Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Խօսք Խոնարհումի

$
0
0

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ

Նախ` ուզում եմ խորին շնորհակալութիւնս յայտնելու լիբանանահայ համայնքին, ձեզ բոլորիդ, ապրիլեան պատերազմի նահատակների յիշատակին նուիրուած հոգեհանգիստն ու ժողովրդական հանդիսութիւնը կազմակերպելու համար եւ ՀՅԴ Կեդրոնական կոմիտէին` սգոյ ու յարգանքի տուրքի այս միջոցառումներին ինձ` որպէս որդեկորոյս հօր, հրաւիրելու համար:

Ապա թոյլ տուէք հաղորդել Արցախի ժողովրդի ջերմ, սրտաբուխ ողջոյնը ձեզ` լիբանանահայ համայնքի մեր քոյրերին ու եղբայրներին, մեր երախտագիտութիւնը այն անգնահատելի եւ անչափելի աջակցութեան համար, որ դուք տասնամեակներ ի վեր ցուցաբերում էք մեզ արցախեան ազգային-ազատագրական շարժման ու պայքարի առաջին իսկ պահից առ այսօր: Ձեր բոլորանուէր ներկայութիւնը եւ մասնակցութիւնն օտար լծից ազատագրուելու եւ մայր հայրենիքին միաւորուելու, արտաքին քաղաքական հանգամանքների պարտադրանքով Արցախում անկախ, ինքնիշխան պետականութիւն հաստատելու, կառուցելու մեր համաժողովրդական պայքարին մշտապէս նոր լիցք ու եռանդ է հաղորդում մեր կամքին ու վճռակամութեանը, անսպառ հաւատ ներշնչում մեր վերջնական յաղթանակի նկատմամբ: Արցախում փոքրից մինչեւ մեծ` բոլորիս համար, հաստատուն, անհերքելի ճշմարտութիւն է, որ առանց մայր հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան եւ հայոց սփիւռքի համակողմանի աջակցութեան անհնար էին եւ են մեր յաղթանակները ռազմի դաշտում` Ազրպէյճանի կողմից արցախահայութեանը պարտադրուած պատերազմում, մեր շօշափելի ձեռքբերումները անկախ պետականութեան կերտմանը, պատերազմի ծանր հետեւանքների վերացմանը, քայքայուած տնտեսութեան վերականգնմանն ու զարգացմանը, մեր բանակի կայացմանը, մեր ժողովրդի բարեկեցիկ կեանքի ստեղծմանն ուղղուած ջանքերում: Աստծոյ օրհնութեամբ պատմութիւնը բախտորոշ հնարաւորութիւն է ընձեռել համայն հայ ժողովրդին` հաւաքագրելու, վերամիաւորելու պատմական ճակատագրի բերումով մեր ազգային բնօրրանի կորուսեալ հողերը, առաջին յաղթական քայլը կատարելու ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի վերականգնման ճանապարհին: Այս պարունակում, համոզուած եմ, որ անկախ, ինքնիշխան Արցախի Հանրապետութեան գոյութիւնը Հայ դատի վերջնական յաղթանակի նախակարապետն է: Պատմական անարդարութիւնը, որ անասելի ծանր բեռ էր դարձած մեր նախապապերի ու պապերի ուսերին, ահաւասիկ Արցախի ազատագրութեան միջոցով հետզհետէ թեթեւանում է հայ ժողովրդի ներկայիս սերունդների համատեղ ջանքերով, եւ հաւատացած եմ, մօտենում է ժամանակը, երբ այն վերջնականապէս կը թօթափուի` հնարաւորութիւն տալով գալիք սերունդներին տարագրութեան բաւիղներից հայրենի տուն վերադառնալու եւ հայոց պատմական բնօրրանում, մէկ ընդհանուր տանիքի ներքոյ, համատեղ ապրելու, արարելու համար: Հնարաւոր է` այս պահին վիպական է հնչում խօսքս, բայց անձամբ ես եւ, հաւատացած եմ, դուք բոլորդ, մեր ողջ ժողովուրդը տեսնում է այդ ապագան:

Այդ ապագան, անշուշտ, երբեք սկուտեղի վրայ չի մատուցուելու մեզ, ինչպէս որ սկուտեղի վրայ չի մատուցուել Արցախի ազատագրութիւնը:

Այն մենք նուաճում ենք մեր ժողովրդի քաջարի զաւակների հերոսականութեան, սխրանքի, արեան ու կեանքի, մարդկային ու նիւթական մեծ զոհողութիւնների գնով: Անչափ ցաւալի է արձանագրել, բայց իրականութիւնն այդ է` արցախեան ազգային-ազատագրական պայքարի եւ պատերազմի ընթացքում, որ ես այլ կերպ չեմ դիտարկում ու գիտակցում, քան Արցախի Հայրենական պատերազմ, հայ ժողովուրդը կորցրել է աւելի քան վեց հազար իր լաւագոյն, իր ամենաարժանաւոր զաւակներին, այդ թւում` լիբանանահայ համայնքից, հայրենիքի ազատութեան ճանապարհին նահատակուած նուիրեալներ, ում անունն ու սխրանքը ոսկէ տառերով են գրուած նորագոյն ժամանակների հայոց պատմութեան մէջ, ում պայծառ յիշատակն անմոռաց, անջնջելի է ներկայ եւ գալիք սերունդների յիշողութեան մէջ:

Երեւոյթի ցայտուն արտայայտութիւն է, անկասկած, անցեալ տարուայ ապրիլեան հերոսամարտում մարտիրոսուած մեր քաջորդիների յիշատակին յարգանքի տուրքի մատուցման այս արարողութիւնը լիբանանահայ համայնքում: Գլուխ խոնարհելով այդ կարճատեւ պատերազմում յանուն հայրենեաց իրենց ամենաթանկագինը` կեանքը նուիրաբերած մեր հերոսների յիշատակի առջեւ, մենք միաժամանակ մեր խոնարհումն ենք արտայայտում 1988 թուականից ի վեր` արցախեան շարժման, ազգային-ազատագրական պայքարի, արցախեան հայրենական պատերազմի, ապա եւ յարաբերական խաղաղութեան` հրադադարի բոլոր տարիներին պաշտպանութեան դիրքերում զոհուած ազատամարտիկների ու զինուորների, թշնամական ռմբակոծութիւնների պատճառով նահատակուած մեր հարիւրաւոր խաղաղ բնակիչների` կանանց, ծեր ու մանկանց յիշատակին:

Ինձ համար, որպէս ապրիլեան պատերազմում կորուսեալ որդու տէր ծնողի, անչափ յուզիչ է ներկայ գտնուել ու մասնակից լինել այս արարողութեանը, նուիրուած նրա եւ նրա զոհեալ զինակիցների անմոռաց յիշատակին, բայց, հաւատացէք, ողջ էութիւնս ափէ-ափ լցրած այս յուզմունքը կապուած է ոչ միայն Նորայր որդուս անուան հետ: Անկախ այն բանից, որ ես ապրիլեան կռիւներում նահատակուած ոչ բոլոր զինուորներին ու կամաւորական ազատամարտիկներին եմ անձամբ ճանաչում, նրանցից իւրաքանչիւրին ես համարում եմ իմ Նորայր որդին, անգամ ինքս ինձ համար յօրինել եմ այսպիսի մի արտայայտութիւն` նորայրացած տղաներ, քանզի նրանցից իւրաքանչիւրի մէջ ես տեսնում եմ իմ որդուն: Ես չեմ կասկածում, եւ հաւատացէք դուք, նոյնպէս,` իմ որդու եւ նրա հետ նահատակուած միւս հերոսներին այդպէս է իր սրտում ու հոգում ընդունում այդ օրերին որդեզուրկ դարձած իւրաքանչիւր ծնող: Մեր որդիների կորստեան ցաւն ու կսկիծը, ի լրումն միւս բոլոր ածանցեալների, մեզ էլ աւելի է միաւորել, համախմբել, դարձրել մէկ միս ու արիւն, մէկ սիրտ ու հոգի, մէկ մարմին:

Անասելի ծանր ապրումներ ապրելով մեր հերոս որդոց նահատակութեամբ` մենք բոլորս միաժամանակ անչափելի հպարտութիւն ենք ապրում նրանց բոլորի եւ նրանցից իւրաքանչիւրի համար: Առաւել եւս` մենք տեսնում, զգում, գիտակցում ենք, որ մեր որդիները ոչ միայն մեր` ծնողներիս, այլեւ համայն հայ ժողովրդի ցաւն ու կսկիծը, մեր համընդհանուր հպարտութիւնն են:

Մենք բոլորս ականատես վկան ենք, որ նրանց` այդ հերոս տղաների, անձնազոհ նուիրումի շնորհիւ է, որ ձախողուեցին ոխերիմ թշնամու նկրտումները` սպառազեն, կայծակնային պատերազմի միջոցով ծնկի բերել, բռնազաւթել Արցախը, հրի ու սրի մատնել մեր ժողովրդին, մեր բնակավայրերը: Հնարաւո՞ր է, արդեօք, առանց հպարտութեան գիտակցել այն խիզախումն ու սխրանքը, որով հայրենի եզերքի պաշտպանութեան ելած զինուորները եւ կամաւորական աշխարհազօրայինները ցուցաբերեցին կենաց ու մահուան այդ կռիւներում: Հնարաւո՞ր է, արդեօք, առանց հպարտութեան ականատես լինել արցախեան ազատամարտի մասնակից կամաւորականների ներհոսքին ինչպէս Արցախի շրջաններից, նոյնպէս եւ քաղաքամայր Երեւանից եւ Հայաստանի մարզերից, սփիւռքից դէպի Ստեփանակերտ եւ Ստեփանակերտից դէպի առաջաւոր գիծ: Ողջ հայ ժողովուրդն այդ օրերին վերստին, ինչպէս նախորդ` 90-ական թուականների պատերազմի ժամանակ էր, գուցէ եւ առաւել քան` բռունցքուել էր յանուն Արցախի պաշտպանութեան:

Հնարաւո՞ր է, արդեօք, առանց հպարտութեան մտածել, որ համազգային այդ համախմբման, մարտական դիրքապահութեան անցած զինուորների եւ կամաւորների միացեալ, հուժկու հակադարձման շնորհիւ է, որ Պաքուն իր կաշուի վրայ զգաց նոր տարածքների կորստեան վտանգը եւ շտապեց դիմել Մոսկուային` խնդրելով միջնորդել հրադադարի վերականգնման հարցում: Հաղորդեմ ձեզ, որ տարբեր աղբիւրների տեղեկատվութեան համաձայն, համատարած խուճապ էր Ազրպէյճանի ճակատամերձ ողջ տարածքում` ներառեալ նաեւ ճակատային գծից հեռու Գյանջա` հայոց պատմական Գանձակ քաղաքում: Ճանապարհներին իրար էին խառնուել մարդկային խառնամբոխը, ոչխարի հոտերը, տաւարի նախիրները, մարդատար եւ այլ փոխադրամիջոցները` արգելակելով ազրպէյճանական բանակի ստորաբաժանումների եւ զինատեսակների տեղաշարժը դէպի Արցախ:

Զինուորական փորձագէտների գնահատմամբ, չլիներ Մոսկուայի միջամտութիւնը, հայկական զօրքերի հակայարձակումը ժամերի հարց էր, առաջխաղացումը դէպի հակառակորդի թիկունքային խորք` անկասելի: Նոյն այդ միջամտութեան արդիւնքում ապրիլի 5-ին հաստատուած հրադադարի պատճառով է, որ Արցախի պաշտպանութեան բանակի ստորաբաժանումները չհասցրին ազատագրել պատերազմի առաջին օրը թշնամու գրաւած մի քանի դիրքերը շփման գծի հիւսիսարեւելեան եւ հարաւարեւելեան հատուածներում: Ափսո՛ս:

Մարտական գործողութիւնների այդ վայրերում` դիրքերի մերձակայ տարածքներում հէնց ապրիլին եւ ապրիլից յետոյ դիրքապահ զինուորների, կամաւորականների ուժերով ներկայումս կանգնեցուած են խորհրդանշական յուշաքարեր` նահատակուած զինակիցների անուն-ազգանուններով: Այդպիսի մի յուշաքար է տեղադրուած նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղի մերձակայ խճողու եզրին` այն դիրքից գրեթէ հարիւր մեթր հեռաւորութեան վրայ, որտեղ արկի պայթիւնից միաժամանակ նահատակուել են Նորայր որդիս եւ նոյն «Արծիւ-24» կամաւորական գումարտակի անդամ, նրա զինակից ընկեր Սարգիս Խարաֆեանի յիշատակին: Այդ եւ միւս բոլոր յուշաքարերը ներկայումս գտնւում են դիրքապահ զինուորների մշտական խնամքի ու հոգածութեան ներքոյ:

Ասել է թէ` իմացեալ մահով կեանքը նուիրաբերած տղաներն այսօր էլ կան, կան ու շարունակում են կեանքի կոչել հայոց սուրբ առաքելութիւնը` հող հայրենիի պաշտպանութիւնը:

Մեր խոնարհումը նրանց սուրբ անուանը եւ պայծառ յիշատակին:

Շնորհակալութի՛ւն ուշադրութեան համար:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>