Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Մի Անգամ Պետրոսի Մօտ

$
0
0

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

Ի՞նչ ասել Լեւոն Տէր Պետրոսեանի` «Կենտրոն» հեռուստաընկերութեան «Ուրուագիծ» հաղորդաշարի եթերից հնչեցրած դասախօսութեան մասին: Ընդունուած կարգ է, երբ մի խոշոր մարդ բան է ասում, հասարակ մահկանացուները պէտք է արձագանգեն, որ այդ խոշոր մարդուն չթուայ, թէ իր ասածները տեղ չեն հասել: Իմ գործընկերներից մէկը, երբ դեռ հաղորդաշարի հեղինակ Պետրոսը չէր հասցրել եթերում ցտեսութիւն ասել Տէր Պետրոսեանին, արդէն արձագանգել էր: Այսպէս ասեմ` գործընկերս համարեա արցունքների միջից էր արձագանգել, այնքան որ յուզուած է եղել ողջ հաղորդման ընթացքում: Եւ ինչ էր նա ասել միւս քաղաքական գործիչներին եւ քաղաքագէտներին:

Նա միւսներին կոչ էր արել լաւ խորհել Տէր Պետրոսեանի ասածների շուրջ եւ նոյն սառը դատողութեամբ արձագանգել կամ հակադարձել: Ահաւասիկ, փորձում եմ սառը դատողութեամբ խօսել: Կարծում եմ` բոլորը կը համաձայնեն իմ այն մտքի հետ, որ Տէր Պետրոսեանը բաւականին յարմար էր տեղաւորուել Պետրոսի տաղաւարում: Շատ անբռնազբօսիկ շարժումներով ջուր էր խմում, մեկնուել էր բազկաթոռին, ծոցագրպանից թղթեր էր հանում… Ինձ մի պահ թուաց, թէ հիմա պիջակը կը հանի, վերնաշապիկի թեւքերը կը քշտի ու այդպէս կը շարունակի: Բան չի փոխուել այդ մարդու մէջ, նոյնիսկ ձայնն է նոյնը: Կարելի է ասել` «Նասթայաշիի փալքովնիք»  (բառացիօրէն` տիպար գնդապետ, խմբ.): Դա «Ուրուագծի» ամենայաջողուած եթերն էր: Պետրոսը համարեա՛ չէր միջամտում, եւ հեռուստադիտողը հնարաւորութիւն ունեցաւ կարգին ըմբոշխնելու առաջին նախագահի ներկայութիւնը: Ափսոս միայն, որ նկարներում չերեւաց, թէ ինչ շուքով են «Կենտրոն» հեռուստաընկերութեան բակում դիմաւորել Տէր Պետրոսեանի տրամաչափի գործչին: Նախագահ լինելը լաւ բան է, ինչպէս ասում են: Այսքանը` արտաքին տպաւորութեան մասին: Իսկ հիմա այն մասին, թէ ինչո՛վ էր զբաղուած Լեւոն Տէր Պետրոսեանն այդ երեկոյ:

Շատ սառը դատողները հիմա էլ այն կարծիքին են, թէ դա նախընտրական քարոզչութիւն էր: Մի՛ վիրաւորէք, պարոնա՛յք, առաջին նախագահին: Նախընտրական քարոզչութիւնը շատ մանր բան է նրա եւ, առհասարակ, նախագահների համար: Եւ ուրեմն… Առաջին. ով-ով, բայց Լեւոն Տէր Պետրոսեանը հրաշալի գիտի, թէ նախընտրական քարոզչութիւնն ինչ կարող է փոխել հայաստանեան ընտրութիւնների արդիւնքներում: Այդ համակարգի հիմնադիրն ինքն է, եւ վաղուց է, ինչ մեր հաւատացած հրաշքներին ինքը չի հաւատում: Տեսէք, թէ ի՛նչ քարոզարշաւ է իրականացնում ՀԱՔ-ՀԺԿ դաշինքը: Համարեա՛ ոչ մի քարոզչութիւն չկայ, եթէ հաշուի չառնենք նրանց վարկանշայիններից մի քանիսի թռվռոցը: Այսպիսի քարոզչութեամբ ԱԺ չեն գնում: Այսպիսի քարոզչութիւն անում են կամ նրանք, որ ոչ մի յոյս չունեն, կամ էլ նրանք, որ արդէն գիտեն ԱԺ-ում իրենց յատկացուած տեղերի քանակը: Տէր Պետրոսեանն էլ շատ յստակ ասաց, թէ ինչի համար են իրենց տրուել այդ տեղերը: Նա մի քանի անգամ շեշտեց, որ Ղարաբաղի հարցում ինքը միշտ լինելու է Սերժ Սարգսեանի եւ ՀՀ իշխանութիւնների կողքին: Իսկ երբ մի հարցով արդէն իշխանութիւնների հետ ես, կողքին ես, այլեւս հնարաւոր չէ միւս հարցերով առաջուայ նման դուրս գալ փողոց ու յայտարարել` սա օրինական իշխանութիւն չէ, մոնկոլ են, թաթար են, չգիտեմ` ի՛նչ են: Երկրորդ. Տէր Պետրոսեանը ողջ հաղորդման ընթացքում ջանում էր հասկացնել, որ Հայաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում, եւ Ղարաբաղի հարցի կարգաւորման լիազօրութիւն ունեցող կեդրոններն են որոշելու ամէն ինչ:

Իսկ այդ կեդրոններն արդէն որոշել են, որ ազատագրուած տարածքները պէտք է վերադարձուեն Ազրպէյճանին: Փոխարէնը, ըստ Տէր Պետրոսեանի, մենք կ՛ունենանք ոչ թէ զինադադարի, այլ հաշտութեան պայմանագիր, իսկ դա արդէն խաղաղութիւն է:

Միամիտ մարդու համար դա շատ լաւ տարբերակ է, մանաւանդ որ միջազգային խաղաղապահներ էլ տեղակայուեն ԼՂԻՄ նախկին սահմաններով: Սակայն աշխարհում դեռ երբեք նման բան չի եղել, եւ մենք ենք լինելու առաջինը, ում վրայ փորձելու են դա: Կը ներէք, բայց ես համաձայն չեմ, որ ինձ վրայ բան փորձեն: Չեմ յիշում հիմա` ափրիկեան ո՞ր երկիրն էր, որտեղից խաղաղապահներին անմիջապէս տարհանեցին, երբ իրավիճակը լարուեց, ու կողմերից մէկը, ի հեճուկս բոլոր տեսակի պայմանագրերի, սկսեց կրակել: Կա՞յ երաշխիք, որ Պաքուն չի գնայ նման գրգռութեան եւ խաղաղապահների ծլկելուց յետոյ, ելակէտ ունենալով արդէն Աղդամը, չի ներխուժի Ստեփանակերտ: Միայն թէ չասէք, որ Ազրպէյճանը նման բան անելու համար առիթ չի ունենայ: Բաւական է Շուշիում մի վերաբնակեցուած ազրպէյճանցի սպաննուի, եւ առիթը կը լինի, կարող էք չկասկածել:

Երրորդ. Տէր Պետրոսեանն այդ երեկոյ ամէն ինչ արեց, որպէսզի արժեզրկի 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետութեան նշանակութիւնն ու արժէքը նորանկախ Հայաստանի ստեղծման գործում:

Ի վերջոյ, նա բառացիօրէն կրկնեց պոլշեւիկեան այն թեզը, որ եթէ ՀՀ այն ժամանակուայ իշխանութիւններն աւելի շուտ տային Հայաստանը պոլշեւիկներին, Կարսն ու Արտահանը մեզ կը մնային: Սա արդէն պարկեշտ չէ մի գործչի կողմից, ով առաջինն է գլխաւորել այն Հայաստանը, որը չէր լինի, եթէ չլինէր 18-20 թուականների հանրապետութիւնը: Տէր Պետրոսեանն ասում է, որ եթէ ՀՀ այն ժամանակուայ ղեկավարները պոլշեւիկներին տային իշխանութիւնը, ապա Թուրքիայի հետ բարեկամացող Ռուսաստանը մեր արեւմտեան տարածքները չէր զիջի Թուրքիային:

Կարելի է մտածել` Ռուսաստանը մեզնից վրէժ լուծելով է այդ տարածքները տուել: Այո՞: Իսկ ինչո՞ւ Նախիջեւանը եւ Արցախը տուեց Ազրպէյճանին: Երեւի մեզնից աւելի շատ վրէժ լուծելու համար… Այսօր Ռուսաստանի միակ դաշնակիցն այս տարածաշրջանում Հայաստանն է: Ազրպէյճանը Լաւրովին ասում է` ս…, Էրտողանի հրամանով ՕԹԱՆ-ի անդամ Թուրքիան ռուսական ինքնաթիռ է խփում: Վրէժի զգացումով առաջնորդուող Ռուսաստանն ինչ-որ չի շտապում Ղարաբաղը վերադարձնել մեզ կամ Թուրքիայից յետ պահանջել Կարսն ու Արտահանը: Հետեւաբար երիցս ճիշդ են նրանք, պարո՛ն առաջին նախագահ, ովքեր այսօր ասում են` եղունգ ունես` գլուխդ քորի: Ո՞ւմ վրայ յոյս դնենք, եթէ ոչ` հայ զինուորի ու հայ զէնքի:

Չորրորդ. Տէր Պետրոսեանը շատ արհեստավարժ կերպով մի շարք քաղաքական ուժերի, այդ թուում` նաեւ ՀՀԿ-ին, փորձեց հասկացնել, որ Ղարաբաղի հարցում նրանք իր պէս են մտածում, իր բառերով, պարզապէս հարցի լուծումները չգիտեն: Սա նաեւ կարելի է դիտել որպէս համագործակցութեան առաջարկ այդ ուժերին: Իրականում Տէր Պետրոսեանն այդ ուժերին առաջարկում է քաղաքական դաշտը բաժանել երկու մասի` հողտուողականների եւ ոչմիթիզհողականների: Նա համաձայն չէ Ղարաբաղի հարցում միայն Դաշնակցութեան դիրքորոշման հետ, որը միակ ընդունելին է, եթէ ուզում ենք երբեւէ տեսնել միջազգայնօրէն ճանաչուած Արցախ եւ ապա` Հայաստանի հետ միաւորուած հայրենիքի մի մաս: Դրա միակ ճանապարհն Արցախի ճանաչման ուղղութեամբ յամառ եւ անդուլ աշխատանքն է, մեր իրաւունքն ու հայրենիքը չզիջելը: Ո՞ւմ վրայ դնենք յոյսներս` կիսախելագար Թրամփի՞, Ֆրանսայի նախագահի թեկնածուների՞, որոնք մեղադրւում են քրէական յանցագործութիւնների մէջ, թէ՞ ժողովրդավարութեան կնքահայր Փութինի: Հայ-թուրքական արձանագրութիւններն էլ ստորագրեցինք:

Ի՞նչ տեղի ունեցաւ Նալբանդեանի թշիկները քաշքշող Հիլըրի Քլինթընի հետ: Պարզուեց` թռի-վռի կնիկ էր, բայց մեզ պարտադրում էր ձեռք քաշել մեր բոլոր պահանջներից: Այդ օրերին էլ Տէր Պետրոսեանը ՀՀ իշխանութիւնների կողքին էր, այդ օրերին էլ շատ ուժեր Տէր Պետրոսեանի նման էին մտածում, եւ մենակ մնացածը դարձեալ Դաշնակցութիւնն էր: Եւ, վերջապէս, հինգերորդ. ես չէի կարդացել ՀՎԿ-ի նախընտրական ծրագիրը, եւ ինձ համար իսկապէս նորութիւն էր Լեւոն Տէր Պետրոսեանի յայտարարութիւնն այն մասին, որ այդ ծրագրում կէտ չկայ Ղարաբաղի մասին: Պետրոսն իր հարցումներով փորձում էր փրկել Արթուր Բաղդասարեանի դէմքը` իրօ՞ք չկայ, գուցէ պարզապէս բա՞ց էք թողել, չէ՞ք նկատել, պարո՛ն նախագահ: Հետեւեց Տէր Պետրոսեանի հաստատումը` չէ, չկայ, իսկապէս չկայ: Հաւանաբար շատերը մտածեցին` արաա՜, ի՛նչ ամօթ ա՜, ՀՎԿ-ի ծրագրում Ղարաբաղի մասին կէտ չկայ, Ղարաբաղը մոռացել են: Իմ կարծիքով, սակայն, աւելի լաւ է ծրագրում կէտ չունենալ Ղարաբաղի մասին, քան` ունենալ այնպիսի խայտառակ կէտ ու դիրքորոշում, ինչպիսին ունի Լեւոն Տէր Պետրոսեանը:

«Հրապարակ»


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>