Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

«Ես Նկարել Եմ Առաջ Գնացող Զինուորի Ժպիտը» Կ՛ըսէ Լուսանկարիչ Յակոբ Պօղոսեան

$
0
0

Վարեց` ՍՈՆԱ ԱԴԱՄԵԱՆ

Լուսանկարիչ Յակոբ Պօղոսեանն այն մարդկանցից է, որը չսահմանափակուեց ապրիլեան պատերազմի մասին պատմող մի քանի տեղեկագրութիւններով: Նա այս ամբողջ ընթացքում աւելի շատ Արցախում էր` սահմանին, քան Երեւանում: Մեր հանդիպման օրն էլ պատրաստւում էր մեկնել Արցախ, գնալ դիրքեր, լուսանկարել առաջնագծի զինուորներին: Յակոբ Պօղոսեանը կատակում է. «Այնքան եմ «Եղնիկներ» գնացել, մարդիկ գիտեն` տղայ ունեմ այնտեղ ծառայող, ես էլ ասեցի` 2 ծառայող աղջիկ ունեմ, ուրիշ ոչ ոք»:

Նախօրէին «Նարեկացի» արուեստի միութիւնը ցուցահանդէս էր նախաձեռնել, որտեղ կողք-կողքի ցուցադրել էր շարժապատկերի նկարիչ Լեւոն Աթոյանցի 90-ականներին արուած արցախեան պատերազմի հերոսների դիմանկարներն ու վերջին` ապրիլեան պատերազմի մասին Յակոբ Պօղոսեանի լուսանկարները: Նայում ենք լուսանկարներին ու զրուցում: Նա առանց յուզմունքի չի կարողանում խօսել մեր զինուորների մասին, յիշում է ամէն մի նկարի նախապատմութիւնն ու ցաւով նշում, որ Ջաբրայիլում արուած դիմանկարներից չորսը դարձան այդ տղաների վերջին լուսանկարները:

ՀԱՐՑՈՒՄ.- Յակո՛բ, ապրիլեան պատերազմի օրերին դուք առաջին լուսանկարիչներից էիք, որ գնացիք Արցախ եւ նկարեցիք պատերազմը, մեր առաջնագծի զինուորներին, Խալափեանների դաժան սպանութիւնը: Չնայած յարաբերական զինադադարին` այսօր էլ շարունակում էք գնալ: Որպէս լուսանկարիչի` ի՞նչն է ձեզ համար եղել եւ մնում ամենադժուարը:

ՅԱԿՈԲ ՊՕՂՈՍԵԱՆ.- Երբ ապրիլի 2-ին լուսանկարիչ Գերման Աւագեանի հետ մտանք Թալիշ, գիւղն ամբողջութեամբ դատարկ էր, մարդ չկար Թալիշում, բայց ես արդէն տեղեկութիւն ունէի, որ գիւղում մնացել են 3 խաղաղ բնակիչներ, որոնք հաշմանդամութիւն ունեն, եւ առաջինը փորձում էի գտնել նրանց տունը: Ծանր էր տեսնել այն, ինչ կատարուել էր Խալափեանների հետ, եւ երբեք չէի ուզենայ դիակ նկարել, բայց այնպէս ստացուեց, որ պէտք էր նկարել: Յետոյ, երբ արդէն իջնում էինք, մի տարեց մարդու հանդիպեցինք, որը մեզ ներս կանչեց` թէյ հիւրասիրելու: Երբ մտանք տուն, ի զարմանս մեզ, նկուղից դուրս եկան էլի 4 հոգի` կանայք, որոնք, փաստօրէն, մի ամբողջ օր մնացել էին այդ նկուղում:

Դրանից յետոյ գնացինք Թալիշի դիրքերը, յետոյ` նաեւ «Եղնիկներ», ու սկսեցի նկարել մեր զինուորներին: Այդտեղ Էդիկ Բաղդասարեանի հետ համաձայնեցրինք, եւ որոշեցի նկարել մեր զինուորների դիմանկարները, որովհետեւ դիմանկարը, բացի նրանից, որ փոխանցում է զինուորի տրամադրութիւնը, նաեւ թոյլ է տալիս շատ չցուցադրել տեղանքը: Այդպէս սկսեցինք «Առաջնագծի զինուորները» խորագրի ներքոյ մեր զինուորների դիմանկարները տեղադրել «Հետք»-ում, յետոյ սկսեցի նկարել «Հրետանու տղաներին», քանի որ յատկապէս նրանք ապրիլի 4-ին եւ 5-ին շատ մեծ գործ արեցին:

Հ.- Դուք մասնակցել ու նկարել էք նաեւ 90-ականների արցախեան պատերազմը, ո՞րն է այս երկու պատերազմների նմանութիւնն ու տարբերութիւնը:

Յ. Պ.- Նմանութիւնը «դուխ»-ն (ոգին, խմբ.) էր: Ես զարմացած էի, թէ այդ 18-20 տարեկան տղաների մօտ ի՛նչ ոգի կար, այսօր խրամատում կանգնած զինուորը պատրաստ է առաջ գնալուն: Հետաքրքիր էր, որ «Եղնիկներ»-ում լրիւ ուրիշ տրամադրուածութիւն էր, Թալիշում` ուրիշ, Ջաբրայիլի տարածքում` այլ: Օրինակ, Կուբաթլիում արիւն չէին տեսել, իրենք դեռ այն հին զինուորն էին, բայց առաջնագծում` Թալիշ, Մատաղիս, Ջաբրայիլ հատուածում զինուորն արդէն պատկերացնում էր, թէ ում հետ գործ ունի: Բայց բոլոր տեղերում էլ տրամադրուածութիւնը մէկն է եղել` առաջ գնալ: Նոյնը կար նաեւ առաջին պատերազմում, երբ մենք Երեւանից գնում էինք Արցախ, գնում էինք Շուշին ազատագրելու: Այս անգամ զինադադարը խանգարեց, Շահումեանի, «Եղնիկներ»-ի, Թալիշի հատուածով յառաջխաղացման տրամադրուածութիւնը շատ մեծ էր, եւ մինչեւ ամսի 20-ը հաւատում էինք, որ մենք կարող է առաջ գնանք: Դա կոտրուեց: Այդ 18-20 տարեկան տղերքի մէջ ես տեսայ պատերազմն ապրած զինուորի, երբ մի օրուայ մէջ մեծանում են, հասկանում, թէ ինչի հետ գործ ունեն, որովհետեւ, երբ դիրքում դիպուկահարով զինուոր են սպաննում, դա այլ բան է եւ լրիւ ուրիշ բան, երբ այդ օրերին տեսնում ես, թէ ինչ է պատերազմը, ու հասկանում, որ անելիք ունես:

Ջաբրայիլի հատուածում մի հետաքրքիր բանի ականատես եղայ. հրասայլային առաջխաղացումը կասեցրած զինուորներն իրենց կորցրած ընկերների մասին խօսում էին ոչ թէ որպէս զինուորի, այլ ընկերոջ մասին: Ասում էին` ընկերոջս կորցրի, կարող է ծառայութեան ընթացքում ինքը նոյնիսկ չէր էլ իմացել, որ նա իր ընկերն է, բայց այդ հերոսական քայլերից յետոյ բոլորը ոգեւորուել էին, եւ իրենց հետ խօսելիս զգում էիր, որ խօսում ես պատերազմի փուլ անցած զինուորի հետ:

Հ.- Այդ ընթացքում թէ՛ լուսանկար, թէ՛ վիտէօ տարբերակով բազմաթիւ նիւթեր էք պատրաստել, կա՞ն բաներ, որ նկարից դուրս են մնացել, բայց կ՛ուզէիք, որ մարդիկ իմանային դրա մասին:

Յ. Պ.- Մի բան կարող եմ ասել, որ նվնվացող զինուորի ես չտեսայ, որը գուցէ սրանից առաջ կարող է զանգէր ու ծնողից մի հատ «բատինկա» (երկարաճիտ կօշիկ, մոյկ խմբ.) ուզէր: Այս անգամ եթէ նոյնիսկ իր «բատինկա»-ն պոկուած էլ էր, համազգեստն էլ` ցեխոտ, նա չէր նեղւում դրանից, որովհետեւ բոլորն էին գիտակցում, որ պատերազմ է, նվնվալու ժամանակ չկայ: Յետոյ իրենք ոչ մի բանի կարիք չունէին, անգամ սննդի: Սնունդը լիքը լցրած էր, բայց արդէն դրա կարիքն էլ չունէին, իրենց ուշքն ու միտքը պատերազմն էր: Կարող է սնունդը 5-10 օր էլ չլինէր, մէկ է, իրենք դիմանալու էին: Երէկ մի կին ցուցահանդէսի ժամանակ ասաց` էս ի՞նչ թատրոն էք սարքել, ձեր բոլոր զինուորները ծիծաղում են, ժպտում, սարքել էք, պատերազմը ներկայացրել էք ժպիտով: Ի դէպ, դա ե՛ւ Լեւոն Աթոյանցի լուսանկարներում կար, ե՛ւ իմ: Բայց նա չհասկացաւ, որ այդտեղ յաղթած զինուորի ժպիտն է, առաջ գնացող զինուորի ժպիտը, ոչ մի սարքովի բան չկայ, որովհետեւ դիրքերում ես չտեսայ մի զինուորի, որը նվնվար, ասէր` ոտս ցաւում ա, ուրիշ ժամանակ գուցէ «սանչաստ» (բուժկեդրոն, խմբ.) վազէր` բժշկի մօտ, բայց այսօր «սանչաստ»-ից դուրս էր գալիս, գնում էր առաջնագիծ: Այդ նոյն բանը կար նաեւ առաջին պատերազմում, վիրաւոր զինուորը գալիս էր Ստեփանակերտի զինուորական հիւանդանոց, վիրակապը հանում էր ու 2-3 օր յետոյ գնում կռուի դաշտ: Այսօր զինուորի մէջ այդ ոգին կար: Շատերը խուսափում էին նկարուելուց, բայց այդ հպարտութիւնը բոլորի մէջ կար: Ես նկարեցի ուղղաթիռ խփած մեր զինուորին, որը չէր կարողանում խօսել եւ գուցէ ամբողջովին չէր էլ գիտակցում, թէ ինչ է արել, բայց արել է: Հայրենասիրութիւն չկայ սահմանում, որովհետեւ այդ տղան արդէն հայրենասիրական մղումով արել էր մի գործ, որի մասին չէր կարող խօսել: Կարող է մի տարի յետոյ իրենք էլ ինչ որ տեղ գլուխ գովեն, ոնց որ հիմա շատերն են ասում` սա ենք արել, բայց այսօր այդ համեստութիւնը կայ:

Հ.- Օրեր շարունակ դուք էլ ձեր լուսանկարչական սարքով էք կանգնած եղել զինուորների կողքին, մահուան մասին մտքերը ո՞նց էիք լռեցնում:

Յ. Պ.- Ցուցահանդէսի ժամանակ էլ հարցրին` չե՞ս վախեցել… անկեղծ ասած` այդ պահին չես էլ զգում, թէ ինչ է կատարւում: Օրինակ` Թալիշում առաջ գնալու ժամանակ ես ոչ մի բանի մասին չէի մտածում, կարող է եւ մի տնից մի թուրք կրակէր, յատկապէս երբ գիւղում մարդ չկար: Չգիտեմ դա ինչ է` կամքի ուժ, թէ մի այլ բան, որ գալիս է քո մէջ, ու դու գնում ես առաջ` ոչնչի մասին չմտածելով: Մտքովս երբեք չի անցել, որ որեւէ գնդակ կարող է ինձ կպնել, նոյնը` նաեւ զինուորների մօտ: Ինձ երէկ հարցրին, թէ դուք նկարում էք, որովհետեւ դա կարող է այդ զինուորներից շատերի համար վերջին լուսանկա՞րը լինի… Ես երբեք դրա մասին չեմ մտածել, բայց, ցաւօք, իմ ընկերներից Վալասին Ջաբրայիլում նկարեցի, աչքերի մէջ ինչ որ բան զգացի, ասում էի` կարո՞ղ ա վատ ես, ասում էր` չէ, ամէն ինչ լաւ ա, մի քանի օր յետոյ կաթուածից մահացաւ: Իսկ երբ 90-ականներին էլ Տօնաշէնում նկարում էի, հէնց նկարիս մէջ` մարտական գործողութեան ժամանակ, զոհուեցին իմ ընկեր Սագօն, Հայկը, Վարդանը, Նորիկը, ես էլ վիրաւորուեցի:

Հիմա, երբ թերթում եմ իմ այդ թուերի արխիւը, շատ տղերք էլ չկան, զոհուեցին: Յիշում եմ` Եղակերում էինք, Բաղդասարեան Վահէն մօտեցաւ ինձ ու ասաց. «Ձեռքիդ քամերան ձայնո՞վ է նկարում, ասացի` հա, ասաց` բարձրանանք եկեղեցու մօտ, ինձ նկարես»: Ահաւոր մի բան, ինքը երբեք չէր ուզում նկարուել: Բարձրացանք, նկարում եմ ու ասում. «Դէ, Վահէ, ձայն հանի»: Նկարում է, բայց ինքը լուռ եկաւ, մոմը վառեց, դուրս եկանք ու գնացինք: Դրանից յետոյ ես վիրաւորուեցի, իսկ ինքը յունիսի 12-ին Դաստագիրում զոհուեց: Հետաքրքիր է, որ մինչ այդ գնացել էր տուն, իր ամբողջ նկարները վառել էր, որ իրենից ոչ մի բան չմնայ, բայց մնաց իմ նկարած այդ փոքրիկ տեսերիզը: Երեւի ամէն դէպքում իրենք ինչ-որ բան զգում են, բայց այս ապրիլեան պատերազմի ժամանակ դեռ չի եղել նման բան:

Հ.- Եղե՞լ են պահեր, երբ չէք նկարել` գուցէ հոգեբանական խնդիրներից ելնելով:

Յ. Պ.- Համարեա չի եղել, բայց շատ բաներ ենք նկարել, որ պէտք չէր նկարել, օրինակ` հէնց մէկը` այդ դիակները, որ ես նկարեցի, ինչն իմ սկզբունքներին դէմ էր: Կամ հրետանու աշխատանքները, որ պէտք չէր նկարել ու ցուցադրել: Ես չէի ուզի նաեւ մեր զինուորին մրոտ, կեղտոտ հագուստներով ներկայացնել, բայց իրականութիւնը դա է, ես պարտաւոր եմ նկարել: Ես չէի ուզենայ նկարել այն զինուորին, որ կերպընկալէ ափսէով հաց է ուտում, բայց նկարել եմ, որովհետեւ դա բերեց նրան, որ որոշ բարեգործներ մեզ տուեցին ճիշդ ափսէներ, որ հասցնենք բանակին: Չէի ուզենայ նկարել այն զինուորի «բատինկա»-ն, որը «պրովոդ»-ով (երկաթալարով, խմբ.) կապուած էր, բայց նկարել եմ: Ամէն լուսանկարը հրապարակելուց առաջ Էդիկ Բաղդասարեանի հետ շատ ուշադիր նայել ենք` օգտագործե՞լ այս լուսանկարը, թէ՞ չէ, որպէսզի մեր բանակին, իր թերութիւններով ու առաւելութիւններով հանդերձ, չվնասենք:

Ու այդ 18-20 տարեկան զինուորն ապացուցեց, որ այսօր ինքն իր տեղում է, թող կոպիտ չհնչի, եթէ որոշ հրամանատարներ իրենց տեղում չեն, զինուորը հաստատ խրամատում իր տեղում է, եւ դրա շնորհիւ էր, որ կանխուեց Ազրպէյճանի կողմից լայնածաւալ լուրջ գործողութիւնը: Ես գտնում եմ, որ պատերազմի վերջը պէտք է լինի ոչ թէ այս կարգի, ինչպէս որ վերջացրինք, որովհետեւ այսպէս վերջանալը մեզ համար բերում է հերթական զոհերի թուաքանակի մեծացմանը: Կարծում եմ` պէտք է դիրքային առաւելութիւն ունենալ, ինչը նշանակում է ունենալ մեծ չէզոք գօտի: Այսօր ես չեմ պատկերացնում Թալիշի բնակչութեան վերաբնակեցում, իսկ որպէսզի այդ մարդիկ չլինեն կրակահերթի տակ, պէտք է ինչ-որ տարածք ազատագրել, որ նրանց վերադարձը հնարաւոր լինի: Ամսի 3-ին Ազրպէյճանը խնդրեց զինադադար, որովհետեւ իրեն հարուածեցին, յետոյ 26-ին էլի փորձեց ինչ-որ բան անել, մեր կողմից տրուեց կրակակէտերի ոչնչացման հրաման: Բայց պէտք է առաջ գնալ, այդ կրակակէտերի ոչնչացումը խաղաղ վիճակ չի ապահովում: Մենք անընդհատ ունենալու ենք զոհեր, ամենաքիչը` 300 զոհ տարեկան, իսկ դրա լուծումն առաջ գնալն է: Այս պատերազմում շատ լաւ ոգի տուեց նաեւ կամաւորականների համախմբումը, որը մենք չէինք սպասում: Բայց այս կամաւորական խմբերի գնալը նաեւ խանգարեց կանոնաւոր բանակի աշխատանքին, որովհետեւ սա արդէն 88-90 թուականը չէ, որ եկել ես ու կարող ես ինքնագլուխ որոշում կայացնես` այս գիւղը գրաւե՞ս, թէ՞ չգրաւես:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Lուսանկարները` ՅԱԿՈԲ ՊՕՂՈՍԵԱՆ-ի


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>