Հայաստանի կառավարման մոտելի անցումը ժողովրդավարական, իրաւական եւ արդիւնաւէտ քաղաքական համակարգի` արագացնելով եւ երաշխաւորելով Հայաստանում ընկերային-տնտեսական բարեփոխումների եւ զարգացման ընթացքը:
Սա առանցքային նշանակութիւն ունի հայ հասարակութեան մօտ Հայաստանի ապագայի նկատմամբ յոռետեսական տրամադրութիւնները մէկ ընդ միշտ բացառելու` երկրի զարգացումն ու բարգաւաճումը թշնամուն միակողմանի զիջումներ անելու մէջ տեսնելու ձախաւեր մտայնութիւնը: