«Թերթ»-ի Հարցազրոյցը ՀՅԴ Խմբակցութեան
Քարտուղար Աղուան Վարդանեանի Հետ
ՀՅԴ-ի նախընտրական ցուցակը դեռ վերջնական պատրաստ չէ: «Թերթ-ամ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղուան Վարդանեանը` նշելով, որ համապատասխան ժամկէտներում կը ներկայացնեն այն: Պատգամաւորն ասաց, որ համամասնական ցուցակի եռեակը շատ չի տարբերուի իրենց նախորդ ցուցակներից: Աղուան Վարդանեանն ասաց, որ Դաշնակցութիւնն այսօր «մոտա թելադրող» քաղաքական ուժ է, ոչ թէ մոտայիկ, ինչպիսին են այն ուժերը, ովքեր փորձում են դաշինքներ կազմել:
«ԹԵՐԹ».- Քաղաքական ուժերն այսօր զբաղուած են նախընտրական ցուցակներ կազմելով: 2017թ.ի խորհրդարանական ընտրութիւնների ՀՅԴ նախընտրական ցուցակները ե՞րբ պատրաստ կը լինեն:
Ա. Վ.- Ցուցակները դեռ վերջնական պատրաստ չեն: Համապատասխան ժամկէտներում այն կը ներկայացնենք: Մեր ընտրատարածքային գրասենեակներն այսօր թափով աշխատում են վարկանշային ցուցակների ձեւաւորման վրայ: Ճիշդ ժամկէտներում մեր բոլոր փաստաթղթերը, կուսակցութեան համամասնական ու վարկանշային ցուցակները պատրաստ կը լինեն:
«Թ.».- Մամուլը գրեց այն մասին, որ ՀՅԴ-ն օգնութիւն է խնդրել ՀՀԿ-ից վարկանշային ցուցակներում «մարդկանց ընդգրկելու» համար: Այդպէ՞ս է:
Ա. Վ.- Ուշադրութիւն մի՛ դարձրէք նման լուրերին, շան տեղ մի՛ դրէք: ՀՅԴ-ի մարդկային պաշարները լի ու լի բաւարարում են: ՀՅԴ-ն այսօր այն կազմակերպուած ուժն է, որը հանրապետութեան բոլոր տարածքներում ունի իր կառոյցները, քաղաքական մեծ խումբը: Մենք ընտրութիւնների ենք գնալու ոչ միայն ՀՅԴ-ական կուսակցականներով, այլեւ` մեր արժէքները կիսող համակիրներով: Մեր պաշարները լի ու լի բաւարար են:
«Թ.».- Ո՞ւմ էք ձեզ մրցակից համարում:
Ա. Վ.- Բոլորին: Այսօր ընդհանուր փնտռտուք է ընթանում` դաշինքներ կազմելու, միաւորումներ ստեղծելու ուղղութեամբ: Բոլորն էլ մրցակիցներ են: Բայց ի տարբերութիւն շատերի մենք ունենք մեր առաւելութիւնները: Վստահ եմ, որ նաեւ մեր շնորհիւ բարեփոխուած նոր կառավարման համակարգը, այնպիսի քաղաքական ուժերի տեղն է, ինչպիսին է Դաշնակցութիւնը, այսինքն` կայուն, հետեւողական, սկզբունքները մշտապէս պահպանած:
Երկրի արտաքին ու ներքին խնդիրներն այսուհետ լուծուելու են խորհրդարանում, ուստի ԱԺ-ում որքան շատ լինեն սկզբունքային քաղաքական ուժերն, այնքան պետութիւնն ամուր դիրքեր կ՛ունենայ:
«Թ.».- Ինչպէ՞ս էք մրցակցելու իշխող ՀՀԿ-ի հետ, երբ քաղաքական համագործակցութեան յուշագիր ունէք, իշխանութեան մաս էք կազմում, բայց միեւնոյն ցուցակով կամ դաշինքով չէք մասնակցում ընտրութիւններին:
Ա. Վ.- Ամէն ինչ շատ պարզ է: Հիմա քաղաքական դաշտում ձեւաւորւում են դաշինքներ, ուժեր, որոնք այսօր իշխանութեան մաս չեն, բայց նրանք էլ, չէ՞, միմեանց հետ մրցակցելու են: Երէկ կարդացի, որ նոր դաշինք է ձեւաւորւում, որը համագործակցութեան մասին համաձայնագիր է պատրաստւում ստորագրել, ինչպէս ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Եզրերն էլ նոյնն են…
Մենք տարբեր քաղաքական ուժեր ենք, ՀՅԴ-ն երբեք չի կորցրել իր անկախութիւնը, ինքնուրոյնութիւնը: Մենք կարողացել ենք այս տարիների ընթացքում երկրի առջեւ ծառացած առաջնահերթութիւնները պետական քաղաքականութեան ուղղութիւն դարձնել: Վստահ ենք, որ ճիշդ ճանապարհ ենք ընտրել, վստահ ենք, որ սկսուած փոփոխութիւններն առաւել արդիւնաւէտ կը լինեն, եթէ ՀՅԴ-ն մեծամասնութիւն լինի, նաեւ իշխանութիւնը չունենայ բացարձակ մեծամասնութիւն, որպէսզի հարցերը միմեանց համոզելով լուծուեն: Վստահ եմ, որ հասարակութեան գերակշիռ մասը գիտակցում է, որ այսօր օրակարգում են ՀՅԴ առաջադրած հիմնական խնդիրները, որոնց լուծման ուղղութեամբ դրական փոքր տեղաշարժեր` առաջին սաղմերը կան: Դրանք աւելի արագ ու արդիւնաւէտ կը լինեն, երբ ՀՅԴն աւելի մեծ տեղ ունենայ ապագայ խորհրդարանում:
Բոլորն աջ ու ձախ ընկած դաշինքներ են ստեղծում: Այսօր ամենամոտայիկ բառը «դաշինք»-ն է դարձել: Բայց ՀՅԴ-ն մոտայիկ չէ, ՀՅԴ-ն մոտան թելադրողն է: Այդ նաեւ մենք ենք ստեղծել այս պայմանները` խորհրդարանական կառավարման համակարգը, որ միւսներն աշխուժօրէն դաշինքներ են կազմում, փորձում են ներգրաւուել յաջորդ խորհրդարան: Բոլորն այսօր գնում են ընտրութիւնների` մոռանալով, որ սա նաեւ մեր վաստակն է, որ իրենք վստահութիւն ունեն ընտրութիւններով բան փոխելու վերաբերեալ: Մենք հանգիստ, խաղաղ մեր գործը անում ենք:
Կամ, խօսում են` իշխանափոխութիւնից, համակարգափոխութիւնից: Բոլորը տարիներ շարունակ խօսում էին, թէ` նախագահին փոխենք, իշխանութիւնը փոխենք: Մենք դա արդէն արել ենք, փոխել ենք համակարգը: Այդ ի՞նչ պէտք է այսօր անէք, որ մենք չենք արել: Սեւացնելով, փնովելով`, որեւէ բան չես փոխի: Հարցերը լուծւում են աշխատանքով:
«Թ.».- Գուցէ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի փառասիրութիւնները միմեանց խանգարում են դաշինքով հանդէս գալու համար, քանի որ դուք մեծամասնութիւն կազմելու ակնկալիք ունէ՞ք:
Ա. Վ.- Համաձայն չեմ ձեր մեկնաբանութեան հետ: Իւրաքանչիւր քաղաքական ուժ, երբ մտնում է ընտրարշաւի մէջ, ամէն ինչ անում է, որ առաւելագոյն ձայներ ստանայ: Ես չեմ կարող ասել` ՀՀԿ, դու ամէն ինչ մի՛ արա, որ ձայն չստանաս: Ո՛չ: Ամէն մէկն անելու է իր հնարաւորութիւնների սահմաններում:
«Թ.».- ՀՀԿ-ի հետ ստորագրած քաղաքական համագործակցութեան մասին յուշագիրն անժամկէտ է: Միշտ խօսուել է այն մասին, որ ընտրութիւններից յետոյ պարզ կը դառնայ` կը շարունակուի՞ արդեօք այդ համագործակցութիւնը, թէ՞ ոչ: Ի՞նչ արդիւնքներ էք ակնկալում` համագործակցութիւնը շարունակելու համար:
Ա. Վ.- Ամէն ինչ կախուած է ընտրութիւնների արդիւնքներից: Ոեւէ մէկը չի կարող երաշխաւորել, թէ ապրիլի 3-ին մենք ի՛նչ խճանկար կ՛ունենանք, ի՞նչ պատկեր, ուժերի ի՞նչ դասաւորուածութիւն եւ դրանից յետոյ ի՞նչ քննարկումներ կ՛ընթանան:
«Թ.».- Ի՞նչ արդիւնք պէտք է գրանցէք, որ շարունակէք համագործակցութիւնը:
Ա. Վ.- Բարձր արդիւնք, շա՛տ բարձր արդիւնք: